Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.08/1(1454) Հոդ.11
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.04.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԿԴ/0010/01/17

ԿԴ/0010/01/17

Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան  

Դատավորներ՝  

Ա. Դանիելյան

  Ռ. Բարսեղյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ե. Դանիելյանի

   

Լ. Թադևոսյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

2018 թվականի ապրիլի 18-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարեն Մաքսիմի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 49154717 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝  2017 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Վարեն Մաքսիմի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի մայիսի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 17-ի դատավճռով ամբաստանյալ Վ.Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալ Վ.Ավետիսյանի և նրա պաշտպան Մ.Մկրտչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել և պատժի մասով փոփոխել է Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը և ամբաստանյալ Վ.Ավետիսյանի նկատմամբ պատիժ է նշանակել կալանք` 1 ամիս ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մարտի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Վ.Ավետիսյանի պաշտպան Մ.Մկրտչյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Վ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2016 թվականի ամռան վերջերին իր` Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 3-րդ փողոցի 13-րդ փակուղու 3/1 տան հողամասում վայրի աճած կանեփի բույսի թփերից` առանց իրացնելու նպատակի, իր օգտագործելու համար, ապօրինի պատրաստել և իր վերը նշված տանը պահել է զգալի չափի` 0,1895 գրամ ընդհանուր քաշով տետրահիդրոկաննաբինոլ տեսակի թմրամիջոց, որը 2017 թվականի մարտի 28-ին տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 64):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Ամբաստանյալ Վ.Ավետիսյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս` դատարանը հաշվի է առնում ինչպես վերջինիս կողմից կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այնպես էլ նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Որպես ամբաստանյալ Վ.Ավետիսյանի անձը բնութագրող տվյալներ` դատարանը հաշվի է առնում վերջինիս կողմից կատարված հանցանքի համար զղջալը, նախաքննության ընթացքում ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ տալն, իր նկատմամբ մեղմ վարվելու խնդրանքը, ինչպես նաև ըստ բնակության վայրի դրական բնութագրվելը:

Որպես ամբաստանյալ Վ.Ավետիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` դատարանը հաշվի է առնում վերջինիս առողջական վիճակը. ըստ գործում առկա բժշկական փաստաթղթերի` Վ.Ավետիսյանը դիսպանսեր հաշվառման մեջ է գտնվում «Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում` «սրտի իշեմիկ հիվանդություն, լարվածության ստենոկարդիա ֆ.դ 3-4, հետինֆարկտային կարդիոսկլերոզ, զարկերակային հիպերտենզիա 3 աստիճանի, սրտային անբավարարություն, դիսցիրկուլյատոր անգգիոէնցեֆալոպաթիա, ասթենո-վեգետատիվ համախտանիշ, խրոնիկ պանկրեատիտ, խրոնիկ վիրուսային հեպատիտ» ախտորոշմամբ, ինչպես նաև 1990թ.-ից մինչև 1992թ. ԼՂՀ ազատագրական և ՀՀ պաշտպանական մարտական գործողություններին մասնակցելը:

Որպես ամբաստանյալ Վ.Ավետիսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք` դատարանը հաշվի է առնում հանցանքը կատարելու ռեցիդիվը:

(…)

Ելնելով պատժի արդարացիության սկզբունքից և հաշվի առնելով գործի կոնկրետ փաստական հանգամանքները` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով:

ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկին պատիժը բավարար չի եղել անձի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները:

Նույն օրենսգրքի 2-րդ մասի համաձայն` հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից:

Վերը շարադրվածի հիման վրա` դատարանն արձանագրում է, որ Վարեն Ավետիսյանի նկատմամբ հանցանքի կատարման ռեցիդիվի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել` 6 ամիս ժամկետից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը մի շարք այլ հարցերի հետ միասին պետք է լուծի նաև այն հարցը, թե ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, թե ոչ:

Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Վարեն Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժն առանց փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության հանգամանքը, գտնում է, որ ամբաստանյալը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին,  թերթեր 133-134):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանն անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածով սահմանված հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կարգն ամբաստանյալ Վարեն Ավետիսյանի նկատմամբ կիրառելու հարցին, գտնում է, որ նշված հոդվածով սահմանված պատիժ նշանակելու կանոններն ամբաստանյալ Վարեն Ավետիսյանի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածն ընդունվել է 2011 թվականի մայիսի 23-ին, իսկ նա դիտավորյալ հանցանքի համար դատապարտվել է նախքան 2011 թվականը: Այսինքն` մինչև վերոնշյալ նորմի ուժի մեջ մտնելն անձն ունեցել է իրավական վիճակ` քրեաիրավական առումով նա հանդիսացել է դատվածություն ունեցող անձ, իսկ քրեադատավարական առումով` դատապարտյալ: Իսկ նշված իրավադրույթները տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող են, քանի որ ի տարբերություն նախորդ դատապարտությունների ժամանակ գործող կարգավորումների` ներկայում ռեցիդիվը ոչ միայն պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է, այլև` անձի նկատմամբ ավելի խիստ պատիժ նշանակելու հանգամանք:

ՀՀ Սահմանադրության (փոփոխություններով) 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Նմանատիպ նորմեր նախատեսված են նան ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն` արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, իսկ 3-րդ մասի համաձայն` պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ամբաստանյալ Վարեն Ավետիսյանի նկատմամբ չէր կարող պատիժ նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածով սահմանված պատիժ նշանակելու կանոնների կիրառմամբ:

Վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Վարեն Ավետիսյանի կողմից կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նրա անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող վերոգրյալ հանգամանքները, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Վարեն Ավետիսյանի նկատմամբ պատժի տեսակը որոշելիս հանգել է սխալ հետևության և ամբաստանյալի նկատմամբ նշանակել է խիստ պատիժ:

(…)

Հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբաստանյալ Վարեն Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով պետք է փոփոխել և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ պետք է նշանակել կալանքի ձևով:

(…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 33-34):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ, 13-րդ և 67.1-րդ հոդվածներով նախատեսված քրեաիրավական նորմերը:

Բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման ամբաստանյալ Վ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով սահմանված կանոններով պատիժ նշանակելիս` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս դատվածություն ունի նախկինում կատարած դիտավորյալ հանցագործության համար: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Վ.Ավետիսյանի նկատմամբ չէր կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածը, քանի որ այն ՀՀ քրեական օրենսգրքում լրացվել է 2011 թվականի մայիսի 23-ին, իսկ ամբաստանյալ Վ.Ավետիսյանը ռեցիդիվը կազմող առաջին արարքը կատարել է նախքան քրեական օրենքում նշված լրացումը կատարելը, այսինքն՝ նախքան 2011 թվականի մայիսի 23-ը:

Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից արարքում ռեցիդիվի առկայությունը գնահատվել և պատիժ է նշանակվել Վ.Ավետիսյանի երկրորդ՝ այդ նորմերի գործողության ժամանակ կատարված հանցագործության համար, այլ ոչ թե առաջինի, իսկ նշանակված պատիժն էլ երկրորդ արարքի քրեաիրավական հետևանքն է: Ուստի Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման` տվյալ գործով ռեցիդիվի կանոնների կիրառումն անթույլատրելի համարելով:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը  և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 17-ի դատավճռին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությունների ռեցիդիվ գնահատելու և ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կարգը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածը կիրառելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու կանոնն ամբաստանյալ Վարեն Ավետիսյանի նկատմամբ կիրառելի չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար»:

Հանցագործությունների ռեցիդիվի հատկանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Սամվել Բալյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ հանցագործությունների ռեցիդիվը բնութագրվում է.

1) քանակական հատկանիշով (երկու կամ ավելի հանցանք կատարելը),

2) որակական հատկանիշներով, որոնք են`

ա) միայն դիտավորությամբ հանցանքներ (տարաբնույթ, նույնական կամ համանման) կատարելը,

բ) այդ հանցագործությունները հաջորդաբար և ժամանակային ընդմիջմամբ կատարելը,

գ) նախկինում կատարված հանցանքի (հանցանքների) համար չհանված կամ չմարված դատվածության առկայությունը, պայմանով, որ այդ հանցանքը (հանցանքները) կատարվել է (են) անձի տասնութ տարին լրանալուց հետո: Ընդ որում` մինչև տասնութ տարին լրանալը անձի կողմից կատարած հանցանքները ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում» (տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամվել Բալյանի վերաբերյալ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԿԴ1/0059/15/13 որոշումը, 13-րդ կետը):

12. Վերահաստատելով և զարգացնելով վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցագործությունների ռեցիդիվը ձևավորվում է քանակական և որակական հատկանիշների միաժամանակյա առկայության պարագայում, այն է` նախկինում կատարված դիտավորյալ հանցանքի համար չմարված կամ չհանված դատվածության պայմաններում անձի կողմից նոր դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում:

Թեպետ անձի ունեցած դատվածությունը պարտադիր նախադրյալ է վերջինիս արարքում հանցագործությունների ռեցիդիվ գնահատելու համար, այնուամենայնիվ այն ինքնին` առանց նոր դիտավորյալ հանցագործության, չի կարող ռեցիդիվ ձևավորել: Այսպես` հանցագործությունների ռեցիդիվը ձևավորվում է միայն այն ժամանակ, երբ դիտավորյալ հանցագործության համար չհանված կամ չմարված դատվածության պայմաններում անձը կատարում է նոր դիտավորյալ արարք: Այլ կերպ` անձի արարքում ռեցիդիվի` որպես բազմակիության ինքնուրույն տեսակի գնահատման իրավական հիմքերն առաջանում են անձի կողմից նոր դիտավորյալ հանցանք կատարելու պահից:

13. ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:

2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի: (…)»:

Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու հիմնախնդրին Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է իր նախադեպային որոշումների շրջանակներում` ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը ենթադրում է, որ անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե արարքը կատարելու ժամանակ գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել, ինչպես նաև` հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն այն օրենքով, որը գործել է նրա կողմից արարքը կատարելու ժամանակ: Nullum crimen, nulla poena sine lege սկզբունքի բաղադրամասերից է նաև այն դրույթը, համաձայն որի` չի կարող կիրառվել ավելի ծանր պատիժ, քան այն, որն օրենքով կիրառելի է եղել հանցագործության կատարման պահին (տե՛ս Գասպար Պողոսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11, Վաղարշակ Գալոյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշումները):

13.1. Քրեական օրենքի` ժամանակի ընթացքում գործողության ընդհանուր կանոնը ենթադրում է, որ կատարված արարքի հանցավորությունը, դրա համար նախատեսված պատիժները և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են տվյալ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Գործող օրենք ասելով պետք է հասկանալ միայն հրապարակված և ուժի մեջ մտած օրենքը: Այսինքն` իրավասու մարմինը հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս պետք է ղեկավարվի հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի և քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սահմանված կարգով հրապարակված և ուժի մեջ մտած օրենքի անհապաղ ներգործությունը ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն է` անկախ այն հանգամանքից` նոր օրենքն իր բնույթով վատթարացնող է, թե ոչ: Վերոնշյալը պայմանավորված է նրանով, որ ակտի հրապարակման պահից մինչև դրա ուժի մեջ մտնելն ընկած համապատասխան ժամանակահատվածում հասցեատերն արդեն իսկ հնարավորություն է ունենում ծանոթանալու օրենքի բովանդակությանը և իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին: Նշված ընդհանուր կանոնից միակ բացառությունը քրեական օրենքի հետադարձության կանոնն է, որի համաձայն` հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նոր օրենքն ունի հետադարձ ուժ:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ 

«Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ են`

1) հանցանքը կատարելու ռեցիդիվը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները:

2. Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից: (…)»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից երևում է, որ հանցագործությունների ռեցիդիվը դիտվում է որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք, որի դեպքում պատժի խստացումը կատարվում է ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով սահմանված կարգով: Հարկ է նկատել, որ ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու հատուկ կանոն նախատեսող 67.1-րդ հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքում լրացվել է 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված ՀՕ-143-Ն օրենքով: Նախքան վերոնշյալ փոփոխությունը, ռեցիդիվը դիտվում էր միայն որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք, և դատարանն անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակն ու չափը որոշում էր իր հայեցողությամբ: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու հատուկ կանոնի նախատեսումը պայմանավորված է ռեցիդիվային հանցավորության բարձր վտանգավորությամբ, քանի որ անձը, իր նախկին հակաօրինական գործունեությանը պետության կողմից տրված բացասական գնահատականի պայմաններում նոր հանցանք կատարելով, արտահայտում է իր արհամարհական վերաբերմունքը հասարակության և պետության շահերի նկատմամբ, ցույց է տալիս, որ նշանակված պատիժն արդյունավետ չի եղել պատժի նպատակների իրացման տեսանկյունից (տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամայիս Հարությունյանի վերաբերյալ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՍԴ/0204/01/13 որոշումը):  

15. Ընդհանրացնելով սույն որոշման 11-14-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս պետք է ղեկավարվել այն քրեական օրենքով, որի գործողության ընթացքում ռեցիդիվը ձևավորվում է, այն է` չհանված կամ չմարված դատվածության առկայության պայմաններում նոր դիտավորյալ հանցանք կատարելու պահին գործող քրեական օրենքով: Այսպես` եթե հանցագործությունների ռեցիդիվն անձի արարքում փաստացի գնահատվում է ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո, ապա պատիժը նշանակվում է տվյալ հոդվածով սահմանված կարգով: Մասնավորապես, դատարանն ընտրում է համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատիժը, իսկ ռեցիդիվի տեսակով պայմանավորված` նվազագույն պատժաչափը որոշակի համամասնությամբ պարտադիր խստացվում է. ռեցիդիվի դեպքում նշանակված պատիժը չի կարող պակաս լինել օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից, վտանգավոր ռեցիդիվի դեպքում` երկու երրորդից, իսկ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում` երեք քառորդից: Միևնույն ժամանակ դատարանը հաշվի է առնում նախկինում կատարված հանցանքների քանակը, բնույթն ու ծանրությունը, այն հանգամանքները, որոնց ուժով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները (ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Թամարյանի վերաբերյալ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԼԴ/0039/01/15 որոշումը): 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Վ.Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև վերջինիս անձը բնութագրող տվյալները, այն է` կատարված հանցանքի համար զղջալը, նախաքննության ընթացքում ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, դրական բնութագրվելը, առողջական վիճակը, 1990-1992թթ. ԼՂՀ ազատագրական և ՀՀ պաշտպանական մարտական գործողություններին մասնակցելը: Առաջին ատյանի դատարանը որպես Վ.Ավետիսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել հանցանքը կատարելու ռեցիդիվը և պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով սահմանված կարգով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու կանոնը Վ.Ավետիսյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այն ընդունվել է 2011 թվականի մայիսի 23-ին, իսկ ամբաստանյալը դիտավորյալ հանցանքի համար դատապարտվել է նախքան 2011 թվականը: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ մինչև վերոնշյալ նորմն ուժի մեջ մտնելն անձն ունեցել է իրավական վիճակ` հանդիսացել է դատվածություն ունեցող անձ, իսկ քրեադատավարական առումով եղել է դատապարտյալ: Նշված իրավադրույթները դատարանի համոզմամբ անձի վիճակը վատթարացնող են, քանի որ ի տարբերություն նախորդ կարգավորումների` ներկայումս ռեցիդիվը ոչ միայն պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է, այլև անձի նկատմամբ ավելի խիստ պատիժ նշանակելու հիմք: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակել է խիստ պատիժ, դատավճիռը պատժի մասով փոփոխել է և պատիժ է նշանակել կալանքի ձևով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեպետ ամբաստանյալ Վ.Ավետիսյանը դիտավորյալ հանցագործության համար դատապարտվել է նախքան 2011 թվականի մայիսի 23-ը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, այսինքն` նախքան 67.1-րդ հոդվածով օրենսգիրքը լրացնելը, այնուամենայնիվ նոր դիտավորյալ հանցանքը կատարել է վերոնշյալ փոփոխությունից հետո` 2016 թվականին, որն էլ իրավական հիմք է ռեցիդիվի առկայությունը փաստելու համար: Այլ կերպ` հանցագործությունների ռեցիդիվը ձևավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի գործողության պայմաններում, հետևաբար Առաջին ատյանի դատարանն իրավամբ Վ.Ավետիսյանի արարքում ռեցիդիվ է գնահատել և պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով սահմանված կարգով: Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանի համոզմամբ բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնից, ըստ որի` արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Ուստի նկատի ունենալով, որ սույն գործով հանցավոր արարքն ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածը ուժի մեջ մտնելուց հետո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ խնդրո առարկա իրավադրույթներն անձի վիճակը վատթարացնող են, հետևաբար հետադարձ ուժ չեն կարող ունենալ, հիմնազուրկ է (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):

18. Հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու կանոնն ամբաստանյալ Վարեն Ավետիսյանի նկատմամբ կիրառելի չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ:

Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Վ.Ավետիսյանի նկատմամբ պատժի տեսակը որոշելիս հանգել է սխալ հետևության և արդյունքում Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով և պատժի մասով փոփոխելով` թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 22-րդ և 67.1-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 17-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վարեն Մաքսիմի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 17-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
    Ե. Դանիելյան
    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան