ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵՇԴ/0125/01/14 ԵՇԴ/0125/01/14
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան
Դատավորներ՝ Կ. Ղազարյան
Լ. Թադևոսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. ԱՎԵՏԻՍյանի մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի ա. պողոսՅԱՆԻ Ս. Օհանյանի Մ. Ավագյանի
քարտուղարությամբ`
2018 թվականի հունիսի 15-ին ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ Վարտգեզ Լիվանի Գասպարիի պաշտպաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2016 թվականի մարտի 29-ի դատավճռով Վարտգեզ Լիվանի Գասպարին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով Վ.Գասպարիի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 250.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Վ.Գասպարիի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ` ամբաստանյալ Վ.Գասպարիի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է, և վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 450.000 ՀՀ դրամի չափով։
2. Վերոհիշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Վ.Գասպարիի պաշտպաններ Լ.Հակոբյանի, Տ.Եգորյանի և Դ.Գյուրջյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2016 թվականի մայիսի 27-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Գասպարիի պաշտպան Տ.Եգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է։
4. Որպես նոր հանգամանք վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը` Վ.Գասպարիի պաշտպաններ Տ.Եգորյանը և Դ.Գյուրջյանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հունիսի 1-ին որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու և Վ.Գասպարիի պաշտպաններ Տ.Եգորյանի և Դ.Գյուրջյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ. «(...) Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 196)։
6. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ. «(...) Առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման մեկամսյա ժամկետը հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե դատավարության մասնակիցն ունի առնվազն 25 օր ժամանակ՝ բողոք ներկայացնելու համար։
(...) Ինչպես երևում է վերաքննիչ բողոքից, վերաքննիչ բողոքի կից փաստաթղթերից և քրեական գործի նյութերից՝ Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճռի օրինակը ամբաստանյալ Վարդգես Գասպարիի պաշտպաններ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը ստացել են 2016 թվականի ապրիլի 4-ին, ուստի սույն գործով վերաքննիչ բողոք բերելու վերջնաժամկետը լրացել է 2016թ.-ի ապրիլի 29-ին, մինչդեռ պաշտպանները վերաքննիչ բողոքը «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ին են հանձնել 2016թ. մայիսի 4-ին՝ Առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման համար նախատեսված դատավարական ժամկետի խախտմամբ։
(...) Նկատի առնելով, որ ամբաստանյալ Վարդգես Գասպարիի պաշտպաններ Լուսինե Հակոբյանի, Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել առանց քննության։
(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 19-26)։
7. «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին որոշել է՝
«1. (...)
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ հոդվածի՝ «պետք է հանձնվի» և «հանձնվում է» արտահայտությունները նշանակում են ամբողջական ակտի՝ ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելն օրենքով նախատեսված սուբյեկտներին՝ պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը։
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորում է դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետն ամբողջությամբ՝ առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա դիմողի վերաքննիչ բողոքի ընդունելիության վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքների հիմքով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման եզրափակիչ մասի երկրորդ և երրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ։
(...)» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Վճռաբեկ բողոքի հեղինակները նշել են, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 29-ի դատավճիռը ստացել են նույն տարվա ապրիլի 4-ին՝ հրապարակման պահից 6 օր անց, և դրա դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ստացման պահից 1-ամսյա ժամկետի պահպանմամբ՝ 2016 թվականի մայիսի 4-ին։ Վերաքննիչ դատարանը, հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վրա, դատավճռի դեմ ներկայացված բողոքը 2016 թվականի մայիսի 27-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Գասպարիի պաշտպան Տ.Եգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է։ Վ.Գասպարիի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1394 որոշումը, որով, ի թիվս այլնի, իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ դիմող Վ.Գասպարիի վերաքննիչ բողոքի ընդունելիության վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքների հիմքով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողի նկատմամբ կիրառվել են Սահմանադրական դատարանի տվյալ որոշման եզրափակիչ մասի երկրորդ և երրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ։
9. Վ.Գասպարիի պաշտպաններ Տ.Եգորյանը և Դ.Գյուրջյանը որպես նոր հանգամանք վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը՝ Վճռաբեկ դատարանին խնդրել են բեկանել թիվ ԵՇԴ/0125/01/14 գործով կայացված դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մայիսի 27-ի որոշումն ամբողջությամբ և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ վերաքննիչ բողոքի հիմքերի սահմաններում նոր քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը հիմք է արդյոք վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մայիսի 27-ի դատական ակտը բեկանելու համար։
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն՝ «Դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին։ (…)»։ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերվում է այն հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.
(…)։
2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 1-ին կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ (…) [դրա] ուժի մեջ մտնելու պահից»։
«Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին որոշել է՝
«1. (...)
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ հոդվածի՝ «պետք է հանձնվի» և «հանձնվում է» արտահայտությունները նշանակում են ամբողջական ակտի՝ ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելն օրենքով նախատեսված սուբյեկտներին՝ պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը։
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորում է դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետն ամբողջությամբ՝ առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա դիմողի վերաքննիչ բողոքի ընդունելիության վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքների հիմքով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման եզրափակիչ մասի երկրորդ և երրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ։
(...)»։
ՀՀ սահմանադրական դատարանն իր վերոնշյալ որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝
«(...) բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա վերադաս դատական ատյան բողոք բերելու համար հիմք պետք է ընդունել օրենքով նախատեսված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման,
(...)
(...) Հիմք ընդունելով սույն որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն այս իրավիճակում պահպանում է իր նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման հնարավորությունը։
(...)»։
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 29-ի դատավճիռը Վ.Գասպարիի պաշտպանները ստացել են 2016 թվականի ապրիլի 4-ին և դրա դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ստանալու պահից 1-ամսյա ժամկետում՝ 2016 թվականի մայիսի 4-ին։ Վերաքննիչ դատարանը, հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վրա, դատավճռի դեմ ներկայացված բողոքը 2016 թվականի մայիսի 27-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Գասպարիի պաշտպան Տ.Եգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է։
13. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 11-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը վերանայելու և վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մայիսի 27-ի դատական ակտը բեկանելու հիմք է։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման վերանայման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մայիսի 27-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ, 426.9-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վարտգեզ Լիվանի Գասպարիի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը վերանայել։
2. Վարտգեզ Լիվանի Գասպարիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի մայիսի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ`
Հ. Ասատրյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան