Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1442
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.27/22(1475) Հոդ.111
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.02.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

5 փետրվարի 2019 թ.

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 98-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ 231-ՐԴ ԿԵՏԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Կառավարության,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և 98-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի 231-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի փետրվարի 6-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2002 թվականի մարտի 7-ին և ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 1-ից:

Օրենքի «Պատժախցում կալանավորված անձանց պահելու առանձնահատկությունները» վերտառությամբ 36-րդ հոդվածի 4-րդ մասը, որը լրացվել է 2008 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-16-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-191-Ն օրենքներով, սահմանում է. «Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց արգելվում են նամակագրությունը, տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունների, լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, ծանրոցներ, հանձնուքներ ստանալը, դրամական փոխանցումներ կատարելն ու ստանալը, հեռուստադիտումները, սեղանի խաղերից օգտվելը»:

ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2005 թվականի հունվարի 18-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարի 10-ից:

Օրենսգրքի «Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները» վերտառությամբ 59-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են դրամական փոխանցումները, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը և աշխատելը»։

Նույն Օրենսգրքի «Դատապարտյալին պատժախցում պահելու պայմանները» վերտառությամբ 98-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը և ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը, աշխատելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը»։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) Կառավարության կողմից ընդունվել է 2006 թվականի օգոստոսի 3-ին, ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել՝ 2006 թվականի նոյեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի դեկտեմբերի 2-ին:

Նշված Որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի (այսուհետ՝ Ներքին կանոնակարգ) 231-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունը, որը լրացվել է ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 87-Ն որոշմամբ, սահմանում է. «Պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է նամակագրությունը, տեսակցությունները (բացառությամբ փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունների), հեռախոսազրույցները, լրացուցիչ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության և այլ առարկաների ձեռք բերումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, հանձնուքների և ծանրոցների ստացումը, սեղանի խաղերից, թերթերից, գրքերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելը»:

Գործի քննության առիթը Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները և գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև վերլուծելով վիճարկվող իրավական ակտերի համապատասխան դրույթները՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը և 98-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի 231-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին, 33-րդ հոդվածի 1-ին մասին, 78 և 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց կիրառելու դեպքում անձը, բացառություն չնախատեսող ընդհանուր արգելքի պատճառով, մեխանիկորեն և անհամաչափ զրկվում է մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության ազատության իրավունքից:

Դիմողը գտնում է, որ ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ՝ կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց կիրառելու դեպքում ցանկացած պարագայում անձը, միաժամանակ, անկախ որևէ հանգամանքից, զրկվում է արտաքին աշխարհի հետ կապից և արդյունքում ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որևէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ:

Դիմողի կարծիքով՝ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում՝ առանց անհատական մոտեցման և նպատակահարմարության ու համաչափության հարցերի քննարկման, անձին պատժախուց տեղափոխելը հանգեցնում է նրա մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, պարտադիր և ոչ համաչափ սահմանափակման։

Դիմողն իր կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա եզրակացնում է, որ ազատությունից զրկված անձի տեղափոխումը պատժախուց և դրա արդյունքում սոցիալական մեկուսացումը կարող են անձի մոտ առաջացնել հոգեճնշող վիճակ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել տարբեր խնդրահարույց իրավիճակների, օրինակ՝ ինքնավնասումների:

Դիմողի համոզմամբ տույժը յուրաքանչյուր դեպքում պետք է կիրառվի, ապահովելով կատարված խախտման ու տույժի համաչափությունը և անհատական մոտեցումը՝ հաշվի առնելով կոնկրետ խախտման բնույթը և ազատությունից զրկված անձի վարքագծի ռիսկայնության աստիճանը: Դիմողն անընդունելի է համարում այն, որ անձը պատժախուց տեղափոխվելու դեպքում քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ զրկվում է իր սահմանադրական իրավունքների իրականացման հնարավորությունից՝ առանց այդ զրկմանն առնչվող որևէ հիմնավորման:

Դիմողը, վերլուծելով անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության իրավունքների սահմանադրաիրավական և միջազգային իրավական բովանդակությունը, հանգել է այն հետևության, որ այդ իրավունքների սահմանափակման համար պետք է կապ լինի կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից կատարված խախտման և կոնկրետ իրավունքի սահմանափակման միջև։

Դիմողի կարծիքով՝ ազատությունից զրկված անձանց պահելու պայմաններին առնչվող միջազգային իրավունքի նորմերից և ներպետական այլ իրավակարգավորումներից բխում է, որ ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը դրա տարբեր դրսևորումներով՝ տեսակցություն, հեռախոսազանգ, գրականությունից և լրատվամիջոցներից օգտվել, նամակագրություն և այլն, ունի կարևոր նշանակություն, և այդ հարցում անհրաժեշտ է նաև ազատազրկման վայրի վարչակազմի աջակցությունը, քանի որ դա, ի թիվս այլ պայմանների, համարվում է այդ անձանց վերասոցիալականացման հիմնական ճանապարհներից մեկը:

Դիմողը, հղում կատարելով մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքին, հանգել է այն հետևության, որ, չնայած ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի կարևորությանը, այն բացարձակ չէ, և դրա սահմանափակումը, իսկ որոշ դեպքերում նաև զրկումը, համարվում են իրավաչափ, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես վերջին միջոց, լինեն նպատակային և կիրառվեն ծայրահեղ դեպքերում, ինչպես նաև պետք է հաշվի առնվի անձի կատարած խախտման բնույթը, լինի համաչափ և հիմնավորված: Բացի դրանից, դիմողն «անընդունելի է համարում երկար ժամանակահատվածում թողնել ազատությունից զրկված անձանց առանց միջոցառումների կամ արտաքին աշխարհի հետ կապի»:

Դիմողը խնդրահարույց է համարում այն իրավիճակը, երբ կալանավորված անձը կամ դատապարտյալը, տեղափոխվելով պատժախուց, անկախ դրա հիմքից զրկվում է արտաքին աշխարհի հետ կապից, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ անձի հոգեկան առողջության վրա, իսկ քրեակատարողական ու ընդհանրապես ազատությունից զրկման կազմակերպման համակարգում չկա հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտ ընթացակարգ, հստակ չեն մեխանիզմները:

Դիմողն իր բարձրացրած խնդրի առնչությամբ հղում է կատարում մի շարք այլ երկրներում գործող համապատասխան իրավակարգավորումներին և եզրակացնում, որ դրանք բացառում են պատժախուց տեղափոխելու հիմքով արտաքին աշխարհի հետ կապի տարբեր դրսևորումների մեխանիկական, ինքնանպատակ, կամայական կամ անհամաչափ սահմանափակումը:

 

2. Պատասխանող կողմ՝ Ազգային ժողովի դիրքորոշումները

Պատասխանողի կարծիքով՝ վիճարկվող դրույթներն այնքանով, որքանով կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց կիրառելու դեպքում անձը, բացառություն չնախատեսող ընդհանուր արգելքի պատճառով մեխանիկորեն և անհամաչափ կերպով զրկվում է մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքի իրացումից, հակասում է Սահմանադրության պահանջներին:

Պատասխանողը նշում է, որ, թեև մասնավոր և ընտանեկան կյանքի, ինչպես նաև հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակումը լուրջ միջամտություն է մարդու անձնական կյանքին, այնուամենայնիվ, այդ միջամտությունը հնարավոր է օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով և պետք է պայմանավորված լինի օբյեկտիվ անհրաժեշտությամբ, այն է՝ հանցագործությունների կանխում կամ բացահայտում, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանություն:

Պատասխանողն ակնհայտ է համարում այն, որ, ըստ վիճարկվող օրենսդրական դրույթների, ազատազրկման վայրի հիմնարկի պետի որոշմամբ՝ կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց կիրառելու հետ միաժամանակ անձը՝ անկախ որևէ հանգամանքից, ցանկացած պարագայում զրկվելով արտաքին աշխարհի հետ կապից, մասնավորապես՝ տեսակցություններից, հեռախոսազանգերից, նամակագրությունից, զանգվածային լրատվության միջոցներից օգտվելուց և այլն, առանց հստակ հիմնավորման զրկվում է իր սահմանադրական իրավունքներից:

Պատասխանողը համոզված է, որ կալանավորված կամ դատապարտված անձին պատժախուց տեղափոխելու դեպքում, վիճարկվող դրույթներում սահմանված՝ բացարձակ բնույթ ունեցող արգելքի ուժով, առանց հիմնավոր, համաչափ և հստակ նպատակներից բխող հիմքերի նրան վերոհիշյալ իրավունքներից զրկելն առաջացնում է անձի՝ Սահմանադրության 31 և 33-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների անհամաչափ սահմանափակում։

 

3. Պատասխանող կողմ՝ Կառավարության դիրքորոշումները

Կառավարությունը գտնում է, որ Օրենսդիրն առանձնացրել է այն դեպքերը, որոնց առկայության պայմաններում իրավասու մարմինը քննարկման առարկա է դարձնում ազատությունից զրկված անձի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը: Դրանք են՝ ազատությունից զրկված անձը խախտել է ներքին կանոնակարգով սահմանված՝ պատիժը կրելու կարգն ու պայմանները, և ազատությունից զրկված անձը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները:

Ըստ Կառավարության բացատրության՝ Ներքին կանոնակարգի 223-րդ կետով հստակ սահմանվում են կալանավորված անձանց կամ դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու դեպքերը, և նշված դեպքերում ազատությունից զրկված անձի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու դեպքում իրավասու մարմինն ունի հայեցողություն՝ կարգապահական տույժի միջոցն ընտրելու հարցում, այսինքն՝ նախատեսված չէ եզակի կարգապահական տույժ, որը կարող է վրա հասնել ցանկացած կարգապահական խախտման դեպքում:

Կառավարությունը գտնում է, որ իրավասու մարմինը պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժ կիրառելիս պետք է նաև որոշի, թե ի՛նչ ժամկետով է կիրառելու այն, և, որ ուսումնասիրությունները թույլ են տալիս պնդել, որ գործնականում տույժի օրերի թիվը շատ դեպքերում չի հասնում առավելագույն 15 օրվան:

Կառավարության կարծիքով՝ կարգապահական տույժի միջոցի կիրառման առանցքային նպատակը ազատությունից զրկված անձի մոտ՝ կատարված խախտման համար պատասխանատվության անխուսափելիության զգացումի արթնացումն է և, դրանով իսկ, նրա իրավահպատակ վարքագծի խթանումը: Վիճարկվող իրավադրույթներով շոշափվում են անձի՝ սահմանադրորեն ճանաչված՝ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության ազատության իրավունքները, որոնք բացարձակ չեն և օրենքով նախատեսված դեպքերում կարող են սահմանափակվել: Եթե քննարկվող կարգապահական տույժը կիրառելիս որոշակի իրավունքներ և ազատություններ չսահմանափակվեն, ապա պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժը կդառնա ինքնանպատակ:

Կառավարությունը նշում է, որ պետությունը երաշխավորում է անձի՝ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքը, եթե անգամ անձի նկատմամբ նշանակվել է պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժն իր ողջ խստությամբ, քանի որ անձը շարունակ իրավունք է ունենում մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև և երկարատև տեսակցությունների: Կառավարության կարծիքով՝ «եթե անգամ ընդունենք, որ անձի նկատմամբ նշանակվել է նշված կարգապահական տույժն իր առավելագույն չափով՝ այն է 15 օր, անձն ամսվա մնացած 15 (16) օրերի ընթացքում հնարավորություն ունի իրացնել արտաքին աշխարհի հետ կապի իր իրավունքը»:

Պատասխանողը կարևորում է նաև այն հանգամանքը, որ ազատությունից զրկված անձը կարող է բողոքարկել կարգապահական տույժ նշանակելու մասին իրավասու մարմնի որոշումը, իսկ ինչ վերաբերում է մեկուսի պայմաններում պահելուն, որը հանգեցնում է անձանց հոգեկան վիճակի վատթարացմանը, ապա պատասխանողը գտնում է, որ հոգեբանական գործոնն այնպիսին չէ, որ պարտադիր կարող է առաջացնել դիմողի կողմից նշված խանգարումները. պատժախցում պահվող անձը մշտապես գտնվում է բժշկի հսկողության տակ, ինչպես նաև նրա հետ առավել ակտիվ աշխատում է հոգեբանը:

Կառավարությունը պնդում է, որ քննության առարկա սահմանափակումներն անհրաժեշտ են նախատեսվող նպատակին հասնելու համար և մեխանիկորեն և անհամաչափորեն չեն զրկում կալանավորված անձին կամ դատապարտյալին մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքից:

 

4. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հարցադրումները

Սույն գործով վիճարկվող նորմերի սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք վիճարկվող նորմերը սահմանափակում են կալանավորված անձի կամ դատապարտյալի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության (Սահմանադրության 31-րդ հոդված) և հաղորդակցության ազատության (Սահմանադրության 33-րդ հոդված) սահմանադրական իրավունքները,

- արդյո՞ք պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալներին, մասնավորապես, տեսակցությունները, նամակագրությունը, հեռախոսազանգերից, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելն արգելելը հետապնդում է Սահմանադրությամբ սահմանված իրավաչափ նպատակ,

- արդյո՞ք իրավունքների նման սահմանափակումը ժողովրդավարական հասարակությունում պիտանի և անհրաժեշտ է Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար և համարժեք է սահմանափակվող իրավունքների նշանակությանը (Սահմանադրության 78-րդ հոդված),

- արդյո՞ք անձի հիմնական իրավունքների և ազատությունների՝ վիճարկվող իրավադրույթներով նախատեսված սահմանափակումները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները (Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մաս):

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժը կատարելու ընթացքում դատապարտյալի իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել դատարանի դատավճռով, Օրենսգրքով և այլ օրենքներով, իսկ 4-րդ մասի համաձայն՝ դատապարտյալի իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելու կարգը սահմանվում է Օրենսգրքով, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։ Բացի դրանից, դատապարտյալն իր իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտի պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ոտնահարի այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը։

Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի և Օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների Ներքին կանոնակարգը հաստատվում է Կառավարության կողմից։

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանոթացնել ինչպես իրենց իրավունքների, այնպես էլ պարտականությունների ողջ ծավալին, որոնք սահմանված են Օրենքի 13-րդ և Օրենսգրքի 12-րդ հոդվածներով։ Կալանավորված անձանց և դատապարտյալներին իրենց իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգին ծանոթացնելն անհրաժեշտ է, որպեսզի նրանք տեղյակ լինեն իրենց վարքի թույլատրելի սահմանների մասին և հետագայում ի վիճակի լինեն դրսևորել համապատասխան վարքագիծ:

Օրենսգրքի 13-րդ հոդվածը, սահմանելով դատապարտյալների պարտականությունները, նախատեսում է դրանք չկատարելու դեպքում նրանց ենթարկել օրենքով սահմանված պատասխանատվության: Նույն մոտեցումը տարածվում է նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների վարչակազմի օրինական պահանջները չկատարելու դեպքերի վրա:

Օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար կալանքի ձևով պատիժ կրող դատապարտյալի նկատմամբ կարող են կիրառվել այնպիսի տույժի միջոցներ, ինչպիսիք են՝ նկատողությունը և պատժախուց տեղափոխումը՝ մինչև տասն օր ժամկետով: Նույնպիսի խախտումների համար, Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, նույն տույժերը կարող են սահմանվել կալանավորված անձանց նկատմամբ։

Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող տույժի միջոցներն են՝ նկատողությունը, խիստ նկատողությունը և պատժախուց տեղափոխելը մինչև տասնհինգ օր, իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչև տասն օր ժամկետով (Օրենսգրքի 95-րդ հոդված): Մեկ խախտման համար արգելվում է նշանակել մեկից ավելի տույժ (Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մաս, Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ և 59-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն՝ տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:

5.2. Ինչպես Օրենսգրքով, Օրենքով, այնպես էլ Ներքին կանոնակարգով նախատեսված են դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու հետ կապված նույնանման կարգավորումներ:

Այսպես, Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ ներքին կանոնակարգը խախտելու, իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կալանավորված անձի նկատմամբ որպես տույժի միջոց կարող են կիրառվել նկատողության հայտարարում և պատժախուց տեղափոխում մինչև տասն օր, իսկ անչափահասներին` մինչև հինգ օր ժամկետով: Նույն հոդվածի համաձայն՝ տույժի միջոցները կիրառելիս նշվում են կարգապահական խախտում հանդիսացող արարքը, տույժի միջոցը և դրա տևողությունը, և այդ ամենի մասին տեղեկացվում է կալանավորված անձը: Բացի դրանից, մինչև տույժի միջոց նշանակելը կալանավորված անձից վերցվում է գրավոր բացատրություն, իսկ եթե նա դրանից հրաժարվում է, ապա այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

Օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն՝ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառվում են՝ հաշվի առնելով խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, իսկ պատժախուց տեղափոխելու դեպքում պարտադիր նշվում է այդ վայրում պահելու ժամկետը:

Օրենսդրական այդ կարգավորումներն արտահայտված են նաև Ներքին կանոնակարգում, որի 216-րդ կետի համաձայն՝ կատարված կարգապահական խախտումը քննելիս և կարգապահական տույժ նշանակելիս կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը ծանոթանում է կատարվածի վերաբերյալ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի ներկայացրած գրավոր նյութերին, ընդունում համապատասխան որոշում, որը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին, իսկ 217-րդ կետի համաձայն՝ «Կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում կատարված խախտման պայմանները, կալանավորված անձի կամ դատապարտյալի անձը, վարքը մինչև խախտում կատարելը և ընդհանուր բնութագիրը: Տրվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման ծանրությանը և բնույթին: Տույժը պետք է լինի արդարացի և պետք է կիրառվի միայն համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշման հիման վրա»:

Տույժի բոլոր միջոցները կիրառվում են գրավոր՝ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի որոշմամբ։ Ուղղիչ հիմնարկի պետը կամ նրա պարտականությունները կատարող անձը պաշտոնատար անձ է, որը լիազորված է ընդունել պատասխանատու որոշումներ, որոնք կարող են բողոքարկվել ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով։

Օրենսգրքի՝ դատական վերահսկողությանը նվիրված 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանը քննարկում է դատապարտյալի բողոքները՝ պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ։ Իսկ Ներքին կանոնակարգի 169-րդ կետը պարտավորեցնում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին առանց քանակի սահմանափակման ընդունել կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից ներկայացվող առաջարկությունները, դիմումներն ու բողոքները:

Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին պատժախցերում պահելու համար ստեղծված պայմանների մասին հոգ տանելը գտնվում է համապատասխան մարմինների և պաշտոնատար անձանց իրավասության ներքո, իսկ պետությունն իր հերթին պարտավոր է վերահսկել վերջիններիս գործունեությունը, հատկապես անազատության մեջ գտնվող անձանց համար պատշաճ պայմանների պահպանման հարցում:

5.3. Կալանավորված անձանց և դատապարտյալներին որպես տույժ պատժախուց տեղափոխելը, որը կիրառվում է վերջիններիս կողմից իրենց պարտականությունները, ինչպես նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների վարչակազմի օրինական պահանջները չկատարելու դեպքում, ենթադրում է, որ նրանք որոշակի ժամկետով մեկուսացվում են մյուս կալանավորներից կամ դատապարտյալներից և զրկվում արտաքին աշխարհի հետ կապի որոշակի միջոցներից։ Կալանավորված անձինք և դատապարտյալները պատժախցում պահվում են միայնակ, նախապես հստակ սահմանված ժամկետով: Բնականաբար պատժախցում դատապարտյալների համար ստեղծված պայմանները շատ ավելի խիստ են և նույնչափ հարմարավետ լինել չեն կարող, ինչպես այլ խցերում, հակառակ դեպքում՝ անձին պատժախուց տեղափոխելու ինստիտուտը՝ որպես տույժի միջոց, իմաստազրկվում է:

Պատժախուց տեղափոխելը քրեակատարողական իրավունքով նախատեսված ամենախիստ տույժի միջոցն է և նպատակ է հետապնդում խթանել կալանավորված անձանց և դատապարտյալների օրինապահ վարքագիծը, այն համապատասխանեցնել քրեակատարողական հիմնարկի ներքին կանոններին։

Համեմատական վերլուծության ենթարկելով կալանավորված անձանց և դատապարտյալների պատժախցում գտնվելու ժամանակ նրանց իրավունքների սահմանափակումներին վերաբերող Օրենքով, Օրենսգրքով և Որոշմամբ սահմանված կարգավորումները՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ դրանց ծավալն ընդհանուր առմամբ համընկնում է։ Պատժախցում գտնվելու ընթացքում նրանց արգելվում են. տեսակցությունները (բացառությամբ փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունների), նամակագրությունը, լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, ծանրոցներ և հանձնուքներ ստանալը, դրամական փոխանցումներ կատարելն ու ստանալը, հեռուստադիտումները, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը, սեղանի խաղերից օգտվելը:

Քննության առարկա նորմերի հետ համակարգային առումով փոխկապակցված Ներքին կանոնակարգի 233-րդ կետի համաձայն՝ կալանավորված անձին և դատապարտյալին թույլատրվում է պատժախցում իր մոտ պահել կրոնական գրականություն և նկարներ:

Կրոնական գրականություն և նկարներ պահելը թույլատրելը կարող է նպաստել պատժախուց տեղափոխված անձի վերադաստիարակմանը և հոգևոր արժեքների վերաիմաստավորմանը, իսկ պատժախուց տեղափոխված այլ կալանավորված անձինք և դատապարտյալներ, որոնք որևէ կրոն չեն դավանում, փաստացի անտեսվում են։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ պատժախցում անձի միայնակ մնալը՝ սեփական ներաշխարհում, սեփական մտքերի ու վախերի հետ, հոգեճնշող իրավիճակ կարող է առաջացնել, իսկ համընդհանուր բարոյական արժեքները կարևորող դաստիարակչական բնույթի և ոգեշնչող համապատասխան գրականությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ անձի վրա:

5.4. Սահմանադրական դատարանը փաստում է, որ «մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության» (Սահմանադրության 31-րդ հոդված), ինչպես նաև «հաղորդակցության ազատության» (Սահմանադրության 33-րդ հոդված) սահմանադրական իրավունքները բացարձակ իրավունքներ չեն և կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Դատապարտյալի տեսակցությունների իրավունքը նրա ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի էական մասն է, ինչն ապահովում են պետական մարմինները, որոնք անհրաժեշտության դեպքում օժանդակում են, որ դատապարտյալը կարողանա կապ պահպանել ընտանիքի անդամների հետ։

Միաժամանակ, պետք է նշել, որ, պայմանավորված կալանավորի անհատական որոշակի բնութագրերով, նրա կապն արտաքին աշխարհի հետ կարող է սահմանափակվել՝ ներառյալ ընտանիքի հետ տեսակցությունների քանակի կրճատումը, այդ տեսակցությունների նկատմամբ հսկողությունը, եթե այդ սահմանափակումները ողջամտորեն անհրաժեշտ են իրավաչափ նպատակին հասնելու համար։

Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի և Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանավորված անձանց և դատապարտյալներին մերձավոր ազգականների, լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն, իսկ ազատազրկման դատապարտվածներին, Օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն, առնվազն մեկ տեսակցություն։

Կառավարության այն փաստարկը, որ անգամ առավելագույն 15 օր ժամկետով պատժախուց տեղափոխվելու դեպքում, անձն ամսվա մնացած 15 (16) օրերի ընթացքում հնարավորություն ունի իրացնել արտաքին աշխարհի հետ կապի իր իրավունքը, միշտ չէ, որ իր հաստատումն է գտնում իրավակիրառ պրակտիկայում։ Դիմողը, ի պատասխան Կառավարության բացատրության, հայտնել է, որ պաշտպանին հասցեագրված դիմումների ուսումնասիրությունը վկայում է, որ գործնականում եղել է դեպք, երբ դատապարտյալը 189 օր անընդմեջ գտնվել է պատժախցում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոգրյալից հետևում է, որ առանձին դեպքերում հնարավոր է, որ կալանավորված անձը կամ դատապարտյալը ամսվա ընթացքում պատժախցում պահվի առավել քան մեկ տույժի՝ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետով և հնարավորություն չունենա օգտվելու ինչպես օրենքով նախատեսված նվազագույն տեսակցություններ ունենալու, այնպես էլ նամակագրության և հեռախոսազանգեր կատարելու իր իրավունքներից:

Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի և Օրենսգրքի 50-րդ և 92-րդ հոդվածների 3-րդ մասերի համաձայն՝ կալանավորվածների և դատապարտյալների նամակագրությունը չի սահմանափակվում։

Վիճարկվող իրավակարգավորումների համաձայն՝ պատժախուց տեղափոխված անձանց չի թույլատրվում նաև նամակագրություն: Պատժախցում պահվող կալանավորված անձը կամ դատապարտյալը չի կարող ձեռքի տակ ունենալ գրենական պիտույքներ (թուղթ, գրիչ, ծրար և այլն) կամ մտքերը փոխանցելու այլ միջոցներ, ինչը գործնականում նույնպես անհնարին է դարձնում հաղորդակցության իրավունքի իրականացումը, մինչդեռ Սահմանադրության 75-րդ հոդվածը պահանջում է, որ անձի հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար սահմանվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանավորվածները և դատապարտյալները նամակագրության իրավունքից զրկվում են պարտադիր՝ առանց անհրաժեշտ հիմնավորումների, գտնում է, որ քննարկվող իրավակարգավորումները խնդրահարույց են Սահմանադրության 33-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից։

5.5. Կալանավորված անձին կամ դատապարտյալին որպես տույժ պատժախուց տեղափոխելը նախատեսված է նաև այլ ժողովրդավարական պետությունների օրենսդրություններով, և թույլատրելի է համարում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Վերջինիս դատական պրակտիկան վկայում է այն մասին, որ հիմնական իրավունքների և ազատությունների խախտումը ոչ թե պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառելն է, այլ պատժախցում գտնվելու ժամանակ կալանավորված անձանց համար ստեղծված ոչ պատշաճ պայմանները և այն, թե որքանով է հիմնավորված և իրավաչափ նման տույժի կիրառումը:

Քննարկվող հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ դատապարտյալի տեսակցությունները, նամակագրությունը չեն կարող արգելվել բանտային կանոնները խախտելու համար կիրառվող կարգապահական տույժի կարգով։ Դատարանը համարել է, որ նման սահմանափակումները ոչ այլ ինչ են, քան հանրային մարմինների միջամտություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված՝ անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի իրականացմանը («Poltoratskiy v. Ukraine», app. no. 38812/97, judgment 29.04.2003, §§152-153)։

 Ինչ վերաբերում է դիմողի կողմից բարձրացված՝ պատժախուց տեղափոխված անձանց մոտ հոգեճնշող վիճակի առաջացման հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այն անձանց նկատմամբ, որոնք ունեն հոգեկան խանգարումներ և ընդունակ են ինքնավնասման, ընդհուպ ինքնասպանության, անհրաժեշտ է կիրառել հատուկ միջոցներ՝ ուղղված մարդասիրական վերաբերմունքի: Բացի դրանից, ՄԻԵԴ-ը նշում է, որ պատժել անձանց մենախուց տեղափոխելու միջոցով, որը զուգորդված է տեսակցությունների և այլ բանտարկյալների հետ շփման արգելքով, և որը կիրառվել է այնպիսի անձի նկատմամբ, որը նախկինում ինքնասպանության փորձ է կատարել, անհամատեղելի է նշված անձի բուժման հետ, որն անհրաժեշտ է հոգեկան խանգարումներ ունեցող անձի համար և, ըստ էության, անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք ու պատիժ է («Shatokhin v. Russia», app. no. 502306/06, judgment 27.02.2018):

Անդամ պետություններին ուղղված «Եվրոպական բանտային կանոնների մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականը, ընդունված 2006 թվականի հունվարի 11-ին, սահմանում է, որ բանտարկյալներին պետք է թույլատրվի հնարավորինս հաճախ նամակով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ ձևերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց և արտաքին կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեսակցել թվարկված անձանց հետ: Հաղորդակցությունները և տեսակցությունները կարող են ենթարկվել սահմանափակումների և մշտադիտարկման, որն անհրաժեշտ է քրեական գործի քննությունը շարունակելու, կարգուկանոնի պահպանման, ապահովության և անվտանգության, հանցագործության կանխարգելման, հանցագործությունից տուժածներին պաշտպանելու համար, սակայն նման սահմանափակումները, ներառյալ դատական մարմինների որոշումներով նախատեսված սահմանափակումները, ամեն պարագայում չպետք է բացառեն շփումների նվազագույն մակարդակը:

«Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարականի մեկնաբանություններում նշվում է, որ ազատության իրավունքից զրկումը չպետք է հանգեցնի այն ենթադրությանը, որ բանտարկյալները մեխանիկորեն զրկվում են իրենց քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքներից նույնպես: Այն դեպքում, երբ այդ իրավունքների սահմանափակումն անխուսափելի է ազատությունից զրկվելիս, ապա հետագա սահմանափակումները պետք է լինեն հնարավորինս քիչ, սահմանված լինեն օրենքով և կիրառվեն միայն այն ժամանակ, երբ էական նշանակություն ունեն բանտում կարգուկանոնի, ապահովության և անվտանգության համար:

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) 2011 թվականի թիվ 26 Ընդհանուր զեկույցի 61-րդ կետի (բ) ենթակետի համաձայն՝ այն դատապարտյալները, որոնց նկատմամբ կիրառվել է մենախուց տեղափոխելն իբրև կարգապահական տույժի միջոց, երբեք չպետք է ամբողջությամբ զրկվեն իրենց ընտանիքի հետ կապից, և այդ կապի յուրաքանչյուր սահմանափակում պետք է կիրառվի միայն այն դեպքերում, երբ խախտումը վերաբերում է նման կապին։ Զեկույցում նշված է, որ մեկուսացումն էլ ավելի է խստացնում առանց այդ էլ խիստ սահմանափակված իրավունքները: Լրացուցիչ սահմանափակումները պայմանավորված չեն ազատազրկման փաստով, հետևաբար պետք է պատճառաբանվեն առանձին։

ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին ընդունվել է Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների վերանայված տարբերակը (Mandela Rules, Մանդելայի կանոնները), որի 43-րդ կանոնը սահմանում է, որ «Կարգապահական սանկցիաները կամ սահմանափակող միջոցները չպետք է ներառեն ընտանեկան շփումների արգելք: Այն կարող է սահմանափակվել որոշակի ժամկետով միայն և բացառապես անվտանգության և կարգուկանոնի պահպանման համար»:

5.6. Իրավունքների սահմանափակման համաչափության տեսանկյունից խնդիր է առաջացնում վիճարկվող դրույթներում տեղ գտած բոլոր իրավունքների սահմանափակումների պարտադիր և միաժամանակյա կիրառումը: Ինչպես ցույց է տալիս օտարերկրյա պետությունների փորձի ուսումնասիրությունը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավասու մարմինները, գնահատելով արարքի վտանգավորությունը, ընտրում են մեկ կամ երկու իրավունքի սահմանափակում, բայց իրավունքի սահմանափակման վիճարկվող դրույթում ամրագրված բոլոր տեսակները չեն կիրառվում միաժամանակ:

 Ամփոփելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելը պատժախցում բնորոշվում է նրա սոցիալական մեկուսացմամբ, շրջապատող միջավայրի ազդեցության նվազեցմամբ և առօրյա կյանքի գրեթե բոլոր ասպեկտների նկատմամբ վերահսկողության կորստով, ինչն անխուսափելիորեն բացասական է ազդում պատժախցում գտնվող անձի հոգեկան վիճակի վրա: Ուստի, Սահմանադրական դատարանը գտնում է, որ պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող արգելքները պետք է անմիջական կապ ունենան կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից թույլ տրված խախտման հետ, և նրանց հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է ողջամտորեն անհրաժեշտ լինեն իրավաչափ նպատակին հասնելու համար։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով ինքնին սահմանափակում է կալանավորված անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները, ճանաչել Սահմանադրության 31, 33 և 78-րդ հոդվածներին հակասող։

2. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը և 98-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով ինքնին սահմանափակում են դատապարտյալի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները, ճանաչել Սահմանադրության 31, 33 և 78-րդ հոդվածներին հակասող:

3. ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի 231-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունն այնքանով, որքանով պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով ինքնին սահմանափակում է կալանավորված անձի կամ դատապարտյալի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները, ճանաչել Սահմանադրության 31, 33 և 78-րդ հոդվածներին հակասող։

4. Հիմք ընդունելով Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետի և 19-րդ մասի պահանջները, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված դրույթները Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի հետևանքներ, որոնք կխաթարեն այդ դրույթների վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին և Կառավարությանը այդ դրույթները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

5 փետրվարի 2019 թվականի

ՍԴՈ-1442