Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.08/1(1454) Հոդ.6
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.06.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0074/01/17

ԵԿԴ/0074/01/17  

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ՝

Ա. Ազարյան

Մ. Պապոյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ
դատախազ`

Ա. Առաքելյանի

ամբաստանյալ` Լ. Վերանյանի

2018 թվականի հունիսի 15-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15144916 քրեական գործը:

2017 թվականի հունվարի 26-ին Լուկաշ Վերանյանը ձերբակալվել է։

2017 թվականի հունվարի 28-ին Լ.Վերանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 28-ի որոշմամբ Լ.Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով և որպես գրավի չափ է սահմանվել 1.000.000 ՀՀ դրամը:

2017 թվականի փետրվարի 2-ին Տիգրան Ավետիսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

2017 թվականի մարտի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 19-ի դատավճռով արագացված դատական քննության կարգի կիրառմամբ Լ.Վերանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, որին հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով։ Նույն դատավճռով դատապարտվել է նաև Տ.Ավետիսյանը:

3. Վերոնշյալ դատավճռի դեմ Լ.Վերանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով մեղադրող Ա.Առաքելյանի բերած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 19-ի դատավճիռը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Լ.Վերանյանը մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այն արարքի համար, որ նա «2016թ. օգոստոսի 14-ին` ժամը 02։00-ին, Երևանի Տերյան 105/1 հասցեում գտնվող «Առլի» կարաոկե ակումբում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ բացահայտ անթաքույց արհամարհանք դրսևորելով` կատարել է խուլիգանություն։

Այսպես՝ 2016թ. օգոստոսի 13-ին` ժամը 24։00-ի սահմաններում, Լուկաշ Վերանյանն ընկերների՝ Տիգրան Ավետիսյանի, Էդուարդ Արսենյանի, Վահան Գևորգյանի, Գարիկ Ստեփանյանի, ինչպես նաև ընդհանուր մտերիմներ Վեներա Եսոյանի, Արմինե Եսոյանի, Վերա Սիրունյանի հետ միասին, ժամանակ անցկացնելու նպատակով այցելել են Երևան քաղաքի Տերյան 105/1 հասցեում գործող «Առլի» կարաոկե ակումբ, որտեղ գործածել են ալկոհոլ։ Արդեն օգոստոսի 14-ին` ժամը 02։00-ի սահմաններում, Լուկաշ Վերանյանը և Գարիկ Ստեփանյանն իրենց հետ ակումբ եկած աղջիկների հետ պարել են ակումբի պարահրապարակում, իսկ այդ նույն ընթացքում Տիգրան Ավետիսյանը կանգնած է եղել պարահրապարակից դեպի սեղաններ տանող աստիճանների վրա` դեմքով դեպի պարահրապարակը` ձեռքում պահելով ապակյա շշով ըմպելիք։ Վերջինս իր կողքով անցնող, գործով ինքնությունները չպարզված երկու անձանց հետևից, առանց որևէ պատճառի, խուլիգանական մղումներով, դիտավորությամբ շշի պարունակությունից որոշակի զանգված լցրել է նշված տղաներից մեկի ուղղությամբ, իսկ վերջինս էլ շրջվել և մոտեցել է Տիգրան Ավետիսյանին, որին զուգահեռ նշված տղային թիկունքից մոտեցել է այդ ամենը նկատած Լուկաշ Վերանյանը, միջամտել՝ չթողնելով որևէ մեկին պարզաբանում կատարել, որից հետո նշված տղային ընտրելով որպես հակաօրինական արարքի միջոցով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու թիրախ, շրջապատին հակադրվելու ցանկությամբ, նշված ակումբի հաճախորդների ներկայությամբ իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով, հարձակվել է նրա վրա և ակումբի պարահրապարակում՝ Տիգրան Ավետիսյանի հետ միասին խմբի կազմում, մոտ 1 րոպե տևած վիճաբանության ու քաշքշուկի ժամանակ՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածել նշված տղային, որի արդյունքում խաթարել է ակումբի բնականոն աշխատանքը և ակումբում գտնվող անձանց մոտ ստեղծել վախի մթնոլորտ։

