Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.11.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0808/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0808/02/10
2013թ.

Նախագահող դատավոր՝ Ի. Վարդանյան  

Դատավորներ՝

Ա. Մկրտչյան
  Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Է. Հայրիյանի

   

Ռ. Հակոբյանի

 

2013 թվականի նոյեմբերի 06-ին,

քննարկելով ըստ հայցի Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյանների ընդդեմ Լուսիկ Գևորգյանի, Վիլիկ Աբազյանի, Եկատերինա, Մարգարիտա և Գևորգ Ալեքսանյանների, Սեդա Խաչատուրովայի, Սեդա և Գուրգեն Սիմոնյանների, երրորդ անձ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Երևան» տարածքային ստորաբաժանման` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2013 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյանների բերած վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 17/4 հասցեում գտնվող 154,51քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, որից 28,8քմ մակերեսով հողամասը համադրված է Երևանի Դեմիրճյան փակուղու թիվ 8 հասցեի հողամասի հետ, իսկ 16,4քմ մակերեսով հողամասը` Երևանի Դեմիրճյան փակուղու թիվ 10 հասցեի հողամասի հետ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 19.02.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյանների սեփականության իրավունքը Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 17/4 հասցեում գտնվող 45,2քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, որից 28,8քմ մակերեսով հողամասը համադրված է Երևանի Դեմիրճյան փակուղու թիվ 8 հասցեի հողամասի հետ, իսկ 16,4քմ մակերեսով հողամասը` Երևանի Դեմիրճյան փակուղու թիվ 10 հասցեի հողամասի հետ: Մնացած մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2013 թվականի որոշմամբ Դատարանի 19.02.2013 թվականի վճռի դեմ Լուսիկ Գևորգյանի բերած վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.06.2013 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է` մինչև Գևորգ Ալեքսանյանի իրավահաջորդության հարցի լուծումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Դատարանի կողմից վճիռ է կայացվել 19.02.2013 թվականին և մինչև օրենքով սահմանված ժամկետը` 20.03.2013 թվականը, Եկատերինա, Մարգարիտա և Գևորգ Ալեքսանյանների կամ նրանց ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք չի բերվել: Գևորգ Ալեքսանյանը Դատարանի վճռի բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 03.04.2013 թվականին, նոր միայն մահացել է, հետևաբար Եկատերինա, Մարգարիտա և Գևորգ Ալեքսանյանները վերաքննիչ բողոք բերելու համար ոչնչով կաշկանդված չեն եղել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Երևանի Դեմիրճյան 1-ին փակուղու թիվ 10 տան սեփականատեր առ այսօր հանդիսանում է Սարգիս Ալեքսանյանը, և չնայած այն հանգամանքին, որ կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, այնուամենայնիվ Եկատերինա, Մարգարիտա և Գևորգ Ալեքսանյաններից ոչ մեկի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում չի կատարվել, և անհասկանալի է, թե ինչ իրավահաջորդության հարց պետք է լուծեն Լուսիկ Գևորգյանի ներկայացուցիչները, երբ Գևորգ Ալեքսանյանը որևէ գույքային իրավունք չուներ Երևանի Դեմիրճյան 1-ին փակուղու թիվ 10 տան նկատմամբ: Այսինքն` վիճելի իրավահարաբերության բնույթը բացառում է իրավահաջորդությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը չի բերվել Գևորգ Ալեքսանյանի իրավահաջորդների կողմից, ինչը կարող էր օրինական դիտվել: Նշված միջնորդությունը բերվել է Լուսիկ Գևորգյանի ներկայացուցիչների կողմից, ովքեր չեն կարող շահագրգռված անձ լինել Գևորգ Ալեքսանյանի իրավահաջորդության գործով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 20.06.2013 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք Վերաքննիչ դատարանն իրավասու է վերաքննիչ վարույթի ընթացքում գործին մասնակցող քաղաքացու մահվան հիմքով կասեցնել գործի վարույթն այն դեպքում, երբ վերջինս մինչև մահանալն օրենքով սահմանված ժամկետում իր մասով վերաքննիչ բողոք չի բերել:

Նշված իրավական հարցը պարզելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործի վարույթի կասեցման իրավական կարգավորումներին:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`

1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը.

2) պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ.

3) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.

4) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե`

1) նշանակել է փորձաքննություն.

2) պատասխանողը գտնվում է հետախուզման մեջ.

3) գործին մասնակցող իրավաբանական անձը վերակազմակերպվում է:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը կարող է գործի վարույթը կասեցնել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Նշված նորմերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ գործի վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Միաժամանակ, օրենքով գործի վարույթի կասեցման համար նախատեսված են երկու խումբ հիմքեր: Դրանցից առաջին խումբը վերաբերում է սպառիչ թվարկված այն հիմքերին, որոնց առկայության դեպքում գործի քննության շարունակումը դառնում է անհնարին, և դատարանը պարտավոր է դրանցից որևէ մեկի ի հայտ գալուց հետո կասեցնել գործի վարույթը: Այդպիսի հիմքերից է նաև գործին մասնակցող քաղաքացու մահը, որի դեպքում գործի կողմերից մեկը դուրս է մնում հետագա դատավարությունից, ինչը բացառում է դրա շարունակումը: Իսկ երկրորդ խումբը վերաբերում է այն հիմքերին, որոնց առկայությունը գործի քննության հետագա շարունակումը կարող է դարձնել անհնարին կամ դժվարացնել, և դատարանը, ելնելով գործի փաստական հանգամանքներից, յուրաքանչյուր դեպքում պետք է որոշի գործի հետագա քննության շարունակման նպատակահարմարությունը: Այդ իսկ պատճառով երկրորդ խումբ հիմքերն օրենքով սպառիչ թվարկված չեն, այլ դատարանին իրավունք է տրված օրենքով նախատեսված այլ դեպքերում ևս կասեցնել գործի վարույթը: Այսինքն` գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է: Մասնավորապես` գործին մասնակցող քաղաքացու մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելը հետապնդում է դատավարությունում այդ կողմի ներկայությունն ապահովելու և դրա միջոցով նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակ, որի բացակայության դեպքում գործի վարույթը վկայակոչված հիմքով կասեցվել չի կարող, քանի որ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն շահագրգիռ անձի կողմից որոշակի դատավարական գործողություններ կատարելու դեպքում, այդ թվում նաև` վերաքննիչ բողոք ներկայացնելու միջոցով:

ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը: Օրենսդիրը, սահմանելով վերաքննիչ դատարանի այս լիազորությունը, միաժամանակ չի սահմանում գործի վարույթը կասեցնելու ինքնուրույն հիմքեր, ինչը նշանակում է, որ վերաքննիչ դատարանի կողմից գործի վարույթի կասեցումը տեղի է ունենում նույն օրենսգրքի՝ «Վարույթն ընդհանուր իրավասության դատարանում» վերտառությամբ առաջին ենթաբաժնի 105-րդ և 106-րդ հոդվածներով սահմանված հիմքերով: Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նշված հոդվածների և 221-րդ հոդվածի 3-րդ կետում ամրագրված դրույթի համադրված վերլուծության արդյունքում գտնում է, որ չնայած կասեցման հիմքերի ընդհանրությանը, վերաքննիչ դատարանում գործի վարույթի կասեցումն օժտված է որոշակի առանձնահատկությամբ՝ պայմանավորված վերաքննության բովանդակությամբ և ծավալով: Նշված առանձնահատկությունը հանգում է նրան, որ եթե առաջին ատյանի դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում ամրագրված` գործի վարույթը կասեցնելու հիմքերը պարտադիր հիմքեր են, որոնց առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, ապա նույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ կետում «կարող է կասեցնել գործի վարույթը» ձևակերպումը ենթադրում է, որ գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանն օժտված է հայեցողական լիազորությամբ և տվյալ գործի կոնկրետ հանգամանքների համատեքստում վերաքննիչ դատարանն է որոշում, թե արդյո՞ք վերաքննիչ վարույթում ի հայտ եկած տվյալ հանգամանքը խոչընդոտում է վերաքննիչ բողոքի քննության հետագա ընթացքին: Նման իրավակարգավորումը թույլ է տալիս վերաքննիչ դատարանին ստուգել և գնահատել կոնկրետ գործի հանգամանքների համակցությունը` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կասեցման անհրաժեշտության և նպատակահարմարության հարցը լուծելիս:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վարույթը կասեցնելու հարցը լուծելիս պետք է առաջնորդվել մի կողմից գործի վարույթի կասեցման ինստիտուտի կիրառմամբ հետապնդվող վերոնշյալ իրավաչափ նպատակի և մյուս կողմից դատավարության մյուս մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջև ողջամիտ համաչափություն ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես` գործի վարույթի կասեցման հանգամանքը կարող է խոչընդոտել գործին մասնակցող շահագրգիռ անձանց իրավունքների իրացմանը, մասնավորապես` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող շահագրգիռ անձի կողմից առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում, վերաքննիչ բողոք չբերվելու պայմաններում վերջինս ըստ էության համաձայնվում է իր մասով իր իրավունքների կամ պարտականությունների վերաբերյալ կայացված նշված ակտի հետ, ուստի նրա փոխարեն վերաքննիչ դատարանն իրավասու չէ իրականացնել դատավարական գործողություններ, այդ թվում` վերաքննիչ վարույթում այդ անձի մահով պայմանավորված նրա մասով կասեցնել գործի վարույթը, եթե, իհարկե, դա չի խոչընդոտում գործին մասնակցող մյուս անձանց մասով գործի քննության հետագա շարունակմանը:

Սույն գործի փաստերի համաձայն` Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյանները, դիմելով դատարան, պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 17/4 հասցեում գտնվող 154,51քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, որից 28,8քմ մակերեսով հողամասը համադրված է Երևանի Դեմիրճյան փակուղու թիվ 8 հասցեի հողամասի հետ (նշված հասցեի մասով հայցապահանջը վերաբերում է Լուսիկ Գևորգյանի իրավունքներին), իսկ 16,4քմ մակերեսով հողամասը` Երևանի Դեմիրճյան փակուղու թիվ 10 հասցեի հողամասի հետ (նշված հասցեի մասով էլ հայցապահանջը վերաբերում է նաև Գևորգ Ալեքսանյանի իրավունքներին): Դատարանի վիճարկվող վճիռը հրապարակվել է 19.02.2013 թվականին, սակայն այդ ժամկետից սկսած մեկամսյա ժամկետում Երևանի Դեմիրճյան փակուղու թիվ 10 հասցեի նկատմամբ իրավունքներ ունեցող գործին մասնակցող անձինք, այդ թվում նաև` Գևորգ Ալեքսանյանը, վերաքննիչ բողոք չեն բերել, իսկ վերջինս մահացել է 03.04.2013 թվականին (հատոր 8-րդ, գ.թ. 68):

Վերաքննիչ դատարանը, կասեցնելով գործի վարույթը, պատճառաբանել է, որ Գևորգ Ալեքսանյանի մահը հիմք է հանդիսանում գործի վարույթի կասեցման համար, իսկ սույն գործի քննությունն անհնարին է մինչև վերջինիս իրավահաջորդության հարցի լուծումը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է և չունի որևէ իրավական հիմք, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում գործին մասնակցող անձը` Գևորգ Ալեքսանյանը, մահացել է Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, իսկ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետում վերջինս, ինչպես նաև Երևանի Դեմիրճյան փակուղու թիվ 10 հասցեի նկատմամբ իրավունքներ ունեցող գործին մասնակցող այլ անձինք վերաքննիչ բողոք չեն բերել, այսինքն` իրենց մասով նրանք համաձայնել են Դատարանի վճռի հետ և այդ մասով չեն ցուցաբերել վերաքննիչ բողոք բերելու միջոցով իրենց իրավունքների պաշտպանության որևէ շահագրգռվածություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բացակայել է գործի վարույթի կասեցման ինստիտուտի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի ապահովման և, հետևաբար, Գևորգ Ալեքսանյանի մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը կասեցնելու որևէ իրավական հիմք առկա չէ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2013 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

  Է. Հայրիյան
  Տ. Պետրոսյան