Գլխավոր տեղեկություն
Համար
N 1264-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.05/89(1447) Հոդ.1191
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2018 թվականի N 1264-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հավելվածի 2-րդ կետում «հունիսի 1-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 15-ը)» բառերը.

2) հավելվածի 3-րդ կետում «հունիսի 10-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 25-ը)» բառերը.

3) հավելվածի 4-րդ կետում «հունիսի 15-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 30-ը)» բառերը.

4) հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «5 տարի» բառերը փոխարինել «4 տարի» բառերով.

5) հավելվածի 9-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պայմանագիր կնքած քաղաքացիների ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված տարեկան վարձի չափով, սակայն ոչ ավելի, քան յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման չափը:».

6) հավելվածի 13-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կետում սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը չի կարող ծագել քաղաքացու` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում:».

7) հավելվածի ձև 3-ում նախատեսված պայմանագրի՝

ա. 1.1-ին կետում «5 տարի» բառերը փոխարինել «4 տարի» բառերով,

բ. 2.1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1.2. բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ այն ուսումնական տարվանից սկսած, որի շրջանակներում կնքվել է սույն պայմանագիրը.»,

գ. 2.2.4-րդ և 3.3-րդ կետերում «անկախ պատճառներից» բառերը հանել, իսկ «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքերի,» բառերը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 4-րդ և 6-րդ ենթակետերի, 7-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունների դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքված՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. նոյեմբերի 15

Երևան