Այնուհետև, շարունակելով իր կողմից հասարակական կարգի կոպիտ խախտումը, հետապնդել է ակումբի սրահից դուրս եկած և գործով ինքնությունները չպարզված նշված անձանց և վերջիններիս նկատել ակումբի մուտքի դիմաց առկա աստիճանների վրա։ Խուլիգանական մղումներից ելնելով, փորձել է գնալ նրանց ուղղությամբ, սակայն չի կարողացել, քանի որ միջամտած անձինք հետ են պահել իրեն, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկան՝ ակումբի մուտքի մոտ տեղադրված մոխրաման-աղբամանը վերցրել և նետել է նշված տղաների ուղղությամբ։ Գործով ինքնությունը չպարզված անձանց հեռանալուց հետո, գտնվելով ակումբի մուտքի դիմացի հատվածում, մոտ 7 րոպե շարունակել է աղմկել՝ խաթարելով «Առլի» կարաոկե ակումբի բնականոն աշխատանքը, որի ընթացքում իրեն պատկանող և նշված ակումբի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Ե 240» մակնիշի 80 AV 001 հաշվառման համարանիշների ավտոմեքենայի նստատեղերի միջնամասից վերցրել է «ATMACA 2008 LIGHT» մոդելի 57489 համարի գազային ատրճանակը՝ «թողեք խփում եմ» բառերով թափահարել օդում, որից հետո լսելով ոստիկանության աշխատակցի հորդորը ատրճանակը վայր դնելու վերաբերյալ՝ հնազանդվել է և այն դրել ավտոմեքենայի սրահում, այնուհետև ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին»1:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(…) Մինչ դատաքննություն սկսելն ամբաստանյալներ Տիգրան Ավետիսյանը և Լուկաշ Վերանյանը միջնորդեցին գործը քննել դատական քննության արագացված կարգով` հայտարարելով, որ վերը նշված միջնորդությունը ներկայացնում են կամավոր` նախապես խորհրդակցելով իրենց պաշտպանների հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու իրավական հետևանքները։ Ամբաստանյալները նաև հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքներն իրենց պարզ և հասկանալի են, համաձայն են դրանց հետ, ավելին` առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչում:

Քննության առնելով ամբաստանյալների վերոնշյալ միջնորդությունը, հաշվի առնելով այն, որ երկրորդ մեղադրողը, Դատարանում փոփոխելով մեղադրական եզրակացությունը հաստատելու որոշում կայացնելիս ավագ դատախազ Ռ.Գևորգյանի արտահայտած դիրքորոշումը, չառարկեց գործն արագացված դատաքննության կարգով քննելու դեմ, նկատի ունենալով, որ ամբաստանյալները չափահաս են և մեղսունակ, արձանագրելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 և 375.2 հոդվածներով նախատեսված` գործն արագացված դատաքննության կարգով քննելու հիմքն ու բոլոր պայմանները` Դատարանը, համապատասխան որոշման կայացմամբ, գործը քննեց արագացված դատաքննության կարգով (...)»2:

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) [Վ]երանայման սահմաններից դուրս գալու հնարավորությունը կրում է ոչ թե բացարձակ, այլ սահմանափակ բնույթ, քանի որ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռումը պահանջում է ոչ թե ցանկացած, այլ միայն բացառիկ դեպքերում բողոքի սահմաններից դուրս գալու հնարավորության ընձեռում:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մինչ մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքի նպատակահարմարությանն անդրադառնալն, անհրաժեշտ է դուրս գալ վերաքննիչ բողոքարկման սահմաններից, քանի որ սույն գործով հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման ապահովման անհրաժեշտությունից ելնելով առկա է դատական ակտի բեկանման հիմք:

(…)

Վերաքննիչ դատարանը (...) գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է մերժի [արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին] (...) միջնորդությունը, երբ պարզում է, որ

1) առկա է ակնհայտ անհամապատասխանություն ամբաստանյալին մեղսագրված արարքին տված իրավական գնահատականի և արարքի փաստական կողմի միջև,

2) ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն առերևույթ վիճահարույց է:

(…)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ կատարված արարքի և դրան տրված իրավական գնահատականի ակնհայտ անհամապատասխանության մասին կարելի է խոսել այն դեպքերում, երբ գործով առկա փաստական հանգամանքների ամբողջությունն առերևույթ վկայում է արարքին ավելի մեղմ պատասխանատվություն սահմանող օրենքով իրավական գնահատական տալու հնարավորության մասին: (…)

Ինչ վերաբերում է «առերևույթ վիճահարույց մեղադրանք» հասկացությանը, ապա (…) այստեղ խոսքը գնում է այն աստիճան վիճահարույց մեղադրանքի մասին, երբ դատարանը ողջամիտ կասկածներ ունի այն մասին, որ եթե գործի քննությունն իրականացվի ընդհանուր կարգով հնարավոր է ամբաստանյալի նկատմամբ էլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն, ընդ որում` վիճելի իրավիճակը կարող է պայմանավորված լինել մեղադրանքի փաստական (...) [կամ իրավական] կողմով:

(…)

(...)

Ինչպես երևում է մեղադրանքի ձևակերպումից, ամբաստանյալ Լուկաշ Վերանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթադրյալ արարքը կատարվել է այդ հոդվածի իմաստով «որպես զենք» օգտագործվող մոխրաման-աղբամանի միջոցով: (...)

(...) Վերաքննիչ դատարանը (...) արձանագրում է, որ այդ առարկան որպես իրեղեն ապացույց չի ճանաչվել և չի կցվել սույն գործի նյութերին: Այս առումով Վերաքննիչ դատարանը, չկանխորոշելով գործի ելքը, անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ինքնին հանցագործության գործիքի բացակայությունը չի ենթադրում, որ անձին հնարավոր չէ մեղադրանք առաջադրել այն հոդվածով (...), որով այն (զենք, հանցանքը կատարելու համար հարմարեցված առարկաներ և այլն) դիտվում է որպես տվյալ արարքը որակյալ դարձնող հատկանիշ: (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նույնիսկ այն պարագայում, երբ բացակայում է հանցագործության գործիքը, սակայն գործում առկա մյուս հավաստի տվյալներով հնարավոր է այն նույնացնել, պատկերացում կազմելով առարկայի հատկանիշների մասին, ապա հնարավոր է նաև հաստատված համարել արարքի կատարման փաստը (...):

(...)

Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով սույն որոշման մեջ արտացոլված իրավական դիրքորոշումները հանգում է այն հետևության, որ սույն պարագայում Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր բավարարել ամբաստանյալի միջնորդությունը և կիրառել գործի քննության արագացված կարգ, քանի որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ակնհայտ վիճահարույց է և գործի հանգամանքները հնարավորություն են տալիս ողջամտորեն եզրակացնելու, որ գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու դեպքում հնարավոր է հասնել ամբաստանյալի համար առավել բարենպաստ ելքի: Այլ կերպ, Առաջին ատյանի դատարանը պետք է մերժեր ամբաստանյալի միջնորդությունը և գործի ընդհանուր կարգով քննության արդյունքում մյուս փաստական տվյալների միջոցով պարզեր, թե արդյո՞ք հանցագործության գործիքն իր հատկանիշներով և այլ առանձնահատոկություններով այնպիսինն է եղել, որ կարող է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով գնահատվել «որպես զենք» օգտագործվող առարկա: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի ուժով պետք է անխուսափելիորեն հանգեցնի կայացված դատական ակտի բեկանմանը (...)»3:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

8.1. Մասնավորապես՝ բողոքի հեղինակը, հղում կատարելով արագացված դատական քննության անցկացման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մի շարք գործերով արտահայտած իրավական դիրքորոշումներին, նշել է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, որոնք շրջանցելու հնարավորությունը չի կարող անսահմանափակ լինել: Այդ սահմաններից դուրս գալու բացարձակ հնարավորությունը կհանգեցնի անկանխատեսելիության և կողմերի իրավունքների խախտման, ինչպես նաև կխախտի դատական տարբեր օղակների միջև ողջամիտ գործառութային կապը: Մինչդեռ սույն գործով, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը կամայականորեն դուրս է եկել մեղադրողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից և խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.4-րդ հոդվածը և 395-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` գնահատել է Առաջին ատյանի դատարանում չհետազոտված ապացույցները: Այնինչ, Վերաքննիչ դատարանը չի արձանագրել ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու որևէ անվերապահ հիմք և գործն արագացված կարգով քննելու իրավաչափությունը կասկածի տակ է դրել մեղադրանքի վերաբերյալ մոտավոր ու ենթադրական գնահատականների հիման վրա:

8.2. Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի պնդումն այն մասին, թե գործով որպես զենք օգտագործված առարկան իրեղեն ապացույց չի ճանաչվել և չի կցվել գործի նյութերին, որպիսի պարագայում հնարավոր չէ պատկերացում կազմել դրանով մարդկանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորության մասին, հիմնավոր չէ:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս գալու դատավարական կարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. մեղադրողի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից Վերաքննիչ դատարանի կողմից դուրս գալն արդյոք իրավաչափ էր:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «(…) Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է նաև, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ: Այս դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ սույն օրենսգրքի 3091հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով և ժամկետով հետաձգում է դատական նիստը՝ առաջարկելով գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը: (…)»:

Մեջբերված նորմի առնչությամբ Վճռաբեկ դատարանը Արսեն Սերոբյանի և Էդվարդ Պետրոսյանի գործով որոշման շրջանակներում փաստել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ արագացված դատական քննության կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու ընթացակարգը չի բխում դատարանի անկախության սկզբունքից: Վերոնշյալ ընթացակարգը կիրառելիս դատարանն ուղղորդում է մեղադրանքի կողմին կատարել մեղադրանքը խստացման առումով փոփոխելու համար անհրաժեշտ գործողություններ՝ այդպիսով խախտելով մրցակցության սկզբունքն ու անմեղության կանխավարկածը և արդյունքում իրականացնելով արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակման ոչ ճիշտ լինելը որպես դատական քննության արագացված կարգի կիրառումը բացառող նախապայման դիտելը ոչ այլ ինչ է, քան մինչև գործի ըստ էության լուծումը տվյալ վարույթի հանգուցային հարցերի վերաբերյալ դատարանի դիրքորոշման արտահայտում, ինչն օբյեկտիվ հիմքեր է տալիս պնդելու, որ դատարանը, ի սկզբանե, տվյալ գործով որոշակի նախատրամադրվածություն է ունեցել:

Դատական քննության փուլում դատարանի խնդիրը ոչ թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կամ դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու ընթացքում թույլ տրված թերացումներն ու բացթողումները շտկելն է, այլ քրեադատավարական օրենքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ՝ ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունն ու ապացուցվածությունը ստուգելը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանն իրավասու չէ դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժել այն պատճառաբանությամբ, թե ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ կամ թերի է4»:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը.

1.1) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա.

2) դատավճիռը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով.

3) գործը քննվել է ամբաստանյալի բացակայությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված դեպքի.

4) գործը քննվել է պաշտպանի բացակայությամբ« երբ նրա մասնակցությունը« համաձայն օրենքի, պարտադիր էր, կամ այլ կերպ խախտվել է մեղադրյալի` պաշտպան ունենալու իրավունքը.

5) դատարանում խախտվել է մայրենի լեզվից և թարգմանչի ծառայություններից օգտվելու` ամբաստանյալի իրավունքը.

6) անձամբ իր պաշտպանությունն իրականացրած ամբաստանյալին իրավունք չի վերապահվել մասնակցելու դատական վիճաբանություններին.

7) ամբաստանյալին չի տրվել վերջին խոսքի իրավունք.

8) խախտվել է խորհրդակցական սենյակի գաղտնիությունը.

9) գործում բացակայում է դատական նիստի արձանագրությունը.

10) դատավճռում իսպառ բացակայում է դրա նկարագրական-պատճառաբանական մասը.

11) խախտվել է գործի քննության ընդդատությունը»:

Վերահաստատելով մեջբերված նորմերի առնչությամբ Ա.Սաքունցի5, Գ.Ղազարյանի6, Մ.Էլոյանի7 և այլոց, ինչպես նաև Ա.Խուրշուդյանի8, գործերով որոշումների շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Ի.Նունուշյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը փաստել է. «(...) [Վ]երաքննիչ դատարանում դատական վերանայման սահմանափակ բնույթը ենթադրում է, որ դատարանի՝ գործում թույլ տրված դատական սխալները սեփական նախաձեռնությամբ ուղղելու հնարավորությունը սահմանափակ է, այսինքն՝ հանրային շահի համեմատությամբ կողմերի՝ իրենց իրավունքների պաշտպանության համար պատշաճ ջանասիրություն, հետևողականություն դրսևորելու մասնավոր շահը (տնօրինչականության սկզբունք) ունի առավելություն: Միաժամանակ որպես մասնավոր շահի նկատմամբ հակակշիռ, հանրային և մասնավոր շահերի արդյունավետ հավասարակշռության ապահովման անհրաժեշտություն՝ այն չի բացառում վերաքննիչ դատարանի հնարավորությունը դուրս գալու վերանայման սահմաններից, եթե առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական ակտի անվերապահ բեկանման հիմք (կամ անձի նկատմամբ խոշտանգում և վատ վերաբերմունքի այլ ձևեր կիրառելու դեպքերում (այդ մասին մանրամասն տե՜ս Ս.Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵԿԴ/0281/01/10 որոշումը)): Ընդ որում, ինչպես հետևում է վերոգրյալից, վերաքննիչ դատարանի՝ վերանայման սահմաններից դուրս գալու սույն հնարավորությունը կրում է ոչ թե բացարձակ, այլ սահմանափակ բնույթ, քանի որ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռումը պահանջում է ոչ թե ցանկացած, այլ միայն բացառիկ դեպքերում բողոքի սահմաններից դուրս գալու հնարավորության ընձեռում:

Վերոգրյալ դատողությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերը նշված բացառիկ հիմքերի բացակայության պարագայում վերաքննիչ դատարանը զրկվում է վերանայման սահմաններից դուրս գալու իրավական հնարավորությունից, ուստիև պարտավոր է դատական ակտը վերանայել բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում9»:

13.1. Վերահաստատելով և զարգացնելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական ակտի բեկանման օրենսդրի կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված «անվերապահ» պայմանն իրենից ենթադրում է, որ վերադաս դատարանն իրավասու է դուրս գալու բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից այն բացառիկ դեպքերում, երբ եզրահանգում է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել այնպիսի դատական սխալ, որը դատական ակտի իմպերատիվ բեկանման հիմք է: Այսինքն՝ դատական վերանայման սահմաններից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ վերադաս դատական ատյանը եզրահանգի, որ ստորադաս դատարանը ոչ թե առերևույթ (prima facie), այլ հաստատապես թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ: Այլ կերպ՝ ստորադաս դատարանի կողմից այդպիսի դատական սխալ թույլ տրված լինելը պետք է կասկած չհարուցի ու աներկբա լինի, այլ ոչ թե այդ հարցի վերջնական պարզման նպատակով պահանջվի լրացուցիչ քննության իրականացում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքի հնարավոր առկայության կասկածի ուժով դատավարական կողմի բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս գալը իրավաչափ չի կարող համարվել:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով արագացված դատական քննության կարգի կիրառմամբ Լ.Վերանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակվել է ազատազրկում` 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով10:

Նշված դատավճռի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք չի ներկայացրել: Լ.Վերանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը: Մեղադրողի բողոքի հիման վրա Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ դատական վերանայման սահմաններից դուրս գալու հնարավորությունը կրում է ոչ թե բացարձակ, այլ սահմանափակ բնույթ և միայն բացառիկ դեպքերում է կարելի դուրս գալ բողոքարկման սահմաններից, գտել է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ այդ սահմաններից, քանի որ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ առկա է դատական ակտի բեկանման հիմք:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը նշել է, որ արագացված դատաքննության կարգ կիրառելու միջնորդությունը պետք է մերժվի, երբ` ա) առկա է ակնհայտ անհամապատասխանություն մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականի և արարքի փաստական կողմի միջև, որն առերևույթ վկայում է ավելի մեղմ պատասխանատվություն սահմանող օրենքով իրավական գնահատական տալու հնարավորության մասին, բ) ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն առերևույթ վիճահարույց է, այն է` երբ դատարանը ողջամիտ կասկածներ ունի, որ եթե գործի քննությունն իրականացվի ընդհանուր կարգով հնարավոր է ամբաստանյալի նկատմամբ էլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն, ընդ որում, վիճելի իրավիճակը կարող է պայմանավորված լինել մեղադրանքի փաստական կամ իրավական կողմով:

Վերոգրյալի հիման վրա ստորադաս դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր բավարարելու գործի քննության արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալի միջնորդությունը, քանի որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ակնհայտ վիճահարույց է, և գործի հանգամանքները հնարավորություն են տալիս ողջամտորեն եզրակացնելու, որ գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու դեպքում հնարավոր է հասնել ամբաստանյալի համար առավել բարենպաստ ելքի: Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ Առաջին ատյանի դատարանը պետք է մերժեր ամբաստանյալի միջնորդությունը և գործի ընդհանուր կարգով քննության արդյունքում մյուս փաստական տվյալների միջոցով պարզեր, թե արդյոք հանցագործության գործիքն իր հատկանիշներով և այլ առանձնահատկություններով այնպիսինն է եղել, որ կարող է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով գնահատվել «որպես զենք» օգտագործվող առարկա: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի ուժով պետք է անխուսափելիորեն հանգեցնի կայացված դատական ակտի բեկանմանը11:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-13.1.-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը ոչ միայն ոչ իրավաչափ հետևության է հանգել դատական քննության արագացված կարգ չկիրառելու վերաբերյալ, այլև նշելով, որ դատական վերանայման սահմաններից դուրս գալու հնարավորությունը կրում է ոչ թե բացարձակ, այլ սահմանափակ բնույթ և միայն բացառիկ դեպքերում է կարելի դուրս գալ բողոքարկման սահմաններից՝ սույն գործով դատական վերանայման սահմաններից դուրս է եկել բացառիկ հանգամանքների բացակայության պայմաններում:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել դատական վերանայման սահմաններից այն հիմնավորմամբ, թե գործի հանգամանքները հնարավորություն են տալիս ողջամտորեն եզրակացնելու, որ գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու դեպքում հնարավոր է հասնել ամբաստանյալի համար առավել բարենպաստ ելքի, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր բավարարելու գործի քննության արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալի միջնորդությունը: Այդ առնչությամբ Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու հարցում Առաջին ատյանի դատարանի կողմից խախտում թույլ տրված լինելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում Արսեն Սերոբյանի և Էդվարդ Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած և սույն որոշման 12-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներից: Բացի այդ, ինչպես հետևում է Վերաքննիչ դատարանի դատողություններից, վերջինս ոչ թե անվերապահ բեկանման հիմք հանդիսացող անվիճելի դատական սխալների գոյության, այլ դրանց հնարավոր առկայության կասկածի հիմքով է դուրս եկել մեղադրողի բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ անթույլատրելի է:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից Վերաքննիչ դատարանի կողմից դուրս գալն իրավաչափ չէր:

16. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ բողոքաբերի` սույն որոշման 8.2.-րդ կետում բարձրացրած փաստարկին:

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ, 385-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկելու նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Լ.Վերանյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով մեղադրողի ներկայացրած վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան հետևության:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը պետք է թողնել անփոփոխ, քանի որ բացակայում են այն փոփոխելու կամ վերացնելու հիմքերը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Լուկաշ Արթուրի Վերանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Լուկաշ Արթուրի Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնել անփոփոխ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 23-24:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 71-79:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 40-55:

4 Տե՛ս Արսեն Սերոբյանի և Էդվարդ Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0002/01/13 որոշման 16-րդ կետը:

5 Տե՛ս Ա.Սաքունցի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10 որոշման 11-րդ կետը:

6 Տե՛ս Գ.Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 27-րդ կետը:

7 Տե՛ս Մ.Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը:

8 Տե՛ս Ա.Խուրշուդյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11 որոշման 15-րդ կետը:

9 Տե՛ս Ի.Նունուշյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՇԴ/0070/01/13 որոշման 14-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան