ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0011/16/14 |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0011/16/14 |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան |
Դատավորներ՝ |
Ա. Հունանյան |
Մ. Հարթենյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի փետրվարի 04-ին,
քննարկելով Մերուժան Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ ՌԴ պաշտպանության նախարարության Պոլևայա Դաշտային փոստ թիվ 04436 զորամասի (այսուհետ` Զորամաս) միջնորդության` թիվ 2-22/2014 քաղաքացիական գործով Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի 19.03.2014 թվականի վճիռը ՀՀ տարածքում ճանաչելու և Հայաստանի Հանրապետության տարածքում կատարումը թույլատրելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Զորամասը պահանջել է Հայաստանի Հանրապետություն, փոստ թիվ 0043, ք. Երևան, Արարատյան փողոց, 99-րդ շենք հասցեում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի կողմից թիվ 2-22/2014 քաղաքացիական գործով 19.03.2014 թվականին կայացված վճիռը ճանաչել ՀՀ տարածքում և կիրառել հարկադիր կատարման միջոցներ:ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մ. Գևորգյան) (այսուհետ` Դատարան) 16.02.2015 թվականին որոշել է. «Հայաստանի Հանրապետություն, 0043, ք. Երևան, Արարատյան փողոց, 99 շենք հասցեում գտնվող 5-րդ կայազորային զինվորական դատարանի կողմից թիվ 2-22/2014 քաղաքացիական գործով 19.03.2014 թվականին կայացրած վճիռը ճանաչել ՀՀ տարածքում և հարկադիր կատարման միջոցներ կիրառել` Զ/Մ պ.պ թիվ 04436 զորամասի հրամանատարի հայցն ընդդեմ նույն զորամասի նախկին զինծառայող, պահեստի ենթասպա Մերուժան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամների` ծառայողական բնակելի տարածքից վտարելու պահանջի մասին, բավարարել: Կորցրած ճանաչել Մերուժան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամների իրավունքը` որպես ծառայողական բնակելի տարածություն օգտագործվող Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 8 զինվորական ավանի 10-րդ շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ: Մերուժան Ղազարյանին և նրա ընտանիքի անդամներին պարտավորեցնել ազատելու վերը նշված ծառայողական բնակարանը»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.05.2015 թվականի որոշմամբ Մերուժան Ղազարյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մերուժան Ղազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.Վերաքննիչ դատարանը խախտել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի (այսուհետ` Մինսկի կոնվենցիա) 55-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, խախտելով Մինսկի կոնվենցիայի պահանջները, հարկ չհամարելով պատշաճ ձևով ստուգել ՌԴ 5-րդ կայազորի զինվորական դատարանի որոշման օրինականությունը և չտեղեկացնելով շահագրգիռ կողմերին (տվյալ գործով կատարողական թերթին ծանոթացել է միայն 07.04.2015 թվականին) կայանալիք դատական նիստի վայրի և օրվա մասին, ճանաչել է օտարերկրյա դատարանի վճիռը, որն ուղղակիորեն միջամտում և խախտում է ՀՀ ինքնիշխանությունը և թույլ է տալիս անօրինական ճանապարհով վտարել ՀՀ քաղաքացիներին, որոնք հաշվառված են և բնակվում են Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 8-րդ զինվորական ավանի 10-րդ շենքի թիվ 9 բնակարանում:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ վերը նշված հանգամանքների օրինականությունը հնարավոր է ստուգել միայն վերաքննության կարգով տվյալ ակտի բողոքարկման արդյունքում, վերադարձրել է վերաքննիչ բողոքը` բողոքարկվող դատական ակտի բողոքարկումն ու վերաքննությունն օրենքով նախատեսված չլինելու հիմքով:
Բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 08.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` օտարերկրյա պետությունների դատարանների՝ քաղաքացիական գործերով կայացրած դատական ակտերի ճանաչման և կատարման մասին ներպետական դատարանների որոշումների բողոքարկման իրավական հնարավորության վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք օտարերկրյա պետությունների դատարանների՝ քաղաքացիական գործերով կայացրած դատական ակտերը ճանաչելու և կատարման թույլատրելու կամ ճանաչումը և կատարումը մերժելու վերաբերյալ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:
Անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է, այլև այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես` 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:
Վերոհիշյալ իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:
Բողոքարկման իրավունքի վերաբերյալ վերն արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները (այսուհետ` դատական ակտեր), որոնք կատարում են պահանջում, ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը համապատասխանում այն պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով: Համապատասխան միջազգային պայմանագրի պահանջները պահպանած լինելու և ճանաչումը մերժելու` տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը որոշում է կայացնում օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կայացրած որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է օտարերկրյա պետությունների դատական ակտերի ճանաչման հարցին, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ենթադրում է պետական իշխանության գերակայություն, ինքնուրույնություն և անկախություն, ինչն իր մեջ ներառում է նաև պետության ամբողջ տարածքում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությունը: Հետևաբար օտարերկրյա դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ինքնըստինքյան չեն կարող ունենալ իրավական գործողության այն հատկանիշները (պարտադիրություն, անհերքելիություն, կատարելիություն, նախադատելիություն), ինչ ունեն ներպետական դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Միևնույն ժամանակ պետության ինքնիշխանությունը չի բացառում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հնարավորությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը նախևառաջ միջազգային համագործակցության դրսևորում է: Վերը նշվածով պայմանավորված՝ օրենսդիրը նախատեսել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման կարգ՝ այդ ակտերի ճանաչման իրավասությունը վերապահելով ՀՀ դատարաններին: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտի ճանաչումն իրենից ներկայացնում է ՀՀ դատարանների կողմից այդ ակտերին այնպիսի իրավական հատկանիշների տրամադրում, որոնցով օժտված են Հայաստանի Հանրապետության դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, և թույլատրում այդ ակտի իրավական գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ կերպ ասած՝ կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտը միայն ճանաչման արդյունքում է Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերում պարտադիրության և կատարելիության հատկանիշներ։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476-րդ հոդվածի 1-ին կետի և 2477-րդ հոդվածի 1-ին կետի փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ ՀՀ-ում ճանաչման ենթակա են օտարերկրյա պետությունների դատարանների` քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները, ինչպես նաև միջազգային արբիտրաժի որոշումները, որոնք կատարում են ենթադրում (տե°ս, ըստ «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ի միջնորդության` Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը ճանաչելու և Հայաստանի Հանրապետության տարածքում կատարումը թույլատրելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/0024/16/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը, նախատեսելով ՀՀ-ում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հնարավորություն, այդուհանդերձ, այն չի սահմանել որպես բացարձակ և ոչնչով չպայմանավորված իրավունք, մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ ՀՀ իրավասու դատարանը պարտավոր է պարզել, թե որքանով է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը համապատասխանում այն պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով: ՀՀ իրավասու դատարանը կարող է որոշում կայացնել օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու մասին միայն այն դեպքում, եթե պահպանած են համապատասխան միջազգային պայմանագրի պահանջները և բացակայում են ճանաչումը մերժելու` տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերը: Վերոշարադրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը թեև օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարումը մերժելու ինքնուրույն հիմքեր չի նախատեսել, սակայն իմպերատիվ կերպով ամրագրել է, որ ՀՀ իրավասու դատարանները նմանատիպ միջնորդություններ քննելիս նախևառաջ պարտավոր են պարզել օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարումը մերժելու՝ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված հիմքերի առկայությունը:
Մինսկի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 21.12.1994 թվականին) 51-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ« նույն կոնվենցիայով նախատեսված պայմաններով« ճանաչում և կատարում է այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունված հետևյալ որոշումներըª քաղաքացիական և ընտանեկան գործերով արդարադատության մարմինների որոշումները« ներառյալª նման գործերով դատարանի հաստատած հաշտության համաձայնագրերն ու դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերը ¥այսուհետª որոշումներ¤:
Մինսկի կոնվենցիայի 54-րդ հոդվածի համաձայն՝
1© 51-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններում« որի տարածքում պետք է իրականացվի հարկադիր կատարումը£
2© Որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննող դատարանը սահմանափակվում է պարզելով« որ պահպանված են նույն կոնվենցիայով նախատեսված պայմանները£ Եթե այդ պայմանները պահպանված են, դատարանը որոշում է կայացնում հարկադիր կատարման մասին:
3© Հարկադիր կատարման կարգը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ« որի տարածքում պետք է իրականացվի հարկադիր կատարումը£
Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածի համաձայն՝
1© 52-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչումը և հարկադիր կատարման թույլտվությունը կարող են մերժվել, եթեª
ա¤ այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան« որի տարածքում կայացվել է որոշումը« վերջինս օրինական ուժի մեջ չի մտել կամ ենթակա չէ կատարման« բացառությամբ այն դեպքերի« երբ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը«
բ¤ պատասխանողը չի մասնակցել դատավարությանն այն պատճառով« որ նրան կամ նրա կողմից լիազորված անձին պատշաճ ձևով և ժամանակին չի հանձնվել դատարան ներկայանալու մասին ծանուցագիրը«
գ¤ այն Պայմանավորվող կողմի տարածքում« որտեղ պետք է ճանաչվի և կատարվի որոշումը« միևնույն կողմերի միջև« միևնույն առարկայի մասին և միևնույն հիմքերով գործով ավելի վաղ ընդունվել է օրինական ուժի մեջ մտած որոշում կամ առկա է երրորդ պետության դատարանի ճանաչված որոշումը« կամ էլ եթե այդ Պայմանավորվող կողմի մարմինն այդ գործով քննություն է սկսել ավելի վաղ«
դ¤ գործը« նույն Կոնվենցիայի դրույթների համաձայն« իսկ նրանով չնախատեսված դեպքերումª այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ« որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի և կատարվի« պատկանում է այդ կողմի մարմնի բացառիկ իրավասությանը«
ե¤ բացակայում է պայմանագրային ընդդատության գործով կողմերի համաձայնությունը հաստատող փաստաթուղթը«
զ¤ լրացել է հարկադիր կատարման վաղեմության ժամկետըª նախատեսված այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ« որի դատարանը կատարում է հանձնարարությունները£
Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածով ամրագրված մերժման հիմքերի վերլուծությունից հետևում է, որ դրանց նախատեսումն ինքնանպատակ չէ և անմիջականորեն պայմանավորված է ինչպես դատական վեճի կողմերի սուբյեկտիվ իրավունքների, այնպես էլ պետության և հասարակության շահերի պաշտպանությամբ: Այսպես, օրինակ, այնպիսի հիմքեր, ինչպիսիք են՝ օտարերկրյա դատական ակտի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը, կողմի պատշաճ ծանուցված լինելու փաստը, նույն կողմերի միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ ավելի վաղ ուժի մեջ մտած որոշման բացակայությունը, կոչված են կանխելու դեռևս կատարելիության հատկանիշ ձեռք չբերած կամ դատավարական ընթացակարգի խախտմամբ կայացված դատական ակտերի ճանաչումը և կատարումը՝ երաշխավորելով մյուս կողմի դատական պաշտպանության իրավունքը: Ընդ որում, այդպիսի հիմքերի ամրագրումը երկուստեք հավասարակշռում է ինչպես «հայցվորի», այնպես էլ «պատասխանողի» շահերը: Մասնավորապես, «հայցվորի» համար ակնհայտ է, որ սպառիչ ամրագրված հիմքերից բացի որևէ այլ հիմքով չի կարող մերժվել դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու իր միջնորդությունը՝ նկատի ունենալով ներպետական օրենսդրությամբ համապատասխան հիմքերի բացակայությունը: Ինչ վերաբերում է «պատասխանողին», ապա, ինչպես արդեն նշվեց, վկայակոչված հիմքերը կոչված են կանխելու վերջինիս դատավարական իրավունքների խախտմամբ կայացված դատական ակտի ճանաչումը և դրա կատարումը: Այլ կերպ ասած` մերժման հիմքերի նախատեսումը բխում է անձի դատական պաշտպանության իրավունքից, իսկ դրանց իրավաչափ կիրառումն արդար դատաքննության իրավունքի իրացման կարևոր նախապայմանն է:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օտարերկրյա պետության դատական ակտերի ճանաչման գործընթացը ոչ միայն ենթադրում է ՀՀ իրավասու դատարանի կողմից այդ դատական ակտի ճանաչմանը խոչընդոտող՝ համապատասխան միջազգային պայմանագրով ամրագրված հիմքերի առկայության ստուգում, այլև՝ նշված հանգամանքների պարզման ուղղությամբ իրավասու դատարանի գործողությունների օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու իրավական հնարավորություն:
Վերը շարադրվածով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476-2477-րդ հոդվածներով կարգավորելով օտարերկրյա պետությունների դատարանների որոշումները ճանաչելու հետ կապված իրավահարաբերությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում չի նախատեսել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա բողոքարկելու օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած դատական ակտերը ճանաչելու և կատարումը թույլատրելու կամ այդպիսի ակտի ճանաչումը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը` դրանով իսկ բացառելով դրա օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը, այնինչ, ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` վերջինիս առկայությունն անհրաժեշտություն է արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համատեքստում:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած դատական ակտերը ճանաչելու և կատարումը թույլատրելու կամ այդպիսի ակտի ճանաչումը մերժելու վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույնիսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով անմիջականորեն նախատեսված չլինելու պայմաններում, 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կենսագործելու և ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, ակնհայտ է դառնում, որ ինչպես օտարերկրյա պետության դատական ակտը ՀՀ տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու մասին, այնպես էլ այդպիսի ակտի ճանաչումը մերժելու մասին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման: Ընդ որում, նշված որոշումները ենթակա են բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման կանոններով: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերը նշված որոշումներով, ըստ էության, եզրափակում է օտարերկրյա դատական ակտի ճանաչման վարույթը:
Այսպիսով Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումները, դրանց շուրջ կատարված իրավական վերլուծությունները և ելնելով անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման անհրաժեշտությունից, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
1. օտարերկրյա պետությունների դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարման թույլատրելու կամ ճանաչումը և կատարումը մերժելու վերաբերյալ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշումն ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով,
2. օտարերկրյա պետությունների դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարման թույլատրելու կամ ճանաչումը և կատարումը մերժելու վերաբերյալ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշման բողոքարկումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման կանոններով, այնքանով, որքանով դրանք վերաբերելի են (mutatis mutandis) խնդրի առարկա որոշմանը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պոլևայա Դաշտային փոստ թիվ 04436 զորամասի կողմից ներկայացվել է միջնորդություն` Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի կողմից թիվ 2-22/2014 քաղաքացիական գործով 19.03.2014 թվականին կայացված վճռի ճանաչման և կատարման վերաբերյալ (գ.թ. 22-39):Դատարանն իր 16.02.2015 թվականի որոշմամբ, քննության առնելով վերոնշյալ միջնորդությունը, որոշել է Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի կողմից թիվ 2-22/2014 քաղաքացիական գործով 19.03.2014 թվականի վճիռը ՀՀ տարածքում ճանաչել և կիրառել հարկադիր կատարման միջոցներ (գ.թ. 85-87):
Դատարանի 16.02.2015 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Մերուժան Ղազարյանը (գ.թ. 118-120):
Վերաքննիչ դատարանի 08.05.2015 թվականի որոշմամբ Դատարանի 16.02.2015 թվականի «Օտարերկրյա պետության դատական ակտը ՀՀ տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու մասին» որոշման դեմ Մերուժան Ղազարյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով, այն է` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման: Իր այդ դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է բողոքարկվող դատական ակտի բողոքարկում և վերաքննության հնարավորություն օրենքով նախատեսված չլինելու հանգամանքով (գ.թ. 123):
Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչ հանդիսացող բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանի 16.02.2015 թվականի «Օտարերկրյա պետության դատական ակտը ՀՀ տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու մասին» որոշումը չի կարող համարվել բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ, քանի որ տվյալ դեպքում դատավարության մասնակիցները զրկված կլինեն այդ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը վերադաս դատական ատյանում` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում վիճարկելու հնարավորությունից, որի արդյունքում կխախտվի վերջիններիս՝ 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված և երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքով բողոքաբերը չի բողոքարկել այնպիսի դատական ակտ, որը ենթակա չէ վերաքննության կարգով բողոքարկման, այլ հակառակը` տվյալ անձը, իրացնելով կայացված դատական ակտի օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու իր իրավական հնարավորությունը, օրենքով սահմանված կարգով ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Հետևաբար քննարկվող պարագայում առկա չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքը, և Վերաքննիչ դատարանի 08.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան