Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.23/5(1458) Հոդ.38
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.07.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ2/0006/11/16

ՍԴ2/0006/11/16

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

2018 թվականի հուլիսի 20-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 9-ի որոշման դեմ դիմող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքը,  

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Հայրապետյանի` 2015 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արման Դանիելյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 90555515 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 11-ի որոշմամբ քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործի վարույթը կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ զինվորական դատախազի` 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 11-ի որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքն ամբողջությամբ մերժվել է:

2. 2016 թվականի հոկտեմբերի 20-ին դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), որը Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 16-ի որոշմամբ մերժվել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի հունիսի 22-ի որոշմամբ դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 16-ի որոշումը բեկանվել է, և նյութերն ուղարկվել են նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

4. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 11-ի և ՀՀ զինվորական դատախազի` 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումները վերացնելու և Ա.Հակոբյանի իրավունքների ու ազատությունների խախտումը վարույթն իրականացնող մարմնի կողմից վերացնելու պարտականությունը ճանաչելու պահանջների մասին դիմողի ներկայացուցչի բողոքը մերժվել է:

5. Դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունվարի 9որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

6. Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մայիսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. 2015 թվականի նոյեմբերի 13-ի` քրեական գործ հարուցելու, այն վարույթ ընդունելու և տուժող ճանաչելու մասին որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(…) [ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության] 9-րդ կայազորային քննչական բաժին է ստացվել Ա.Ա.Հակոբյանի մորաքույր Ռիտա Հակոբյանի դիմումն այն մասին, որ Արթուր Հակոբյանը հայտնել է, որ 2015թ. նոյեմբերի 6-ի երեկոյան ժամը 18-ի սահմաններում վերջինս իր ընկերոջ հետ գնացել է խանութ` ծխախոտ գնելու: Ընկերը տեսել է Ջիվան անունով սպային, նույն ինքը` ՀՀ ՊՆ 50869 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Ջիվան Վաղինակի Մկրտչյանին, և թաքնվել: Ա.Ա.Հակոբյանը չի հասցրել թաքնվել, և խանութում գտնվելու համար Ջ.Վ.Մկրտչյանը ծեծի է ենթարկել նրան (...)» 1 :

7.1. Տուժող Ա.Հակոբյանը 2015 թվականի նոյեմբերի 19-ին ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիս ամսին ՀՀ ՊՆ 50869 զորամասի 1-ին գումարտակի շտաբի պետ մայոր Ջիվանն իրեն ասել է, որ ծառերը ջրի, և չջրելու համար քաշել է իր ականջն ու ձեռքի բաց ափով հարվածել պարանոցին: Նա միշտ իրեն տեսնելիս նման ձևով հարվածել է իր պարանոցին: Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 18-ի սահմաններում, Ջիվանն իրեն ու իր ընկերոջը` Ցոլակին, տեսել է զորամասի հսկիչ անցագրային կետից դուրս` խանութի մոտ: Նշել է, որ Ջիվանը հարբած է եղել և զորամասից դուրս գտնվելու համար իրեն և Ցոլակին հայհոյելով` ասել է, որ գնան այդտեղից, որից հետո ձախ ձեռքով ապտակել է իր դեմքի աջ հատվածին: Նշել է նաև, որ Ջիվանի այդ կոպիտ խոսքից ազդվել է, ցանկացել է ինքն իրեն վնասել կամ Ջիվանին հարվածել, բայց առանց որևէ բան անելու հեռացել է 2 :

8. 2015 թվականի նոյեմբերի 26-ին Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և ամբուլատոր դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի` 2016 թվականի փետրվարի 2-ի թիվ 3 եզրակացության համաձայն՝ «(…) Դատահոգեբուժական մաս.

Ելնելով վերոգրյալից` հանձնաժողովը եզրակացնում է, որ Արթուր Հակոբյանի մոտ հայտնաբերվում է` «Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջան /F23.1/» հոգեկան գործունեության փսիխոտիկ մակարդակի խանգարում: Դրա մասին են վկայում լսողական խանգարումները (հալուցինացիաները) և դրանց առավելապես կեղծ բնույթը, անհեթեթ բազմաբովանդակ զառանցական մտքերը, դատողությունների պարալոգիզմը, անադեկվատ վարքը, կեղծ ճանաչողության էպիզոդները, կիրառված բուժման նկատելի արդյունավետությունը: Ձեր կողմից առաջադրված Ա կետի հարցի 2-րդ կետին պատասխանում եմ, որ «Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջան /F23.1/» հոգեկան գործունեության խանգարման ստույգ ժամկետը նշել հնարավոր չէ: Ձեր կողմից առաջադրված Բ կետի հարցին պատասխանում եմ, որ վերոնշյալ ախտորոշումը դասվում է ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հոգեկան հիվանդությունների շարքին, որոնք կարող են դրսևորվել տվյալ անձի մոտ որոշակի պայմաններում: Ձեր կողմից առաջադրված Դ կետի հարցին պատասխանում եմ, որ Ա.Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերված պրոդուկտիվ հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, առավելապես ընկալման, մտածողության խեղաթյուրումներն արտահայտված են այն աստիճան, որ զրկում են նրան կարողությունից` ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները:

Ռազմաբժշկական մաս.

ա. Ներկայումս Ա.Ա.Հակոբյանը, համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 5բ հոդվածի 1-ին սյունակի, պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ:

բ. Հաշվի առնելով փորձաքննվողի կլինիկական դիտարկումը, հոգեկան վիճակի նկարագրությունը, անամնեստիկ և քննչական նյութերի տվյալները, սոմատոնևրոլոգիական և գործիքային հետազոտման արդյունքները, վերը նկարագրված փսիխոտիկ մակարդակի հոգեկան խանգարման վերլուծությունը, ստացված դեղորայքային բուժումն ու նկատված դրական դինամիկան՝ Ա.Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերվում է «Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջան /F23.1/» ախտորոշումը: Վերը նշված «Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջան» ախտորոշումը դա փսիխոտիկ մակարդակի հոգեկան խանգարում է, որն առաջացել է ծառայության ընթացքում, առավելապես պայմանավորված է ժառանգական գործոնների, անձնային առանձնահատկությունների և բանակային կյանքի սթրեսոգեն պայմանների անբարենպաստ փոխներազդեցությամբ, ուստիև, զորակոչային հանձնաժողովն այն հայտնաբերել չէր կարող (…)» 3 :

9. Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճելու մասին քննիչի` 2016 թվականի հունիսի 11-ի որոշմամբ արձանագրվել է, ի թիվս այլնի, հետևյալը. «(…) [Ն]ախաքննության ընթացքում թեև Արթուր Արմենի Հակոբյանն իր ցուցմունքներով պնդել է Ջիվան Վաղինակի Մկրտչյանի կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու և իրեն վիրավորանք հասցնելու հանգամանքը, սակայն քրեական գործով բազմաթիվ վկաների ցուցմունքներով, այլ քննչական և դատավարական գործողություններով ու ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան վիրավորանք հասցնելու դեպքեր չեն եղել, այդպիսիք չեն կատարվել նաև Ջ.Մկրտչյանի կողմից (…)» 4 :

10. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, հիմնվելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 210-րդ հոդվածի, ինչպես նաև Արայիկ Խաչատրյանի գործով թիվ ԿԴ1/0006/01/14 որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների վրա, իր՝ 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ մերժել է Ա.Ղարագյոզյանի բողոքը՝ արձանագրելով, ի թիվս այլնի, հետևյալը. «(…) [Ն]ախաքննության ընթացքում տուժող Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն չկատարելով վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի էական խախտում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով և գնահատելով ձեռք բերված ապացույցները եկել է ճիշտ եզրահանգման, որ Ա.Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերված պրոդուկտիվ հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, զրկում է նրան կարողությունից` ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի  2-րդ մասի և 210-րդ հոդվածի համադրության արդյունքում պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմինն ոչ թե չի կատարել սահմանված պոզիտիվ պարտավորությունները, այլ պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները չի իրականացրել Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն (…)» 5 :

11. Առաջին ատյանի դատարանն իր` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) [Ք]ննիչի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան, քանի որ նրա հետևությունները բխում են նախնական ստուգման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների բովանդակությունից: Քննիչի կողմից ապացույցների գնահատման արդյունքում կայացրած որոշումը կամային չէ, դրա հիմքում ընկած են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը (…): Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով քննիչը եկել է ապացուցված եզրահանգման, որ Ջիվան Վաղինակի Մկրտչյանը կամ որևէ այլ զինծառայող Արթուր Հակոբյանի նկատմամբ բռնություն չի գործադրել և վիրավորանք չի հասցրել ու այդ եզրահանգումը ստացվել է օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների` վկաներ Տիգրան Աղասիի Մարտիրոսյանի, Արթուր Ստանիսլավի Բուդանովի, Հրանտ Գեղամի Կարապետյանի, Ռաֆիկ Գեղամի Աղեկյանի, Հարութ Ռոբերտի Մալինցյանի, Մարիյա Սամվելի Ցեխմեյստրուկի ցուցմունքների և դատաբժիշկ-փորձագետի թիվ 2138/հ և ռազմաբժշկական ու ամբուլատոր դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 3 եզրակացությունների հիման վրա, որոնք կասկած չեն հարուցում հիմնավորվածության տեսանկյունից: 

Վերը նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ Զինվորական դատախազ Ա.Հարությունյանին, ով իր հերթին իր լիազորությունների սահմաններում, ստուգման ենթարկելով քննիչի որոշումը, սահմանված կարգով և ժամկետում` 2016 թվականի սեպտեմբերի 23-ին կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բողոքը մերժելու մասին որոշում, որը ևս օրինական է և վերացնելու հիմքեր չկան (…)» 6 :

12. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունվարի 9-ի որոշմամբ փաստել է. «(...) [Դ]իմողի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքը բավարարելու և [Ա]ռաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը մերժելիս` դատարանը թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ (…)» 7 :

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքի հեղինակի կարծիքով՝ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-9-րդ, 17-րդ և 290-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 3-րդ և   6-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը փաստել է, որ դեպքի առթիվ չի իրականացվել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Ըստ բողոքաբերի՝ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս նախաքննության մարմնի, զինվորական դատախազության և դատարանի, խոշտանգման փաստի վերաբերյալ չի իրականացրել արդյունավետ քննություն: Ասվածի համատեքստում բողոք բերած անձը, ի թիվս այլնի, նշել է, որ Ա.Հակոբյանն իր ցուցմունքներով փաստել է, որ իր նկատմամբ դրսևորվել է դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք, այնինչ վարույթն իրականացնող մարմնի համոզմամբ՝ Ա.Հակոբյանի կողմից ներկայացված փաստերը հերքվում են այն անձանց ցուցմունքներով, ովքեր բռնություն են կիրառել տուժողի նկատմամբ: Միևնույն ժամանակ բողոքաբերն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը գործով վկաների և Ա.Հակոբյանի միջև առերեսում չի կատարել, մինչդեռ վերջիններիս ցուցմունքներում առկա են էական հակասություններ: Բողոքաբերի կարծիքով՝ գործում առկա են բազմաթիվ հանգամանքներ, որոնք չեն պարզվել և տեղի չի ունեցել առերեսում, ինչը վկայում է, որ խոշտանգման փաստով արդյունավետ քննություն չի իրականացվել:

14. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է վերացնել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 9-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինծառայողին խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու պարտականության, ինչպես նաև հոգեկան հիվանդություն ունեցող տուժողի լսվելու իրավունքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. զինվորական ծառայության ընթացքում Ա.Հակոբյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու կապակցությամբ իրականացվե՞լ է արդյոք գործի լրիվ և բազմակողմանի քննություն:

I. Զինծառայողին խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու պարտականությունը.

17. ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի (...)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (...)»։

17.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեք համարվող` խոշտանգումների, անմարդկային կամ նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը բացարձակ բնույթ է կրում 8 :

Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ իրավական դիրքորոշումները.

- Երբ անհատը վիճարկելի պնդում է ներկայացնում այն մասին, որ իր նկատմամբ ոստիկանության կամ նմանատիպ այլ պետական մարմինների կողմից ցուցաբերվել է խիստ վատ վերաբերմունք` խախտելով 3-րդ հոդվածը, ապա նշված դրույթից, որն անհրաժեշտ է դիտարկել պետության` Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված հիմնական պարտականության հետ համակցության մեջ, ինքնաբերաբար ենթադրելի է, որ պահանջվում է արդյունավետ պաշտոնական քննության իրականացում  9 : Որպեսզի քննությունը համարվի «արդյունավետ», պետք է ունակ լինի հանգեցնելու վիճելի փաստերի հաստատմանը և հնարավորության դեպքում` անթույլատրելի վերաբերմունք դրսևորելու համար պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին 10 ,

- Քննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե որևէ արդյունքի հասնելու, այլ միջոցներ ձեռնարկելու պարտականություն է». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ հանգեցնի այնպիսի եզրակացության, որը համընկնում է պահանջ ներկայացրած անձի` դեպքերի մասին տված ցուցմունքներին. այնուամենայնիվ, դրա միջոցով սկզբունքորեն պետք է հնարավոր լինի պարզել գործի փաստերը, և այն դեպքում, երբ պարզվում է, որ պնդումները ճիշտ էին, ապա նաև բացահայտել և հիմնավորված լինելու դեպքում պատժել պատասխանատու անձանց։ Ուստի վատ վերաբերմունքի մասին լուրջ պնդումների քննությունը պետք է մանրակրկիտ լինի։ Դա նշանակում է, որ ցանկացած դեպքում իշխանությունները պետք է ձգտեն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և հապճեպ արված կամ անհիմն եզրակացությունները չպետք է հիմք ընդունվեն իրենց քննությունն ավարտելու համար կամ դրվեն իրենց որոշումների հիմքում։ Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները` միջադեպի հետ կապված ապացույցները, այդ թվում` ականատեսների ցուցմունքները, դատաբժշկական և այլ ապացույցներ ապահովելու համար։ Քննության ցանկացած թերություն, որը խոչընդոտում է վնասվածքների պատճառը կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնությունը պարզելը, կանգնեցնում է այս չափանիշը խախտելու վտանգի առջև [11] ,  

- Վատ վերաբերմունքը պետք է ունենա լրջության նվազագույն մակարդակ, եթե այն 3-րդ հոդվածի սահմաններում է: Այս նվազագույնի գնահատումը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են՝ վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան ազդեցությունը և որոշ դեպքերում` զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը 12 ,

- Որպեսզի պետական մարմինների կողմից ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի գործով քննությունը արդյունավետ լինի, այն պետք է լինի անկախ։ Քննության անկախությամբ ենթադրվում է ոչ միայն ենթակայության կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև գործնական իմաստով անկախություն 13 :

17.2. Զինծառայողների իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2006 թվականի ապրիլի 11-ի թիվ 1742 հանձնարարականի 10.1.2.-րդ կետը սահմանում է, որ զինծառայողները պետք է օգտվեն խոշտանգ­ումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքից:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2010 թվականի փետրվարի 24-ի թիվ 4 (2010) 4 հանձնարարականի հավելվածի 10-12-րդ կետերն ամրագրում են. «Անդամ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն զինծառայողներին խոշտանգումներից կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանելու համար (...): (...) Այն դեպքերում, երբ զինծառայողները բարձրացնում են վիճելի պնդում առ այն, որ ենթարկվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը խախտող գործողությունների, կամ երբ իշխանությունները ողջամիտ հիմքեր ունեն ենթադրելու, որ այդպիսի վերաբերմունք տեղի է ունեցել, ապա անհապաղ պետք է սկսվի այդ հանգամանքների անկախ և արդյունավետ պաշտոնական քննություն: (...) Անդամ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն զինծառայողների խոշտանգումների և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի մասին հաղորդումների ներկայացումը խրախուսելու և այդպիսի գործողությունների մասին հաղորդում ներկայացրած անձին հաշվեհարդարից պաշտպանելու համար (...)»:

Վերոգրյալի առնչությամբ Եվրոպական դատարանը ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ իրավական դիրքորոշումը. «Պետությունը պարտավոր է ապահովել, որպեսզի անձը զինվորական ծառայությունն անցնի այնպիսի պայմաններում, որոնք համատեղելի են նրա մարդկային արժանապատվությունը հարգելու հետ, իսկ զինվորական վարժանքների ընթացակարգը և մեթոդները չեն պատճառում նրան ֆիզիկական տառապանք կամ չեն անցնում զինվորական կարգուկանոնի հետ կապված անխուսափելի դժվարությունների չափն ու սահմանը, և որ նման ծառայության պրակտիկ պահանջների հետ մեկտեղ նրա առողջությունը և ինքնազգացողությունը համարժեքորեն պաշտպանված են` այլնի հետ մեկտեղ տրամադրելով նրան պահանջվող բժշկական օգնություն (...): Պետության առաջնային պարտականությունն է նվազագույնի հասցնել առողջությանն սպառնացող ռիսկը, որը կարող է առաջանալ ոչ միայն զինվորական գործողությունների և օպերացիաների բնույթից, այլ նաև մարդկային տարրի պատճառով, որը գործում է, երբ Պետությունը սովորական քաղաքացիներին զորակոչում է զինվորական ծառայության: Նման կանոնները պետք է պահանջեն պրակտիկ միջոցների իրականացում, որոնք նպատակ ունեն արդյունավետորեն պաշտպանել զորակոչվածների զինվորական կյանքին բնորոշ վտանգներից, ապահովեն պատշաճ ընթացակարգեր` պարզելու համար տարբեր մակարդակների ծառայողների կողմից թույլ տրվող բացթողումները և սխալները (...)» 14  :

Հաշվի առնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, կրում է զինծառայողին խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ պատշաճ, անաչառ և արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն` վատ վերաբերմունքի ենթարկվելու հանգամանքները պարզելու, մեղավոր պաշտոնատար անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։

 

II. Հոգեկան հիվանդություն ունեցող տուժողի լսվելու իրավունքը.

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել`

1) անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն` «Տուժողի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` «Տուժողը պարտավոր է (…) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդպիսի ունակության առկայությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով`

(...)

3) (…) տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները` դատահոգեբուժական փորձագետի եզրակացությունը.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` «1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:

2. Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

18.1. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «[Տ]ուժողն այն անձն է, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է կամ այդ արարքը կատարելն ավարտվելու դեպքում կարող էր պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մաս): Նա քրեական դատավարությանը մասնակցում է որպես մեղադրանքի կողմի սուբյեկտ և գործով օժտված է սեփական շահերով, որոնց ապահովման համար սահմանված են տուժողի մի շարք դատավարական իրավունքներ և պարտականություններ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված), որոնցից է նաև ցուցմունք տալու իրավունքը և պարտականությունը: Հետևաբար տուժողի ցուցմունքն իր բնույթով ոչ միայն ապացույցի ինքնուրույն տեսակ է, այլև վերջինիս իրավունքների և շահերի պաշտպանության միջոց (…):

(…) Չնայած տուժողի ցուցմունք տալու իրավական առանձնահատկություններին՝ նրա հարցաքննության նկատմամբ օրենսդիրը տարածել է վկայի հարցաքննության կանոնները: Մասնավորապես տուժողը չի կարող կանչվել և հարցաքննվել այն դեպքում, երբ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չէ ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է տուժողի՝ ցուցմունք տալու պարտականությունից բացառություն, ինչպես նաև նրա ցուցմունք տալու իրավունքի սահմանափակման հիմք: Նշված սահմանափակումը նպատակ է հետապնդում ապահովել ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքը, համաչափ է հետապնդվող նպատակին և չի իմաստազրկում տուժողի՝ իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու բուն իրավունքը, քանի որ վերջինս օժտված է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության այլ իրավական միջոցներով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված): Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված են տուժողին հարցաքննելու սահմանափակման հիմքերը: Մասնավորապես որպես տուժող չի կարող կանչվել և հարցաքննվել այն անձը, ով.

1. ունի ֆիզիկական կամ հոգեկան պակասություններ,

2. (1) կետում նշված հանգամանքի հետևանքով ունակ չէ ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները:

Ընդ որում վերոնշյալ հանգամանքների միաժամանակյա առկայությունը պարտադիր է քննարկվող սահմանափակումը կիրառելու համար: Օրենսդրական նման կարգավորումը պայմանավորված է նրանով, որ անձի մոտ ֆիզիկական կամ հոգեկան բնույթի առանձին շեղումների առկայությունը դեռևս չի նշանակում, որ տվյալ անձն առհասարակ չի կարող ճիշտ ընկալել և վերարտադրել օբյեկտիվ իրականության փաստերը: Մասնավորապես հնարավոր են դեպքեր, երբ հոգեկան հիվանդությամբ տառապող անձի մոտ ժամանակավորապես վերականգնվի օբյեկտիվ իրականության փաստերը ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունը, կամ տվյալ հիվանդությունն իր բնույթով այնպիսին լինի, որ անձին չզրկի երևույթների նշանակությունը հասկանալու և դրանք վերարտադրելու ունակությունից և այլն: Հետևաբար անձը չի կարող հարցաքննվել, եթե ֆիզիկական կամ հոգեկան պակասությունը զրկում է նրան քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունից:

(…) [Ք]րեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու տուժողի ունակությունը կասկածի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում վարույթն իրավականացնող մարմինը պետք է նշանակի փորձաքննություն: Իսկ տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները կարող է հաստատվել միայն դատահոգեբուժական փորձագետի եզրակացությամբ:

Ընդ որում փորձագետի եզրակացությունը ապացույցների տեսակներից մեկն է և որպես այդպիսին չունի նախապես հաստատված ապացույցի ուժ, իսկ դրա գնահատման նկատմամբ կիրառելի են ապացույցների գնահատման ընդհանուր կանոնները (…)` հաշվի առնելով ապացույցի այդ տեսակի առանձնահատկությունները:

(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան կամ ֆիզիկական պակասություններ ունեցող անձանց ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու և դրանք մեղադրական դատավճռի հիմքում դնելու հարցը պարզելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է որոշել, թե տվյալ անձը արդյոք ունակ է ճիշտ ընկալել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը և վերարտադրել դրանք: Այս հանգամանքները կարող են հաստատվել միայն հիմնավորվածության, լրիվության և հստակության պահանջներին համապատասխանող դատահոգեբուժական փորձաքննությամբ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ամբաստանյալի և տուժողի մրցակցող իրավունքները (համապատասխանաբար՝ արդար դատաքննության և իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության), ինչպես նաև տուժողի վերոնշյալ ունակությունների հանգամանքը հաստատելու համար փորձագետի եզրակացության անփոխարինելիությունը՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները փորձագետի եզրակացության արժանահավատությունն ապահովելու համար» 15 :

19. «Հանցագործության զոհերի պաշտպանության, աջակցության և իրավունքների նվազագույն չափանիշների հաստատման մասին և ԵՄ թիվ 2001/220/JHA շրջանակային որոշման փոխարինման մասին» Եվրախորհրդարանի և Եվրոպական միության խորհրդի՝ 2012 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 2012/29/EU հրահանգի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են. «1. Պայմանավորվող պետություններն ապահովում են, որ հանցագործության զոհերը քրեական դատավարության ընթացքում լսված լինելու և վկայություն ներկայացնելու հնարավորություն ունենան (…):

2. Հանցագործության զոհերի՝ քրեական դատավարության ընթացքում լսված լինելու և վկայություն ներկայացնելու դատավարական կանոնները սահմանվում են ներպետական օրենսդրությամբ»:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2004 թվականի սեպտեմբերի   22-ի «Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» թիվ REC(2004)10 հանձնարարականի 7-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է. «Անդամ պետությունները պետք է երաշխավորեն այնպիսի կառուցակարգերի գոյությունը, որոնք կպաշտպանեն հոգեկան խանգարումներ ունեցող խոցելի անձանց, մասնավորապես այն անձանց, ովքեր համաձայնություն տալու կարողություն չունեն կամ չեն կարող դիմակայել մարդու իրավունքների խախտմանը»։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 1999 թվականի փետրվարի 23-ի` «Անգործունակ չափահասների իրավական պաշտպանության մասին» թիվ R(99)4 հանձնարարականը, երաշխավորելով հոգեկան խանգարման կամ այլ պատճառով սեփական կամքն արտահայտելու կարողություն չունեցող անձանց իրավունքները, 1-ին սկզբունքում ամրագրում է, որ անգործունակ չափահասների պաշտպանության սկզբունքն ընկած է բոլոր այլ սկզբունքների հիմքում` յուրաքանչյուր անհատի` որպես մարդկային էակի, արժանապատվության հարգման համար։ Անգործունակ չափահասների պաշտպանության հետ կապված օրենքները, ընթացակարգերը և պրակտիկան պետք է հիմնված լինեն նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա, հաշվի առնելով համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերում այդ իրավունքների վերաբերյալ սահմանված երաշխիքները։ 

 Իսկ համաձայն նույն հանձնարարականի 13-րդ սկզբունքի՝ «Շահագրգիռ անձը պետք է անձամբ լսված լինելու իրավունք ունենա ցանկացած վարույթի շրջանակներում, որը կարող է ազդեցություն ունենալ նրա գործունակության վրա»:  

Միավորված ազգերի կազմակերպության՝ 1991 թվականի դեկտեմբերի 17-ի` «Հոգեկան հիվանդների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման» թիվ 46/119 բանաձևի 1-ին սկզբունքի 5-րդ մասը, ի թիվս այլնի, ամրագրում է, որ հոգեկան հիվանդություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա իրականացնելու բոլոր քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, որոնք ճանաչված են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում։

19.1. Խոցելի, մասնավորապես՝ հոգեկան հիվանդություն ունեցող անձանց մասնակցությամբ գործերի քննության առնչությամբ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ իրավական դիրքորոշումները.

-   հոգեկան հիվանդություն ունեցող անձն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով լսված լինելու իրավունք ունի 16 : Այդպիսի անձը դատավարությունում ունի երկբնույթ դեր, մասնավորապես` նա և՛ շահագրգիռ անձ է, և՛ դատաքննության օբյեկտ: Հետևաբար նրա մասնակցությունն անհրաժեշտ է ոչ միայն գործն անձամբ ներկայացնելու, այլև դատավորին հնարավորություն տալու համար իր անձնական կարծիքը ձևավորել գործի և այդ անձի հոգեկան վիճակի վերաբերյալ: Դատավորի համար կարևոր է առնվազն հոգեկան հիվանդություն ունեցող անձի հետ կարճ հանդիպում ունենալը և նախընտրելի է նրան հարցեր ուղղելը: Դատավորի կողմից գործի լուծումը միայն փաստաթղթավորված ապացույցների հիման վրա, առանց տեսնելու կամ լսելու անձին, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված մրցակցության սկզբունքի խախտում է 17 ,

-     ոչ թե բժիշկ-մասնագետը, այլ դատավորն է, ով պետք է գնահատի հոգեկան հիվանդություն ունեցող անձին առնչվող փաստերը և անձնական բնույթի այլ հանգամանքները: Վարույթն իրականացնող դատարանի լիազորությունն է որոշելու, թե արդյոք առկա է նման ծայրահեղ միջոց կիրառելու անհրաժեշտություն, կամ արդյոք նվազ խիստ միջոցը կարող է բավարար լինել: Երբ խնդիրը վերաբերում է անձի մասնավոր կյանքին վերաբերող նման կարևոր հարցի, դատավորը պետք է զգուշորեն հավասարակշռի բոլոր վերաբերելի գործոնները՝ գնահատելու համար կիրառման ենթակա միջոցի համաչափությունը: Դատավարական անհրաժեշտ երաշխիքները պահանջում են նվազագույնի հասցնել կամայականության դրսևորման ցանկացած վտանգ: Հետևաբար դատարանը պետք է պարզի, թե արդյոք մասնագիտական գնահատական տված բժշկի եզրահանգումները կամայական չեն, և բժշկի հետ միասին լսի նաև վկաներին: Եվ, որ ամենակարևորն է, դատարանն ինքը պետք է եզրահանգումներ անի անձին գործունակությունից զրկելու հարցի շուրջ 18 :

20. Նախորդ կետում մատնանշված միջազգային փաստաթղթերում իրենց ամրագրումը ստացած դրույթների, ինչպես նաև Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների հիման վրա զարգացնելով Արայիկ Խաչատրյանի գործով ձևավորած և սույն որոշման 18.1.-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը չի կարող մեկնաբանվել այնպես, որ քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու անկարողության մասին ստացված փորձագիտական եզրակացությունն ինքնին բացառում է անձին որպես տուժող կանչելու և հարցաքննելու հնարավորությունը: Այլ կերպ՝ փորձագիտական այդպիսի եզրակացությունն ինքնին չի կարող բավարար համարվել հոգեկան պակասություններ ունեցող համապատասխան անձի լսվելու իրավունքը սահմանափակելու համար: Այդ առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հոգեկան հիվանդություն ունեցող տուժողի լսվելու իրավունքի սահմանափակումը հնարավոր է այնպիսի բացառիկ դեպքերում, երբ պայմանավորված անձի հոգեկան հիվանդության բնույթով և աստիճանով՝ վերջինիս կանչելու և հարցաքննելու հնարավորությունը գործնականում ակնհայտ անիրագործելի է, ինչի համար որպես հիմք կարող են ծառայել ոչ թե միայն փորձագիտական եզրակացությունը, այլ դրա հետ մեկտեղ՝ անձի անհատական հատկանիշների, ունեցած հոգեվիճակի, նրա կողմից դրսևորվող վարքագծի վերաբերյալ փաստերը, տեղեկությունները կամ ապացույցները: Այսինքն՝ համապատասխան անձի լսվելու իրավունքի սահմանափակման համար անհրաժեշտ է, որ վերոգրյալ տվյալների համակցությունը համոզիչ կերպով վկայի նրան կանչելու և հարցաքննելու անհնարինության ակնհայտ լինելը:   

  Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքներն ընկալելու և վերարտադրելու տուժողի անկարողության մասին ստացված փորձագիտական եզրակացությունը չի կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 210-րդ հոդվածի հիմքով ի սկզբանե կանխորոշել նրա կողմից տրված ցուցմունքի անթույլատրելի լինելը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որփորձագիտական այդպիսի եզրակացությունը կարող է հաշվի առնվել տուժողի ցուցմունքները բովանդակային գնահատման ենթարկելիս` դրանց վերաբերելիությունն ու արժանահավատությունը որոշելիս 19 :

21. Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ տուժող Ա.Հակոբյանը 2015 թվականի նոյեմբերի 19-ին ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիս ամսին ՀՀ ՊՆ 50869 զորամասի 1-ին գումարտակի շտաբի պետ մայոր Ջիվանն իրեն ասել է, որ ծառերը ջրի, և չջրելու համար քաշել է իր ականջն ու ձեռքի բաց ափով հարվածել պարանոցին: Նա միշտ իրեն տեսնելիս նման ձևով հարվածել է իր պարանոցին: Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 18-ի սահմաններում, Ջիվանն իրեն ու իր ընկերոջը` Ցոլակին, տեսել է զորամասի հսկիչ անցագրային կետից դուրս` խանութի մոտ: Նշել է, որ Ջիվանը հարբած է եղել և զորամասից դուրս գտնվելու համար իրեն և Ցոլակին հայհոյելով` ասել է, որ գնան այդտեղից, որից հետո ձախ ձեռքով ապտակել է իր դեմքի աջ հատվածին: Նշել է նաև, որ Ջիվանի այդ կոպիտ խոսքից ազդվել է, ցանկացել է ինքն իրեն վնասել կամ Ջիվանին հարվածել, բայց առանց որևէ բան անելու հեռացել է 20 :

2015 թվականի նոյեմբերի 26-ին Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և ամբուլատոր դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի` 2016 թվականի փետրվարի 2-ի թիվ 3 եզրակացության դատահոգեբուժական մասի համաձայն՝ Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերվել է «Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջան /F23.1/» հոգեկան գործունեության փսիխոտիկ մակարդակի խանգարում: Համաձայն նույն եզրակացության՝ Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերված պրոդուկտիվ հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, առավելապես ընկալման, մտածողության խեղաթյուրումներն արտահայտված են այն աստիճան, որ զրկում են նրան կարողությունից` ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները 21 :

2016 թվականի հունիսի 11-ին վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճելու մասին: Քննիչի որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ նախաքննության ընթացքում թեև Ա.Հակոբյանն իր ցուցմունքներով պնդել է Ջ.Մկրտչյանի կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու և իրեն վիրավորանք հասցնելու հանգամանքը, սակայն քրեական գործով բազմաթիվ վկաների ցուցմունքներով, այլ քննչական և դատավարական գործողություններով ու ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան վիրավորանք հասցնելու դեպքեր չեն եղել, այդպիսիք չեն կատարվել նաև Ջ.Մկրտչյանի կողմից 22 :

ՀՀ զինվորական դատախազն իր՝ 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ մերժել է Ա.Ղարագյոզյանի բողոքը՝ արձանագրելով, որ նախաքննության ընթացքում տուժող Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն չկատարելով` վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի էական խախտում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով և գնահատելով ձեռք բերված ապացույցները, եկել է ճիշտ եզրահանգման, որ Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերված պրոդուկտիվ հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, զրկում է նրան կարողությունից` ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի և 210-րդ հոդվածի համադրության արդյունքում պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմինն ոչ թե չի կատարել սահմանված պոզիտիվ պարտավորությունները, այլ պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները չի իրականացրել Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն 23 :

Առաջին ատյանի դատարանը, մերժելով դիմողի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքը, փաստել է, որ քննիչի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին և դատախազի` Ա.Ղարագյոզյանի բողոքը մերժելու մասին որոշումներն օրինական են, ուստի դրանք վերացնելու հիմքեր չկան 24 :

Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավորված է, ուստի այն բեկանելու հիմքեր չկան 25 :

22. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 17-20-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով տուժող Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննության չիրականացումը պատճառաբանվել է նրանով, որ համաձայն 2016 թվականի փետրվարի 2-ի փորձաքննության եզրակացության՝ Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերված պրոդուկտիվ հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, առավելապես ընկալման, մտածողության խեղաթյուրումներն արտահայտված են այն աստիճան, որ զրկում են նրան կարողությունից ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը չի կարող մեկնաբանվել այնպես, որ քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու անկարողության մասին ստացված փորձագիտական եզրակացությունն ինքնին բացառում է անձին որպես տուժող կանչելու և հարցաքննելու, այդ թվում՝ տուժողի և այլ անձանց միջև առերես հարցաքննություն իրականացնելու հնարավորությունը: Ինչպես արդեն իսկ նշվել է, փորձագիտական այդպիսի եզրակացությունն ինքնին չի կարող բավարար համարվել հոգեկան պակասություններ ունեցող համապատասխան անձի լսվելու իրավունքը սահմանափակելու համար 26 :

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա չեն տվյալներ, որոնք պայմանավորված Ա.Հակոբյանի հոգեկան հիվանդության բնույթով և աստիճանով՝ կվկայեն, որ վերջինիս և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննության իրականացման հնարավորությունը գործնականում ակնհայտ անիրագործելի էր: Մասնավորապես՝ սույն գործի նյութերից հետևում է, որ քրեական հետապնդման մարմինները համապատասխան դատողություն անելիս հիմնվել են բացառապես փորձագիտական եզրակացության վրա, և բացակայում են այլ տվյալներ, որոնց համակցությունը համոզիչ կերպով կվկայեր Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն կատարելու անհնարինության ակնհայտ լինելը:        

22.1. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինվորական ծառայության ընթացքում Ա.Հակոբյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու կապակցությամբ չի իրականացվել գործի լրիվ և բազմակողմանի քննություն: Այլ կերպ՝ արդյունավետ քննություն չկատարելով՝ քրեական հետապնդման մարմինները թույլ են տվել խախտումներ, որոնք էլ պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացել ստորադաս դատարանների կողմից։

23. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով քրեական հետապնդման մարմինների որոշումների դեմ բերված բողոքը մերժելով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 86-րդ և 210-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Վերոշարադրյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն իրականացնող մարմնին՝ Ա.Հակոբյանի իրավունքների ու ազատությունների՝ սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելու պարտականություն սահմանելու համար:  

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը  

Ո Ր Ո Շ Ե Ց

  1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքը մերժելու մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 9-ի որոշումը բեկանել և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու սույն որոշմամբ արձանագրված՝ Արթուր Արմենի Հակոբյանի իրավունքների և ազատությունների խախտումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

________________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 1-3:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 89-94:

3  Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 36-40:

4  Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 212-225:

5  Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 11-22:

6  Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 107-110:

7  Տե'ս նյութեր, հատոր 3, թերթեր 41-48:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Գզոյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշման 22-րդ կետը, Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 19-րդ կետը:

9  Տե'ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Assenov and others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճռի 102-րդ կետը, Labita v. Italy գործով 2000 թվականի ապրիլի 6-ի վճռի 108-րդ կետը, Z and others v. United Kingdom գործով 2001 թվականի մայիսի 10-ի վճռի 73-րդ կետը:

10  Տե'ս, mutatis mutandis, Jeronovičs v. Latvia գործով Եվրոպական դատարանի` 2016 թվականի հուլիսի 5-ի վճռի 103-րդ կետը:

11  Տե'ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Mikheyev v. Russia գործով 2006 թվականի հունվարի 26-ի վճռի 102-րդ կետը, Virabyan v. Armenia գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի 162-րդ կետը:

12  Տե'ս Եվրոպական դատարանի` Ireland v. the United Kingdom գործով 1978 թվականի հունվարի 18-ի վճռի 162-րդ կետը:

13  Տե'ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Oğur v. Turkey գործով 1999 թվականի մայիսի 20-ի վճռի 91-րդ կետը, Mehmet Emin YՖksel v. Turkey գործով 2004 թվականի հուլիսի 20-ի վճռի 37-րդ կետը, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճռի 83-րդ կետը:

14 Տե'ս Chember v. Russia գործով Եվրոպական դատարանի` 2008 թվականի հուլիսի 3-ի վճռի 50-րդ կետը:

15  Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴ1/0006/01/14 որոշումը, կետեր 15-18:

16  Տե՛ս Եվրոպական դատարանի` Winterwerp v. the Netherlands գործով 1979 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 6301/73, կետ 60:

17  Տե՛ս Եվրոպական դատարանի` Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4409/05, կետեր 72-73:

18 Տե՛ս Եվրոպական դատարանի` Ivinović v. Croatia գործով 2014 թվականի սեպտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 13006/13, կետ 40, X and Y v. Croatia գործով 2011 թվականի նոյեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 5193/09, կետեր 85-86:

19  Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Գասպարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԳԴ1/0058/01/16 որոշման 18-րդ կետը:

20  Տե'ս սույն որոշման 7.1.-րդ կետը:

21 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

22 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:

23  Տե'ս սույն որոշման 10-րդ կետը:

24  Տե'ս սույն որոշման 11-րդ կետը:

25  Տե'ս սույն որոշման 12-րդ կետը:

26 Տե՛ս սույն որոշման 20-րդ կետը:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
ե. դԱՆԻԵԼՅԱՆ
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան