Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.04.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ 2-1369/2007

Քաղաքացիական գործ թիվ 2-1369

2012 թ.

Նախագահող դատավոր՝   Ա. Մկրտչյան

Դատավորներ՝  Ն. Հովսեփյան

                           Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի  ապրիլի 25-ին,

քննարկելով Ապետ Ասյանի ներկայացուցիչ Անահիտ Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2011 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշման դեմ՝ ըստ հայցի Իզաբելլա Ասյանի ընդդեմ Ապետ Ասյանի՝ նվիրատվության պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,  

ՊԱՐԶԵՑ  

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Իզաբելլա Ասյանը պահանջել է անվավեր ճանաչել կողմերի միջև 29.06.2005 թվականին կնքված Երևանի Փափազյան փողոցի 16ա շենքի թիվ 29 բնակարանի նվիրատվության պայմանագիրը, սեփականության իրավունքի գրանցման վկայականը և կատարված գրանցումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.06.2007 թվականի վճռով Իզաբելլա Ասյանի հայցը բավարարվել է մասնակի և վճռվել է անվավեր ճանաչել Իզաբելլա Ասյանի և Ապետ Ասյանի միջև 29.06.2005 թվականին կնքված բնակարանի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Երևանի Վ. Փափազյան փողոցի 16ա շենքի թիվ 29 բնակարանի նկատմամբ 01-003-112-001-012-029 կադաստրային համարի տակ գրանցամատյանում 01.07.2005 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը, իսկ պատասխանողի անվամբ 01.07.2005 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.11.2011 թվականի որոշմամբ Ապետ Ասյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ապետ Ասյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը, 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 6-րդ, 8-րդ և 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 78-րդ, 79-րդ, 93-րդ, 94-րդ, 95-րդ, 117-րդ, 242-րդ, 2471-րդ, 2472-րդ հոդվածների դրույթները, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին հոդվածի դրույթները, <<Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին>> 1993 թվականի Մինսկի կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև <<Քաղաքացիական դատավարության մասին>> Հաագայի կոնվենցիայի դրույթները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Պատասխանողի ներկայացուցիչը 03.11.2011 թվականին Վերաքննիչ դատարան միջնորդություն է ներկայացրել` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար: Միջնորդության մեջ հստակ նշված են բոլոր այն փաստարկները և հոդվածները, որի հիման վրա բաց թողնված դատավարական ժամկետը կարելի է հարգելի համարել: Սակայն Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել միջնորդությունը և անհասկանալի պատճառաբանությամբ միջնորդությունը մերժել է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դատարան մուտքագրված քաղաքացիական գործի փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին դիմումը ներկայացվել է 16.09.2011 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը` 03.11.2011 թվականին: Այսինքն` Ապետ Ասյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի դրույթների համաձայն` վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամանակ ուներ: Հետևաբար, եթե Վերաքննիչ դատարանը պատշաճ ուսումնասիրեր միջնորդությունը, ապա կնկատեր, որ բացի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներից, բողոք բերողը մատնանշել է նաև նույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը, որի հիման վրա Վերաքննիչ դատարանն արդար դատաքննություն անցկացնելու և գործին վերջնական լուծում տալու համար պարտավոր էր վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքի ապահովման կարևոր պայման է:

Դատարանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել, ակտիվ գործողություններ չի իրականացրել պատասխանողին ըստ էության գործին մասնակից դարձնելու համար, և որպես հետևանք հնարավորություն չի ընձեռել վերջինիս օրենքով սահմանված իր իրավունքներից օգտվելու համար:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 14.11.2011 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:          

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

Վճռի կայացման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց տասնհինգ օր հետո:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն անձին չհանձնվելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին (տե'ս` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ <<Երևան-5>> ԼՏԸ-ի, երրորդ անձինք Արմեն Համբարձումյանի, Գրիգոր Հովակիմյանի, Ռաֆիկ Վիրաբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0507/02/08 գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.11.2009 թվականի որոշումը): Այնուամենայնիվ, հաշվի առնելով բողոքում բարձրացված հարցը և սույն գործի փաստերի առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վերոնշյալ իրավական խնդրին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տես <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի, ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի, <<ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքարի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, Ռոստոմ, Ասատուր և Ստելլա Բարսեղյանների, Ալվարդ Քիթոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքն ընդդեմ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի` պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և <<ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքարի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ն ընդդեմ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ/0716/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարանի կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կխախտվի անձանց՝ դատական ակտն օրենքով նախատեսված կարգով վերանայելու իրավունքը հետևյալ պատճառաբանությամբ.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է:

Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տես Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5  Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարանի) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) որոշման վերանայման հնարավորություն:

Վերը նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ապահովվի այդ ակտերի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից:

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տես Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55) :

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Եվրոպական դատարանի խնդիրը ներպետական օրենսդրությունը մեկնաբանելը չէ (տես՝ Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 19.12.1997 թվականի վճիռը, կետ 31): Վերջինիս դերը հիմնականում դրսևորվում է դատարանների կողմից ներպետական օրենսդրության մեկնաբանությունը Կոնվենցիայի հետ համատեղելիության տեսանկյունից գնահատելով: Այդ կանոնը կիրառելի է նաև դատարանների կողմից փաստաթղթեր լրացնելու կամ գանգատներ ներկայացնելու հետ կապված ժամկետային սահմանափակումներ նախատեսող դատավարական նորմերի մեկնաբանության նկատմամբ (տես՝ Տեոդոր Գարսիան ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 16.12.1997 թվականի վճիռը, կետ 31): Եվրոպական դատարանը նշել է նաև, որ գանգատների համար ժամկետային սահմանափակումներ նախատեսող դատավարական նորմերն անկասկած համապատասխան են իրավական հստակության սկզբունքի հետ: Այնուամենայնիվ, դատավարական նման նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է լինեն այնպես, որ կանխարգելեն դատավարության մասնակիցներին օգտագործել իրենց ընձեռված այդ հնարավորությունները (տես՝ Պերեզ դե Ռադա Կավանիլլեսն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 44-45):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ապետ Ասյանի ներկայացուցիչը Դատարանի 13.06.2007 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 03.11.2011 թվականին (փոստին հանձնվել է 03.11.2011 թվականին, իսկ Վերաքննիչ դատարանը ստացել է 04.11.2011 թվականին) և պատճառաբանելով, որ նշված վճռի կայացման և ընդհանրապես իր վերաբերյալ քաղաքացիական գործի առկայության մասին որևէ կերպ չի տեղեկացվել, այն պատշաճ ձևով չի հանձնվել իրեն, վճռի մասին տեղեկացել է միայն 16.09.2011 թվականից հետո, որի պատճառով բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը, միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը ճանաչել հարգելի և այն վերականգնել: Վերաքննիչ դատարանը պատասխանողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերի կողմից չեն ներկայացվել բողոքարկվող վճռի մասին տեղեկանալու ժամկետի վերաբերյալ հիմնավորումներ և համապատասխան ապացույցներ: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նաև, որ բողոքաբերը, որպես գործին մասնակցող անձ, 16.09.2011 թվականին արդեն իսկ տեղեկացված էր վճռի մասին, մինչդեռ վերաքննիչ բողոք է ներկայացվել միայն 03.11.2011 թվականին, այսինքն` վճիռը ստանալուց հետո նույնիսկ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մեկամսյա ժամկետը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պատասխանողի ներկայացուցիչը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները Ապետ Ասյանի վերաբերյալ քննված քաղաքացիական գործի նյութերին ծանոթանալու, դրանց վերաբերյալ իր առարկությունները ներկայացնելու և կայացված դատական ակտը բողոքարկելու համար, որպիսի փաստն ապացուցվում է պատասխանողի ներկայացուցչի կողմից 16.09.2011 թվականին փաստաթղթեր ստանալու մասին Դատարանին ներկայացված դիմումով: Իսկ քաղաքացիական գործի փաստաթղթերը՝ այդ թվում Դատարանի 13.06.2007 թվականի վճիռը պատասխանողի ներկայացուցչի կողմից ստանալու կոնկրետ ամսաթիվը պարզ չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող գալ հիմնավոր եզրահանգման այն մասին, թե պատասխանողի ներկայացուցիչը երբ է ստացել Դատարանի 13.06.2007 թվականի վճիռը, որի պայմաններում միայն վերջինս հնարավորություն կունենար այն բողոքարկելու օրենքով սահմանված ժամկետներում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս պետք է քննարկեր այն հիմքերը, որոնք բերվել են բողոք բերողի կողմից:

Սույն գործում վերաքննիչ բողոք բերող անձը նշել է, որ Դատարանի 13.06.2007 թվականի վճռի կայացման և ընդհանրապես իր վերաբերյալ քաղաքացիական գործի առկայության մասին որևէ կերպ չի տեղեկացվել, գործի քննության մասին պատշաճ չի ծանուցվել: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ նաև նյութական և դատավարական իրավունքի այն խախտումները, որոնք բարձրացվել են բողոք բերող անձի կողմից և միջնորդության բավարարման հարցը քննարկեր նաև այդ հանգամանքները հաշվի առնելով:

Ինչ վերաբերում է բողոք բերող անձի այն փաստարկին, որ Ապետ Ասյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի դրույթների համաձայն` վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամանակ ուներ և Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոք բերողը մատնանշել է նաև նույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն այս մասով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակից չդարձված անձանց համար օրենսդիրը սահմանել է դատական ակտի բողոքարկման եռամսյա ժամկետ: Միաժամանակ օրենսգիրքը սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը` այն օրվանից սկսած, երբ անձն իմացել է կամ կարող էր իմանալ նման դատական ակտի կայացման մասին (տես Մանիկ Հովանեսյանը, Թինա Օգանեզովան ընդդեմ Արաքսի Սերոբյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին թիվ ԱՎԴ1/0049/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժամկետների հաշվարկման նմանատիպ կարգը, որն ընդունված է Եվրոպայի Խորհրդի այլ անդամ պետությունների կողմից, ներառվում է պետության հայեցողական լիազորության մեջ, ինչը բխում է նաև Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներից (տես Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 54):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավական կարգավորումը վերաբերում է գործին մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտի բողոքարկմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` 1) կողմերը. 2) երրորդ անձինք. 3) դիմողները` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ տարբերակում է գործին մասնակցող անձանց և գործին մասնակից չդարձված այն անձանց, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ` տարբերակելով նաև վերջիններիս կողմից դատական ակտը բողոքարկելու ժամկետները: Միաժամանակ որպես գործին մասնակցող անձ օրենսդիրը համարում է նաև պատասխանողին, իսկ պատասխանողներ են այն քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

Հետևաբար այն դեպքում, երբ անձի դեմ ներկայացված հայցադիմումն ընդունվում է վարույթ, վերջինս տվյալ գործով ձեռք է բերում գործին մասնակցող անձի` պատասխանողի դատավարական կարգավիճակ և չի կարող համարվել գործին մասնակից չդարձված անձ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելի է այն անձանց կողմից բողոք բերելու իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք չունեն նույն օրենսգրքի 27-րդ հոդվածով նշված դատավարական կարգավիճակներից որևէ մեկը (կողմ, երրորդ անձ, դիմող): Հետևաբար այն դեպքերում, երբ բողոք բերող անձը տվյալ գործով ունի դատավարական կարգավիճակ, վերջինիս կողմից բողոքարկման ժամկետների նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելի չէ:

Սույն գործով հայցը հարուցվել է Իզաբելլա Ասյանի կողմից ընդդեմ Ապետ Ասյանի, ուստի Ապետ Ասյանը գործով չէր կարող լինել գործին մասնակից չդարձված անձ, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2011 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան