Գլխավոր տեղեկություն
Համար
N 502-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.12.2018-21.09.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.485
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2013 թվականի N 502-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները կիրառվում են պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի, ինչպես նաև 50 ու ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ձեռք բերվող դեղերի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 2-ի N 502-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

1. Սույն չափորոշիչները սահմանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի գնման տեխնիկական բնութագրերի կազմմանը ներկայացվող պահանջները:

2. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հաստատված դեղերի գնումների պլանում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված` Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում և Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) ընդգրկված դեղերը: Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը, դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստր) տեղադրված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական «www.moh.am» կայքում:

(2-րդ կետը փոփ. 14.12.17 N 1671-Ն)

2.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կարիքների համար կատարվող գնումների պլանում կարող են ընդգրկվել նաև «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք ունեն արտադրողի երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում և (կամ) գրանցված են Եվրոպական միության անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կամ Ճապոնիայում:

(2.1-ին կետը լրաց. 14.12.17 N 1671-Ն, խմբ. 06.12.18 N 1389-Ն)

2.2. Սույն հավելվածի 2.1-ին կետով նախատեսված դեղերի գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում առաջին տեղն զբաղեցրած մատակարարը որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված տեղեկանք՝ արտադրող երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի առկայության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում անցած և (կամ) գրանցված են Եվրոպական միության անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կամ Ճապոնիայում գրանցված լինելու մասին:

(2.2-րդ կետը լրաց. 14.12.17 N 1671-Ն, խմբ. 06.12.18 N 1389-Ն)

3. Դեղերի գնումների պլանում գնման առարկա հանդիսացող դեղի գնման տեխնիկական բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող դեղին ներկայացվող հետևյալ պահանջները`

1) դեղի անվանումը նշելիս գրվում են դեղի միջազգային համընդհանուր (ջեներիկ) կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները: Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) առկա են նույն բաղադրատարրերով դեղի այլ գրանցված տարբերակներ, ապա դեղի գնման տեխնիկական բնութագիրը կազմվում է այնպես, որ բացառվի որևէ գրանցված տարբերակի մրցույթին չմասնակցելու հավանականությունը, և ապահովվի մրցակցության հավասար պայմաններ հնարավոր մասնակիցների համար (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).

2) դեղաձևը նշելիս հիմք է ընդունվում «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի «գ» կետով սահմանված դեղաձևերը (օրինակ` դեղահատ, հաբ, պատիճ, կաթիլ և այլն (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).

3) դեղաչափը նշելիս բազմաբաղադրատարր դեղերի դեպքում նշվում է յուրաքանչյուր բաղադրատարր դեղի դեղաչափը (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).

4) թողարկման ձևը նշելիս նկարագրվում են արտաքին ձևավորման բնութագրիչները (օրինակ` ապակե տարա և այլն (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).

5) տեղափոխման պայմանները սահմանելիս, եթե դեղը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման կարգը սահմանելու մասին» N 17-Ն հրամանի համաձայն պահանջում է տեղափոխման հատուկ ջերմային, խոնավության կամ այլ ռեժիմներ կամ պայմաններ, պարտադիր նշվում են այդ պայմանները (օրինակ` տեղափոխումն իրականացնել սառցե շղթայի առկայության պարագայում, կամ վախենում է խոնավությունից, արևի ճառագայթներից և այլն).

6) պահպանման պայմանները սահմանելիս, եթե անվանացանկում ընդգրկված դեղը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման կարգը սահմանելու մասին» N 17-Ն հրամանի համաձայն պահանջում է պահպանման և տեղափոխման հատուկ ջերմային, խոնավության ռեժիմներ կամ պայմաններ, պարտադիր նշվում են այդ պայմանները (օրինակ` պահպանել սառնարանային ջերմաստիճանում, մութ, զով վայրում, վախենում է խոնավությունից, արևի ճառագայթներից և այլն).

7) դեղի պիտանիության ժամկետները գնորդին հանձնման պահին պետք է լինեն հետևյալը`

ա. 2,5 տարվանից ավելի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնման պահին պետք է ունենան առնվազն 2 տարի մնացորդային պիտանիության ժամկետ,

բ. մինչև 2,5 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնման պահին պետք է ունենան դեղի ընդհանուր պիտանիության ժամկետի առնվազն երկու երրորդը,

գ. առանձին դեպքերում, այն է` հիվանդների անհետաձգելի պահանջի բավարարման հիմնավորված անհրաժեշտությունը, դեղի սպառման համար սահմանված պիտանիության կարճ ժամկետները, դեղը հանձնման պահին կարող է ունենալ դեղի ընդհանուր պիտանիության ժամկետի առնվազն մեկ երկրորդը:

(հավելվածը փոփ., լրաց. 14.12.17 N 1671-Ն, խմբ. 06.12.18 N 1389-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան