ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
31 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 61-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 15-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների վիճակագրական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ՆԱԽԱԲԱՆ
Համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են, որոնք ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
Վիճակագրական ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու նպատակով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պաշտոնական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն (այսուհետ՝ Վիճակագրական կոմիտե) վիճակագրական ծրագրերը մշակում է պաշտոնական վիճակագրության օգտագործողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների վիճակագրական ծրագիրը (այսուհետ` Հնգամյա ծրագիր) բխում է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 14 և 15-րդ հոդվածների պահանջներից և մշակվել է որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիք՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար:
Այն սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով:
Հնգամյա վիճակագրական ծրագիրը սահմանում է ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները:
Վիճակագրական կոմիտեն պատասխանատու է վիճակագրական ծրագրեր կազմելու համար՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների, օգտագործողների, ռեսպոնդենտների և վարչական տվյալներ տրամադրողների հետ:
Հնգամյա ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով և բխում են դրանից:
ՄԱՍ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Հնգամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաև նախորդ տարիների «Պետական վիճակագրության մասին» օրենքով ամրագրված եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից` միտված դրանց շարունակականության ապահովմանը:
2. Պաշտոնական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով սահմանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը և խարսխվում է Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 47-րդ նստաշրջանում (15 ապրիլի 1992թ.) և ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի (14 ապրիլի 1994թ.) ընդունած ու ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի հավանությանն արժանացած (29 հունվարի 2014թ., 68/261 Բանաձև) պաշտոնական վիճակագրության 10 հիմնարար սկզբունքների, ինչպես նաև ի լրումն այդ սկզբունքների` Եվրախորհրդի վիճակագրական ծրագրային կոմիտեի (24 փետրվարի 2005թ.) և Եվրոպական վիճակագրական համակարգի կոմիտեի (28 սեպտեմբերի 2011թ.) ընդունած՝ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքով սահմանված 15 սկզբունքների, Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության (այսուհետ՝ ԵՄ) վիճակագրական ծառայության Եվրոպական վիճակագրական համակարգի որակի հռչակագրի (2002թ.), Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ՝ ԱՄՀ) Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (2003թ.) պահանջների, Տվյալների որակի գնահատման վերաբերյալ ստանդարտների և կոդերի համապատասխանության Հայաստանի վերաբերյալ զեկույցի (2009թ.), ինչպես նաև ԵՄ փորձագետների կողմից (Եվրահանձնաժողով` Եվրոստատ, Ազատ առևտրի եվրոպական ընկերակցություն, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ազգային համակարգի գնահատման արդյունքների (2008թ.) և Եվրոպական պառլամենտի ու Խորհրդի 2009 թվականի մարտի 11-ի N 223/2009 Կանոնակարգով հաստատված «Եվրոպական վիճակագրության իրավական շրջանակ. Վիճակագրության մասին օրենքի» (2010թ.) դրույթների ու դրանց հիման վրա մշակված վիճակագրության միջազգային չափանիշների ու ստանդարտների, ինչպես նաև «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով սահմանված պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների վրա:
3. Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների` վիճակագրությունը պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնեսի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից օգտվելու հավասար մատչելիություն, պրոֆեսիոնալ ստանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, սկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն և այլն: Հարկ է, որ օգտագործողները վիճակագրական կոմիտեն ընկալեն որպես որոշակի քաղաքականության կողմնորոշված պետական ինստիտուտներից արմատապես տարբերվող մարմին: Քաղաքական, վարչական, գերատեսչական շահերի միջև առկա բախումներում պաշտոնական վիճակագրությունը չներքաշելու երաշխիքները սահմանված են պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներով:
4. Պաշտոնական վիճակագրության հիմնական խնդիրների և հիմնարար սկզբունքների ապահովման նպատակով մասնավորապես նախատեսվում է`
1) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով շարունակել և ընդլայնել Վիճակագրական կոմիտեի միջազգային համագործակցությունը.
2) վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես՝ ըստ ԱՄՀ մշակած Տվյալների տարածման հատուկ ստանդարտի), որոնք ենթադրում են նաև վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքի անխափան աշխատանք և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում.
3) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց` շարունակել ներկայում գործող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաստաթղթերի միասնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տեղեկատվության որակի, ամբողջականության և արժանահավատության վրա վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև հնարավորին չափ նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը.
4) շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մաս կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման, ինչպես նաև պետական վիճակագրությունում արդեն իսկ ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները.
5) համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) վիճակագրական բիզնես ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով) և որպես դրա հետևանք` ընդլայնել տեղեկատվության հավաքման ընտրանքային եղանակների կիրառումը.
6) ընդլայնել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքման մեխանիզմի կիրառումը` հաշվի առնելով վիճակագրական տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը.
7) տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (ներառյալ` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց` կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.
8) ընդլայնել ըստ սեռի վարվող վիճակագրական ցուցանիշների համակազմը.
9) ցուցանիշների մշակման յուրաժամանակության ապահովման, ինչպես նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակներով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ իրականացնել միջոցառումներ տեղեկատվության էլեկտրոնային հավաքման ուղղությամբ.
10) օգտագործողների պահանջների և կարիքների ավելի խորն ուսումնասիրման և վիճակագրության համապատասխան իրավական դաշտի ու տվյալների տարածման կատարելագործման միջոցով նպաստել վիճակագրական տեղեկատվության նկատմամբ վստահության աճին.
11) շարունակել երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական վիճակը բնութագրող վիճակագրական տեղեկատվություն պարունակող, ինչպես նաև ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների և այլն) թողարկումը, ինչպես նաև կատարելագործել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության օգտագործողների պահանջարկի առավել ամբողջական բավարարման նպատակով.
12) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության օգտագործողների համար Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության տարածման եղանակները:
ՄԱՍ 2
ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
5. Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը խարսխված է մի կողմից` տվյալների արժանահավատության, յուրաժամանակության, տեղեկատվության ստացման գիտական հիմնավորվածության և միջազգային չափանիշներին համապատասխանության առումով մշտապես աճող պահանջների, մյուս կողմից` վիճակագրական գաղտնիքի սկզբունքի պահպանման պահանջի վրա:
6. Վիճակագրության հետագա զարգացումը 2019-2023 թվականներին նախատեսվում է իրականացնել ըստ տնտեսության իրական, հարկաբյուջետային, ֆինանսական, արտաքին և սոցիալ-ժողովրդագրական հատվածների:
Բ Ա Ժ Ի Ն 1
ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Գ Լ ՈՒ Խ 1
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
7. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) «Ազգային հաշիվների համակարգ - 2008» և «Եվրոպական հաշիվների համակարգ-2010» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ողջ տնտեսության, ինչպես նաև տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների մակարդակով Հայաստանի ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում և կատարելագործում,
2) «Ազգային հաշիվների համակարգ - 2008» մեթոդաբանական հենքով համախառն ներքին արդյունքի (այսուհետ՝ ՀՆԱ) բացարձակ ծավալի և շարժընթացի հետընթաց վերանայումների աշխատանքների իրականացում,
3) «Ազգային հաշիվների համակարգ - 2008»-ի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի ազգային հաշիվների համակարգի ցուցանիշների հաշվարկների կատարելագործման նպատակով տեղեկատվության աղբյուրների համալրում և կատարելագործում,
4) ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըստ ենթահատվածների,
5) Հայաստանի ազգային հաշիվների վիճակագրության վարում՝ «Տնտեսական գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգչին և «Ազգային հաշիվների համակարգ - 2008»-ով սահմանվող դասակարգումներին համապատասխան,
6) «չդիտարկվող տնտեսության» չափերի գնահատման մեթոդաբանության և հաշվարկների կատարելագործում՝ Եվրոստատի «աղյուսակային մոտեցման» սկզբունքի կիրառմամբ, այդ թվում՝ «անօրինական գործունեության» գնահատման իրականացում,
7) ազգային հաշիվների համակարգում «ռեսուրսներ-օգտագործում» աղյուսակների կազմման աշխատանքների իրականացում՝ լրացուցիչ ռեսուրսների հնարավոր ներգրավմամբ,
8) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում,
9) ազգային հարստության բաղադրիչների վիճակագրության վարում և կատարելագործում,
10) Հայաստանի ազգային հաշիվներում հիմնական միջոցների սպառման գնահատման մեթոդաբանության կատարելագործում,
11) «սպառողի ծախսերի մեթոդի» կիրառմամբ «սեփական կացարանում բնակվելու պայմանականորեն հաշվարկվող վարձակալության արժեքի» գնահատում,
12) համախառն ավելացած արժեքի՝ ըստ աշխատողների թվաքանակով որոշվող կազմակերպությունների չափերի և տնտեսական գործունեության տեսակների վիճակագրության վարում,
13) տարածքային ՀՆԱ-ի գնահատման իրականացում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲԻԶՆԵՍ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ, ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
8. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) «Տնտեսական գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգչին համապատասխան վիճակագրության վարում,
2) «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի ամբողջական ներդրում՝ արդյունաբերության վիճակագրությունում (մինչև 9 նիշ) և բնեղեն արտադրատեսակների վիճակագրության վարում, ինչպես նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության, շինարարության, տրանսպորտի և կապի, առևտրի և այլ ծառայությունների ոլորտների վիճակագրությունում,
3) վիճակագրական տվյալների հավաքման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում և համադրելիության ապահովում միջազգային չափանիշների և ստանդարտների համաձայն՝ հասկացությունների, դասակարգումների, տեղեկատվական աղբյուրների և այլնի մասով,
4) հաշվառման դաշտի ամբողջականացման և ցուցանիշների որակի ապահովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) գնահատման գործիքների կիրառում և դրանց շարունակական կատարելագործում ըստ միջազգային չափորոշիչների,
5) բիզնես ռեգիստրի, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների ռեգիստրի տեղեկատվական շտեմարանի միջոցով հաշվառման դաշտի արդիականացում, ընտրանքային դիտարկումների մեթոդների կիրառման ընդլայնում ու կատարելագործում,
6) Միջազգային էներգետիկ հանձնաժողովի ստանդարտներին համապատասխան Հայաստանի Հանրապետության Էներգահաշվեկշռի հրապարակում,
7) 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման (ԳՀՀ) նախապատրաստական աշխատանքների իրականացում,
8) Բուսաբուծական և անասնաբուծական արտադրանքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի այլ ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալների որակի ապահովման նպատակով տվյալների հավաքման գործիքակազմի՝ ցուցանիշների կառուցվածք, մեթոդաբանություն, պարբերականություն, ելնելով յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկություններից ընտրանքային դիտարկման դաշտի արդիականացում և կատարելագործում ու միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովում,
9) ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Եվրոպական հանձնաժողովի կողմից կիրառվող մեթոդաբանության համաձայն` պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի (պարենի առկայություն, մատչելիություն և սպառում) շարունակական կատարելագործում, դրա հիման վրա ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում և հրապարակում,
10) վարչական ռեգիստրների` որպես վիճակագրական տեղեկատվության աղբյուրի կիրառման շրջանակների ընդլայնում:
Գ Լ ՈՒ Խ 3
ԳՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ
9. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) սպառողական գների ինդեքսների (այսուհետ՝ ՍԳԻ) հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործման նպատակով, դիտարկվող ապրանք - ծառայությունների կազմի, կառուցվածքի հերթական վերանայման և արդիականացման աշխատանքների իրականացում, ՍԳԻ-ի զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների ամենամյա վերահաշվարկի կատարում,
2) սպառողական ապրանքների գների ինդեքսի երկարաժամկետ հաշվարկների համար, որպես բազիսային ժամանակաշրջան Եվրամիության կողմից ընդունված և 5 տարին մեկ վերանայվող համապատասխան տարվա ընդունում,
3) ՍԳԻ հաշվարկների արդյունավետ կազմակերպման նպատակով էլեկտրոնային աղյուսակների կազմում ըստ «Անհատական սպառում` ըստ նպատակների դասակարգչի» (այսուհետ՝ ԱՍԸՆԴ) 2-ից 5-նիշ մակարդակների,
4) ՍԳԻ-ի հրապարակման ձևաչափերի վերանայում` հիմնվելով ԱՄՀ-ի առաքելության առաջարկների և եվրոպական երկրների վիճակագրական կազմակերպությունների կողմից ՍԳԻ-ին ներկայացվող պահանջների և միջազգայնորեն ընդունված չափորոշիչների վրա, ՍԳԻ-ի 12-ամսյա գնաճի հրապարակում,
5) խիստ սեզոնայնություն ունեցող ոչ պարենային ապրանքների համար ՍԳԻ-ի հաշվարկներում միջազգային պրակտիկայում առավել հաճախ կիրառվող ««տիպային» գնի օգտագործման» մեթոդի ներդրում,
6) ՍԳԻ-ի հաշվարկներում սեփական կացարանում բնակվելու պայմանականորեն հաշվարկվող վարձակալության վճարի ներառման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում` կիրառելով ԱՄՀ-ի առաքելության կողմից եվրոպական երկրներում որպես նախընտրելի և առավել հաճախ օգտագործվող մեթոդ առաջարկված վարձավճարների գնահատման մեթոդը,
7) գնադիտարկման համար բազային առևտրի և ծառայություն մատուցող կազմակերպությունների ընտրանքի շարունակական բարելավում, առևտրի և ծառայության ընտրված օբյեկտներում փոքրածավալ շարժական համակարգիչների (պլանշետ) կիրառմամբ սպառողական ապրանքների և ծառայությունների ամենամսյա գնադիտարկումների իրականացում, համացանցային առևտրի կամ բջջային կապի սակագների գրանցման համար համացանցում զետեղված համապատասխան տեղեկատվության օգտագործում,
8) արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսների (ԱԱԳԻ) հաշվարկներում մասնակցող բազային կազմակերպությունների ընտրանքի արդիականացում,
9) արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքների, բեռնափոխադրումների սակագների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում, հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների ընտրանքի վերանայում, գների հետազոտության կազմակերպում` միջազգային չափանիշներին ու դասակարգումներին համապատասխան, մասնավորապես արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի հաշվարկման աշխատանքներում Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակի Հայաստանի դասակարգչի (9-նիշ մակարդակով) ներդնում,
10) արտաքին առևտրի գների (միջին արժեքի) ինդեքսների հաշվարկներում ընդգրկված ապրանքների վերադասակարգման իրականացում՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության կողմից առաջարկված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ»-ի նոր խմբագրության,
11) Անկախ պետությունների համագործակցության երկրների տարածաշրջանում իրականացվող համախառն ներքին արդյունքի և ազգային արժույթի գնողունակության համարժեքության հաշվարկման միջազգային համադրումների ծրագրով 2017 թվականի ցուցանիշներով աշխատանքների իրականացում և վերջնական արդյունքների հրապարակում: Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող և ֆինանսավորվող Միջազգային համադրումների ծրագրի միջազգային գլոբալ համադրումների ծրագրի հաջորդ փուլի աշխատանքներին մասնակցելու համար նախապատրաստական աշխատանքների իրականացում:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ
10. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) Աշխատանքի շուկայի և աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքման, մշակման և ամփոփման մեթոդների և գործիքակազմի շարունակական կատարելագործում (մասնավորապես, տնային տնտեսություններում իրականացվող Աշխատուժի հետազոտության սկզբնական տվյալների հավաքման աշխատանքներում տեխնոլոգիական նորամուծությունների ներդրման ուղղությամբ):
2) Ընտրանքային հետազոտությունների կատարելագործում: Մասնավորապես, նախատեսվում է՝
ա. Աշխատուժի հետազոտության ընտրանքային համակցության ընդլայնում՝ միտված բնակչության տարբեր խմբերի խնդիրների և առանձնահատկությունների վերհանմանը,
բ. Աշխատուժի հետազոտության ընտրանքի շրջանակի մեթոդաբանության վերանայում՝ ընտրանքային միավորների ձևավորման համար որպես գլխավոր համակցություն կիրառելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի (այսուհետ՝ բնակչության պետական ռեգիստր) անհատական (անձնավորված) տվյալների շտեմարանը,
գ. Աշխատուժի հետազոտության արդյունքների գնահատման մեթոդների կատարելագործում՝ օգտագործելով ժողովրդագրության ընթացիկ վիճակագրական տվյալները, ինչպես նաև հետազոտությունների արդյունքների որակը բնութագրող ցուցանիշների (սահմանային սխալ, վստահության միջակայք և այլն) հաշվարկում.
դ. Աշխատուժի և թափուր աշխատատեղերի հետազոտությունների գլխավոր համակցության արդիականացում՝ դաշտային աշխատանքների մեկնարկից առաջ տնային տնտեսությունների/կազմակերպությունների ցուցակագրում,
ե. Աշխատուժի հետազոտության պանելային մեթոդի ներդրում՝ ԵՄ Աշխատուժի հետազոտության մեթոդաբանությանը համապատասխան՝ ապահովելով աշխատուժի հոսքի վերաբերյալ նոր ցուցանիշներ և կրճատելով հետազոտության ծախսատարությունը,
է. Աշխատուժի հետազոտության թեմատիկ մոդուլների կիրառում՝ միտված աշխատանքի շուկայի զարգացումները և մարտահրավերները մշտադիտարկելուն։
3) Վարչական ռեգիստրների տվյալների շրջանակի ընդլայնում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառմամբ վարձու աշխատողների տվյալների շտեմարանի տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում և ելքային ցուցանիշների շրջանակի ընդլայնում։
4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի վիճակագրության մեթոդաբանության և ելքային ցուցանիշների շրջանակի հնարավորինս ներդաշնակեցում (մոտարկում) Աշխատանքի միջազգային կազմակերպության և ԵՄ առաջարկվող ստանդարտներին, կանոնակարգերին, դասակարգումներին (ISCO, NACE, ISECD և այլն)՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության կարիքներից բխող, ժամանակակից պահանջներին համահունչ ցուցանիշներ և համադրելի աշխատանքի վիճակագրություն: Մասնավորապես, նախատեսվում է՝
ա. 2013թ. Աշխատանքի վիճակագիրների միջազգային 19-րդ համաժողովում (ԱՎՄՀ) ընդունված «Աշխատանքի, զբաղվածության, աշխատուժի թերօգտագործման վիճակագրության» վերաբերյալ բանաձևի դրույթների ներդրման փուլից անցում հետազոտական գործիքի «թույլ կողմերի» ախտորոշմանը ու դրանց շտկմանը, աշխատանքի շուկայի ցուցանիշների առաջարկվող նոր կազմի և շրջանակի փուլային ներդրմանը, շարունակական կատարելագործմանը.
բ. 2015-2017թթ. ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում մեկնարկած աշխատավարձի, վաստակի, աշխատանքի գնի, աշխատաժամերի վիճակագրության և աշխատանքի գնի ինդեքսի հաշվարկի շարունակական կատարելագործում.
գ. թափուր և նոր ստեղծված աշխատատեղերի, աշխատատեղերի շարժի, աշխատողների մասնագիտական ուսուցման, աշխատանքի պայմանների վիճակագրության շարունակական կատարելագործում:
5) Աշխատանքի շուկայի ըստ սեռերի վիճակագրության շարունակական կատարելագործում և ներդաշնակեցում ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից առաջարկվող «Գենդերային առանցքային ցուցանիշների կազմ»-ի հետ:
6) Աշխատուժի շարժունության վիճակագրության ներդրում և դրա շրջանակում աշխատանքային միգրացիայի վիճակագրության ներդաշնակեցում՝ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից առաջարկվող ձեռնարկին համահունչ, ինչպես նաև Աշխատանքի վիճակագիրների միջազգային 20-րդ համաժողովի բանաձևերի պահանջներին ընդառաջ:
7) 2020 թվականին Աշխատանքի վիճակագիրների միջազգային 20-րդ համաժողովում ընդունվելիք բանաձևերի, այդ թվում՝ Զբաղվածության կարգավիճակի միջազգային դասակարգչի (ISECD) վերանայված` 2020 տարբերակի փուլային ներդրում:
8) Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկվող «արժանապատիվ աշխատանքի» գնահատման վիճակագրական հիմնական ցուցանիշների շտեմարանի ստեղծում՝ առկա ցուցանիշների շրջանակի համակարգմամբ՝ համալրված ԱՎՄՀ 19-րդ բանաձևով սահմանված նոր ցուցանիշներով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐ
11. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) վարչական ռեգիստրների (մասնավորապես` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե և այլն) կողմից վարվող տվյալների շտեմարանների հիման վրա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով բիզնես ռեգիստրի ամբողջականացման ապահովում և պարբերաբար արդիականացում` համաձայն միջազգային ընդունված չափորոշիչների,
2) բիզնես ռեգիստրի վարման ծրագրային ապահովման շարունակական կատարելագործում` ուղղված ելքային ամփոփ տեղեկատվության ստացման գործընթացի դյուրացմանը,
3) բիզնես ռեգիստրում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի և անուղղակի աղբյուրներից հավաքվող տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում,
4) բիզնես ռեգիստրի տվյալների շտեմարանի հիման վրա փոքր ու միջին ձեռնարկատիրության վերաբերյալ քանակական ու «ժողովրդագրական» վիճակագրության վարում:
ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ
12. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) Ազգային հաշիվների համակարգ - 2008 մեթոդաբանության վրա հիմնված «Ֆինանսական ակտիվների դասակարգչի» ազգային տարբերակի մշակում,
2) «Կրթության միջազգային ստանդարտ դասակարգչի» ազգային տարբերակի մշակում:
Գ Լ ՈՒ Խ 6
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ
13. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) տնտեսության ոչ ֆինանսական հատվածի առևտրային կազմակերպությունների ֆինանսների վիճակագրության վարում` «Տնտեսական գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգչին համապատասխան,
2) կազմակերպությունների վճարունակության, ֆինանսական կայունության, ինչպես նաև արտադրանքի և ակտիվների շահութաբերության ցուցանիշների հաշվարկում,
3) կառուցվածքային բիզնես վիճակագրության վարման համար անհրաժեշտ ֆինանսական ցուցանիշների ստացման ապահովում:
Բ Ա Ժ Ի Ն 2
ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ
14. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) պետական ֆինանսների (համախմբված, պետական և համայնքների բյուջեների և դրանց տարրերի) վիճակագրության վարում և կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (ներառյալ` համապատասխան վարչական ռեգիստր վարող լիազոր մարմնի հետ համատեղ «Կառավարության ֆինանսների վիճակագրություն - 2001» ձեռնարկի դասակարգմանը համապատասխան վիճակագրության վարում և «Կառավարության ֆինանսների վիճակագրություն - 2014» ձեռնարկի ներդրման աշխատանքների իրականացում).
2) Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վիճակագրության վարում և կատարելագործում (համապատասխան վարչական ռեգիստր վարող լիազոր մարմնի հետ համատեղ).
3) ֆինանսական միջնորդության հատվածի (ներառյալ` համապատասխան վարչական ռեգիստրը վարող լիազոր մարմնի հետ համատեղ` ֆինանսական միջնորդության ոչ բանկային հատվածի) վիճակագրության վարում և կատարելագործում.
4) «Ազգային հաշիվների համակարգ - 2008»-ի սկզբունքներին համապատասխան` «Ֆինանսական հաշվի» վիճակագրության ներդրման աշխատանքների իրականացում:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ
15. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ապրանքներ և ծառայություններ» հոդվածի կազմում` համաձայն ԱՄՀ մեթոդաբանության,
2) օժանդակություն միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության կազմմանը (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ «Վճարային հաշվեկշռի ձեռնարկ 6» և «Արտաքին պարտքի վիճակագրություն» ձեռնարկի դասակարգումներին համապատասխան),
3) արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշների հավաքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի մեթոդաբանությանը («Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հիմնադրույթներ և սահմանումներ, 2010») համապատասխան,
4) օտարերկրյա ներդրումների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ),
5) միջազգային ծառայությունների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան,
6) միջազգային և ներքին զբոսաշրջության վիճակագրության վարման կատարելագործում, զբոսաշրջության սատելիտային հաշվի ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում:
Բ Ա Ժ Ի Ն 4
ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Գ Լ ՈՒ Խ 1
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
16. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սոցիալ-ժողովրդագրության այլ բնագավառների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով` վարչական ռեգիստրների ձևավորման և կատարելագործման աջակցություն,
2) բնակարանային ֆոնդի և կոմունալ տնտեսության ոլորտի վիճակագրության բարելավում, վարչական ռեգիստրների ձևավորման և կատարելագործման աջակցություն:
Գ Լ ՈՒ Խ 2
ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության պարբերական անցկացում և Համաշխարհային բանկի կողմից մշակված մեթոդաբանական զարգացումներին համահունչ մեթոդաբանության կատարելագործում,
2) աղքատությունը և սոցիալական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման և արդիականացման նպատակով տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընտրանքի ավելի բարձր ներկայացուցչականության ապահովում ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի,
3) աղքատության բազմաչափ համաթվի գնահատում և դրա՝ որպես աղքատության չափման այլընտրանքային մեթոդի կիրառման շարունակական կատարելագործում,
4) աղքատության նյութական և ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում,
5) տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության միջոցով աղքատության խորացված գնահատման իրականացում, այդ թվում` սոցիալական բացառումների, պարենային անվտանգության, երեխաների կարիքների, անհատական մակարդակով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիության վերաբերյալ ցուցանիշների բովանդակության ամբողջականացում և կատարելագործում:
Գ Լ ՈՒ Խ 3
ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
18. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրից բնակչության բնական շարժի` ծննդյան, մահվան, ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ տվյալների ստացման, մշակման և արտադրության աշխատանքների շարունակական կատարելագործում` քաղաքացիական կացության համապատասխան ակտերում լրացված տեղեկատվության ամբողջականացում, դրանց վիճակագրական դասակարգման և վիճակագրական տվյալների ելքերի համապատասխանեցումը միջազգայնորեն սահմանված ցանկին,
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրից բնակչության բնական շարժի` ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության գրանցումների վերաբերյալ էլեկտրոնային եղանակով ստացվող տեղեկատվության վիճակագրական մշակման գործառույթների վերահսկողական մեխանիզմների ներդրում, տվյալների որակի բարձրացում (տվյալների խմբագրման, ճշգրտման և համալրման/իմպուտացիայի ընթացակարգերում) և համապատասխան ելքային տվյալների ստացման ապահովում,
3) բնակչության մեխանիկական տեղաշարժերի` միգրացիայի վարչական հաշվառման տեղեկատվական շտեմարանների ամբողջականացման ապահովմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում, բնակչության պետական ռեգիստրում՝ հաշվառված բնակչության, տարվա ընթացքում հաշվառված անձանց (իմիգրանտների) և հաշվառումից հանված անձանց (էմիգրանտների), միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց և կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձանց վերաբերյալ միջազգայնորեն սահմանված չափորոշիչներին համապատասխան վիճակագրական տվյալների ստացում,
4) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից բնակչության մեխանիկական տեղաշարժերի` միգրացիայի վարչական հաշվառման շտեմարաններում տվյալների ընդգրկվածությունն ու որակը բարելավելու նպատակով աշխատանքների իրականացում՝ միտված նույնականացված տվյալներով համալրելուն (բնակչության տեղաշարժերի վերաբերյալ պարբերաբար ստացվող տվյալները վիճակագրական նշանակությամբ նույնականացված ծածկագրերով համալրելուն ուղղված ծրագրի նախագծում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ),
5) բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ ելքային տվյալների ստացման համար մեքենայական մշակման ծրագրերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության բնական շարժի մշակման համալիր ծրագրում ըստ մարզերի և Երևան քաղաքի վիճակագրական հաշվարկների ներառելու ուղղությամբ,
6) «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով նախատեսված հերթական մարդահամարի (2020 թվական) երկրի նպատակներին, ժամանակի պահանջներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հանձնարարականներին համահունչ ծրագրավորելու և դրա կազմակերպական գործառույթների նախապատրաստմանն ուղղված աշխատանքների իրականացում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի (վարչական ռեգիստրի) տվյալների հիման վրա մարդահամար անցկացնելու հնարավորությունների ուսումնասիրում,
7) ժողովրդագրական իրավիճակի գնահատման այլընտրանքային աղբյուրների ձևավորման նախապատրաստական աշխատանքների իրականացում (ներառյալ՝ «ֆոկուս» հետազոտությունների միջոցով արտագնա միգրացիոն միտումների և փորձառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում):
Գ Լ ՈՒ Խ 4
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմանավորված` ոլորտին առնչվող տեղեկատվական շտեմարանների ամբողջականացում և վարում, համապատասխան վարչական ռեգիստրների կատարելագործմանն օժանդակություն,
2) մթնոլորտային արտանետումների սատելիտային հաշիվների կազմում և ներդրում,
3) բնապահպանական միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորում և վարում՝ «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք» ծրագրի շրջանակում եվրոպական բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի պահանջներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության էկոպորտալի ձևավորմանն օժանդակություն,
4) գետավազանային կառավարման և զարգացման նախագծերին համապատասխան` վիճակագրական տեղեկատվական շտեմարանների վարման աշխատանքների շարունակական իրականացում,
5) «Կանաչ տնտեսության» ցուցանիշների սահմանման և ներդրման նախապատրաստական աշխատանքների իրականացում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու ՄԱԿ-ի շրջակա միջավայրի եվրոպական գործակալության հետ համատեղ,
6) մարդկանց առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատման ցուցանիշների սահմանմանը և վարչական ռեգիստրների տեղեկատվական շտեմարանի ձևավորմանն օժանդակություն,
7) արտակարգ իրավիճակների միասնական տեղեկատվական շտեմարանների ձևավորմանն օժանդակություն:
Գ Լ ՈՒ Խ 5
ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
20. «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքն ապահովում է պրոֆեսիոնալ անկախության ամուր իրավական հիմքեր` գործելու հիմնավորված մեթոդաբանությամբ և համապատասխան վիճակագրական ընթացակարգերով՝ պահպանելով անկողմնակալությունը, օբյեկտիվությունը և վիճակագրական տեղեկատվության գաղտնիությունը:
21. Վիճակագրական կոմիտեն օգտագործողների մշտապես աճող պահանջները բավարարելու նպատակով խստորեն հետևում է յուրաժամանակության և ճշտապահության, մատչելիության և պարզության սկզբունքներին, և ապահովում է պաշտոնական վիճակագրության համաձայնեցվածությունը և համադրելիությունը` հնարավորինս խուսափելով ռեսպոնդենտների ավելորդ ծանրաբեռնվածությունից:
22. Վիճակագրական կոմիտեի որակի քաղաքականությունն ուղղված է համապատասխան մեթոդաբանությունների և գործիքների մշակման միջոցով վիճակագրական արտադրանքի և գործընթացների համակարգված բարելավմանը, շեշտը դնելով բարձր որակի ծառայությունների մատուցմանը, աշխատանքի և ծախսերի արդյունավետության բարձրացմանը:
23. Վիճակագրական կոմիտեի որակի համակարգը հիմնված է Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի 15 սկզբունքների վրա.
1) պրոֆեսիոնալ անկախություն,
2) մանդատ տվյալների հավաքման համար,
3) ռեսուրսների համապատասխանություն,
4) որակի հանձնառություն,
5) վիճակագրական գաղտնիություն,
6) անկողմնակալություն և օբյեկտիվություն,
7) հիմնավորված մեթոդաբանություն,
8) համապատասխան վիճակագրական ընթացակարգեր,
9) ռեսպոնդենտների ոչ ավելորդ ծանրաբեռնվածություն,
10) ծախսերի արդյունավետություն,
11) համապատասխանություն,
12) ճշգրտություն և արժանահավատություն,
13) յուրաժամանակություն և ճշտապահություն,
14) համաձայնեցվածություն և համադրելիություն,
15) մատչելիություն և պարզություն:
24. Որակի կառավարման բնագավառում Վիճակագրական կոմիտեի հիմնական խնդիրներն են.
1) Եվրոպական վիճակագրական համակարգի որակի ապահովման շրջանակի իրականացում,
2) որակի հռչակագրերի շարունակական արդիականացում և կատարելագործում` նպատակ ունենալով ներկայացնել վիճակագրության օրենսդրական հիմքերը, վիճակագրության նպատակն ու մեթոդաբանությունը, դրա տարածման եղանակները, վիճակագրության օգտագործողների և նրանց մոտ առաջացող հարցերի փարատման համար այլ կարևոր տեղեկատվություն,
3) Ընդհանուր վիճակագրական բիզնես-գործընթացի մոդելի (GSBPM) հենքով վիճակագրական արտադրանքների վիճակագրական գործընթացների փաստաթղթավորումների շարունակական կատարելագործում: ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված Ընդհանուր վիճակագրական բիզնես - գործընթացի մոդելի տեղայնացված 5.0 տարբերակը նկարագրում և սահմանում է պաշտոնական վիճակագրության արտադրման համար անհրաժեշտ վիճակագրական գործընթացները, ապահովում է ստանդարտ շրջանակներ և համաձայնեցված տերմինաբանություն` վիճակագրական տեղեկատվության արտադրման գործընթացները արդիականացնելու համար: Ընդհանուր վիճակագրական բիզնես - գործընթացի մոդելը օգտագործվում է նաև տվյալների և մեթատվյալների ստանդարտներն ինտեգրելու նպատակով` գործընթացների փաստաթղթավորման, ներդաշնակեցման, դրանց որակի գնահատման և բարելավման հիմքերի ապահովման համար,
4) Ընդհանուր վիճակագրական բիզնես-գործընթացի մոդելի հենքով վիճակագրական արտադրանքների վիճակագրական գործընթացների գծապատկերներով տեսապատկերավորման շարունակական կատարելագործում,
5) Դանիայի վիճակագրության օրինակով մշակված ներքին որակի աուդիտի իրականացման ինքնագնահատման հարցաթերթով վիճակագրական արտադրանքների Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի ցուցանիշների իրականացման ինքնագնագնահատում` ոլորտի բացերի հայտնաբերման և վերացման նպատակով,
6) ՄԱԿ-ի եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված Վիճակագրական կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդելի (GAMSO) տեղայնացում և ներդրում, որը նկարագրում և սահմանում է վիճակագրական կազմակերպության շրջանակում իրականացվող գործողությունները: Այն ընդլայնում և լրացնում է Ընդհանուր վիճակագրական բիզնես-գործընթացի մոդելը լրացուցիչ միջոցառումներով, որոնք անհրաժեշտ են վիճակագրական արտադրանքի խթանման համար,
7) վիճակագրական արտադրման և ծառայությունների արդիականացման համար ստանդարտների և գործիքների (Ընդհանուր վիճակագրական տեղեկատվական մոդել, Ընդհանուր վիճակագրական արտադրման ճարտարապետություն` CSPA) ներդրում և իրականացում, մեթատվյալների համակարգի ներդրում,
8) վիճակագրական բառարանի արդիականացում:
ՄԱՍ 3
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
25. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների ներդրման գործընթացում շարունակական բնույթ կկրեն հետևյալ միջոցառումները.
1) Վիճակագրական կոմիտեի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացի իրականացում` Վիճակագրական կոմիտեի միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակում,
2) Վիճակագրական կոմիտեի ստորաբաժանումներում ժամանակակից համակարգչային սարքավորումներով և համապատասխան տեխնիկական միջոցներով համալրման աշխատանքների շարունակականության ապահովում,
3) Վիճակագրական կոմիտեում գործող ծրագրային համակարգերի վարում, արդիականացում և նոր համակարգերի ստեղծում,
4) CAPI համակարգի միջոցով սկզբնական տվյալների հավաքման գործընթացների ներդրում,
5) Կայուն զարգացման նպատակների (այսուհետ՝ ԿԶՆ) ցուցանիշների համար ազգային հաշվետվողական հարթակի կատարելագործում,
6) վիճակագրական հաշվետվությունների ձևերի ներկայացման առցանց համակարգի ստեղծման աշխատանքների կազմակերպում,
7) Վիճակագրական կոմիտեի կողմից տվյալների ամբողջական պահպանման և մշակման (Warehouse) տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների կազմակերպում,
8) Վիճակագրական կոմիտեի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջև կորպորատիվ ցանցի կատարելագործում,
9) Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքերի և վիճակագրական տեղեկատվական շտեմարանների շարունակական արխիվացում,
10) Վիճակագրական կոմիտեի պաշտոնական և ներքին ծառայողական կայքերի արդիականացման աշխատանքների շարունակում,
11) www.armstatbank.am պաշտոնական կայքում ՓիՍի-ԱՔՍԻՍ ծրագրային փաթեթի միջոցով տվյալների բազաների ընդլայնման և զարգացման աշխատանքների շարունակում,
12) Վիճակագրական կոմիտեում վիճակագրական տվյալների և մեթատվյալների փոխանակման միջազգային ստանդարտի (SDMX) և Տվյալների փաստաթղթավորման նախաձեռնություն (DDI) համակարգերի ներդրման գործընթացի նախապատրաստական աշխատանքների իրականացում,
13) Վիճակագրական կոմիտեի միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության և անխափան աշխատանքների շարունակում` ապահովելով վիճակագրական գաղտնիք համարվող տվյալների անանունությունը և անվանազերծումը:
ՄԱՍ 4
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
26. Վիճակագրության բնագավառում միջազգային համագործակցությունը, հանդիսանալով ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար և Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքով սահմանված սկզբունքներից մեկը, ներառում է տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև ներուժ ստեղծելու նպատակով դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա օգտագործման համար: Վիճակագրական համագործակցության իրականացման ոլորտը բավական ընդարձակ է` սկսած միջազգային աշխատանքային խմբերի և խորհրդակցությունների շրջանակում ոչ պաշտոնական շփումներից մինչև վիճակագրության կատարելագործմանն ուղղված համապարփակ ծրագրերը:
27. Համագործակցության հիմնական նպատակներն են.
1) առանցքային ոլորտներում կատարելագործված վիճակագրական տվյալների առավել լայն և արդյունավետ օգտագործում ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական և բնապահպանական բնագավառներում, ինչպես նաև ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրման, որոշումների ընդունման և վերահսկման համար հիմք ստեղծելու նպատակով,
2) միջազգային համագործակցության գերակայություն հանդիսացող առանցքային ոլորտներում վիճակագրական ներուժի և կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաև դրանց հրապարակման համար,
3) համակարգերի և ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:
28. Միջազգային համագործակցության շրջանակում Վիճակագրական կոմիտեի հիմնական խնդիրներն են.
1) էապես ամրապնդել վիճակագրական ներուժն արտադրելու և տարածելու բարձր որակի վիճակագրական տվյալներ՝ անհրաժեշտ փաստերի վրա հիմնված որոշումների կայացման գործընթացների համար,
2) բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը` այն է վիճակագրական տվյալների համապատասխանությունը, գնահատումների ճշգրտությունը և արժանահավատությունը, յուրաժամանակությունը և ճշտապահությունը, տվյալների մատչելիությունը և պարզությունը, համաձայնեցվածությունը և համադրելիությունը ու ամբողջականությունը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ,
3) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով օգտագործողների կարիքների հաշվառումը և բավարարումը,
4) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը,
5) գործել միջազգային վիճակագրական չափանիշներին, կանոններին և ստանդարտներին համաձայն,
6) հաշվի առնելով վիճակագրության առնչությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներին, բացառապես վիճակագրության միջազգային ստանդարտներով գործելու հրամայականը, գիտակցելով վիճակագրի պատասխանատվությունը հանրության` օգտագործողների, ռեսպոնդենտների և այլ գործընկերների հանդեպ, ինչպես նաև վիճակագրի մասնագիտության յուրօրինակությունը, հետևել ՄԱԿ-ի Պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներին, Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքներին, Պրոֆեսիոնալ էթիկայի հռչակագրի սկզբունքներին, Միջազգային վիճակագրական գործունեության կառավարման սկզբունքներին և դրանք կիրառել իր գործունեությունում,
7) բարձրացնել և երաշխավորել պաշտոնական վիճակագրության հեղինակությունն արտաքին աշխարհում:
29. Վիճակագրական կոմիտեն նախատեսում է շարունակել ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության շրջանակում համաշխարհային մասշտաբով վիճակագրական մեթոդաբանության և փորձառության կատարելագործման, միասնականացման և ներդաշնակեցման, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական վիճակի և բնակչության կենսամակարդակի վերաբերյալ ցուցանիշների համադրելիության ապահովման ուղղությամբ: Իր բովանդակությամբ և ձևերով այդ կարևորագույն և բազմակողմանի գործունեությունը կիրականացվի հետևյալ հիմնական ուղղություններով.
1) մասնակցություն միջազգային կազմակերպությունների գործունեությանը`
ա) ՄԱԿ. Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի, Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի և Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի, զարգացման ծրագրի, բնակչության հիմնադրամի, մանկական հիմնադրամի, կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության, Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար սոցիալ-տնտեսական հանձնաժողովի, պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, համակարգի այլ մասնագիտացված մարմինների,
բ) Արժույթի միջազգային հիմնադրամի,
գ) Համաշխարհային բանկի,
դ) ԵՄ վիճակագրական ծառայության,
ե) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության,
զ) Աշխատանքի միջազգային կազմակերպության,
է) Միջազգային վիճակագրական ինստիտուտի և այլն,
2) պաշտոնական վիճակագրության համակարգի բարեփոխումների ուղղությամբ կարևորագույն հիմնախնդիրների լուծման նպատակով արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համագործակցության նախագծերի մշակում և իրականացում միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցության ազգային և տարածաշրջանային ծրագրերի ֆինանսական միջոցների հաշվին,
3) համագործակցություն արտասահմանյան երկրների ազգային վիճակագրական ծառայությունների հետ վիճակագրական գործունեության արդիական հիմնահարցերի ուղղությամբ երկկողմանի հիմունքներով,
4) Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ՝ ԱՊՀ) երկրների վիճակագրական ծառայությունների հետ ավանդական կապերի և համագործակցության զարգացում երկկողմանի հիմունքներով` մասնակցելով ԱՊՀ երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի գործունեությանը,
5) համագործակցություն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վիճակագրական ծառայությունների հետ երկկողմանի հիմունքներով՝ մասնակցելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտի գործունեությանը։
30. Վիճակագրական կոմիտեի համագործակցության գերակայությունների շարքին են դասվում վիճակագրության հետևյալ բնագավառները.
1) վիճակագրական կարողությունների ամրապնդում,
2) վիճակագրական ենթակառուցվածք. դասակարգումներ, ստանդարտներ և վիճակագրական ռեգիստրներ,
3) վիճակագրական համակարգերի կառավարման հարցեր. վիճակագրական օրենք,
4) վիճակագրական տվյալների արտադրման արդյունավետություն,
5) վիճակագրության մոդեռնիզացում՝ Վիճակագրական կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդել (GAMSO), վիճակագրական արտադրման և ծառայությունների արդիականացման համար ստանդարտներ և գործիքներ, Ընդհանուր վիճակագրական բիզնես-գործընթացի մոդել (GSBPM), Ընդհանուր վիճակագրական տեղեկատվական մոդել (GSIM), Ընդհանուր վիճակագրական արտադրման ճարտարապետություն (CSPA), Տվյալների և մեթատվյալների փոխանցման և փաստաթղթավորման համար ստանդարտներ. Վիճակագրական տվյալների և մեթատվյալների փոխանակում (SDMX), Տվյալների փաստաթղթավորման նախաձեռնություն (DDI),
6) մեթատվյալների համակարգ,
7) տնտեսական (մակրոտնտեսական, ֆինանսների և գների) վիճակագրություն,
8) արտաքին առևտրի վիճակագրություն,
9) բիզնես վիճակագրություն,
10) տրանսպորտի վիճակագրություն,
11) գյուղատնտեսության վիճակագրություն,
12) էներգետիկայի վիճակագրություն,
13) զբոսաշրջության վիճակագրություն,
14) ինովացիոն վիճակագրություն, ուսումնասիրությունների և մշակումների վիճակագրություն,
15) տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վիճակագրություն,
16) սոցիալական, ժողովրդագրական և աշխատանքի շուկայի վիճակագրություն,
17) աղքատության վիճակագրություն,
18) ըստ սեռի վիճակագրություն,
19) շրջակա միջավայրի վիճակագրություն,
20) Կայուն զարգացման նպատակների վիճակագրություն,
21) միջազգային համադրումների ծրագիր,
22) հորիզոնական ոլորտներ. որակի ապահովում և կառավարում, աշխատանք ռեսպոնդենտների (ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցում) և օգտագործողների (նախաձեռնողական քաղաքականության իրականացում) հետ, օգտագործողներին կողմնորոշում ունեցող տեղեկատվության տարածում և հաղորդակցում, ազգային վիճակագրական համակարգի կառավարում և համակարգում, անձնակազմի ուսուցում,
23) ինստիտուցիոնալ ենթակառուցվածք. տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ, բյուջետային և մարդկային ռեսուրսներ:
31. Վիճակագրական կոմիտեն կշարունակի իր գործունեությունը` ուղղված Եվրոպական վիճակագրական համակարգին ինտեգրմանը Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) իրականացման շրջանակում:
32.Վիճակագրական կոմիտեն վիճակագրության մասով կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին:
33. Վիճակագրական կոմիտեն կմասնակցի Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում ԵՄ - Հայաստան գործողությունների ծրագրին` վիճակագրության մասով:
34. Վիճակագրական կոմիտեն կշարունակի ԵՄ Թվինինգ և Թայեքս գործիքների կիրառմամբ Վիճակագրական կոմիտեի ինստիտուցիոնալ հզորացմանը, ԵՄ չափանիշներին համապատասխանող վիճակագրական համակարգի ձևավորմանը և հետագա բարելավմանը, ԵՄ կանոնակարգերի մոտարկմանը, ԵՄ օրենսդրությանն ու ստանդարտներին համապատասխանեցմանն ուղղված գործունեությունը:
35. 2018թ. հունիսի 1-ից սկսվել է ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: Այն դրույթները, որոնք չեն մտնում ժամանակավոր կիրարկման տակ՝ այդ ոլորտների կարգավորման համար շարունակելու են գործել ԳՀՀ-ի դրույթները: ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում (Մաս 4, Գլուխ 3, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾ 30 - 35), Վիճակագրական կոմիտեն կշարունակի իր համագործակցությունը ԵՄ-ի հետ վիճակագրական խնդիրների վերաբերյալ` դրանով իսկ նպաստելով ժամանակին, միջազգայնորեն համադրելի և հավաստի վիճակագրական տվյալների տրամադրման երկարաժամկետ նպատակին: Կայուն, արդյունավետ և պրոֆեսիոնալորեն անկախ ազգային վիճակագրական համակարգը կարտադրի տեղեկատվություն քաղաքացիների, բիզնեսի և որոշում կայացնողների համար ԵՄ-ում և Հայաստանի Հանրապետությունում, ինչը հնարավորություն կընձեռի նրանց այդ հիմքերով տեղեկացված որոշումներ կայացնելու: Ազգային վիճակագրական համակարգը կառաջնորդվի ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներով, վիճակագրության ոլորտում ԵՄ օրենսդրությամբ, ներառյալ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքները, ազգային վիճակագրական արտադրանքն եվրոպական նորմերին և ստանդարտներին համապատասխանեցնելու համար:
36. Վիճակագրական կոմիտեն կշարունակի իր գործունեությունը` ուղղված վիճակագրությունում ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցմանը, իրականացնելով վիճակագրությունում ԵՄ օրենսդրության մոտարկումը՝ համաձայն Վիճակագրական պահանջների կոմպենդիումի Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համագործակցության շրջանակում:
ՄԱՍ 5
ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
37. Վիճակագրական կոմիտեի ուսուցման քաղաքականությունը հիմնված է ուսուցման ծրագրերի վրա` կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները և նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը:
38. Միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում վիճակագրական կոմիտեն կշարունակի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը` ընդգրկելով աշխատակազմի ինչպես կառուցվածքային, այնպես էլ առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներին: Կշարունակվի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների և ազգային վիճակագրական ծառայությունների ու այլ կազմակերպությունների կազմակերպած դասընթացներին, սեմինարներին և աշխատանքային հանդիպումներին:
39. Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի պահանջներով` Վիճակագրական կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների հետևողական և շարունակական կատարելագործման նպատակով կշարունակվի վերապատրաստման գործընթացը:
40. Վիճակագրական կոմիտեում կիրականացվի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատում, ըստ որի, կկազմվի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիր, որը ներառում է վերապատրաստման կարիքները, վերապատրաստման եղանակները, հատկացված կրեդիտները, ժամանակի բաշխվածությունը, իրականացնող կազմակերպությունները, վերապատրաստում իրականացնող մասնագետների թեկնածուները և համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանված այլ չափանիշները, որը կներկայացվի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը: Այդ ծրագրում կընդգրկվեն նաև միջպետական գիտաժողովներին, սեմինարներին աշխատանքային հանդիպումներին գործուղված աշխատողների հաշվետվություն - զեկույցները:
ՄԱՍ 6
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
41. Վիճակագրական կոմիտեն ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: