Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.23/5(1458) Հոդ.44
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.07.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0056/11/17

ԵԿԴ/0056/11/17

Նախագահող դատավոր՝ Ռ. Բարսեղյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

2018 թվականի հուլիսի 20-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ դիմող Քաջիկ Համայակի Մանուկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Դիմողներ Քաջիկ և Սուսաննա Մանուկյանների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62226216 քրեական գործը:

Քննիչ Ս.Մինասյանի (այսուհետ` նաև Քննիչ)` 2016 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, և քրեական գործի վարույթը կարճվել է մի շարք անձանց արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ, 149-րդ, 154.6-րդ, 308-րդ, 333-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով:

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ք.Մանուկյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի (այսուհետ` նաև Դատախազ)` 2017 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ մերժվել է:

2. Քննիչի և Դատախազի որոշումների դեմ դիմողներ Քաջիկ և Սուսաննա Մանուկյանների բողոքը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ըստ ընդդատության ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարան բողոք է ներկայացրել նաև դիմողների ներկայացուցիչ Ա.Սաղաթելյանը:

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 28-ի որոշմամբ դիմողների և նրանց ներկայացուցչի բողոքները մերժվել են:

3. Ներկայացուցիչ Ա.Սաղաթելյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ք.Մանուկյանը։

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վճռաբեկ դատարանը 2018 թվականի մարտի 20-ին որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան) դիմելու մասին:

Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, (…), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապատասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու և կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորությունը, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող՝ միևնույն ժամանակ հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանելով 2018 թվականի դեկտեմբերի 1-ը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ կասեցված գործի վարույթը վերսկսվել է:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանը, 2017 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ առանց քննության թողնելով դիմողների ներկայացուցիչ Ա.Սաղաթելյանի վերաքննիչ բողոքը, հղում է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և 2-րդ մասին՝ նշելով, որ. «(…) Դիմողներ Քաջիկ և Սուսաննա Մանուկյանների ներկայացուցիչ Ա.Սաղաթելյանի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքում առկա չէ բողոք ներկայացնող անձի ստորագրությունը, հետևաբար այն չի համապատասխանում վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պահանջներին, ուստի [այն] պետք է թողնվի առանց քննության»1։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

6. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, քրեադատավարական օրենքի էական խախտում, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման։

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը հանգեցրել է սխալ դատական ակտի կայացմանը: Բողոքի հեղինակը հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը ստորագրված չլինելու ձևական սխալի պատճառով առանց քննության թողնելը հանգեցրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության, դատական մատչելիության իրավունքների, ինչպես նաև դատական պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու իրավունքի խախտման:

7. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորագրված չլինելու հիմքով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն արդյոք հանգեցրել է դիմող Ք.Մանուկյանի դատական մատչելիության իրավունքի խախտման:

9. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`

(...)

8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը»:

10. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատական մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով2,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը3,

- դատական մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն4,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա5: Դատական մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի6:

11. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատական մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»7:

12. Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման8:

12.1. Վկայակոչելով վերաքննիչ բողոք բերելու հետ կապված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխով նախատեսված կարգավորումները, Սահմանադրական դատարանն արձանագրել է. «[Դրանք] իրենց ընդհանուր բովանդակությամբ միտված են նախատեսելու իրավական միջոցներ, ընթացակարգեր՝ քրեական վարույթի շրջանակներում վերաքննության կարգով դատական բողոքարկման՝ անձանց սահմանադրական իրավունքի իրացման համար: Հետևաբար, իրավական այդ նպատակին ընդհանուր միտվածությունը հետապնդում է Սահմանադրությամբ նախանշված նպատակ, քանի որ այդ կարգավորումներն օբյեկտիվորեն կոչված են ապահովելու Սահմանադրության նորմերի կիրառումը:

Միաժամանակ վերոհիշյալ իրավակարգավորման ամբողջական վերլուծությունից հետևում է, որ այն պարունակում է նաև վերաքննիչ բողոքին ներկայացվող զուտ բովանդակային պահանջներ: Այսպես` բողոք բերող անձը պարտավոր է շարադրել «բողոքի հիմքերը և պահանջը», «վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ՝ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը», «առկայության դեպքում` այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները, և որոնք պետք է հետազոտվեն վերաքննիչ դատարանում, այդ թվում` նաև առաջին ատյանի դատարանում նախօրոք չհետազոտված ապացույցները»:

Նման պայմաններում ակնհայտ է, որ վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել»9:

12.2. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Սահմանադրական դատարանը փաստել է. «(…) [Ք]րեական վարույթի շրջանակներում դատարանի կողմից վերաքննիչ բողոքը քննության ընդունելու նախապայմանների որևէ խախտման դեպքում (օրինակ՝ դատարանի անվանումը և բողոքին կցվող նյութերի ցանկը չնշելը, բողոք ներկայացնող անձի ստորագրության բացակայությունը և այլն) վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության։ Գրեթե նույնաբովանդակ նորմ է պարունակում նաև Օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասը՝ համաձայն որի՝ «(…) բողոքը կարող է թողնվել առանց քննության և վերադարձվել դատավարության մասնակցին, եթե այն ստորագրված չէ նրա կամ նրա ներկայացուցչի կողմից կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին»։ Արդյունքում՝ բողոք բերած անձը զրկվում է իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված հիմքերով վերադաս դատական ատյանի (տվյալ դեպքում՝ վերաքննիչ դատարանի) կողմից վերանայման՝ Սահմանադրության 69-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքի իրացման հնարավորությունից։ (…) [Ա]նձի՝ դատական բողոքարկման իրավունքի իրացման վերոհիշյալ նախապայմանները նախատեսելիս օրենսդիրն ըստ էության տարբերակված մոտեցում չի դրսևորել այս կամ այն նախապայմանի խախտման և դրան հաջորդող հնարավոր իրավական հետևանքների առումով՝ կապված, մասնավորապես, բողոքի ներկայացման շրջանակներում ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող այս կամ այն վրիպումը (սխալը) շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու իրավական հնարավորության նախատեսման հետ, ինչն առկա է քաղաքացիական և վարչական գործերով արդարադատական գործող ընթացակարգերում։ Սակայն, տարբերակված մոտեցում առկա է [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքում` վճռաբեկ բողոքարկման ընթացակարգում։ [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 414.1-րդ հոդվածն ըստ էության սահմանազատել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու և այն առանց քննության թողնելու դեպքերը։

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով, սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը։ Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին։ (...)

Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթը՝ վերաքննիչ բողոքի ներկայացման շրջանակներում չի կարող ընկալվել և կիրառվել որպես բողոքը դատարանի կողմից վերադարձնելու իրավական հիմք, եթե առկա է հիշյալ նորմում մատնանշված սխալները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու ողջամիտ հնարավորություն (…)»10։

12.3. Վերոգրյալի hիման վրա Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, (…), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապատասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու և կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորությունը, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին։

12.4. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև փաստել, որ թեև Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող դրույթը ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը հակասող, դրա ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2018 թվականի դեկտեմբերի 1-ը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ պետք է հաշվի առնվի իր կողմից կայացված որոշման հրապարակման դրությամբ և մինչև համապատասխան օրենսդրական կարգավորումն ընկած ժամանակահատվածում անձանց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման իրենց իրավունքի իրացման երաշխավորման անհրաժեշտությունը11:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 28-ի որոշման դեմ դիմողներ Քաջիկ և Սուսաննա Մանուկյանների ներկայացուցիչ Ա.Սաղաթելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջներից` բողոքը ներկայացրած անձի ստորագրության բացակայության հիմքով12։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-12.4-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը չստորագրելու ձևական պահանջի չպահպանման հիմքով Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելն անհամաչափորեն սահմանափակել է բողոքաբերի դատական մատչելիության իրավունքը։

Մասնավորապես, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող` բողոքի ստորագրման` իր բնույթով ձևական պահանջը շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում բողոքն առանց քննության թողնելը դիմողին զրկել է դատական բողոքարկման իր իրավունքից` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի իմաստով կայացվել է վերջնական որոշում, որը բացառել է գործով վարույթը Վերաքննիչ դատարանում սկսելու հնարավորությունը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորագրված չլինելու հիմքով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը հանգեցրել է դիմող Ք.Մանուկյանի դատական մատչելիության իրավունքի խախտման:

15. Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմողներ Քաջիկ Համայակի Մանուկյանի և Սուսաննա Արամայիսի Մանուկյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 124-125:

2 Տե՛ս Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

3 Տե՛ս նույն տեղում:

4 Տե՛ս Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

5 Տե՛ս Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6 Տե՛ս Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

8 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-րդ կետ:

9 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.3-րդ կետ:

10 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.5-րդ կետ:

11 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան