Գլխավոր տեղեկություն
Համար
N 1298-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.06/45(1403) 23.11.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

15 նոյեմբերի 2018 թվականի N 1298-Լ

  

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-395-16.10.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 77-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-395-16.10.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ։

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

        

2018 թ. նոյեմբերի 21

Երևան

       

   

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-395-16.10.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը         

     

Ներկայացված նախագծով առաջարկվում է ավելացնել կուսակցությունների ֆինանսավորման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսվող միջոցների չափը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` օրենքի փոփոխությունը թույլ կտա կուսակցությունների ֆինանսավորման ավելացմամբ ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունների դերի բարձրացմանն ուղղված նոր բարեփոխումների իրականացմանը:

Անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխությանը` անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բացակայում են համապատասխան վերլուծությունները և միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչն էական նշանակություն և կարևորություն ունի ներկայացված առաջարկության հիմնավորվածությունը լիարժեք գնահատելու համար: Տեղին է նշել, որ օտարերկրյա պետությունները տարբեր մոտեցումներ ունեն այս հարցի շուրջ:

Միջազգային փորձի ուսումնասիրության առումով հարկ ենք համարում անդրադառնալ մի քանի երկրում կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված առկա իրավակարգավորումներին:

Մի շարք երկրների օրենսդրությամբ հատուկ նշվում է, որ կուսակցությունների գործունեության համար ֆինանսական միջոցները հատկացվում են պետական բյուջեից:

Գերմանիայում «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքով սահմանված է, որ ամեն տարի կուսակցությունները ստանում են՝

- 0.83 եվրո՝ ցուցակի համար տրված յուրաքանչյուր ձայնի համար,

- 0.83 եվրո՝ միամանդատ համայնքում ստացած յուրաքանչյուր ձայնի համար,

- 0.45 եվրո՝ կուսակցությունների կողմից որպես ներդրում կամ նվիրատվություն ստացած յուրաքանչյուր եվրոյի համար, բայց ոչ ավելի, քան 3000 եվրո:

Լրացուցիչ 1 եվրո՝ ընտրություններին ստացած յուրաքանչյուր ձայնի համար (մինչև 4 մլն եվրո):

Ֆրանսիայում օրենսդրությամբ նախատեսված է, որ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը բաժանվում է երկու մասի՝ կախված Ազգային ժողովի ընտրությունների 1-ին փուլում հավաքած ձայների քանակից և ընտրություններում հաղթած՝ Պառլամենտի անդամների քանակից: Կուսակցությունների կողմից ստացած յուրաքանչյուր ձայնի համար վճարվում 1.63 եվրո:

Ռուսաստանի Դաշնությունում «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքով կարգավորվում են քաղաքական կուսակցություններին հատկացվող ֆինանսական միջոցների հետ կապված հարաբերությունները, որոնց համաձայն՝ Դաշնային բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել քսան ռուբլուց՝ բազմապատկած Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի կամ նախագահի մոտակա ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվով:

Բելառուսի Հանրապետությունում «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ արգելվում է քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը հանրապետական և տեղական բյուջեներից: Պետական մարմինները և այլ պետական կազմակերպություններն իրավունք չունեն ֆինանսավորելու քաղաքական կուսակցությունները և միությունները:

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ որոշ երկրներում քաղաքական կուսակցությունները ընտրություններին մասնակցելու և որոշակի թվով ձայներ հավաքելու պարագայում ֆինանսավորվում են պետության կողմից, իսկ որոշ երկրներում ընդհանրապես արգելված է կուսակցությունների պետական ֆինանսավորումը:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախագծի ընդունման դեպքում կառաջանա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան շուրջ 700.0 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագծով նախատեսված փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը նպատակահարմար չէ, և առաջարկում է գործող օրենքի քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան