Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.23/5(1458) Հոդ.43
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.07.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0091/01/17

ԵԷԴ/0091/01/17

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

2018 թվականի հուլիսի 20-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Սեդրակ Պավլուշայի Նազարյանի պաշտպան Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքը,
 

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Սեդրակ Պավլուշայի Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն բանի համար, որ նա, 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ քրեական գործն ըստ մեղադրանքի Սեդրակ Նազարյանի և մյուսների ընդունվել է վարույթ:

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ քրեական գործը նշանակվել է դատական քննության: Նույն որոշմամբ, ի թիվս այլնի, ամբաստանյալ Ս.Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Պաշտպան Լ.Սահակյանը ամբաստանյալ Ս.Նազարյանին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան, որը Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է:

3. Ս.Նազարյանի պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ս.Նազարյանի պաշտպան Ե.Վարոսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը «Դատական քննություն նշանակելու մասին» որոշմամբ նշել է. «(...) [Ու]սումնասիրելով ստացված քրեական գործի նյութերը և քննարկման առարկա դարձնելով (...) Սեդրակ Պավլուշայի Նազարյանի (...) նկատմամբ ընտրված խափանման [միջոցը] փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը և հիմք ընդունելով այդ առումով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2017 թվականի հոկտեմբերի 04-ին կայացրած` «Գործն անջատելու մասին» որոշման հիմնավորումները, գտնում է, որ տվյալ որոշմամբ ամբաստանյալի նկատմամբ անփոփոխ թողնված խափանման [միջոցը]` կալանավորումը, այս պահին փոխելու կամ վերացնելու հիմքեր չկան (...)»1:

6. Առաջին ատյանի դատարանը «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Ն]ախաքննության ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատարանները, իսկ այնուհետև՝ սույն քրեական գործը վարույթ ընդունելուց հետո սույն գործը քննող դատարանը համապատասխան որոշումներով` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածը, անդրադարձ են կատարել Սեդրակ Պավլուշայի Նազարյանի նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հարցին և շարադրելով համապատասխան հիմնավորումներ, եկել այն եզրահանգման, որ գործով վարույթի` այդ պահին ընտրված խափանման միջոցը վերացնելու հիմքերը բացակայում են։ Հետևաբար, ինչ վերաբերում է մատնանշած հոդվածում ամրագրված այն ձևակերպմանը, թե դատարանը խափանման միջոցների հարցում պետք է կայացներ՝ կամ այն վերացնելու կամ փոխելու կամ ընտրելու մասին որոշումներ, ապա դատարանն արձանագրում է, որ նշվածը կարող էր վերաբերել կամ ընտրված խափանման միջոցին՝ այն վերացնելու դեպքում, կամ ընտրված խափանման միջոցին` այն փոխելու դեպքում կամ այն դեպքերին, երբ անձի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չի եղել։ Ասվածից հետևում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ս.Նազարյանի նկատմամբ արդեն իսկ ընտրված է եղել խափանման միջոց կալանավորման տեսքով, հետևաբար, դատարանը կարող էր անդրադառնալ միայն այն վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխելու հարցին: Ուստի, համապատասխան հիմնավորումների շարադրմամբ, գտել է, որ այն վերացնելու հիմքեր չկան:

(...)

Անդրադառնալով նաև այն տեսակետին, թե դատարանը Ս.Նազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին անդրադարձել է միանձնյա, դատարանը գտնում է, որ վարութային տվյալ փուլում, այն դեպքում, երբ արդեն իսկ ընտրված է խափանման միջոց և դատարանը չի քննարկում այն ընտրելու հարց, դատարանը զրկված չէ նշված հարցին անդրադառնալու և այն լուծելու իրավական հնարավորությունից, ինչը և արվել է։ Նման պարագայում դատարանը համամիտ չէ պաշտպան Սահակյանի այն տեսակետի հետ, իբրև դատավարական տվյալ փուլում անձը պետք է բերվեր դատավորի մոտ, քանի որ ՀՀ քրեադատավարական օրենքը նման դատավարական ընթացակարգ չի սահմանում:

(...)

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս գալու այն եզրահանգման, որ հիմնավորված է Սեդրակ Պավլուշայի Նազարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, քանի որ քրեական գործի դատական քննության փուլում նրա ազատ արձակումը չի բխում գործի քննության ողջամիտ անհրաժեշտությունից, այն արդարացված չէ գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանական ենթադրությունից ելնելով, քանի որ բարձր է ամբաստանյալի կողմից վկաների և տուժողների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը։

Բացի այդ, նշված հիմքին զուգակցելով Սեդրակ Պավլուշայի Նազարյանին վերագրված ենթադրյալ արարքների հանրային վտանգավորության բնույթը, դրանց ծանրության աստիճանը, դրանք ենթադրաբար խմբի կազմում կատարելը, ենթադրյալ կատարման եղանակը, նպատակը, ենթադրյալ մտադրության իրականացման աստիճանը, դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ հետևությունները հիմնավոր են և ներկայումս այն վերացնելու հիմքերը բացակայում են (...)»2:

7. Վերաքննիչ դատարանը, քննության առնելով պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը, մերժել է այն հետևյալ պատճառաբանությամբ. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն` «Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում»:

(...)

Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, հաշվի առնելով, որ ամբաստանյալին շարունակական կալանքի տակ պահելու հիմքերն առկա են, դատարանների կողմից կայացվել են համապատասխան որոշումներ, հանգել է ճիշտ հետևության` մերժելով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանին կալանքից ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատաքննության այս փուլում ամբաստանյալին կալանքի տակ պահելու հիմքերը շարունակում են առկա լինել, որը հաստատվել էր Առաջին ատյանի դատարանի սույն գործը դատական քննության նշանակելու մասին 29.05.2017 թվականի և 23.10.2017 թվականի որոշումներով (...)»3:

8. ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր4։

9. 2018 թվականի մայիսի 16-ին ամբաստանյալ Ս.Նազարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերացնել ամբաստանյալ Ս.Նազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրան անհապաղ ազատ արձակել կամ փոխարինել այլ խափանման միջոցով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, 2018 թվականի մայիսի 16-ի դատական նիստում պաշտպանության և մեղադրանքի կողմերի մասնակցությամբ քննելով Ս.Նազարյանի պաշտպանների միջնորդությունը, նույն օրվա որոշմամբ մերժել է այն:

9.1. 2018 թվականի հունիսի 13-ին ամբաստանյալ Ս.Նազարյանի պաշտպաններ Լ.Սահակյանը և Ե.Վարոսյանը միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով ամբաստանյալ Ս.Նազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխել անձնական երաշխավորության ձևով խափանման միջոցով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի հունիսի 13-ի որոշմամբ բավարարել է վերջիններիս ներկայացրած միջնորդությունը, փոփոխել է ամբաստանյալ Ս.Նազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել անձնական երաշխավորությունը` անհապաղ ազատ արձակելով կալանքից:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանների որոշումներով թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, մասնավորապես` անազատության մեջ գտնվող անձի իրավունքների խախտմամբ կայացվել են օրենքով չնախատեսված և չպատճառաբանված որոշումներ:

Բողոքաբերը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից չպատճառաբանված որոշում կայացնելու պատճառներից կարող է հանդիսանալ այն, որ այն կայացվել է ոչ թե կողմերի մասնակցությամբ, մրցակցության ու զենքերի հավասարության սկզբունքների պահպանմամբ իրականացված պատշաճ քննարկման արդյունքում, այլ դատարանի կողմից միանձնյա, առանց կողմերի` հատկապես անազատության մեջ գտնվող անձի մասնակցության, մեղադրանքի կողմի կազմած ու դատարան ներկայացված գործի ուսումնասիրության արդյունքում: Ըստ բողոքի հեղինակի` հիշյալ որոշումը հակասում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին: Ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատական սխալները` դատավարական իրավունքի խախտումները, ազդել են գործի ելքի վրա, և Ս.Նազարյանն այդ սխալների հիման վրա շարունակել է գտնվել ապօրինի անազատության մեջ:

Բողոքաբերը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության կրկնել է Առաջին ատյանի դատարանի կողմից ներկայացված պատճառաբանությունները:

11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է կայացնել նոր դատական ակտ` բեկանելով Առաջին ատյանի դատարանի` քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշումները` Ս.Նազարյանի խափանման միջոցի մասով, Ս.Նազարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին նույն դատարանի որոշումը և որոշում կայացնել Ս.Նազարյանին կալանքից անհապաղ ազատելու մասին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական  հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք գործը դատական քննության նախապատրաստելու փուլում Ս.Նազարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցն առանց դատավարության համապատասխան մասնակիցների քննելու իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությունները:

13. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «(…) [Գ]ործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննելու ժամանակ, մասնավորապես, անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքներ նախատեսված չեն:

(…)

Սահմանադրական դատարանը, կարևորելով անձի արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, միաժամանակ գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքի որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ընթացքում պետք է ապահովել ինչպես պաշտպանության, այնպես էլ՝ մեղադրանքի կողմի մասնակցությունը` ելնելով քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից:

(…)

Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանն իր նախաձեռնությամբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը որոշելիս չի կարող ազատվել կողմերի կարծիքը լսելու պարտականությունից, և կողմերը չեն կարող զրկված լինել իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից: Հակառակ պարագայում՝ այն կարող է պարունակել վտանգ, որ դատարանն իր վրա է վերցնում մեղադրանքի կամ պաշտպանության գործառույթներ: Բացի դրանից, դատարանը զրկվում է հարցը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու փաստացի հնարավորությունից, որի երաշխավորման կարևոր նախապայման է նաև կողմերի կարծիքները, փաստարկները, դիրքորոշումները լսելը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում՝ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում՝ մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի՝ իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, չի ապահովում անձի՝ դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը՝ օրենքով սահմանված կարգով: Հետևաբար այն չի համապատասխանում նաև արդար դատաքննության չափանիշներին:

(…)

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որը չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, համահունչ չէ ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի շրջանակներում ձևավորված անձնական ազատության իրավունքի սահմանափակման չափորոշիչներին (…):

(…)

Ելնելով մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև դատարանի կողմից կալանքի՝ որպես խափանման միջոցի, ընտրության և հիմնավորվածության հարցի քննության քրեադատավարական ընթացակարգերի օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը պետք է ապահովվի, մասնավորապես, մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը (ինչպես նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, մասնավորապես, 285-րդ և 312-րդ հոդվածներով)՝ առաջնորդվելով անձնական ազատության իրավունքի, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությամբ»5։

13.1. Ամփոփելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն պայմաններում, երբ գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննարկվում է առանց մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության, չեն ապահովվում անձի անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքները:

Հետևաբար, ելնելով ազատության, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից, քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը պետք է ապահովվի6:  

14. Սույն գործի փաստերից հետևում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 23-ին Առաջին ատյանի դատարանը գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ լուծել է նաև Ս.Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հարցը և, գտնելով, որ այն փոփոխելու կամ վերացնելու հիմքեր չկան, կայացրել է ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշում7։ Առաջին ատյանի դատարանը, 2017 թվականի նոյեմբերի 22-ի` «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ մերժելով ամբաստանյալ Ս.Նազարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, պատճառաբանել է, որ քրեական գործի քննության տվյալ փուլում Ս.Նազարյանի ազատ արձակումը չի բխում գործի քննության անհրաժեշտությունից: Միևնույն ժամանակ, անդրադառնալով Ս.Նազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը միանձնյա քննելու հարցին` Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական տվյալ փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն անձին դատավորի մոտ բերելու ընթացակարգ չի սահմանում8: Վերաքննիչ դատարանն իր հերթին, մերժելով պաշտպանների վերաքննիչ բողոքը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները և հաշվի առնելով ամբաստանյալին շարունակական կալանքի տակ պահելու հիմքերի առկայության փաստը, հանգել է ճիշտ հետևության9։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, այնքանով, որքանով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով կատարելու կարգ, խախտում է անձի ազատության իրավունքը` անհապաղ դատարանի առջև կանգնելու և իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքների տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումն առ այն, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում՝ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում՝ մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի՝ իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վիճարկվող իրավակարգավորումը չի ապահովում նաև անձի՝ դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը: Հետևաբար նման պայմաններում Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատավարության տվյալ փուլում չի նախատեսում անձին դատավորի մոտ բերելու որևէ ընթացակարգ, չի բխում անձի` Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներից:

16. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում Ս.Նազարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցն առանց դատավարության համապատասխան մասնակիցների քննելու իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությունները հիմնավոր չեն:

17. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման` վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորության հարցին10 ` կաշկանդված լինելով վճռաբեկ բողոքի սահմաններով:

18. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն փաստում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել սույն որոշման 15-րդ կետում արձանագրված դատավարական իրավունքի խախտումներ: Թեև թույլ տրված համապատասխան խախտումներին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշման 9-9.1-րդ կետերում մատնանշված փաստական հանգամանքների պայմաններում, ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ (դրանք, ունենալով ժամանակավոր բնույթ, կորցրել են իրենց իրավաբանական նշանակությունը), ուստիև վճռաբեկ բողոքը պետք է մերժել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ,  419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Ամբաստանյալ Սեդրակ Պավլուշայի Նազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________________
1 Տե'ս քրեական գործի հավելված, թերթեր 15, 18:
2 Տե'ս քրեական գործի հավելված, թերթեր 23-25:

3 Տե'ս քրեական գործի հավելված, թերթեր 62-63:

4 Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշումը:

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.1-4.4-րդ կետերը:

6 Տե՛ս mutatis mutandis Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԷԴ/0063/01/17, Արմեն Սողոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0250/01/17 որոշումները:

7 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

8 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

9 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

10 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Լևոն Սողոմոնյանի վերաբերյալ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0274/01/15 որոշումը:

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
    Ե. Դանիելյան
    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան