Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.09.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0136/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0136/02/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան
                  Դատավորներ՝ Ն. Հովսեփյան
                                            Ն. Բարսեղյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Վ. Աբելյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Ս. Անտոնյանի

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի սեպտեմբերի 16-ին 

քննարկելով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) ընդդեմ Արա Վարդանյանի՝ 2.436.070 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով Արա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ  

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը

Դիմելով դատարան՝ Դատախազությունը պահանջել է բռնագանձել Արա Վարդանյանից 2.436.070 ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2010 թվականի որոշմամբ Արա Վարդանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` վերաքննիչ բողոքում Դատարանի կողմից խախտված նյութական և դատավարական նորմերի վերաբերյալ հիմնավորումների և պատճառաբանությունների բացակայության, վերաքննիչ բողոքի օրինակը Դատախազությանն ուղարկելու փաստը հավաստող ապացույցի բացակայության, ինչպես նաև պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ Արա Վարդանյանի միջնորդությունը հիմնավորված չլինելու, այն է՝ գույքային դրության մասին որևէ հիմնավորում կամ ապացույց ներկայացված չլինելու պատճառաբանությամբ` արձանագրելով թույլ տրված խախտումը վերացվելուց հետո երկշաբաթյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորության մասին։

ՀՀ վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.07.2010 թվականի որոշմամբ Արա Վարդանյանի 26.07.2010 թվականի վերաքննիչ բողոքը կրկին վերադարձվել է` պատճառաբանությամբ, որ Արա Վարդանյանը չի ներկայացրել իր գույքային դրության մասին որևէ ապացույց կամ հիմնավորում, իսկ չաշխատելու մասին «Սևակ» համատիրության 26.07.2010 թվականի տեղեկանքը բավարար չէ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի պահանջի համապատասխան Արա Վարդանյանի գույքային դրությունը որոշելու համար։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Վարդանյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանի 04.02.2010 թվականի որոշմամբ Արա Վարդանյանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, իսկ «Սևակ» համատիրության 26.07.2010 թվականի տեղեկանքը փաստում է, որ Արա Վարդանյանը չի աշխատում: Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու միջնորդությունը մերժելն ըստ էության իրավունքի սահմանափակում է: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի որոշման հետևանքով բողոք բերած անձը, կապված իր գույքային դրության հետ, զրկվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից։ Բացի այդ ցուցաբերվել է անհավասար մոտեցում, քանի որ Դատարանի կողմից Դատախազությունն ազատվել է պետական տուրքի վճարումից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.07.2010 թվականի որոշումը։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Արա Վարդանյանը հաշվի չի առել, որ Դատախազությունը պետական տուրքի վճարումից ազատված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ժ» կետի ուժով: Հետևաբար անհիմն է վճռաբեկ բողոքում բերված պատճառաբանությունն այն մասին, որ դրսևորվել է անհավասար մոտեցում, այն առումով, որ Դատարանի կողմից Դատախազությունն ազատվել է պետական տուրքի վճարումից:  

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դ) կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող է uահմանվել արտոնություն` պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի գ) կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են uահմանել դատարանները կամ դատավորները` նույն oրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից։

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում` պետական տուրքի վճարման հետաձգման ձևով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները՝ հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, որն ուղղված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումը անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365 (ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 29.11.2007 թվականի թիվ 21638/03 վճիռը, կետ 44)։

Սույն գործով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի 29.07.2010 թվականի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արա Վարդանյանը չի ներկայացրել իր գույքային դրության մասին որևէ ապացույց կամ հիմնավորում: Իսկ չաշխատելու մասին «Սևակ» համատիրության 26.07.2010 թվականի տեղեկանքը բավարար չէ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համապատասխան Արա Վարդանյանի գույքային դրությունը որոշելու համար։

Մինչդեռ սույն գործի նյութերի, մասնավորապես` Դատարանի 04.02.2010 թվականի «Հայցի ապահովման մասին» որոշման (հ. 1-ին, գ.թ. 62), ինչպես նաև «Սևակ» համատիրության 26.07.2010 թվականի տեղեկանքի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արա Վարդանյանի գույքի վրա արգելանք է դրված, և վերջինս չի աշխատում։ Բողոք բերած անձը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոքն ընդունել` պետական տուրքի վճարումը հետաձգելու պայմանով։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը  գտնում է, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին բողոք բերած անձի միջնորդությունը բխում է նրա գույքային դրությունից և ենթակա է բավարարման, քանի որ նման պայմաններում սույն գործով վճարման ենթակա պետական տուրքը վճարելու համար բողոք բերած անձը բավարար միջոցներ չի կարող ունենալ։

Ինչ վերաբերվում է վճռաբեկ բողոքի պատճառաբանությանն այն մասին, որ Դատարանի կողմից Դատախազությունն ազատվել է պետական տուրքի վճարումից, իսկ Արա Վարդանյանի միջնորդությունը մերժվել է, որով և ստեղծվել է անհավասար պայմաններ, անհիմն է, հետևյալ պատճառաբանությամբ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ժ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դատախազության մարմինները՝ պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով:

Հետևաբար հիմնավոր է վճռաբեկ բողոքի պատասխանի պատճառաբանությունն այն մասին, որ դատարանի կողմից գործին մասնակցող անձանց համար անհավասար պայմաններ չեն ստեղծվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի ապահովել ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) դատական ակտի վերանայման հնարավորությունը։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի   222-րդ, 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։ 

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Վ. Աբելյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

 

Ս. Անտոնյան

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան