Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.02.06/8(1461) Հոդ.87
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.08.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ/0007/11/17

ԱՐԴ/0007/11/17

Նախագահող դատավոր՝ Ռ. Բարսեղյան  

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

   
  քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

     
 

շահագրգիռ անձ`

Գ. Հովսեփյանի

2018 թվականի օգոստոսի 1-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունվարի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց  

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հուլիսի 10-ին Ավետիս Աբրահամի Աբրահամյանը ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2013 թվականին Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչ Գագիկ Սերյոժայի Հովսեփյանից 400.000 ՀՀ դրամով գնել է 200 հատ «Կառլիկ» տեսակի ընկուզենու տնկի, սակայն հետագայում պարզել է, որ դրանք անորակ են և բերք չեն տալիս:

2017 թվականի հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Է.Աբրահամյանը (այսուհետ՝ նաև Հետաքննության մարմին) որոշում է կայացրել Ա.Աբրահամյանի դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և Գ.Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` վերջինիս արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ա.Աբրահամյանի բողոքն Արմավիրի մարզի դատախազի՝ 2017 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ մերժվել է:

2. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2017 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ բավարարել է դիմող Ա.Աբրահամյանի բողոքը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին վերացնել վերջինիս իրավունքների խախտումը:

3. Դատախազ Է.Բաբայանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ որոշում կայացնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու և Հետաքննության մարմնի՝ 2017 թվականի հուլիսի 20-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշման համաձայն` «(...) [Դ]ատարանը, հետազոտելով դիմում-բողոքը և մերժված նյութերը, լսելով բողոքաբերին, դատախազին, ՀՈԲ տեսուչին, նրանց հիմնավորումներն ու պատճառաբանությունները, հանգում է նրան, որ բողոքում բարձրացված հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ է վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, հնարավորություն տալ բողոքաբերին ներկայացնելու իր պահանջները հիմնավորող փաստեր և ելակետային տվյալների առկայության դեպքում նշանակել փորձաքննություններ, որից հետո միայն լուծել նյութերի վերջնական ընթացքը:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 290, 437-438 հոդվածներով, դատարանը [որոշեց] Ավետիս Աբրահամի Աբրահամյանի դիմում-բողոքը` ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ՀՈԲ տեսուչ Էդիկ Աբրահամյանի 20.07.2017թ. կայացրած քրեական գործ հարուցելը մերժելու մասին և ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Վ.Հովհաննիսյանի 08.09.2017թ. կայացված բողոքը մերժելու մասին որոշումների դեմ բավարարել` ճանաչելով հիմնավորված, և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ավետիս Աբրահամի Աբրահամյանի իրավունքների խախտումը: (...)»1:

6. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ վերաքննիչ բողոքը, ի թիվս այլոց, պարունակել է հետևյալ հիմնավորումները. (…) Նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Աբրահամյանը բացատրությամբ հայտնել է, որ տնկիները գնելուց շուրջ 4 տարի անց, երբ դրանք սկսել են չորանալ, ինքը տնկիներն ուղարկել է հետազոտության և պարզվել է, որ տնկիները վարակվել են «Քաղցկեղ» հիվանդությամբ, որն էլ հանդիսացել է տնկիների չորացման պատճառ։ Գ.Հովսեփյանն իրեն վաճառել է անորակ տնկիներ, որի պատճառով դրանք չորացել են և նշված եղանակով Գ.Հովսեփյանն իր նկատմամբ կատարել է խարդախություն (…)»2:

6.1 Oրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ. «(...) [Հ]անցագործության հատկանիշների բացակայության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի հետևությունները չեն բխում նախնական ստուգման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների բովանդակությունից, քրեական հետապնդում իրականացնող մարմինը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնելիս որևէ գործողություն չի ձեռնարկել իր կողմից տրված հաղորդման հանգամանքների վերաբերյալ Ավետիս Աբրահամյանից բացատրություն վերցնելու և դրանք հիմնավորող փաստեր ներկայացնելու ուղղությամբ: Որևէ գործողություն չի ձեռնարկվել նաև պարզելու համար վաճառված տնկիների տեսակը և 4 տարվա ընթացքում /հենց առաջին տարում/ չբացվելու պատճառները, համապատասխան փորձաքննություններ չեն նշանակվել, որպիսի պայմաններում խախտվել են դիմող Ավետիս Աբրահամյանի իրավունքները:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ըստ էության դատական ակտի պատճառաբանական մասը հիմնավոր ու պատճառաբանված է: Սակայն եզրափակիչ մասում իրոք Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների խախտում՝ պարտավորեցնելով քրեական վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ավետիս Աբրահամյանի խախտված իրավունքներն ու օրինական շահերը:

(...)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված այդ խախտումը կարող է վերացնել Վերաքննիչ դատարանը` որոշման եզրափակիչ մասը ձևակերպելով օրենքի տառին համապատասխան: Առաջին ատյանի դատարանի դատական ակտի եզրափակիչ մասի ձևակերպումը պետք է փոփոխել հետևյալ ձևակերպումով` վերացնել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ՀՈԲ տեսուչ Է.Աբրահամյանի 2017 թվականի հուլիսի 20-ի Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը:

Ուստի Առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ վերը նշված ձևակերպումով, իսկ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Էդ.Բաբայանի վերաքննիչ բողոքը մերժել: (...)»3:

7. Դիմող Ա.Աբրահամյանի բողոքի կապակցությամբ կազմված նյութերի համաձայն՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ի գրությամբ Առաջին ատյանի դատարան են ուղարկվել 23 թերթից բաղկացած՝ Ա.Աբրահամյանի դիմումի վերաբերյալ նախապատրաստված և մերժված քրեական գործի նյութերը4:

7.1 Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 16-ի գրությամբ բողոքի վերաբերյալ դատարան ստացված նյութերը վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին5:

7.2 Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ դատարան չեն ուղարկվել կամ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը6:

7.3 Բողոքի կապակցությամբ կազմված նյութերում առկա չեն վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը7:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

8.1. Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով քննության առնելով, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի՝ Համբարձում Հարությունյանի վերաբերյալ գործով որոշման պահանջները: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը կայացրել է վարույթն իրականացնող մարմնին Ա.Աբրահամյանի իրավունքների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ որոշում, որի իրավունքը չուներ: Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ  Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներով, որոնք կարգավորում են դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված  հանգամանքները և վերաբերելի չեն քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննությանը:

8.2. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ չնայած Առաջին ատյանի դատարանը վկայակոչել է Գագիկ Ղևոնդյանի վերաբերյալ գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, կայացրել է հենց այդ դիրքորոշմանը հակասող որոշում՝ նշելով, որ սույն գործով անհրաժեշտ է նշանակել փորձաքննություններ: Ըստ բողոքի հեղինակի՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը որևէ պատճառաբանություն չի պարունակում ենթադրյալ փաստարկների հնարավոր առկայության պայմաններում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին, դատարանի այդ հետևությունն առավել քան անորոշ է, քանի որ պարզ չէ՝ ինչ փաստարկի կամ փորձաքննությունների մասին է խոսքը: 

8.3. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են նաև Լիա Ավետիսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Մասնավորապես՝ դիմող Ավետիս Աբրահամյանի և Գագիկ Հովսեփյանի միջև ծագած իրավահարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, ուստի անթույլատրելի է դրանք քրեադատավարական հարթության մեջ լուծելը: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 518-րդ հոդվածը մանրամասն կարգավորում է առուվաճառքի պայմանագրի դեպքում անորակ ապրանք գնելու իրավական հետևանքները:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել դիմող Ա.Աբրահամյանի բողոքը բավարարելու մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունվարի 16-ի որոշումները՝ մերժելով դիմող Ավետիս Աբրահամյանի բողոքը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ է արդյոք Հետաքննության մարմնի՝ 2017 թվականի հուլիսի 20-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դատական ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն այն պայմաններում, երբ նշված որոշման դեմ Ա.Աբրահամյանի բողոքի վերաբերյալ նյութերը Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք։

(...)

4. (...) քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «4. (...) Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (...)»։

12. Վճռաբեկ դատարանը կրկնում է մեջբերված նորմերի վերլուծության հիման վրա իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը դատարանին պարտավորեցնում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, oպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` oրենuգրքով նախատեuված որոշումների և գործողությունների oրինական և հիմնավոր չլինելու վերաբերյալ յուրաքանչյուր բողոք ենթարկել մանրակրկիտ ստուգման, իսկ որպեսզի դատարանն իրականացնի իր լիազորությունը, օրենսդիրը սահմանել է վարույթն իրականացնող մարմնի պարտավորությունը` դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս)8:

13. Վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքի քննության դատական վարույթի օբյեկտը բողոքի կապակցությամբ ներկայացված նյութերն են, որոնց հիման վրա դատարանը գնահատում է անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայությունը։ Նշված նյութերով է պայմանավորված դատարանի կողմից մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության ու հիմնավորվածության պատշաճ ստուգում իրականացնելու և դրա արդյունքում հիմնավորված եզրահանգումներ կատարելու օբյեկտիվ հնարավորությունը։  Նույն կերպ վերադաս դատական ատյանը մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության դատական ստուգման արդյունքում կայացված դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս պետք է հիմք ընդունի բողոքը քննելիս ստորադաս ատյանի տրամադրության տակ եղած նյութերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին։ Հակառակ դեպքում վերադաս դատական ատյանի որոշումը չի համապատասխանի դատական ակտերին ներկայացվող օրինականության և հիմնավորվածության պահանջներին՝ հանգեցնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի արդար դատաքննության իրավունքի խախտման9։

14. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված իրավական դիրքորոշումներ կիրառելի են նաև այն դեպքում, երբ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկան  քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն է:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը, 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ բավարարել է Հետաքննության մարմնի՝ 2017 թվականի հուլիսի 20-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը10, այնուհետև 2017 թվականի նոյեմբերի 16-ի գրությամբ բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին11։ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել Հետաքննության մարմնի նշված որոշման դեմ Ա.Աբրահամյանի բողոքի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը12։ 

16. Նախորդ կետում շարադրված փաստերը վերլուծելով սույն որոշման 12-14-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հետաքննության մարմնի որոշման դեմ բողոքի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած և Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված նյութերը Վերաքննիչ դատարանի կողմից չեն հետազոտվել, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող գնահատվել որպես օրինական և հիմնավորված։ 

17. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վերաքննիչ դատարանը, իր տրամադրության տակ չունենալով Հետաքննության մարմնի որոշման դեմ բողոքի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած և Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված նյութերը, իր որոշման մեջ փաստել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս որևէ գործողություն չի ձեռնարկվել Ա.Աբրահամյանի հաղորդման հանգամանքների վերաբերյալ նրանից բացատրություն վերցնելու և դրանք հիմնավորող փաստեր ներկայացնելու ուղղությամբ13, այնինչ դատախազ Է.Բաբայանն իր վերաքննիչ բողոքում նշել է Ա.Աբրահամյանից ստացված բացատրությունների մասին14:

18. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրինական և հիմնավորված չէ Հետաքննության մարմնի՝ 2017 թվականի հուլիսի 20-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դատական ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն այն պայմաններում, երբ նշված որոշման դեմ Ա.Աբրահամյանի բողոքի վերաբերյալ նյութերը Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել։ 

19. Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ քանի որ Հետաքննության մարմնի որոշման դեմ դիմող Ա.Աբրահամյանի բողոքի վերաբերյալ Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը 2017 թվականի նոյեմբերի 16-ին վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին15, Վերաքննիչ դատարանում առկա չեն եղել և Վճռաբեկ դատարանում էլ առկա չեն վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանին անհրաժեշտ փաստական հիմքերը, ուստի բացակայում է եղած նյութերով սույն գործով մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության ու հիմնավորվածության պատշաճ ստուգում իրականացնելու և դրա արդյունքում հիմնավորված և վերջնական եզրահանգումներ կատարելու օբյեկտիվ հնարավորությունը: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Հետաքննության մարմնի որոշման դեմ բողոքի կապակցությամբ կազմված նյութերին չկցելով և վարույթն իրականացնող մարմնին վերադարձնելով բողոքարկված որոշման հիմնավորվածությունը հաստատող նյութերը, սահմանափակել է իր կողմից կայացված որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնարավորությունը։

20. Ուստի, նման պայմաններում Վճռաբեկ դատարանը զրկված է Ա.Աբրահամյանի և Գ.Հովսեփյանի միջև ծագած իրավահարաբերությունների՝ քաղաքացիաիրավական բնույթի մասին բողոքաբերի փաստարկներն ըստ էության քննարկելու և ստորադաս դատարանների որոշումներին այդ մասով իրավական գնահատական տալու հնարավորությունից16՝ միաժամանակ կրկնելով, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում։ Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ17։

21. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով քննության առնելով, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների պահանջները18՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քրեական գործի հարուցման և նախաքննության փուլերում իրականացվող հետագա դատական վերահսկողության սահմաններն ու դրանց արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները տարբեր են։ Մասնավորապես, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով քննության առնի բողոքը և կայացնի համապատասխան դատական ակտ վիճարկվող որոշումը վերացնելու մասին, որը պարտադիր է դարձնում քրեական գործի հարուցումը, կամ այն հաստատելու մասին19։

22. Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասում շարադրված վերաքննիչ դատարանի լիազորությունները պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող նոր դատական ակտերի նկատմամբ: Այլ կերպ` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորություններով20:

23. Վերոշարադրյալի հաշվառմամբ սույն գործի առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու շրջանակներում որոշում է կայացրել անձի իրավունքների ու ազատությունների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականություն սահմանելու մասին21: Վերաքննիչ դատարանը, իր դատական ակտում վկայակոչելով ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասը, այնպես էլ Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ թեև Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների խախտում՝ պարտավորեցնելով քրեական վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ա.Աբրահամյանի խախտված իրավունքների ու օրինական շահերի խախտումները, սակայն Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված այդ խախտումը կարող է վերացվել` որոշման եզրափակիչ մասը փոփոխելով հետևյալ ձևակերպումով` «վերացնել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ՀՈԲ տեսուչ Է.Աբրահամյանի 2017 թվականի հուլիսի 20-ի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը»: Արդյունքում Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` մերժելով վերաքննիչ բողոքը22:

24. Նախորդ կետում մեջբերված հանգամանքները վերլուծելով սույն որոշման 19-21-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության արձանագրելով Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումը և վիճարկվող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, փոփոխել է դրա եզրափակիչ մասը` արդյունքում կայացնելով ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ, ինչը ՀՀ քրեադատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքի խախտում է:

Ուստի իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով միաժամանակ այդ որոշման եզրափակիչ մասը փոփոխելը: 

25. Հաշվի առնելով սույն որոշման 18-րդ և 24-րդ կետերում արված եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 185-րդ, 394-րդ հոդվածների խախտումներ, որոնք հանգեցրել են անօրինական և չհիմնավորված դատական ակտեր կայացնելուն։ Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, հիմք են կայացված դատական ակտերն ամբողջությամբ բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար։

Նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և քննարկման առարկա դարձնի բողոքաբերի՝ սույն որոշման 8.2-8.3-րդ կետերում նշված փաստարկները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը  

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Ավետիս Աբրահամյանի բողոքը բավարարելու մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունվարի 16-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

___________________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 25:

2 Տե'ս նյութեր, հատոր 1-ին թերթեր 67-68

3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 70-71:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 13:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 28:

6 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին:

7 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին:

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ և 15-րդ կետերը:

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Պյեր Ժան Մուրադյանի վերաբերյալ գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0143/11/14 որոշման 14-15-րդ կետերը:

10 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 7.2-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 8.3-րդ կետը:

17 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 գործով որոշման 12.1-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը:

19 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղևոնդյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշումը, Վճռաբեկ դատարանի՝ Անժելա Հարությունյանի գործով 2017 թվականի ապրիլի 4-ի թիվ ԵԿԴ/0104/11/16 որոշման 17.1-րդ կետը:

20 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` ԳԱրցախբանկե ՓԲԸ-ի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշման 11-րդ կետը:

21 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

22 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

 

Նախագահող`

 

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
    ե. դԱՆԻԵԼՅԱՆ
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան