Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.01.2008
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2008

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԴՈԴՈՎՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ

 

2008թ. հունվարի 17-ի վճիռը

 

CASE OF DODOV v.BULGARIA

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

ՓԱՍՏԵՐ

 

I.     ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմողը ծնվել է 1961թ. և ապրում է Բուլղարիայում:

 

A.   Դիմողի մոր անհետացումը

 

6. 1994թ. մայիսին դիմողի վաթսուներեքամյա և ալտզհեյմերյան հիվանդությամբ տառապող մայրը` տկն Ստոյանովան, ընդունվել է Սոֆիայի ծերանոց: Վերջինս գտնվում էր Կնյազևո բանուկ պողոտայի վրա, Սոֆիայի շրջանում: Տկն Ստոյանովան ընդունվել էր հիվանդանոցային բաժանմունք, որն ուներ մի քանի բժիշկ և դայակ: Համաձայն բժշկական եզրակացության` նրա հիշողությունը և այլ մտավոր կարողություններ արագորեն վատթարանում էին: Նա մշտական հսկողության կարիք ուներ, և ծերանոցի անձնակազմին ցուցում էր տրված չթողնել նրան առանց ուղեկցության: Մի քանի ամիս շարունակ դիմողը պարբերաբար այցելել է մորը և ըստ առիթի ուղեկցել նրան ծերանոցից դուրս կատարվող բժշկական այցերի ժամանակ:

 7.1995թ. դեկտեմբերի 2-ին դիմողը մոր մաշկի վրա նկատել է հետքեր և այդ մասին հայտնել հերթապահ դայակին:

 8. 1995թ. դեկտեմբերի 4-ին, 6.30-ին դիմողը կրկին այցելել է մորը, բայց նրան ասել են, որ մայրը կորել է: Այդ օրը, ավելի վաղ, դիմողի մայրը, բուժական անձնակազմի հերթապահ տկն Վ.-ի ուղեկցությամբ ուղարկվել էր մաշկային բժշկի մոտ` ծերանոցից դուրս: Համաձայն դիմողին տրված բացատրության` վերադարձից հետո` ժամը 11.30-ին, տկն Վ.-ն տկն Ստոյանովին թողել էր մենակ բակում և մի քանի րոպե հետո այլևս այնտեղ չէր գտել: Ծերանոցի անձնակազմը փնտրել էր տկն Ստոյանովին, սակայն ապարդյուն:

 9. Դեպքից երկու ժամ անց ծերանոցի անձնակազմը տեղեկացրել էր ոստիկանությանը: Նույն օրը և 1995թ. դեկտեմբերի 11-ին ոստիկանությունը հարցաքննել է մի քանի վկաների և արձանագրել նրանց վկայությունները: Նրանցից ոմանք բացատրել են, որ իրենք տկն Ստոյանովայի անհետացումից անմիջապես հետո զննել են տեղանքը:

 10. 1995թ. դեկտեմբերի 8-ին հայտարարվել է, որ տկն Ստոյանովան փնտրվում է ոստիկանության կողմից Սոֆիայի տարածքում, և 1995թ. դեկտեմբերի 22-ին նրա տվյալները մտցվել են կորածների ցուցակում:1995թ. դեկտեմբերի 11-ին ոստիկանությունը մամուլում հայտարարություն է տվել տկն Ստոյանովայի արտաքին տվյալների վերաբերյալ և խնդրել բնակչությանը հայտնել նրան առնչվող ցանկացած տեղեկություն: Տկն Ստոյանովայի արտաքինի նկարագրությունն ուներ որոշ սխալներ: 1995թ. 13-ին ծերանոցի շրջակայքում անցկացվել է որոնում` փնտրող շան օգնությամբ: Ոստիկանությունը նաև ստուգել է այն անձանց ինքնությունը, ովքեր տվյալ ժամանակահատվածում ընդունվել են հոգեբուժարաններ: Ոստիկանությունն ստուգել է նաև այն տեղեկությունը, ըստ որի` տկն Ստոյանովայի նմանությամբ մեկը 1996թ. հունվարին մի գիշեր անց է կացրել մենաստանում: 1996թ. փետրվարին հայտարարություն է հեռարձակվել հեռուստատեսությամբ:

 11. Իր մոր անհետացման հաջորդ օրը դիմողն անձամբ արել է հնարավոր ամեն ինչ մորը գտնելու համար: Նա տեսակցել է բոլոր նրանց, ովքեր վերջին անգամ շփվել են մոր հետ, մի քանի թերթում հայտարարություն է տվել, փոստով տարածել է մոր լուսանկարները:

 12. Մինչ օրս տկն Ստոյանովան չի գտնվել: 1998թ. շրջանային դատարանը տկն Ստոյանովային ճանաչել է կորած և դիմողին նշանակել նրա ներկայացուցիչ:

 

B.   Դիմողի քրեական բողոքներն ընդդեմ ծերանոցի անձնակազմի

 

 13. 1996թ. հուլիսի 5-ին դիմողը դիմել է Սոֆիայի շրջանային դատախազություն` պնդելով, որ ծերանոցի վարչական և բժշկական անձնակազմը պատասխանատու է իր մոր անհետացման համար:

 14. Մինչև 1997թ. դեկտեմբեր այդ գործի կապակցությամբ ոչինչ չի արվել, չնայած տարբեր մակարդակի դատախազական մարմիններին ուղղված` դիմողի բազմաթիվ բողոքներին:

 15. 1997թ. դեկտեմբերին շրջանային դատախազը դեպքի առթիվ գործ է հարուցել:

 16. Դիմողն ակտիվորեն մասնակցել է վարույթին: Նա 1995թ. դեկտեմբերի 4-ի դեպքի կապակցությամբ ապացույցներ ձեռք բերելու խնդրանքներ է ներկայացրել, սակայն ծերանոցի անձնակազմը դրանց վերաբերվել է անտարբերությամբ: Նա նաև կասկած է արտահայտել առ այն, որ մայրը կարող էր դարձած լինել մարդկանց օրգանների առևտրով զբաղվող հանցավոր խմբի զոհ:

 17.1998թ. մարտի 19-ին, ծերանոցի բժշկական անձնակազմի ղեկավար, բժիշկ Գ.-ին լսելուց հետո, հետաքննիչն առաջարկել է գործի վարույթը կարճել: 1998թ. ապրիլի 10-ին դատախազն ընդունել է նրա առաջարկը: Հետաքննիչը և դատախազը նշել են, որ ընդունված երևույթ է, երբ ծերանոցների` ալտզհեյմերյան հիվանդությամբ տառապող բնակիչներն ուղարկվում են հետազոտությունների ծերանոցից դուրս` բժշկական անձնակազմի հերթապահի ուղեկցությամբ: Ընդունված պրակտիկա է նաև ծերանոցի բնակիչներին մի քանի րոպե բակում մենակ թողնելը. այդ ժամանակն անհրաժեշտ է բժշկին զեկուցելու համար: Բակը պարսպապատված է, և անձնակազմի աշխատակիցները մշտապես գտնվում են այնտեղ: Ծերանոցն ունի դռնապահ, որի պարտականությունն է ստուգել բոլոր ներս մտնողների ինքնությունը: Հաշվի առնելով այս փաստերը` դատախազը և հետաքննիչը եզրահանգել են, որ որևէ քրեական հանցագործություն տեղի չի ունեցել:

 18. Դիմողը չի տեղեկացվել այդ որոշման մասին: Այդ մասին նա տեղեկացել է 1998թ. դեկտեմբերի 14-ին, երբ այցելել է շրջանային դատախազություն` տեղեկանալու իր բողոքի քննության ընթացքի մասին:

 19.1999թ. հունվարի 8-ին դիմողը բողոքել է` պահանջելով հարցաքննել նոր վկաների, մասնավորապես, իր մորն ուղեկցած հերթապահին, այն բժշկին, ում մոտ նա տարվել է, և դռնապահին:

 20. 1999թ. հունվարի 22-ին Սոֆիայի քաղաքային դատախազը վերացրել է ստորադաս դատախազի որոշումը և գործը հետ ուղարկել լրացուցիչ քննության: 1999թ. հունիսին և օգոստոսին գործը փոխանցվել է քննիչին: Վերջինս լսել է հերթապահին և դռնապահին:

 21. 2000թ. ապրիլի 12-ին դատախազն ընդհատել է քննությունը: Նա նշել է, որ տկն Վ.-ն` բժշկական անձնակազմի հերթապահը, դիմողի մորը երկու-երեք րոպե թողել է բակում, քանի որ նրան խնդրել են տեսնել ավագ բժշկական անձնակազմի անդամին: Այդ պահին դիմողի մայրը գնացել է և նրան հնարավոր չի եղել գտնել: Դռնապահն ասել է, որ ինքը չի տեսել տկն Ստոյանովային: Դատախազը նաև նշել է, որ համաձայն համապատասխան աշխատանքների նկարագրության` բժշկական անձնակազմի հերթապահի պարտականությունն է ուղեկցել ծերանոցի բնակչին, դռնապահի պարտականությունների մեջ չի մտնում բնակիչների անվտանգության ապահովումը: Այդ հիմքով դատախազը եզրակացրել է, որ «չկա որևէ ապացույց առ այն, որ անձնակազմի անդամները վտանգել են տկն Ստոյանովայի կյանքը, իսկ ինչ վերաբերում է հնարավոր հանցավորներին, mens rea, կամայական որևէ արարքի առկայությունը չի կարող ապացուցվել»:

Դիմողը բողոքարկել է դատախազի որոշումը:       

 22. Չճշտված ամսաթվի դատախազի 2000թ. ապրիլի 12-ի որոշումը վերացվել է և գործն ուղարկվել նոր հետաքննության: Վերջինիս շրջանակներում հաստատվել է, որ 1995թ. դեկտեմբերի 4-ին, այն պահին, երբ դիմողի մայրն անհետացել է, դռնապահն իր տեղում չի եղել. նա գնացել էր թեյելու:

 23. 2001թ. հունիսի 18-ին շրջանային դատախազը կարճել է գործի վարույթը: Որոշման մեջ նշվել է, inter alia.

 «Տկն Վ.-ն դիմողի մորը թողել է բակում մենակ` թերանալով ծանր հիվանդներին ուղեկցելու և օգնելու իր պարտականության կատարման մեջ: Այնուամենայնիվ, նրա արարքը չի հանդիսանում հանցագործություն Քրեական օրենսգրքի 137 հոդվածին համապատասխան: Այդ հոդվածը պատժելի է համարում անօգնական վիճակում գտնվող անձին չօգնելն այնպիսի պայմաններում, երբ վերջինիս կյանքի համար առկա է իրական վտանգ, և եթե հանցավորն իմացել է այդ վտանգի մասին, սակայն չի գործել պատշաճ կերպով: Տկն Վ.-ն նշել է, որ ինքը չի մտածել, որ դիմողի մորը բակում մենակ թողնելը կարող է հանգեցնել նրա կյանքի համար վտանգի, քանզի բակը պարսպապատ էր, և մշտապես դռնապահը հսկում էր պարիսպը: Դռնապահը լրջորեն թերացել է իր պարտականությունները կատարելիս, երբ հեռացել է թեյելու: Այնուամենայնիվ, դռնապահը քրեական պատասխանատվության ենթակա չէ, քանի որ չի գիտակցել, որ դիմողի մայրը վտանգի մեջ է: Անշուշտ, տկն Վ.-ն և դռնապահը կատարել են կարգապահական զանցանքներ, որի համար պետք է ենթարկվեն կարգապահական պատասխանատվության, սակայն նրանց արարքները քրեորեն պատժելի չեն»:

 

 24. Դիմողը չի տեղեկացվել դատախազի որոշման մասին: Այդ մասին իմանալով` նա 2001թ. սեպտեմբերի 29-ին դիմել է Սոֆիայի շրջանային դատարան:

 25. 2001թ. նոյեմբերի 21-ին Սոֆիայի շրջանային դատարանը վերացրել է դատախազի որոշումը և գործն ուղարկել լրացուցիչ քննության` գտնելով, որ դատախազի եզրահանգումներում կան հակասություններ և չեն հավաքվել գործին առնչվող բոլոր ապացույցները:

 26. Լսելով նոր վկաների` 2003թ. օգոստոսի 15-ին Սոֆիայի շրջանային դատախազը գործի վարույթը կարճել է: Դատախազը նշել է նախկին որոշման մեջ տեղ չգտած հետևյալ փաստերը.

i. ծերանոցի ծեր բնակիչների համար անսովոր չէր ծերանոցի շուրջ գտնվող պարիսպը հատելը,

ii. բակն ուներ երկրորդ մուտք, որն օգտագործվում էր ծառայողական մեքենաների համար, որը մշտապես մետաղյա կողպեքով ներսից փակ էր պահվում,

iii. ծերանոցի կարգուկանոնը և անձնակազմի պարտականությունները հստակորեն կարգավորված չէին:

 Դատախազը նշել է, որ ծերանոցի անձնակազմի պարտականությունների վերաբերյալ հստակ նորմերի բացակայության պայմաններում հնարավոր չէ եզրահանգում կատարել անձնակազմի անդամների քրեական պատասխանատվության վերաբերյալ: Բացի դրանից, փաստերը չեն վկայում Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մասին:

 Դատախազը նաև նշել է, որ ենթադրյալ մեղավորների հետապնդման համար օրենքով սահմանված ժամկետը լրացել է:

 27. Դիմողի բողոքի հիման վրա 2004թ. հունվարի 20-ին Սոֆիայի շրջանային դատարանը դատախազի որոշումը թողել է ուժի մեջ, քանզի ենթադրյալ մեղավորների հետապնդման համար օրենքով սահմանված ժամկետը լրացել էր 2003թ. հունիսի 4-ին:

 

 C. Դիմողի քրեական բողոքն ընդդեմ ոստիկանության

 

 28. 1996թ. հուլիսի 26-ին դիմողը դիմել է դատախազություն` պնդելով, որ ոստիկանությունն իր մոր անհետացումից հետո անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել նրան հայտնաբերելու համար: Դատախազությունը քննարկելով բողոքը 1997թ. և 1999թ. որոշումներով մերժել է քրեական գործի հարուցումը` գտնելով, որ ոստիկանությունը գործել է ջանասիրաբար:

 

 D. Դիմողի կողմից հարուցված քաղաքացիական գործի վարույթը

 

 1. Վարույթը Սոֆիայի քաղաքային դատարանում

 

 29. 1996թ. հուլիսի 10-ին դիմողը հայց է հարուցել Սոֆիայի քաղաքային դատարանում` պահանջելով ոչ նյութական վնասի հատուցում` կապված իր մոր անհետացման հետ: Նա վնասի հատուցումը պահանջել է Աշխատանքի և սոցիալական նախարարությունից և Սոֆիայի քաղաքապետարանից (այս մարմիններն են պատասխանատու ծերանոցի համար)` այն հիմքով, որ ծերանոցի աշխատակիցներն անփութություն են դրսևորել: Նա վնասի հատուցում է պահանջել նաև Ներքին գործերի նախարարությունից` այն հիմքով, որ բավարար ջանքեր չեն ցուցաբերվել իր մորը հայտնաբերելու համար: Դիմողը որպես իր պահանջի իրավական հիմք մատնանշել է Վնասի համար պետության պատասխանատվության մասին օրենքը:

 30. Սոֆիայի քաղաքային դատարանում գործի քննության ողջ ընթացքում դիմողը ներկայացրել է բազմաթիվ միջնորդություններ և խնդրանքներ ապացույցներ ձեռք բերելու կապակցությամբ:

 31. 1997թ. փետրվարի 24-ին առաջին նիստի ժամանակ դատարանը չի կարողացել գործի քննությունը կազմակերպել` պատասխանողներից մեկի ծանուցված չլինելու պատճառով: Դատարանը դիմողին կարգադրել է նշել Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ու Սոֆիայի քաղաքապետարանի լրիվ հասցեն, այլապես գործի քննությունը կարող է չշարունակվել:

 32. Նիստեր են գումարվել 1997թ. հունիսի 2-ին և 1998թ. հունվարի 19-ին: Սոֆիայի քաղաքային դատարանը որոշ փաստաթղթեր ընդունել է որպես ապացույց, մերժել է ընդունել որոշ փաստաթղթեր` որպես այդպիսիք: Դիմողի խնդրանքը` մի քանի վկա հարցաքննելու վերաբերյալ, մերժվել է, քանի որ դա պարզ չէր և վերաբերում էր այնպիսի փաստերի, որոնք կարող էին հաստատվել միայն փաստաթղթերով:

 33. 1998թ. ապրիլի 13-ին ծերանոցը կառավարող` Սոֆիայի քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ գործը չի կարող քննության առնվել Վնասի համար պետության պատասխանատվության մասին օրենքի հիման վրա: Պատասխանողներից մեկի` Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ դիմողի պահանջներն իրականում վերաբերում են ոչ թե նախարարությանը` որպես ամբողջություն, այլ միայն նրա միավորներից մեկին` Ներքին գործերի Սոֆիայի տնօրինությանը: Դատարանը գործի քննությունը հետաձգել է և դիմողից պահանջել է ներկայացնել Ներքին գործերի նախարարության locus standi-ի ապացույց:

 34. Չճշտված ամսաթվի դիմողը պահանջել է, որպեսզի Ներքին գործերի Սոֆիայի տնօրինությանը ներգրավվի որպես համապատասխանող: Նրա պահանջը բավարարվել է հաջորդ նիստում` 1998թ. հոկտեմբերի 16-ին, և գործի քննությունը հետաձգվել է: Դատարանը ցուցում է տվել դիմողին գործում առկա ապացույցի մեկ պատճենը հանձնել նոր պատասխանողին:

 35. Ներքին գործերի Սոֆիայի տնօրինության ներկայացուցիչը 1999թ. մարտի 26-ի նիստում նշել է, որ գործը չի կարող քննության առնվել Վնասի համար պետության պատասխանատվության մասին օրենքի հիման վրա, քանի որ չի վերաբերում ոստիկանության վարչական լիազորություններին: Դիմողը պահանջել է ծերանոցին ներգրավել որպես պատասխանող: Դատարանը ցուցում է տվել նրան ապացուցել, որ ծերանոցը Սոֆիայի քաղաքապետարանից անջատ իրավաբանական անձ է, և հետաձգել է գործի քննությունը: Դատարանն ի վերջո գտել է, որ ծերանոցն առանձին իրավաբանական անձ չէ:

 36. 1999թ. հոկտեմբերի 15-ին նշանակված նիստը հետաձգվել է, քանի որ դատարանը ոստիկանությանը կարգադրել էր ներկայացնել որոշ փաստաթղթեր: Դատարանը մերժել է դիմողի` որոշ վկաներ, այդ թվում` դեպքի օրը հերթապահ բժշկին, հրավիրելու պահանջը: Դիմողը նշել է, որ վկաները վկայություն կտան ծերանոցի օրվա ռեժիմի, դիմողի մորն ուղեկցելու համար պատասխանատու անձնակազմի անդամների ինքնության, դեպքի օրը դիմողի մոր առողջական վիճակի և մաշկային բժշկի մոտից հեռանալուց հետո իրադարձությունների ընթացքի վերաբերյալ: Դատարանը գտել է, որ նման փաստերը կարող են հաստատվել միայն փաստաթղթային ապացույցներով:

 37. 2000թ. փետրվարի 4-ին նիստը չի կայացել թերի ծանուցումների պատճառով:

 38. 2000թ. մայիսի 5-ի նիստը չի կայացել դատախազի բացակայության պատճառով:

39. 2000թ. հոկտեմբերի 6-ին դատարանը բավարարել է դիմողի` որոշ վկաներ հրավիրելու պահանջը, և հետաձգել է նիստը:

 40. Հաջորդ նիստը տեղի է ունեցել 2001թ. փետրվարի 2-ին: Այն հետաձգվել է ծերանոցի կողմից որոշ փաստաթղթեր ներկայացված չլինելու պատճառով: Ներկայացել էր ծանուցված վկաներից մեկը, որը, սակայն, չէր հարցաքննվել:

 41. 2001թ. մայիսի 4-ի նիստը չի կայացել, քանի որ պատասխանողներից և վկաներից մեկը չէին ծանուցվել: Դատարանը հաջորդ նիստը նշանակել է 2001թ. հոկտեմբերի 12-ին:

 42. 2001թ. հոկտեմբերի 21-ին դատարանը լսել է ծերանոցի աշխատակիցներ հանդիսացող երկու վկաների:

Համապատասխան միավորի համար պատասխանատու աշխատակիցը նշել է, որ ինքը տեղյակ է եղել դիմողի մոր հիվանդությանը և կողմնորոշվելու ունակության լիակատար բացակայությանը: Նա գտնվել է «փակ ռեժիմում»: Ողջ անձնակազմը տեղյակ է եղել, որ նրան պետք է ուղեկցել:

Տկն Վ.-ն` դիմողի մորն ուղեկցող բժշկական անձնակազմի հերթապահը, վկայություն է տվել, որ ինքը նրան մի քանի րոպե մենակ է թողել պարսպի մոտ, դռնապահի խցիկի մոտակայքում: Պարիսպը փակ չի եղել: Սակայն այդ պահին դռնապահը տեղում է եղել: Տկն Վ.-ն նշել է նաև, որ ինքը խնդրել է դռնապահին հետևել դիմողի մորը, և դռնապահի այն վկայությունը, որ ինքը չի տեսել դիմողի մորը, ճիշտ չէ:

 43. Հաջորդ նիստը տեղի է ունեցել 2002թ. մարտի 15-ին: Դատարանը լսել է երկու վկաների և հետաձգել գործի քննությունը: Վկաներից մեկը` ծերանոցի դռնապահը չէր ներկայացել նիստին: Ի վերջո, դատարանը որոշել է գործը քննել ըստ առկա նյութերի: Հաջորդ նիստը տեղի է ունեցել 2002թ. հունիսի 21-ին:

 44. 2002թ. հուլիսի 31-ին Սոֆիայի քաղաքային դատարանը կայացրել է իր վճիռը: Դատարանը գտել է, որ դիմողը հիմք չունի հայց ներկայացնելու Վնասի համար պետության պատասխանատվության մասին օրենքի հիման վրա, քանզի նրա մայրը չի ճանաչվել մահացած, ուստիև դիմողը չի կարող հավակնել լինելու նրա ժառանգը:

Դատարանը նաև գտել է, որ պարզ չէ, թե արդյոք նշված օրենքը կիրառելի է, քանի որ այն վերաբերում է անօրինական վարչական որոշումներով կամ վարչական մարմինների անօրինական գործողություններով պատճառված վնասին:

 

 2. Վարույթը Սոֆիայի վերաքննիչ դատարանում

 

 45. 2002թ. օգոստոսի 16-ին դիմողը դիմել է վերաքննիչ դատարան: Նա նշել է, inter alia, որ դատարանների խնդիրն է որոշել իր հայցի իրավական բնութագիրը: Ուստի, եթե դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է քննության ընդհանուր դելիկտային իրավունքի հիման վրա, ապա պետք է քննի այն ընդհանուր դելիկտային իրավունքի հիման վրա: Դիմողը նշել է նաև, որ պատահարն անմիջապես ազդեցություն է ունեցել իր համար, քանի որ իր մոր անհետացման պատճառով կրել է ոչ նյութական վնաս:

 46. 2003թ. հունվարի 21-ի և 30-ի որոշումներով վերաքննիչ դատարանը քննադատել է Սոֆիայի քաղաքային դատարանին այն բանի համար, որ ձեռք չի բերել համապատասխան ապացույցներ, և կարգադրել է որոշ վկաների հրավիրում և այլ ապացույցների ներկայացում վերաքննիչ վարույթում:

 47. 2003թ. հուլիսի 8-ին վերաքննիչ դատարանը կարգադրել է որպես վկա հարցաքննել դռնապահին:

 48. 2003թ. հոկտեմբերի 13-ին դատարանը լսել է նախկին դռնապահին. վերջինիս հիվանդության պատճառով հարցաքննությունը տեղի է ունեցել տանը` դատախազի և կողմերի ներկայացուցիչների ներկայությամբ: Նախկին դռնապահը նշել է, որ համապատասխան օրը նա չի տեսել դիմողի մորը:

 49. 2004թ. հունվարի 15-ին վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել: Այն գտել է, որ Վնասի համար պետության պատասխանատվության մասին օրենքը կիրառելի է միայն անօրինական վարչական որոշումներով կամ վարչական մարմինների անօրինական գործողություններով պատճառված վնասի նկատմամբ: Դիմողի հայցը չի վերաբերում նման որոշումների, ուստի այն քննության պետք է առնվի ընդհանուր դելիկտային իրավունքի հիման վրա: Այդ հիմքերով վերաքննիչ դատարանը բեկանել է Սոֆիայի քաղաքային դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության Սոֆիայի քաղաքային դատարանում:

 

 3. Վարույթը Գերագույն վճռաբեկ դատարանում

 

 50. 2004թ. փետրվարի 13-ին դիմողը ներկայացրել է վճռաբեկ բողոք: 2005թ. մայիսի 25-ին Գերագույն վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը: Այն գտել է, որ Սոֆիայի քաղաքային դատարանը սխալ է գործել` գործը քննելով Վնասի համար պետության պատասխանատվության մասին օրենքի հիման վրա:

 

 4. Նոր քննությունը Սոֆիայի քաղաքային դատարանում

 

 51. Չճշտված ամսաթվի գործը փոխանցվել է Սոֆիայի քաղաքային դատարան` ընդհանուր դելիկտային իրավունքի հիման վրա գործը կրկին քննելու համար:

 52. 2005թ. հուլիսի 7-ին Սոֆիայի քաղաքային դատարանը դիմողին ցուցում է տվել հստակեցնել իր հայցապահանջները:

 53. 2005թ. սեպտեմբերի 1-ին դատարանը գտել է, որ հստակեցումները բավարար չեն և տվել է նոր ցուցումներ:

 54. 2006թ. փետրվարի 1-ին Սոֆիայի քաղաքային դատարանը նիստ է գումարել: Այն փաստաթղթեր է պահանջել ծերանոցից և Ներքին գործերի Սոֆիայի տնօրինությունից և թույլատրել է ապացույցների ձեռքբերում: Գործի քննությունը հետաձգվել է մինչև 2006թ. հունիսի 14-ը: Վարույթը դեռ շարունակվում է:

 

 II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

 A. Ծերանոցի և դրա անձնակազմի գործունեության կանոնակարգումը

 

 55. Գործին առնչվող ժամանակահատվածում ծերանոցներն ու սոցիալական խնամքի այլ հաստատությունները ղեկավարվում էին Առողջապահության նախարարության կողմից ընդունված կանոններով (1965թ. Պետական ամսագիր թիվ 91` փոփոխված` 1987թ. թիվ 30 Պետական ամսագրով), որոնք ուժի մեջ էին մինչև 1999թ. նոր կանոնների ընդունումը:

 56. Կանոններին համապատասխան` ծերանոցները ֆինանսավորվում և կառավարվում էին տեղական մունիցիպալ խորհուրդների կողմից, և պարտավոր էին հետևել Առողջապահության նախարարության կողմից ընդունվող չափորոշիչներին և հրահանգներին: 1994թ., սակայն, ծերանոցներն անցան Աշխատանքի և սոցիալական նախարարության կառավարման ներքո: Այս փաստը չանդրադարձավ կանոնների վրա:

 57. Կանոնները սահմանում են անձնակազմի հիմնական անդամների` տնօրենի, բժիշկների, դայակների և վարչական անձնակազմի, պարտականությունները: Դրանց հիման վրա յուրաքանչյուր ծերանոց սահմանում էր իր ներքին կանոնները: Ծերանոցը, որտեղ գտնվել է դիմողի մայրը, ևս ուներ իր ներքին կանոնները, որոնք մանրամասն կանոնակարգում էին աշխատանքի կազմակերպումը և խնդիրների ու պարտականությունների բաշխումն անձնակազմի միջև: Ի լրումն դրանց, յուրաքանչյուր աշխատակցի կոնկրետ պարտականությունները սահմանվում էին աշխատանքի նկարագրությամբ: Օրինակ` դռնապահի աշխատանքի նկարագրության համաձայն` նրա պարտականությունն է հսկել մարդկանց և ավտոմեքենաների մուտքն ու ելքը: Ծերանոցն ուներ նաև ներկայության/բացակայության մատյան և օրվա հրահանգների գիրք:

 

B. Քրեական օրենսգիրքը

 

 58. Քրեական օրենսգրքի 137 հոդվածը քրեորեն պատժելի է համարում անձին կյանքի համար վտանգավոր վիճակի մեջ դնելը և, տեղյակ լինելով նման վիճակի մասին, օգնություն չտրամադրելը` անկախ այն փաստից, որ տվյալ անձն անկարող է փոքրահասակ կամ մեծահասակ լինելու, հիվանդության կամ անօգնականության այլ վիճակի պատճառով հոգ տանել իր մասին:

Այս դրույթի կիրառման պրակտիկայի վերաբերյալ ոչինչ չի ներկայացվել:

 

C.   Վնասի համար պետության պատասխանատվության մասին օրենքը և ընդհանուր դելիկտային իրավունքը

 

 59. Վնասի համար պետության պատասխանատվության մասին օրենքի 1-ին բաժինը սահմանում է, որ պետությունը պատասխանատու է պետական մարմինների կամ պետական պաշտոնյաների կողմից պատճառված վնասի համար, որոնք նրանք պատճառել են իրենց վարչական գործառույթները կատարելիս: Այլ հանգամանքներում պատճառված վնասի համար պետությունն ու պետական մարմինները պատասխանատվություն են կրում ընդհանուր դելիկտային իրավունքի հիման վրա:

Քաղաքացիական դատավարությունում ձևավորված պրակտիկայի համաձայն` դատարանները քննության են առնում և որոշում իրենց ներկայացված հայցերի իրավական բնութագիրը` առանց հաշվի առնելու հայցվորի առաջարկած իրավական բնութագիրը: Հայցվորը պետք է ներկայացնի վիճելի հարցը` հստակեցնելով փաստերը և իր հայցապահանջը, սակայն նա չի կրում որևէ պարտականություն հստակեցնելու դրա բնութագիրն իրավունքում: Եթե նույնիսկ հայցվորը նշում է իր հայցի իրավական բնութագիրը, դատարանը կաշկանդված չէ դրանով: Դատարանը պետք է տա իր ինքնուրույն գնահատականը (ի թիվս այլոց, տե՜ս հետևյալ վճիռները. 1208-98-V (Գերագույն վճռաբեկ դատարան), 38-97-VII (Գերագույն վարչական դատարան) և 75-88- OCGK (Գերագույն դատարան)):

 60. 10-րդ բաժնի համաձայն` ի տարբերություն ընդհանուր դելիկտային իրավունքի հիման վրա քաղաքացիական դատավարության, Օրենքի հիման վրա դատավարությունը կազմակերպվում է դատախազի մասնակցությամբ, և դատական ծախսերը վճարման են ենթակա միայն վճռի ուժի մեջ մտնելուն պես:

 61. 2005թ. Գերագույն վճռաբեկ դատարանը կայացրել է մեկնաբանող որոշում օրենքի կիրառման որոշ տեսակետների վերաբերյալ` նշելով հակասական պրակտիկայի առկայության մասին: Այս հարցի հետ առնչվող խնդիրներից մեկն այդ օրենքի հիման վրա որպես locus standi պատասխանող հանդես եկող պետական մարմնի ընտրության խնդիրն է: Գերագույն վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցը պետք է հարուցվի ընդդեմ այն պետական մարմնի, որի աշխատակիցն է համապատասխան պաշտոնյան, կամ երբ պետական մարմինը չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, այդ պայմանը բավարարող վերադաս պետական մարմնի:

 

 D. Անհայտ բացակայող անձինք և մահացած համարվող անձինք

 

 62. Անձանց և ընտանիքի մասին օրենքի 8-19-րդ բաժինների ուժով դատարանները կարող են անձին ճանաչել անհայտ բացակայող, եթե նրա գտնվելու մասին տեղեկություն չկա ավելի քան մեկ տարի: Եթե հետագա հինգ տարիների ընթացքում անձը մնում է չհայտնաբերված, դատարանները կարող են նրան մեռած հայտարարել:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

 I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

 63. Դիմողը պնդել է, որ մոր անհետացման հետ կապված իրադարձությունները հանդիսանում են Կոնվենցիայի 2-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածների խախտում: Մասնավորապես, իր մոր կյանքը վտանգի է ենթարկվել ծերանոցի աշխատակիցների աններելի անփութության և թերի կարգավորման արդյունքում: Ավելին, հետաքննությունը չի հանգեցրել քրեական կամ կարգապահական պատասխանատվության, և դիմողի` քաղաքացիական դատավարության շրջանակներում փոխհատուցում ստանալու փորձերը ձախողվել են պատասխանող պետական մարմինների դանդաղկոտության և դատարանների մեղքով դատաքննության ձգձգումների պատճառով: Դիմողը պնդել է նաև, որ ոստիկանությունը մոր անհետացումից անմիջապես հետո չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նրան հայտնաբերելու համար: Կառավարությունն առարկել է դիմողի փաստարկների դեմ:

 64. Դատարանը գտնում է, որ գործին առնչվող դրույթը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետն է, որը նախատեսում է.

 

«Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:

 

 65. Դատարանը նկատում է, որ դիմողի գանգատները վերաբերում են երկու խումբ փաստերի, որոնք պահանջում են առանձին քննություն:

 

 A. 2-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտումը` կապված համապատասխան հաստատությունների և անձնակազմի պատասխանատվության ենթադրյալ անհնարինության հետ

 

 1. Ընդունելիություն

 

 (a) 2-րդ հոդվածի կիրառելիությունը

                         

 66. Կառավարությունը նշել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական երաշխիքը կիրառելի չէ, քանի որ սույն գործը չի առնչվում կալանքի տակ գտնվելու ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքի կամ պետության ներկայացուցիչների կողմից ուժի կիրառմանը: Բացի դրանից, 2-րդ հոդվածը կիրառելի չէ նաև իր ընթացակարգային տեսակետով, քանի որ չի հաստատվել դիմողի մոր մահացած լինելու փաստը:

 67. Դիմողը` պնդելով, որ գործն առնչվում է իր մոր կյանքին, նշել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը հստակորեն կիրառելի է:

 68. Դատարանը նկատում է, որ դիմողի մայրը տառապում էր ալտզհեյմերյան հիվանդությամբ, և 1995թ. դեկտեմբերին նրա անհետացումից հետո անցել է տասնմեկ տարի, անհետացման պահին նա եղել է վաթսունչորս տարեկան, նրա մտավոր կարողությունները վատթարացել էին, և նա մշտական հսկողության կարիք ուներ: Նման պայմաններում, բուլղարական օրենսդրության համաձայն` հնարավոր էր տկն Ստոյանովային դատական կարգով մեռած հայտարարել (տե՜ս վերը` կետեր 6-12 և 62)` չնայած որ նշված գործում նրան մեռած հայտարարելու փորձ չի արվել: Դատարանը ողջամիտ է համարում, սույն գործի նպատակների համար, ենթադրել, որ դիմողի մայրը մահացել է:

 69. Այնուամենայնիվ, հարց է ծագում, թե արդյո՞ք ենթադրյալ մահվան և ծերանոցի անձնակազմի կողմից դրսևորված ենթադրյալ անփութության միջև առկա է այնպիսի անմիջական պատճառական կապ, որը կհանգեցնի 2-րդ հոդվածի կիրառմանը` անփութության նման դրսևորումներին իրավական համակարգի հակազդեցության ենթադրյալ թերությունների կապակցությամբ:

 70. Դատարանը նկատում է, որ ծերանոցի անձնակազմի դեմ քրեական հետաքննության ընթացքում ներպետական իշխանությունները հաստատված են համարել (թեև դա վերջնական արդյունք չի ունեցել), որ տկն Ստոյանովան գտնվել է «փակ ռեժիմում», և անձնակազմը տեղյակ է եղել, որ նրան չի կարելի թողնել առանց հսկողության, այլապես դա կարող էր վտանգ ստեղծել նրա առողջության կամ կյանքի համար: Հաստատվել է նաև, որ անձնակազմը նրան թողել է առանց հսկողության, և առկա է ուղղակի կապ այդ փաստի և դիմողի մոր անհետացման միջև (տե՜ս վերը` կետեր 23 և 42): Բացի դրանից, Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի կիրառման ոլորտը չի կարող սահմանափակվել անձի մահվան ժամանակով և անմիջական պատճառով: Անփույթ վերաբերմունքի դրսևորման հետևանքով տեղի ունեցած իրադարձությունների հաջորդականությունը, որը հանգեցրել է մահվան, ևս կարող է քննության առնվել 2-րդ հոդվածի հիման վրա (Օներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի, թիվ 48939/99, ECHR 2004-XII):

 71. Ուստի սույն գործում առկա իրադարձությունները (չնայած ոչ մի դեպքում կապված չեն անձին կյանքից զրկելու հետ) կյանքի իրավունքը պաշտպանող կոնվենցիոն դրույթի` 2-րդ հոդվածի կիրառման շրջանակում են:

 

 (b) Ընդունելիության հետ կապված այլ հարցեր

 

 72. Դատարանը գտնում է, որ վերոհիշյալ գանգատն ակնհայտ անհիմն չէ` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով: Գանգատն անընդունելի չէ նաև այլ հիմքերով, ուստիև պետք է ընդունելի հայտարարվի:

 

 2. Գործի քննությունն ըստ էության

 

 (a) Կողմերի բացատրությունները

 

 73. Ըստ Կառավարության` այնքանով, որքանով 2-րդ հոդվածը կիրառելի է իր ընթացակարգային տեսակետով, պատասխանող պետությունը կատարել է այդ հոդվածի հիման վրա իր պարտականությունները` ինչպես դրանք մեկնաբանվել են Դատարանի նախադեպային իրավունքում և, մասնավորապես, Կալվելին և Կիգլիոն ընդդեմ Իտալիայի, թիվ 32967/96, ECHR 2002-I: Մասնավորապես, բուլղարական իրավական համակարգը դիմողին հնարավորություն է տվել փոխհատուցում հայցել քաղաքացիական դատավարության շրջանակներում: Այն փաստը, որ դիմողի կողմից հարուցված քաղաքացիական հայցով վարույթը դեռևս չի ավարտվել, դիմողի սեփական դատավարական վարքագծի արդյունք է: Նա սխալմամբ հայցը ներկայացրել էր Վնասի համար պետության պատասխանատվության մասին օրենքի հիման վրա, մինչդեռ կիրառելի ռեժիմն ընդհանուր դելիկտային իրավունքով նախատեսված ռեժիմն էր:

 74. Կառավարությունը նաև պնդել է, որ իշխանությունները կատարել են 2-րդ հոդվածով նախատեսված` կյանքի իրավունքի պաշտպանությանը կոչված պատշաճ իրավական համակարգ սահմանելու իրենց պարտականությունները: Մասնավորապես, ծերանոցների գործունեությունը ենթակա էր մանրամասն իրավական կարգավորման:

 75. Ըստ դիմողի` իր գործը երկու հիմնական տեսակետով տարբերվում էր Կալվելին և Կիգլիոն ընդդեմ Իտալիայի գործից: Այս գործում ներպետական իշխանությունները հետապնդել էին անփութությամբ մահ պատճառած անձին և նույնիսկ դատապարտել նրան: Մինչդեռ բուլղարական իշխանությունները մերժել էին մեղավորներին պատասխանատվության ենթարկել` չնայած քրեորեն պատժելի անփութության մասին հստակորեն վկայող ապացույցի առկայությանը: Երկրորդ` նշված գործում զոհի հարազատներն ստացել էին նյութական փոխհատուցում, մինչդեռ դիմողն ստիպված էր սպասել ձգձգվող վարույթի ավարտին և չէր տեսնում հաջողության հասնելու որևէ հեռանկար:

 76. Դիմողը նաև գտել է, որ սույն գործին համանման գործերում քաղաքացիական վարույթը չի կարող բավարար համարվել 2-րդ հոդվածի պահանջների տեսանկյունից, քանզի դա կարող է նշանակել կյանքի իրավունքի պաշտպանության «մասնավորեցում»: Բացի դրանից, քաղաքացիական վարույթը չի երաշխավորում ողջ փաստական հիմքի լիարժեք և սպառիչ քննություն:

 77. Ամեն դեպքում, քաղաքացիական դատավարության` որպես պատասխանատվություն երաշխավորելու և փոխհատուցում տրամադրելու միջոցի, արդյունավետության կապակցությամբ դիմողը նշել է, որ ժամանակին գործի փաստական հանգամանքներին իրավական որակում չտալը վերացրել է մոր մահվան մասին ճշմարտությունն գիտենալու ցանկացած հույս և իր` փոխհատուցում ստանալու հնարավորությունը:

 78. Դիմողը նաև պնդել է, որ ծերանոցների գործունեությունը` ընդհանուր առմամբ, և դրանց անձնակազմի պարտականությունները` մասնավորապես, բավարար չափով կարգավորված չեն: Մասնավորապես, խնդրո առարկա ժամանակահատվածում գործող կանոնները հնացած էին: Ավելին, ի հակասություն այդ կանոնների` 1994թ. ծերանոցներն անցան Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կառավարման ներքո: Դրա արդյունքում, քաղաքացիական դատավարության շրջանակներում դիմողը դժվարություններ է կրել հստակեցնելու այն հարցը, թե արդյոք ծերանոցը հանդիսանու՞մ է ինքնուրույն իրավաբանական անձ և ո՞ր վարչական մարմինն է locus standi պատասխանող հանդիսանում իր հայցի կապակցությամբ:

 

 (b) Դատարանի գնահատականը

 

 79. 2-րդ հոդվածի առաջին նախադասությունը, որը Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից է և նաև ամրագրում է Եվրոպայի խորհուրդը կազմող ժողովրդավարական հասարակությունների հիմնական արժեքներից մեկը, պետությանը պարտավորեցնում է ոչ միայն ձեռնպահ մնալ անձին «միտումնավոր» կյանքից զրկելուց, այլ նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ իր իրավազորության տակ գտնվող անձանց կյանքը պահպանելու համար (տե՜ս Կալվելին և Կիգլիոն ընդդեմ Իտալիայի, կետ 48, և դրանում մատնանշված նախադեպերը):

 80. Այդ սկզբունքները կիրառելի են նաև առողջապահական համակարգի նկատմամբ: Պետություններից պահանջվում է ընդունել այնպիսի կանոններ, որոնք ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հիվանդանոցներին կպարտադրեն ձեռնարկելու համապատասխան միջոցներ իրենց հիվանդների կյանքը պաշտպանելու համար և ստեղծելու այնպիսի արդյունավետ անկախ դատական համակարգ, որը կկարողանա պարզել հիվանդանոցի խնամքի տակ գտնվող անձի մահվան պատճառը և կապահովի մեղավորների պատասխանատվությունը (տե՜ս Կալվելին և Կիգլիոն ընդդեմ Իտալիայի, կետ 49, և դրանում մատնանշված նախադեպերը):

 81. Ի տարբերություն Կալվելին և Կիգլիոն ընդդեմ Իտալիայի գործի, որը վերաբերում էր բժիշկների սխալներին, տկն Ստոյանովայի կյանքը վտանգած անփույթ արարքը թույլ էին տվել բուժական անձնակազմի հերթապահը և տեխնիկական անձնակազմը: Այնուամենայնիվ, չկա որևէ պատճառ հանրային առողջապահական հաստատությունների գործունեությունը կարգավորելու և փոխհատուցում տալու պահանջը նման անձնակազմի վրա չտարածելու համար, քանզի նրանց արարքները ևս կարող են վտանգել հիվանդների կյանքը, առավել ևս այն դեպքում, երբ հիվանդն ինքը չի կարող հոգ տանել իր մասին, ինչպես սույն գործում է:

 82. Եթե պայմանավորվող պետությունը սահմանել է առողջապահության ոլորտի աշխատակիցների բարձր մասնագիտական չափորոշիչներ և հիվանդների կյանքի պաշտպանությունը երաշխավորող պատշաճ իրավակարգավորում, չի կարող ընդունվել այն մոտեցումը, որ այնպիսի հարց, ինչպիսին է առողջապահության ոլորտի աշխատակիցներին առնչվող վճռի սխալը կամ այդ աշխատակիցների անփույթ վերաբերմունքը հիվանդներից մեկի հանդեպ, բավարար է պետության պատասխանատվության համար` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա կյանքը պաշտպանելու պոզիտիվ պարտավորության տեսանկյունից (Փովելն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 45305/99, ECHR 2000-V, տե՜ս նաև Նիտետսկին ընդդեմ Լեհաստանի, թիվ 65653/01, 2002թ. մարտի 21):

 

 83. Ուստի Դատարանը պետք է քննության առնի, թե արդյո՞ք տկն Ստոյանովայի անհետացմանը հանգեցրած անփույթ արարքների համար պատասխանատվություն ապահովելու` իրավական համակարգի անկարողության կապակցությամբ ծագում է պետության պատասխանատվություն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա: Դատարանը պետք է քննության առնի, թե արդյո՞ք առկա իրավական պաշտպանության միջոցները` իրենց ամբողջության մեջ, ինչպես նախատեսված են օրենսդրության մեջ և կիրառվում են պրակտիկայում, ապահովել են այնպիսի իրավական միջոցներ, որոնք կարող էին հաստատել փաստերը, մեղավորներին պատասխանատվության ենթարկել և զոհին տրամադրել համապատասխան հատուցում (տե՜ս Բիրզիկովսկին ընդդեմ Լեհաստանի, թիվ 11562/05, կետեր 104-118, 2006թ. հունիսի 27): Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջները կատարված չեն լինի, եթե ներպետական օրենսդրությամբ տրամադրվող պաշտպանությունը գոյություն ունենա միայն տեսականորեն. այն պետք է արդյունավետորեն գործի պրակտիկայում: Այդ սկզբունքները կիրառելի են նաև առողջապահական համակարգի նկատմամբ: Պետություններից պահանջվում է ընդունել այնպիսի կանոններ, որոնք ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հիվանդանոցներին կպարտադրեն ձեռնարկելու համապատասխան միջոցներ իրենց հիվանդների կյանքը պաշտպանելու համար և ստեղծելու այնպիսի արդյունավետ անկախ դատական համակարգ, որը կկարողանա պարզել հիվանդանոցի խնամքի տակ գտնվող անձի մահվան պատճառը և կապահովի մեղավորների պատասխանատվությունը (տե՜ս Կալվելին և Կիգլիոն ընդդեմ Իտալիայի, կետ 53):

 

 (i) Ծերանոցների կանոնները

 

 84. Դատարանը նշում է, որ ծերանոցների գործունեությունը կարգավորվում է օրենքով: Սոֆիայի ծերանոցը ևս ուներ անձնակազմի ներքին կանոններ և պարտականությունները սահմանող աշխատանքի նկարագրություններ (տե՜ս վերը` կետեր 55-57):

 85. Դատարանը նաև նկատում է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում գործող կանոններն ընդունվել էին 1965թ. և չէին կրում պետության վարչական կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների ազդեցությունը (տե՜ս վերը` կետեր 55-56): Գործում ներգրավված դատախազներից մեկը կարծիք էր հայտնել առ այն, որ ծերանոցի անձնակազմի պարտականությունները հստակ կարգավորված չեն, ինչն անհնարին է դարձնում որևէ քրեական պատասխանատվություն սահմանելը (տե՜ս վերը` կետ 26):

 86. Դատարանից չի պահանջվում, սակայն, համապատասխան իրավական ռեժիմի վերաբերյալ ընդհանուր եզրակացություններ տալ in abstracto: Դատարանը պետք է քննության առնի, թե արդյո՞ք իրավական համակարգը` իր ամբողջության մեջ, պատշաճորեն է գործել տվյալ գործի շրջանակներում:

 

 (ii) Դատական պաշտպանության միջոցների պատշաճությունը

 

 87. Ինչպես Դատարանը նշել է վերոհիշյալ Կալվելին և Կիգլիոն ընդդեմ Իտալիայի գործով վճռում, եթե կյանքի կամ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը տեղի է ունեցել ոչ միտումնավոր, 2-րդ հոդվածի հիման վրա` արդյունավետ դատական համակարգ ստեղծելու պոզիտիվ պարտավորությունն անհրաժեշտաբար չի պահանջում պաշտպանության միջոց քրեական իրավունքում բոլոր դեպքերի համար: Եթե խնդիրն առնչվում է բժշկական անփութության հատուկ ոլորտին, պարտավորությունը կարող է բավարարված լինել նաև այն դեպքում, եթե իրավական համակարգը զոհերին իրավական պաշտպանություն է տրամադրում քաղաքացիական դատարաններում` կամ առանձին, կամ քրեական դատարաններում պաշտպանության հետ մեկտեղ, և ի զորու է հաստատելու բժշկական անձնակազմի ցանկացած պատասխանատվություն և պատշաճ քաղաքացիական հատուցում, ինչպիսին, օրինակ, վնասի փոխհատուցում կարգադրելն է և որոշման հրապարակումը: Կարող են նախատեսված լինել նաև կարգապահական միջոցներ (տե՜ս վերը` Կալվելին և Կիգլիոն, կետ 51):

 88. Սույն գործում, համապատասխան ներպետական օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվությանը հասնելու հնարավորություն` քրեական, կարգապահական և քաղաքացիական վարույթների միջոցով:

 

(a)  Քրեական իրավունքի պաշտպանության միջոցներ

 

 89. Դատարանը նկատում է, որ հետաքննությունն ընթացել է անգործության երկարատև ժամանակաշրջանով, և որ հիմնական հետաքննչական գործողությունները, մասնավորապես, ծերանոցի անձնակազմի հարցաքննությունները, կատարվել են դեպքից միայն մի քանի տարի անց` դիմողի համառության արդյունքում (տե՜ս կետեր 13-27): Ձգձգումները ոչ միայն վտանգել են հետաքննության արդյունքները, այլև վկայել են անտարբեր վերաբերմունքի մասին այն հանրային շահի նկատմամբ, որ առողջապահության համակարգում տեղի ունեցած սխալները պետք է հաստատվեն անմիջապես` տեղեկատվության տարածումը թույլ տալու և դրանով իսկ նմանատիպ սխալների կրկնությունը կանխելու և առողջապահական ծառայություններից օգտվողների ապահովությանը նպաստելու համար (տե՜ս վերը նշված` Բիրզիկովսկին ընդդեմ Լեհաստանի, կետ 17):

 90. Ավելին, սույն գործում դատախազական մարմինները կայացրել են հակասական որոշումներ` մերժելով ծերանոցի անձնակազմին պատասխանատվության ենթարկել. ամեն անգամ նրանց որոշումներն ունեցել են տարբեր փաստական հիմքեր և անհստակ իրավական հիմքեր: Մասնավորապես, 1998թ. և 2000թ. շրջանային դատախազը և Սոֆիայի դատախազը որոշել են կարճել գործի վարույթն այն հիմքով, որ անձնակազմը գործել է ընդունված պրակտիկայի համաձայն` առանց վերլուծելու, թե արդյո՞ք այդ պրակտիկան վկայում է հանցավոր անփութության մասին (տե՜ս կետեր 17 և 21): 2001թ. գործը կարճելու փաստական և իրավական հիմքերը փոխվել են. դատախազները գտել են, որ ծերանոցի անձնակազմը խախտել է իր պարտականությունները, բայց ըստ էության գտել են, որ բուլղարական քրեական օրենսդրության համաձայն նման խախտումները պատժելի չեն (տե՜ս կետ 23): Վերջապես, 2003թ. դատախազները փոխել են իրենց եզրակացությունները` ենթադրելով, որ դիմողի մայրն անցել է պարսպի վրայով կամ դուրս է եկել մեկ այլ ելքով: Վերջին հաշվով, լրացել է վաղեմության ժամկետը (տե՜ս վերը` կետեր 26 և 27):

 91. Իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերի հիման վրա Դատարանը գտնում է, որ քրեական իրավունքի համապատասխան պաշտպանության միջոցները չեն ապահովում դիմողի մոր անհետացման համար պատասխանատու անձանց պատասխանատվությունը: Ուստի Դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք կան պաշտպանության այլ միջոցներ, որոնք կարող էին բավարարել Կոնվենցիայի համապատասխան պահանջները:

 

(b)  Կարգապահական կամ վարչական միջոցներ

 

 92. Դատարանը նկատում է` անկախ նրանից, որ դատախազները գտել են, որ բժշկական հերթապահը և դռնապահը խախտել են իրենց պարտականությունները, որևէ կարգապահական միջոց անձնակազմի նկատմամբ չի կիրառվել (տե՜ս վերը` կետ 23): Ավելին, պարզվում է, որ համապատասխան մարմինները` Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը և՜ Առողջապահության նախարարությունը և Սոֆիայի քաղաքապետարանը, երբևէ չեն փորձել ճանաչել կառավարման, վերապատրաստման կամ վերահսկողության գործում առկա այն սխալները, որոնք կարող էին հնարավոր դարձնել վիճարկվող խախտումները:

 

(c)  Քաղաքացիական իրավունքի պաշտպանության միջոցներ

 

 93. Դատարանը նկատում է, որ վնասի հատուցման կապակցությամբ դիմողի հարուցած քաղաքացիական գործի վարույթը տասը տարվա ընթացքում դեռևս չի ավարտվել առաջին ատյանի դատարանի` վեճն ըստ էության լուծող դատական ակտով (տե՜ս վերը` կետեր 29-54):

 94. Դատարանը նաև հղում է կատարում վերն արված իր այն եզրակացությանը, որ դատավարության երկար տևողությունը եղել է իշխանությունների մեղքով և խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը (տե՜ս ստորև` կետեր 106-119):

 95.Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջները բավարարված չեն լինի, եթե առկա պաշտպանության միջոցները ժամանակի մեջ չեն գործում այնքան արդյունավետորեն, որ դատարանները կարողանան ավարտել յուրաքանչյուր առանձին գործի ըստ էության քննությունը (տե՜ս Կալվելին և Կիգլիոն ընդդեմ Իտալիայի, կետեր 51-53, և Վոն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 53294/00, կետեր 89-90, ECHR 2004-VIII):

 96. Թեև դատաքննությունը դեռևս շարունակվում է, և Դատարանը չի կարող հետևություններ անել դրա արդյունքի վերաբերյալ, այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ որոշակի հանգամանքներում, անցած ժամանակը բավարար է եզրակացնելու համար, որ քաղաքացիական գործի վարույթը չի հանգեցնի Կոնվենցիայի 2-րդ հոդվածով հետապնդվող արդյունքներին, այն է` տկն Ստոյանովայի անհետացման կամ ենթադրյալ մահվան հետ կապված փաստերի բացահայտմանը և պատասխանատու անձանց արդյունավետորեն և ժամանակին պատասխանատվության ենթարկելուն:

 

 (iii) Եզրահանգում

 

 97. Դատարանը գտնում է, որ չնայած բուլղարական իրավունքում երեք խումբ պաշտպանության միջոցների` քրեական, կարգապահական և քաղաքացիական, առկայությանը, գործնականում իշխանությունները չեն ապահովել դիմողի մոր անհետացման հետ կապված փաստերի բացահայտման և իրենց պարտականությունները խախտած անձանց ու հաստատությունների պատասխանատվության արդյունավետ հնարավորությունը: Համապատասխան կանոնների թերությունները, անկասկած, նպաստել են այդ արդյունքին (տե՜ս վերը` կետ 85): Կառավարությունը չի պնդել, թե կան նաև պաշտպանության այլ միջոցներ:

 98. Այս հանգամանքներում, Դատարանը գտնում է, որ իրավական համակարգը` իր ամբողջության մեջ, մարդկային կյանքը վտանգող անփույթ վարքագծի պայմաններում, չի կարողացել ապահովել պատշաճ և ժամանակին արձագանք` 2-րդ հոդվածի հիման վրա պետության ընթացակարգային պարտավորություններին համապատասխան: Ուստի այս կապակցությամբ տեղի է ունեցել 2-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 

 B. 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտում` տկն Ստոյանովայի անհետացումից հետո ոստիկանության արձագանքի կապակցությամբ

1. Ընդունելիություն

 

 99. Դատարանը գտնում է, որ վերոհիշյալ գանգատն ակնհայտ անհիմն չէ` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով: Գանգատն անընդունելի չէ նաև այլ հիմքերով, ուստիև  պետք է ընդունելի հայտարարվի:

 

 2. Գործի քննությունն ըստ էության

 

 100. Իր իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքը պահպանելու համար պատշաճ քայլեր ձեռնարկելու` պետության պարտականությունը համապատասխան հանգամանքներում ընդգրկում է նաև պոզիտիվ պարտավորությունը` ձեռնարկելու կանխարգելիչ օպերատիվ միջոցներ` պաշտպանելու համար այն անձանց կյանքը, որը վտանգված է այլ անձանց քրեական արարքներով, կամ սեփական անձի վարքագծով (տե՜ս Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, Զեկույցներ 1998թ. -VIII, էջ 3159, կետ 115, և Կենանն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 27229/95, կետեր 89 և 90, ECHR 2001-III): Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք իշխանությունները իմացել էին և կարող էին իմանալ իրական և անմիջական վտանգի գոյության մասին, և եթե այդպես է, ապա արդյո՞ք նրանք ձեռնարկել են այն ամենը, ինչ պահանջվում է` կանխելու համար տվյալ անձի կյանքին սպառնացող վտանգը (տե՜ս Ուկարն ընդդեմ Թուրքիայի, թիվ 52392/99, կետ 86, 2006թ. ապրիլի 11):

 101. Դատարանն անհրաժեշտ չի համարում սույն գործում պարզել վերոհիշյալ սկզբունքների կիրառման մոդալությունն այնպիսի իրավիճակների նկատմամբ, երբ հիվանդ վիճակում գտնվող անձն անհետանում է: Դատարանը նկատում է, որ ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ տկն Ստոյանովայի գտնվելու վայրը պարզելու համար: Նրա անհետացման մասին տեղեկանալուց անմիջապես հետո լսել է վկաների, որոնք վկայել են, որ ապարդյուն զննել են ծերանոցի տարածքը (տե՜ս վերը` կետեր 9-11): Չորս օր տկն Ստոյանովան գրանցվել է որպես ոստիկանության կողմից փնտրվող և մեկ շաբաթվա ընթացքում հաղորդագրություն է տրվել մամուլում: Ավելի ուշ, ոստիկանությունն ստուգել է հոգեբուժական հիվանդանոցներ ընդունված հիվանդների ինքնությունը և հասարակությունից ստացված տեղեկատվությունը (տե՜ս վերը` կետեր 9-11):

 102. Ըստ դիմողի` ոստիկանությունը պետք է ակտիվ որոնում կազմակերպեր տարածքում իր մոր անհետացումից անմիջապես հետո: Դատարանը կրկնում է, սակայն, որ հաշվի առնելով ժամանակակից հասարակություններում ոստիկանության գործողությունների հետ կապված դժվարությունները, մարդկային վարքագծի անկանխատեսելիությունը և գործողությունների ընտրությունը, որը պետք է կատարվի ըստ առաջնահերթությունների` սույն գործին համանման գործերում իշխանությունների պոզիտիվ պարտավորությունները պետք է գնահատվեն այնպես, որ իշխանությունների վրա չդրվի անհնարին կամ անհամաչափ բեռ (տե՜ս վերոհիշյալ Օսմանի գործը, էջեր 3159-60, կետ 116, և Ագդուգուն ընդդեմ Թուրքիայի, թիվ 46747/99, կետ 45, 2005թ. հոկտեմբերի 18): Չնայած այն փոքր կասկածին, որ սույն գործում ոստիկանությունը կարող էր անել ավելին` վճռորոշ հարցն այստեղ հետևյալն է. արդյո՞ք տվյալ հանգամանքներում ոստիկանության արձագանքը պատշաճ էր` հաշվի առնելով կոնկրետ փաստերը և ոստիկանության ամենօրյա աշխատանքի գործնական իրողությունը: Դատարանն այս կապակցությամբ նկատում է, որ ծերանոցը գտնվում էր բանուկ պողոտայում, մի քաղաքում, որն ունի մեկ միլիոն բնակիչ: Քանի որ ծերանոցի անձնակազմը, որը, ի տարբերություն ոստիկանության, ճանաչում էր տկն Ստոյանովային, ապարդյուն զննել էր տարածքը, Դատարանի համար դժվար է ընդունել, որ անմիջապես որոնում չկազմակերպելու` ոստիկանների որոշումը եղել է ոչ ողջամիտ:

 103. Ամփոփելով, Դատարանը համոզված չէ, որ տկն Սոտյանովայի անհետացման վերաբերյալ տեղեկությանը ոստիկանության արձագանքը եղել է ոչ պատշաճ կամ որևէ կերպ խախտել է կյանքը պաշտպանելու` Բուլղարիայի պոզիտիվ պարտականությունը: Ուստի գտնում է, որ այս կապակցությամբ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

 104. Դիմողը պնդել է, որ իր քաղաքացիական գործի քննությունը տևել է չափազանց երկար, որի արդյունքում խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը: Այն նախատեսում է.

 «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները …, ունիդատարանի կողմից ողջամիտ ժամկետումդատաքննության իրավունք»:

 

A.   Ընդունելիություն

 

 105. Դատարանը գտնում է, որ «ողջամիտ ժամկետի» վերաբերյալ նախադեպային իրավունքում ձևավորված չափորոշիչների լույսի ներքո և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող ողջ նյութը, պահանջվում է գանգատի ըստ էության քննություն:

 

B.   Գործի ըստ էության քննություն

 

 106. Դիմողը նշել է, որ դատավարության ձգձգումները հիմնականում տեղի են ունեցել իշխանությունների մեղքով: Մասնավորապես, Սոֆիայի քաղաքային դատարանն առանց անհրաժեշտության հետաձգել է գործի քննությունը` կարգադրելով դիմողին նշել պետական մարմինների հասցեներ, որոնք հանրահայտ են, կամ ապացուցել այդ մարմինների locus standi-ն, ինչը դյուրին չէ վարչական վերակազմակերպումների և կիրառելի օրենսդրական և վարչական կարգավորումների պատճառով: Մի քանի հետաձգումներ տեղի են ունեցել պատասխանողների մեղքով. նրանք, որոնք պետական մարմիններ էին, չէին ներկայացրել իրենց տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը: Որոշ ապացույցներ ընդունելուց Սոֆիայի քաղաքային դատարանի հրաժարումը եղել է չարդարացված և, ի վերջո, վերաքննիչ դատարանը ձեռք է բերել այդ ապացույցները, որոնք ևս հանգեցրել են ձգձգումների: Դիմողը նշել է նաև, որ նիստերը նշանակվում էին մեծ միջակայքերով: Նա նաև ընդգծել է, որ Սոֆիայի քաղաքային դատարանի կողմից ճիշտ ժամանակին իր գործի փաստական հանգամանքներին իրավական բնութագիր չտալը հանգեցրել է գործը կրկին նոր քննության ուղարկելուն:

 107. Կառավարությունը նշել է, որ դիմողն իր գործը լավ չի կազմակերպել, չնայած Սոֆիայի քաղաքային դատարանի հրահանգներին` ժամանակին չի ներկայացրել ապացույցներ պատասխանողների locus standi-ի կապակցությամբ, և չի հստակեցրել իր հայցի բնույթը: Միաժամանակ, դատարանները գործել են պատշաճ փութաջանությամբ. նիստեր են հրավիրել պարբերական միջակայքերով, դիմողին տվել են համապատասխան հրահանգներ:

 108. Դատարանը նկատում է, որ ժամանակահատվածը, որը պետք է հաշվի առնվի, սկիզբ է առնում 1996թ. հուլիսի 10-ից, երբ դիմողը հայց է հարուցել: 2006թ. հունիսին գործի քննությունը դեռևս շարունակվում էր առաջին ատյանի դատարանում: Ուստի դատաքննությունը տևել էր տասը տարի և դեռ շարունակվում էր:

 109. Հաշվի առնելով քաղաքացիական գործով վարույթի առարկան, այն է` ենթադրաբար կյանքից զրկելուն հանգեցրած անփույթ արարքների համար պատասխանատվությունը, իշխանություններից պահանջվում էր հատուկ փութաջանություն և վարույթի կազմակերպում որոշակի արագությամբ:

 110. Դատարանը նկատում է, որ վարույթի ողջ տևողության պատճառ են դարձել երկու հիմնական գործոններ, այն է` Սոֆիայի քաղաքային դատարանի կողմից 1996-2002թթ. գործի քննության բազմաթիվ հետաձգումները, և 2002թ. դատարանի որոշումը (որն ուժի մեջ է թողնվել 2004թ. և 2005թ.)` այլ ընթացակարգով գործի նոր քննության մասին (տե՜ս վերը` կետեր 29-54):

 111. Առաջին գործոնի կապակցությամբ Դատարանը նկատում է, որ դիմողը ողջ դատաքննության ընթացքում ներկայացրել է բազմաթիվ միջնորդություններ` պահանջելով ապացույցների ձեռքբերում, որոնք կարող էր անել դատավարության սկզբում: Դա որոշակի դժվարություններ է ստեղծել Սոֆիայի քաղաքային դատարանի համար: Սակայն այդ գործոնով պայմանավորված ձգձգումները չեն գերազանցել մի քանի ամիսը (տե՜ս վերը` կետեր 30 և 39):

 112. Էական ձգձգումները, սակայն, տեղի են ունեցել իշխանությունների հետ կապված պատճառներով գործի քննության հետաձգումների արդյունքում: Այն է` պատասխանողներին կամ վկաներին չծանուցելը, դատախազի բացակայությունը, պետական մարմին հանդիսացող պատասխանողների կողմից համապատասխան փաստաթղթեր չներկայացնելը (տե՜ս կետեր 31, 37, 38, 40 և 41):

 113. Պետական մարմինների հասցեները և նրանց locus standi-ն ճշգրտելու նպատակով կարգադրված հետաձգումների կապակցությամբ (տե՜ս վերը` կետեր 31, 33, 34 և 35) Դատարանը գտնում է, որ դրանցից բխող ձգձգումների համար պատասխանատուն ամբողջությամբ իշխանություններն են: Մասնավորապես, այն հարցը, թե ծերանոցի գործունեության հետ կապված քաղաքացիական հայցով որ վարչական մարմինն է պատասխանատու, հստակ կանոնակարգված չէ. չնայած նրան, որ համապատասխան կանոնների համաձայն ծերանոցները գտնվում էին մունիցիպալիտետների վերահսկողության ներքո, գործնականում դրանք Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կառավարման ներքո էին (տե՜ս վերը` կետեր 56 և 62): Ավելին, Սոֆիայի քաղաքային դատարանի մոտեցումը, որը գործի քննությունը հետաձգել էր` դիմողից պահանջելով «ապացուցել» locus standi-ն կամ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հասցեն, չափազանց ձևական էր: Իրավունքի գերակայությամբ ղեկավարվող իրավական համակարգում գործունեության տարբեր ոլորտների համար պատասխանատու և քաղաքացիական հայցերով որպես պատասխանող հանդես եկող պետական վարչական մարմինների ինքնությունը պետք է լինի թափանցիկ և մատչելի:

 114. Ուստի Դատարանը գտնում է, որ թեև դիմողը պատասխանատու է մի քանի ամսվա ձգձգումների համար, ձգձգումների հիմնական մասը` 1996թ.-2002թ., իշխանությունների մեղքով է:

 115. Դատարանն այնուհետև նկատում է, որ գործն այլ ընթացակարգով կրկին քննելու վերաբերյալ որոշման արդյունքում գործի քննությունը դեռևս շարունակվում է: Այդ որոշումը կայացվել է 2004թ. հունվարին` գործի վարույթի սկզբից` 1996թ. հուլիսից, յոթ տարի անց (տե՜ս վերը` կետեր 29 և 49):

 116. Շատ զարմանալի է, որ դատարաններն ավելի վաղ չեն գիտակցել, որ գործը չի կարող քննության առնվել Վնասի համար պետության պատասխանատվության մասին օրենքի հիման վրա և ճիշտ ընթացակարգն ընդհանուր դելիկտային իրավունքի հիման վրա է: Այդ հանգամանքն առավել զարմանալի է դարձնում այն փաստը, որ դատավարության կողմերը, այդ թվում` դիմողը, բազմիցս բարձրացրել էին այդ հարցը, և Սոֆիայի քաղաքային դատարանն այդ մասին հիշատակել էր իր` 2002թ. հուլիսի 31-ի վճռում (տե՜ս վերը` կետեր 33, 35, 44, 49 և 50): Այս կապակցությամբ տեղի ունեցած ձգձգումների ողջ մեղքը դատարաններինն է, քանի որ նրանց պարտականությունն է որոշել հայցի իրավական բնութագիրը (տե՜ս վերը` կետ 59):

 117. Ավելին, ինչ վերաբերում է գործի քննությունը կրկին սկսելու մասին որոշմանը, Դատարանը նկատում է, որ ընդհանուր դելիկտային իրավունքի հիման վրա վարույթը Վնասի համար պետության պատասխանատվության մասին օրենքի հիման վրա վարույթից տարբերվում է որոշ տեխնիկական տեսակետներով` դատական ծախսերով և դատախազի մասնակցությամբ (տե՜ս վերը` կետ 60): Հաշվի առնելով այս տարբերությունների բնույթը` Դատարանը գտնում է, որ դժվար է արդարացնել 2004թ. և 2005թ. գործի քննությունը նորից սկսելը և մինչև 1996թ. ձեռնարկված դատավարական միջոցառումները, ներառյալ` վկաների ցուցմունքներն ու փաստաթղթային ապացույցները, չեղյալ հայտարարելը: Այն նորմը, որի համաձայն գործի քննությունը պետք է սկսվի սկզբից, ունի իր արդարացված հիմքն իրավունքի տեսության մեջ. սակայն ներպետական դատարանների համար պետք է ակնհայտ լիներ, որ այդ նորմի կիրառումը կոնկրետ հանգամանքներում կհանգեցներ որոշակի էական դժվարությունների` հաշվի առնելով պատահարից տասը տարի անց կամ ավելի ուշ ապացույցներ, այդ թվում վկաների ցուցմունքներ ձեռք բերելու սահմանափակ հնարավորությունները: Պետությունների` այնպիսի հիմնարար իրավունքի, ինչպիսին կյանքի իրավունքն է, իրացումն ապահովելու պարտականությունը պահանջում է այնպիսի իրավական պաշտպանության միջոցների կիրառում, որոնք ի զորու են ապահովելու արդյունավետ գործնական արդյունքներ` առանց ձևականությունների: Ներպետական իշխանությունների խնդիրն է սահմանել այնպիսի դատավարական նորմեր, որոնք թույլ կտան խուսափել չարդարացված ձգձգումներից:

118. Արդյունքում, Դատարանը գտնում է, որ իշխանությունների` բոլոր դատավարական միջոցառումները չեղյալ հայտարարելու և կրկին ապացույցներ ձեռք բերելու որոշումն արդարացված չէ և անհամատեղելի է պետության` կյանքի իրավունքին առնչվող գործերում հատուկ շտապողականություն դրսևորելու պարտականության հետ:

119. Ավելին, նկատի ունենալով, որ դիմողի քաղաքացիական հայցը, inter alia, վերաբերում էր պետության պատասխանատվությանն առ այն, որ ծերանոցի անձնակազմը տկն Ստոյանովային թողել էր առանց հսկողության, Սոֆիայի քաղաքացիական դատարանի խնդիրն էր որոշել հայցի այդ հատվածի իրավական բնութագիրը և համապատասխանաբար քննություն կազմակերպել: Սակայն այդ դատարանը, չնայած կողմերի բազմաթիվ միջնորդություններին, նման կերպ չի վարվել: Անշուշտ, Սոֆիայի վերաքննիչ դատարանը և Գերագույն վճռաբեկ դատարանը բացահայտորեն քննադատել են Սոֆիայի քաղաքային դատարանին` սխալ ընթացակարգով գործի քննությունն իրականացնելու համար (տե՜ս վերը` կետ 50):

120. Վերոհիշյալ փաստարկները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ «ողջամիտ ժամկետի» պահանջը չի կատարվել: Ուստի տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 

 III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

 121. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իuկ համապատաuխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մաuնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

 A. Վնասը

 

 122. Դիմողը պահանջել է 20.000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում` իր մորը հայտնաբերելու նպատակով ոստիկանության կողմից անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու, իր մոր անհետացման համար պատասխանատու հաստատություններին և անձանց իշխանությունների կողմից պատասխանատվության չենթարկելու և քաղաքացիական վարույթի չափազանց երկար տևողության կապակցությամբ:

 123. Կառավարությունն այս կապակցությամբ բացատրություն չի ներկայացրել:

 124. Սույն գործով արձանագրված` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումը վերաբերում էր նրան, որ իշխանությունները պատշաճ հետաքննություն չեն կազմակերպել կամ որևէ այլ կերպ չեն ապահովել այն անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, որոնց ցուցաբերված անփույթ վարքագծի արդյունքում տկն Ստոյանովան անհետացել է: Դատարանը գտնում է, որ իշխանությունների այս բացթողումները, որոնք մասամբ նաև երկարատև վարույթի արդյունք էին, պետք է որ լուրջ անհանգստություն պատճառած լինեին դիմողին: Անաչառորեն գնահատելով` Դատարանը տրամադրում է 8000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 125. Դատարանը նաև արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` կապված քաղաքացիական գործի քննության չափազանց երկար տևողության հետ: Դատարանը, սակայն, չի գտնում, որ այս խախտման համար պետք է տրամադրվի առանձին գումար, քանի որ այս կապակցությամբ դիմողին պատճառված անհանգստությունն արդեն իսկ Դատարանի կողմից հաշվի է առնվել 2-րդ հոդվածի կապակցությամբ հատուցում տրամադրելիս:

 

B. Ծախսեր և ծախքեր

 

126. Դիմողը, որն իրավաբանական օգնություն էր ստացել Եվրոպայի խորհրդից, ծախսերի կապակցությամբ պահանջ չի ներկայացրել:

 

C. Տոկոսներ` չվճարելու դեպքում

 

127. Դատարանը գտնում է, որ չվճարելու դեպքում պետք է վճարվեն տոկոսներ` հիմնված Եվրոպական կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վրա, որը պետք է ավելացվի երեք տոկոսանոց կետով:

 

ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Գանգատը հայտարարում է ընդունելի,

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` կապված պետության` այնպիսի դատական պաշտպանության միջոցներ նախատեսելու պոզիտիվ պարտականության հետ, որոնք ի զորու կլինեին բացահայտելու փաստերը և ապահովելու տկն Ստոյանովայի անհետացման համար պատասխանատու անձանց պատասխանատվությունը,

3. Վճռում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` կապված տկն Ստոյանովայի անհետացման վերաբերյալ տեղեկատվությանը ոստիկանության արձագանքի հետ, տեղի չի ունեցել,

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում,

5. Վճռում է,

(a) որ Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սույն վճռի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը պետք է դիմողին որպես ոչ նյութական վնասի հատուցում վճարի 8000 եվրո` դրան գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել,

 (b) որ վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարումը վերոհիշյալ գումարին պետք է հավելվի սովորական տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքով, որը պետք է ավելացվի երեք տոկոսանոց կետով:

6. Մերժում է դիմողի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերենով և ծանուցված է 2008թ. հունվարի 17-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան