ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0102/11/17 ԵԿԴ/0102/11/17
Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի |
2018 թվականի ապրիլի 18-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման դեմ Հարություն Պետրոսյանի ներկայացուցիչ Ա.Զաքարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «Գալակտիկա Տրանսսերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 13115716 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Նախաքննության մարմնի` 2016 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Հարություն Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
2017 թվականի մարտի 24-ին Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Շ.Գրիգորյանը որոշում է կայացրել մեղադրյալ Հ.Պետրոսյանի նկատմամբ փաստաթղթեր կեղծելու կապակցությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` հանցագործության կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Նույն որոշմամբ Հ.Պետրոսյանի կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու և լիազորությունները չարաշահելու կապակցությամբ քրեական հետապնդում չի իրականացվել հանցակազմի բացակայության հիմքով: Վերոհիշյալ որոշմամբ նաև վերացվել է Հ.Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը:
1.1. Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 13115716 քրեական գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:
Վերոհիշյալ որոշումների դեմ դիմող Շ.Խաչատրյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել «ընտրված խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» և «քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» քննիչ Շ.Գրիգորյանի` 2017 թվականի մարտի 24-ին կայացրած որոշումները:
2017 թվականի ապրիլի 19-ին Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի որոշմամբ դիմող Շ.Խաչատրյանի բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2. 2017 թվականի մայիսի 29-ին դիմող Շ.Խաչատրյանի ներկայացուցիչ Կ.Հակոբյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով որոշում կայացնել Շ.Խաչատրյանի իրավունքների ու ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին և վերացնել «ընտրված խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին», ինչպես նաև «քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» քննիչ Շ.Գրիգորյանի` 2017 թվականի մարտի 24-ին կայացրած որոշումները:
Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ ներկայացված բողոքը բավարարել է, պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմիններին վերացնել դիմող Շ.Խաչատրյանի իրավունքների խախտումները, այն է` վերացնել «ընտրված խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին», «քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» քննիչ Շ.Գրիգորյանի` 2017 թվականի մարտի 24-ի և «բողոքը մերժելու մասին» դատախազ Ր.Ասլանյանի` 2017 թվականի ապրիլի 19-ի որոշումները:
3. Դատախազ Մ.Գեղամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 14-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Հ.Պետրոսյանի ներկայացուցիչ Ա.Զաքարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Շ.Խաչատրյանի ներկայացուցիչներ Գ.Գրիգորյանը և Ս.Բոյաջյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով Հ.Պետրոսյանի ներկայացուցիչ Ա.Զաքարյանի վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ կամ մերժել այն վարույթ ընդունելը:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով «Գալակտիկա Տրանսսերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շ.Խաչատրյանի ներկայացուցիչների բողոքը, նշել է. «(…) Դատարան ներկայացված քրեական գործի ուսումնասիրմամբ հաստատված է համարում այն փաստը, որ գործով մինչդատական վարույթի ողջ ընթացքում` քրեական գործի հարուցման պահից մինչև գործով վարույթի կասեցման պահը Հ.Պետրոսյանը գտնվել է մեղադրյալի դատավարական կարգավիճակում՝ օգտվելով տվյալ սուբյեկտի համար օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից և պարտականություններից: Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ մինչդատական վարույթի ընթացքում կատարվել են քննչական և դատավարական բազմաթիվ գործողություններ, այդուամենայնիվ, նախաքննական մարմինը ձեռք է բերել` Հ.Պետրոսյանի կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն, այդ իսկ պատճառով Պետրոսյանին տվել է դատավարական սուբյեկտի՝ մեղադրյալի կարգավիճակ և վերջինս շարունակել է մասնակցել քրեական գործով վարույթին որպես մեղադրյալ` մինչ քննիչի կողմից տվյալ փուլի ավարտմանը բնորոշ որոշում կայացնելը։
Այդուամենայնիվ, բողոքաբերների կողմից բարձրացված հարցերի համատեքստում ուսումնասիրելով դատարան ներկայացված քրեական գործի նյութերը, դատարանը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմինը, քրեական գործի հարուցումից հետո, անմիջապես ձեռնամուխ լինելով գործի քննությանը, չի կատարել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն` ենթադրյալ հանցագործությունը բացահայտելու համար։
(...)
Բողոքաբերներն ու նրանց վստահորդը ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ սույն բողոքի քննությամբ վիճարկել են հիմնադիրների որոշումների կեղծված լինելու և դրանց օգտագործմամբ երաշխավորության պայմանագրեր կնքելու նպատակով օգտագործելու հանգամանքների վերաբերյալ հարցերը, կասկածի տակ դնելով դրանք կեղծող անձանց ինքնությունը: Հետևաբար, բարձրացրել են այդ հարցերը պարզելու ուղղությամբ որոշակի գործողություններ կատարելու մասին խնդիրներ, ինչը վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսվել է:
(…)
Անդրադառնալով քննիչի կողմից կայացված՝ «Ընտրված խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմանը` դատարանը փաստում է, որ հիշյալ որոշմամբ քննիչ Գրիգորյանն անդրադարձ է կատարել միայն նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների` մեղադրյալի, վկաների ցուցմունքներին և գործի քննությամբ ձեռք բերված մյուս փաստական տվյալներին:
Հատկանշականն այն է, որ քննիչը որևէ ուշադրություն չի դարձրել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 40-րդ հոդվածներով ամրագրված՝ ընդհանուր ժողովի հրավիրման կարգին ու կազմակերպության տնօրենի լիազորություններին, որպիսի պահանջներով, ըստ էության, որպես ընկերության տնօրեն, Հ.Պետրոսյանը պարտավոր էր ղեկավարվել մինչդեռ, Հ.Պետրոսյանը պարտավոր լինելով տիրապետել հիշյալ օրենսդրական պահանջներին, այդուամենայնիվ, ընդհանուր ժողով չի հրավիրվել, իսկ հիմնադիրների չկայացած ժողովի արդյունքում ընդունված որոշումը ներկայացրել է բանկ: Այլ կերպ, վերցնելով հիմնադիրների թիվ 14 և 15 որոշումները, վերջինս արդեն իսկ տեղյակ է եղել, որ իրականում հիմնադիրների ժողով չի հրավիրվել, մինչդեռ, մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը հիշյալ հարցի կապակցությամբ որևէ քննություն չի տարվել:
Այլ խոսքով` դատարանը փաստում է, որ քննիչը, լինելով որոշակի դատավարական լիազորություններով օժտված պետական պաշտոնատար անձ, պետք է ձեռնամուխ լիներ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը, քանի որ հանցագործության բացահայտման պոզիտիվ պարտավորությունը կրում է պետությունը՝ ի դեմս իր կողմից պատվիրակված լիազոր մարմինների և անձանց՝ տվյալ դեպքում` քննիչի: (…)»1:
6. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(…) [Հ]աշվի առնելով (…) այն, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, որպիսի պայմաններում խախտվել են Շուշանիկ Խաչատրյանի իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշման մեջ արձանագրված քննչական և դատավարական գործողություններ կատարելու մասին հետևությունները սույն գործի լուծման համար ունեն ելակետային նշանակություն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ.Գեղամյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ առաջին ատյանի դատարանի 2017թ. հուլիսի 14-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ: (…)»2:
7. Համաձայն Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 14-ի որոշման ներածական մասի` դատարանում նիստին մասնակցել են քննիչ Շ.Գրիգորյանը և բողոքաբեր Շ.Խաչատրյանի ներկայացուցիչներ Պ.Բոյաջյանը, Գ.Գրիգորյանը3:
Ըստ նյութերում առկա ծանուցագրերի` Հ.Պետրոսյանն Առաջին ատյանի դատարանում նիստի վայրի և ժամանակի մասին չի ծանուցվել, նրան չի ուղարկվել նաև դատական ակտի օրինակը4:
7.1. Համաձայն Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման ներածական մասի` դատարանում նիստին մասնակցել են դատախազ Մ.Գեղամյանը և Շ.Խաչատրյանի ներկայացուցիչներ Պ.Բոյաջյանը, Գ.Գրիգորյանը5:
Ըստ նյութերում առկա ծանուցագրերի` Հ.Պետրոսյանը Վերաքննիչ դատարանում նիստի վայրի և ժամանակի մասին չի ծանուցվել6: Վերաքննիչ դատարանն առաջին նիստը հետաձգել է շահագրգիռ անձ Հ.Պետրոսյանի մասնակցությունն ապահովելու նպատակով և դատական նիստը նշանակել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին` ժամը 10:00-ին7: Հ.Պետրոսյանը ծանուցվել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին կայանալիք նիստի մասին8:
7.2. Ըստ նախագահող դատավորի գործավար Լ.Հայրապետյանի կազմած տեղեկանքի` «Թիվ ԵԿԴ/0102/11/17 վերաքննիչ բողոքի հիման վրա նշանակված դատական նիստը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 10:00-ին, չի կայացել նախագահող դատավորի հիվանդության պատճառով և հետաձգվել, նշանակվել է 2017 թվականի օգոստոսի 15-ին»9:
7.3. Հաջորդ դատական նիստը կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին, որի վերաբերյալ կողմերի ծանուցված լինելու վերաբերյալ ապացույցները գործի նյութերում բացակայում են10: Հ.Պետրոսյանին չի ուղարկվել նաև Վերաքննիչ դատարանի որոշման օրինակը11:
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոքաբերի կարծիքով ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են Հ.Պետրոսյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես Հ.Պետրոսյանի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն առնչվող դիմող Շ.Խաչատրյանի բողոքի քննության մասին ստորադաս դատարանները տեղյակ չեն պահել տվյալ գործով շահագրգիռ անձ Հ.Պետրոսյանին, ինչի արդյունքում վերջինիս զրկել են դատավարությանը մասնակցելու և իր դիրքորոշումներն արտահայտելու իրավունքից:
Բողոքաբերն ընդգծել է, որ դիմող կողմը կայացված դատական ակտերի մասին իմացել է այն ժամանակ, երբ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը Հ.Պետրոսյանին հրավիրել է հարցաքննության, որից հետո` 2017 թվականի դեկտեմբերի 29-ին, ստացել է վիճարկվող որոշման պատճենը:
8.1. Բողոք բերած անձի պնդմամբ` չնայած այն հանգամանքին, որ ստորադաս դատարանները ղեկավարվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, որը չի սահմանում գործով շահագրգիռ անձին ծանուցելու պարտականություն, այնուամենայնիվ վերջիններս պարտավոր էին բողոքի քննության մասին ծանուցել այն անձին, ում իրավունքներին և օրինական շահերին կարող էր առնչվել կայացված դատական ակտը: Բացի այդ, վերոհիշյալ դատական ակտերը չեն համապատասխանում Վճռաբեկ դատարանի կողմից Ս.Շահնազարյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0002/11/14 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին: Ուստի ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերն օրինական ու հիմնավորված չեն և ենթակա են բեկանման:
9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարաններն ապահովե՞լ են արդյոք անձի արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ գործով շահագրգիռ անձ Հ.Պետրոսյանին չեն ծանուցել նշանակված դատական նիստերի տեղի և ժամանակի մասին:
11. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի« հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:
2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք:
(...)
4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ (...):
5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով (...)»:
⚖Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումների շրջանակներում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «[Մ]րցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է. այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և´ մեղադրանքի, և´ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին: Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը հավասարապես վերաբերելի է նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննություններին: (…)»12:
11.1. Վճռաբեկ դատարանը Հ.Հարությունյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(...) [Ա]յն դեպքերում, երբ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով քննվող բողոքն անմիջականորեն առնչվում է անձի իրավունքներին և օրինական շահերին, ապա վերջինս պետք է տեղեկացվի այդ բողոքի դատական քննության մասին, և նրան պետք է հնարավորություն տրվի մասնակցելու նշված բողոքի քննությանը»13:
Վերոնշյալ դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը վերահաստատել է նաև Ս.Շահնազարյանի վերաբերյալ գործով կայացված որոշման շրջանակներում14:
12. Սույն գործի փաստերից հետևում է, որ 2016 թվականի փետրվարի 17-ին «Գալակտիկա Տրանսսերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շ.Խաչատրյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում Հ.Պետրոսյանը 2016 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 24-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Պետրոսյանի նկատմամբ փաստաթղթեր կեղծելու կապակցությամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով, իսկ կեղծ փաստաթղթեր օգտագործելու և լիազորությունները չարաշահելու կապակցությամբ քրեական հետապնդում չի իրականացվել Հ.Պետրոսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով15:
Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով Շ.Խաչատրյանի ներկայացուցչի բողոքը, պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմիններին վերացնել Շ.Խաչատրյանի իրավունքների խախտումները, այն է` վերացնել «ընտրված խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին», «քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» քննիչի` 2017 թվականի մարտի 24-ի և «բողոքը մերժելու մասին» դատախազի` 2017 թվականի ապրիլի 19-ի որոշումները` առանց այդ բողոքի դատական քննության մասին Հ.Պետրոսյանին տեղեկացնելու16:
Վերաքննիչ դատարանն իր հերթին, Հ.Պետրոսյանին մասնակից չդարձնելով դատական նիստերին և քննության առնելով դատախազ Մ.Գեղամյանի վերաքննիչ բողոքը, մերժել է այն` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 14-ի որոշումը17:
13. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով քննվող բողոքն անմիջականորեն առնչվել է Հ.Պետրոսյանի իրավունքներին և օրինական շահերին, քանի որ վերաբերել է նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը:
Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը Հ.Պետրոսյանին պատշաճ կերպով չի տեղեկացրել բողոքի դատական քննության տեղի ու ժամանակի մասին, ինչի արդյունքում վերջինս հնարավորություն չի ունեցել մասնակցելու բողոքի քննությանը, իսկ Վերաքննիչ դատարանը թեև Հ.Պետրոսյանի մասնակցությունն ապահովելու նպատակով դատական նիստը հետաձգել է, այնուամենայնիվ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին նշանակված դատական նիստը չի կայացել, իսկ հաջորդ նիստերի մասին նրան ծանուցելու վերաբերյալ տվյալներ գործի նյութերում առկա չեն18: Արդյունքում Հ.Պետրոսյանը զրկվել է բողոքի դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից, հետևաբար նաև հնարավորություն չի ունեցել պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, տեղեկանալու և մեկնաբանելու մյուս կողմի ներկայացրած փաստարկները, այսինքն` մյուս կողմի համեմատությամբ հայտնվել է խիստ անբարենպաստ վիճակում:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները չեն ապահովել անձի արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ գործով շահագրգիռ անձ Հ.Պետրոսյանին չեն ծանուցել նշանակված դատական նիստերի տեղի և ժամանակի մասին:
14. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 23-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա դրանք բեկանելու համար:
15. Ինչ վերաբերում է Շ.Խաչատրյանի ներկայացուցիչներ Գ.Գրիգորյանի և Ս.Բոյաջյանի` վճռաբեկ բողոքի պատասխանում նշված` Հ.Պետրոսյանի ներկայացուցիչ Ա.Զաքարյանի վճռաբեկ բողոքը ժամկետանց լինելու վերաբերյալ պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Պետրոսյանը Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումն իր կամքից անկախ հանգամանքներում ստացել է օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է հաշվվի բողոքարկվող որոշումը կողմին հասանելի դառնալու պահից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: «Գալակտիկա Տրանսսերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի ներկայացուցիչների բողոքը բավարարելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 14-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________
1 տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 101-104:
2 տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 52-53:
3 տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 77:
4 տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 51-64, 106-113:
5 տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 34:
6 տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 17-22:
7 տե՛ս Վերաքննիչ դատարանի դատական նիստի արձանագրության համառոտագրում, նյութեր, հատոր 2-րդ, թերթ 23:
8 տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 29-30:
9 տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 31:
10 տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 32-33:
11 տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 55-60:
12 տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ռաֆայել Քոթանջյանի վերաբերյալ գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԿԴ3/0010/06/15 որոշում, կետ 15, Հակոբ Մկրտչյանի վերաբերյալ գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0230/01/14 որոշում, կետ 10:
13 տե՛ս Համբարձում Հարությունյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշում, կետ 24:
14 տե՛ս Սամվել Շահնազարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵՇԴ/0002/11/14 որոշումը:
15 տե՛ս սույն որոշման 1-ին և 1.1.-րդ կետերը:
16 տե՛ս սույն որոշման 5-րդ և 7-րդ կետերը:
17 տե՛ս սույն որոշման 6-րդ և 7.1-7.3-րդ կետերը:
18 տե՛ս սույն որոշման 7-7.3.-րդ կետերը:
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|