Գլխավոր տեղեկություն
Համար
N 711-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.12.2018-31.12.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.20/46(1321) Հոդ.696
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2017 թվականի N 711-Ն

 

ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՕՐԱՊԱՀԻԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասը և 117-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 06.12.18 N 1397-Ն)

1. Սահմանել, որ հարկման բազան որոշելու նպատակով` առանց փաստաթղթերով հիմնավորման հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են`

1) Արցախի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար՝ 12 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով.

2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության) գործուղման օրապահիկի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված օրապահիկի ծախսի գումարը չգերազանցող գումարի չափով.

3) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը (բացառությամբ տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի)` դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 12 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով.

4) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնող աշխատողներին հարկ վճարողի կողմից տրանսպորտային միջոց, ճամբարային վրան կամ անվճար գիշերելու վայր չտրամադրվելու դեպքում` աշխատողի կողմից կատարվող տրանսպորտային և գիշերավարձի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերը չգերազանցող գումարների չափով:

(1-ին կետը խմբ. 06.12.18 N 1397-Ն)

1.1. Եթե աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա նվազեցումը կատարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:

(1.1-ին կետը լրաց. 06.12.18 N 1397-Ն)

2. Սույն որոշման իմաստով`

1) դաշտային պայմաններում կատարվող աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի` մինչև վեց ամիս ժամկետով կատարվող երկրաբանահետախուզական, սեյսմաբանական, տեղագրագեոդեզիական, նախագծահետազոտական, արտակարգ իրավիճակների վերացման և մոնիթորինգի աշխատանքները, հնագիտական, համաճարակաբանական, գյուղատնտեսական և բնապահպանական հետազոտությունը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վիճակի մասնագիտական ուսումնասիրությունն ու հետազոտությունը, հնագիտական պեղումները, գիտական արշավները, եթե դրանք իրականացվում են աշխատավայրերի ու կենցաղի համար ոչ հարմար պայմաններում, ժամանակավորապես տեղակայված են բնակավայրերից դուրս.

2) տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատողների աշխատավայրերի հաճախակի վերատեղաբաշխմամբ կատարվող էներգետիկայի, կապի, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցման և սպասարկման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` մշտապես ճանապարհին կատարվող ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի սպասարկման այն աշխատանքները, որոնց տևողությունը գերազանցում է 12 ժամը, և փոխվում է այն օրացուցային օրը, որի ընթացքում հիմնական աշխատավայրից կատարվել է մեկնումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 26

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.04.2022, N 439-Ն 01.05.2022, N 711-Ն
13.12.2018, N 1460-Ն 31.12.2018, N 711-Ն
06.12.2018, N 1397-Ն 20.12.2018, N 711-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան