Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.03.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4009/05/14

2015 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4009/05/14

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

 

2015 թվականի մարտի 18-ին,

քննարկելով «Լուվի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.10.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հայցի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության` 29.04.2014 թվականի թիվ 158 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության (այսուհետ` Վարչություն) 29.04.2014 թվականի թիվ 158 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) 14.08.2014 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 08.09.2014 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2014 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 08.09.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը և սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է թերի քննության արդյունքում` զրկելով Հասմիկ Հովհաննիսյանին դատական պաշտպանության դիմելու և այն իրացնելու իրավունքից:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ սույն գործով հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հասմիկ Հովհաննիսյանն Ընկերության տնօրենն է, այսինքն` գործադիր մարմինը, և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի ուժով իրավասու է առանց լիազորագրի ստորագրել Ընկերության անունից դատարան ներկայացվող հայցադիմումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ մի դեպքում ՀՀ վարչական դատարանը գտել է, որ հայցադիմումը ներկայացվել է պատշաճ հայցվորի կողմից, քանի որ ՀՀ վարչական դատարանը, իր 14.08.2014 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշելով Հասմիկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված հայցադիմումում և կից փաստաթղթերում առկա թերությունները, որևէ կերպ չի անդրադարձել հայցադիմումը ստորագրած անձի լիազորությունների հարցին: Մինչդեռ մեկ այլ դեպքում` 08.09.2014 թվականի որոշմամբ, Դատարանը գտել է, որ հայցը ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից, և մերժել է հայցադիմումի ընդունումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով Վերաքննիչ դատարանի 20.10.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի      1-ին մասի 4-րդ կետի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին՝

1.  արդյո՞ք վարչական դատարանը պարտավոր է մատնանշել հայցադիմումում առկա ձևական սխալները,

2.  արդյո՞ք վարչական դատարանն իրավասու է միայն հայցադիմումի ձևական կողմի ուսումնասիրության արդյունքում մերժել հայցադիմումի ընդունումը` հայցադիմումը դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հիմքով:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն oրենuգրքով uահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, oրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, uակայն դրանք պետք է ապահովվեին Uահմանադրության, միջազգային պայմանագրի, oրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատաuխանատվության։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցադիմումը, ի թիվս այլ պայմանների, բովանդակում է հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հաuցեն, եթե հայցը ներկայացրել է oրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև պաշտոնը, հայցի էության հակիրճ նկարագրությունը, այն փաuտերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները, հայցվորի պահանջը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները, ինչպես նաև նույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը, եթե համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հնարավոր է ներկայացնել:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե´ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած     որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե′ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն տեսակետը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու այն հիմքին, որ հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցադիմում ներկայացնելու իրավունքի ակնհայտ բացակայության պարագայում դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մերժել դրա ընդունումը: Օրենսդիրը նման իրավակարգավորմամբ իրավացիորեն խուսափել է ոչ տեղին ու քննության ոչ ենթակա գործերի հետազոտությունից, ինչը հանգեցնում է դատարանի ավելորդ և անհիմն ծանրաբեռնվածության և դատարանի վարույթում գտնվող մյուս գործերի քննության ձգձգումների: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված «ակնհայտություն» եզրույթն իրենից ներկայացնում է անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երևացող, աչքի ընկնող և ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող ակներևություն: Այսինքն` սույն իրավական կարգավորումը կարող է վերաբերել միայն հայցադիմում ներկայացնելու` չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ իրավունք չունենալուն, երբ դատարանն աներկբայորեն և հիմնավոր կերպով գտնում է, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդպիսի հայցադիմում ներկայացնելու իրավունք չուներ:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ակնհայտորեն նման իրավունք չունեցող անձի կողմից հայցադիմում ներկայացվելու պարագայում հայցադիմումը վարույթ չի ընդունվում, քանի որ վարչական դատավարությունում հայցադիմումի ընդունելիության փուլում ինչպես բուն հայցադիմումի, այնպես էլ դրան կից փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց են տալիս, որ հայցվորն այդ գործով շահագրգիռ անձ չի հանդիսանում (տե´ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադարձ կատարելով սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու համար վարչական դատարանը նախ և առաջ պետք է պարզի, թե տվյալ դեպքում հայցադիմումը կոնկրետ ում անունից է ներկայացվել և արդյոք տվյալ սուբյեկտը հանդիսանում է իր առերևույթ խախտված «իրական (ռեալ)» իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունք ունեցող շահագրգիռ անձ, թե` ոչ:

Եթե իր առերևույթ խախտված «իրական (ռեալ)» իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունք ունեցող շահագրգիռ սուբյեկտը կոնկրետ դեպքում իրավաբանական անձ է, ապա իրավաբանական անձի` առերևույթ խախտված «իրական (ռեալ)» իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով և վերջինիս կանոնադրությամբ նախատեսված մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնք կարող են ինքնուրույն, առանց լիազորագրի ստորագրել և դատարան ներկայացնել հայցադիմումը, ինչպես նաև դատարանում հանդես գալ տվյալ իրավաբանական անձի անունից կամ օրենքով սահմանված կարգով լիազորել այլ անձի` տվյալ իրավաբանական անձի անունից հայց ներկայացնելու և նրա դատավարական ներկայացուցչությունն ապահովելու նպատակով:

Այսպիսով, իր առերևույթ խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով դատարան դիմելու` իրավաբանական անձի իրավունքն իրականացվում է վերջինիս համապատասխան մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով` ինչպես ինքնուրույն, այնպես էլ երրորդ անձանց համապատասխան լիազորություններով օժտելու եղանակով: Բոլոր դեպքերում, երբ հայցը ներկայացվում է իրավաբանական անձի անունից, հայցադիմումը նախ պետք է նշում պարունակի այն մասին, որ գործով հայցվորն իրավաբանական անձն է` մատնանշելով վերջինիս անվանումը և օրենքով սահմանված այլ տվյալները: Այնուհետև, հայցադիմումը պետք է նշում պարունակի այն մասին, թե ով է տվյալ իրավաբանական անձի անունից ներկայացնում այն, մասնավորապես` oրենքով և այլ նորմատիվ ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, թե՝ վերջինիս ներկայացուցիչը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցադիմումին ներկայացվող վերոգրյալ ձևական պահանջների պահպանումը կարևոր նշանակություն ունի դատարանի կողմից հայցադիմումը ներկայացրած իրական սուբյեկտին պարզելու և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառման հարցը լուծելու համար:

Այնուհանդերձ, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ դատարան հայց ներկայացնելու իրավունքը կոնկրետ իրավաբանական անձին պատկանելով հանդերձ` դատարան ներկայացվող հայցադիմումի ներածական և (կամ) եզրափակիչ մասերում որպես հայցվոր նշվում է ոչ թե տվյալ իրավաբանական անձը, այլ վերջինիս համապատասխան մարմինը (պաշտոնատար անձը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում վարչական դատարանը կարող է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնել միայն հայցադիմումի և կից փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրության արդյունքում ձևավորված այն համոզմունքի հիման վրա, որ հայցն իրականում չի ներկայացվել իրավաբանական անձի անունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը բացահայտելու համար վարչական դատարանը պետք է ուսումնասիրի ներկայացված հայցադիմումի ոչ միայն ձևական կողմը, այլ նաև վերջինիս բովանդակությունը: Այլ կերպ ասած` պարզելու համար, թե հայցադիմումը կոնկրետ ում անունից է ներկայացվել, դատարանը պետք է ոչ միայն ուսումնասիրի հայցադիմումի ներածական կամ եզրափակիչ մասերը, այլ նաև` դրա բուն բովանդակությունը (հայցի էության հակիրճ նկարագրությունը, այն փաuտերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները, ինչպես նաև հայցվորի պահանջը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումի ընդունելիության փուլում ինչպես բուն հայցադիմումի, այնպես էլ դրան կից փաստաթղթերի միայն ընդհանրական ուսումնասիրության արդյունքում է վարչական դատարանն իրավասու հանգել այն եզրակացության, որ հայցը ներկայացվել է ոչ թե շահագրգիռ իրավաբանական անձի, այլ վերջինիս համապատասխան պաշտոնատար անձի` որպես ֆիզիկական անձի անունից, որն այդ գործով չի կարող պատշաճ հայցվոր հանդիսանալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Վարչության 29.04.2014 թվականի թիվ 158 ակտը (հատոր 1-ին, գ.թ. 34-38): Նշված ակտով Ընկերության կողմից ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս հայտարարագրելու համար Ընկերության նկատմամբ մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի գծով առաջադրվել են լրացուցիչ պարտավորություններ` ընդամենը 1.257.245 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 45-50):

ՀՀ վարչական դատարանի 14.08.2014 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված հայցադիմումը վերադարձվել է` դրանում թույլ տրված սխալները վերացնելու և կրկին ներկայացնելու համար, իսկ ՀՀ վարչական դատարանի կողմից որպես հայցադիմումում թույլ տրված սխալ` մատնանշվել է հայցադիմումին կից ներկայացված որոշ փաստաթղթերի ոչ հայերեն (օտարալեզու) լինելը (հատոր 1-ին, գ.թ. 28):

Դատարանը 08.09.2014 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելն այն հիմքով, որ հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից: Իր այդ որոշումը Դատարանը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Վարչության 29.04.2014 թվականի թիվ 158 ակտը վերաբերում է Ընկերությանը, իսկ ներկայացված հայցադիմումում որպես հայցվոր նշվել է Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, որն էլ ստորագրել է հայցադիմումը: Այսինքն` հայցադիմումը ներկայացվել է ոչ թե Ընկերության, այլ Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի անունից, մինչդեռ սույն գործով հայցվոր կարող էր հանդիսանալ Ընկերությունը, որի անունից հայցադիմումը կարող էր ներկայացնել դրա իրավունքը (լիազորությունը) ունեցող անձը (հատոր 1-ին, գ.թ. 56-57):

Վերաքննիչ դատարանը, 20.10.2014 թվականի որոշմամբ մերժելով Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողնելով Դատարանի 08.09.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը, գտել է, որ Դատարանն իրավացիորեն է եզրահանգել, որ տվյալ դեպքում հայցը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում մասնավորապես դրել է հետևյալ հանգամանքները` ինչպես 07.08.2014 թվականին ներկայացված, այնպես էլ վերադարձից հետո` 01.09.2014 թվականին, ներկայացված հայցադիմումներով որպես հայցվոր նշվել է Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, հայցադիմումի վերջում ևս որպես հայցվոր նշված է «Հասմիկ Հովհաննիսյան», բացի այդ, հայցադիմումը կրկին ներկայացնելու դիմումի մեջ հստակ նշվել են «իմ կողմից ներկայացված վիճարկման հայց» բառերը, իսկ որպես դիմող նշվել է Հասմիկ Հովհաննիսյանի անունը:

Ըստ Վերաքննիչ դատարանի` նշված փաստերն իրենց համակցության մեջ ակնհայտորեն վկայում են, որ հայցադիմումը ներկայացվել է ոչ թե Ընկերության, այլ Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի կողմից, որի պարագայում իրավաչափ է Դատարանի 08.09.2014 թվականի որոշման եզրահանգումն առ այն, որ հայցը ներկայացրել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը (Ընկերության տնօրենը), քանի որ վիճարկվում է ոչ թե Ընկերության տնօրենի, այլ` Ընկերության նկատմամբ կազմված ակտը։ Ըստ Վերաքննիչ դատարանի` «(...) ընդամենը պետք է հայց ներկայացվի Ընկերության, այլ ոչ թե տնօրենի կողմից, որի պարագայում այն կարող է ստորագրվել ցանկացած լիազոր անձի կողմից, ինչպես նաև` տնօրենի կողմից, առանց հատուկ լիազորության։ Ընդ որում, եթե խնդիր կառաջանա ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների բաց թողնելու հետ, ապա Ընկերությունը զրկված չէ վերը նշված փաստերի հիմքով ժամկետները հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 42-44):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վարչական գործով Վարչության 29.04.2014 թվականի թիվ 158 ակտը դատական կարգով վիճարկելու իրավական շահագրգռվածություն ունի Ընկերությունը, քանի որ նշված վարչական ակտով լրացուցիչ դրամական պարտավորություններ են առաջադրվել հենց Ընկերության նկատմամբ: Այլ կերպ ասած` սույն վարչական գործով Ընկերությունը հանդիսանում է «շահագրգիռ անձ», քանի որ Վարչության 29.04.2014 թվականի թիվ 158 ակտով կարող են առերևույթ խախտված լինել Ընկերության «իրական (ռեալ)» իրավունքներն ու օրինական շահերը: Այսինքն` Վարչության 29.04.2014 թվականի թիվ 158 ակտի վիճարկման պահանջով վարչական դատարան դիմելու իրավունքը վերապահված է Ընկերությանը: Հետևաբար ստորադաս դատարաններն իրավացիորեն են հանգել այն եզրակացության, որ Վարչության 29.04.2014 թվականի թիվ 158 ակտի վիճարկման հայցը կարող էր ներկայացվել Ընկերության անունից, և հիմնավոր կերպով գտել են, որ սույն գործով պատշաճ հայցվոր կարող էր համարվել Ընկերությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտի հիմնավորվածությունն ու օրինականությունը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք սույն վարչական գործով դատարան ներկայացված հայցադիմումը ներկայացվել է Ընկերության, թե` Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի անունից: Այլ կերպ ասած` սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի այն հանգամանքի բացահայտումը, թե արդյոք 07.08.2014 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացնելով Վարչության 29.04.2014 թվականի թիվ 158 ակտի վիճարկման հայցադիմում` Ընկերության տնօրենը գործել է անձամբ իր, թե` Ընկերության անունից:

Այսպես, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն` ընկերության գործադիր մարմինն առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում` ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ:

Վկայակոչված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից առանց լիազորագրի հանդես գալու, նրա շահերը ներկայացնելու իրավունք ունի այդ ընկերության գործադիր մարմինը` գլխավոր տնօրենը, նախագահը և այլոք: Հետևաբար սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից դատարան ներկայացվող հայցադիմումներն առանց լիազորագրի կարող են ստորագրվել վերջինիս տնօրենի կողմից:

Այսպիսով, սույն վարչական գործով դատարան ներկայացված հայցադիմումն Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի կողմից ստորագրված լինելը չի նշանակում, որ հայցադիմումը ներկայացված է Հասմիկ Հովհաննիսյանի անունից, քանի որ վերջինս որպես Ընկերության գործադիր մարմին` տնօրեն, կարող է դատարան հայց ներկայացնել նաև Ընկերության անունից: Ընկերության տնօրենի վերոգրյալ իրավազորությունը նախատեսված է նաև Ընկերության կանոնադրության 8.6-րդ կետում, որի համաձայն` Ընկերության տնօրենն իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է Ընկերության անունից, այդ թվում` ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ (հատոր 2-րդ, գ.թ. 22-30):

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված մյուս փաստարկներին, որոնք հիմնավորում են հայցադիմումը ոչ թե Ընկերության, այլ Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի անունից ներկայացված լինելու հանգամանքը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դրանք բավարար չեն այդպիսի եզրակացության հանգելու համար: Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված փաստարկները վերաբերում են ներկայացված հայցադիմումի ձևական կողմին, մինչդեռ նշված հայցադիմումի և կից փաստաթղթերի բովանդակության ուսումնասիրությունը վկայում է, որ այն իրականում ներկայացվել է հենց Ընկերության անունից` վերջինիս համապատասխան մարմնի (պաշտոնատար անձի)` տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի միջոցով:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ սույն գործով մինչև Դատարանի կողմից 08.09.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը կայացնելը, ՀՀ վարչական դատարանը 14.08.2014 թվականի որոշմամբ վերադարձրել է Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի ներկայացրած հայցադիմումը` դրանում թույլ տրված սխալները վերացնելու և կրկին ներկայացնելու համար, իսկ ՀՀ վարչական դատարանի կողմից որպես հայցադիմումում թույլ տրված սխալ մատնանշվել է միայն հայցադիմումին կից ներկայացված որոշ փաստաթղթերի ոչ հայերեն (օտարալեզու) լինելը (հատոր 1-ին, գ.թ. 28):

Մինչդեռ, տվյալ դեպքում, ՀՀ վարչական դատարանը, առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, իր 14.08.2014 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ պարտավոր էր որպես հայցադիմումի մեջ առկա ձևական սխալ մատնանշել նաև այն, որ սույն գործով պատշաճ հայցվոր կարող է համարվել Ընկերությունը, իսկ հայցադիմումի ուսումնասիրությունից միանշանակ պարզ չէ` այն ներկայացվել է Ընկերության, թե` Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի անունից: ՀՀ վարչական դատարանը պետք է իր որոշմամբ առաջարկեր Ընկերության տնօրենին ճշտել նշված հանգամանքը և հայցադիմումը կազմել այնպես, որ դրա ձևական մասում որպես հայցվոր մատնանշված անձը համընկնի գործով շահագրգիռ անձի, այն է` Ընկերության հետ: Մինչդեռ ՀՀ վարչական դատարանը, իր վերը նշված որոշմամբ պարտավոր լինելով նշել հայցադիմումում առկա բոլոր ձևական սխալները, որևէ անդրադարձ չի կատարել ներկայացված հայցադիմումում առկա վերը նշված ձևական սխալներին, որոնք հետագայում Դատարանի համար հիմք են հանդիսացել եզրակացնելու, որ հայցադիմումը չի ներկայացվել գործով պատշաճ հայցվորի` Ընկերության անունից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, 07.08.2014 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացնելով Վարչության 29.04.2014 թվականի թիվ 158 ակտի վիճարկման հայցադիմում, իրականում գործել է ոչ թե իր, այլ` Ընկերության անունից և ի շահ Ընկերության: Փաստորեն, Ընկերությունը, գործելով իր մարմնի` տվյալ դեպքում տնօրենի միջոցով, հայց է ներկայացրել դատարան` դրանով իսկ իրացնելով իր առերևույթ խախտված իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իր իրավունքը:

Թեև ներկայացված հայցադիմումի միայն ձևական կողմի ուսումնասիրությունը վկայում է, որ հայցադիմումի մեջ որպես հայցվոր նշված է Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի անունը, սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցադիմումի միայն ձևական կողմի ուսումնասիրությունը բավարար չէ եզրակացնելու համար, որ հայցադիմումը ներկայացվել է ոչ թե Ընկերության, այլ վերջինիս տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի անունից, քանի որ դատարանն իրավասու է հանգել այդպիսի եզրակացության հայցադիմումի և կից փաստաթղթերի ձևական մասի և բովանդակության, այլ ոչ թե միայն դրանց ձևական կողմի ուսումնասիրության արդյունքում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

ա) Ընկերության տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի կողմից 07.08.2014 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումի և կից փաստաթղթերի ձևական մասի և բովանդակության համատեղ ուսումնասիրությունը վկայում է, որ հայցադիմումն իրականում ներկայացվել է Ընկերության անունից և ի շահ Ընկերության այդպիսի իրավասություն ունեցող սուբյեկտի միջոցով,

բ) ՀՀ վարչական դատարանը, 14.08.2014 թվականի որոշմամբ վերադարձնելով նշված հայցադիմումը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ չկատարելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցադիմումում առկա ձևական սխալները մատնանշելու իր պարտականությունը, հետամուտ չի եղել հայցադիմումում առկա բոլոր թերությունները մատնանշելու հարցում, չի առաջարկել Ընկերության տնօրենին հայցադիմումի ձևական կողմը հստակեցնել այնպես, որ դրանում որպես հայցվոր նշված անձը համապատասխանի սույն գործով պատշաճ հայցվոր հանդիսացող սուբյեկտին` Ընկերությանը, չի ուղղորդել Ընկերության տնօրենին հայցադիմումում հստակորեն լրացնել հայցվոր իրավաբանական անձի համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով պահանջվող տեղեկությունները` անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա համապատասխան պաշտոնատար անձի (տնօրենի) անունը, ազգանունը, հաuցեն և պաշտոնը:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սույն գործով կիրառելի չէ, և Դատարանն իրավասու չէր մերժել հայցադիմումի ընդունումը` այն` դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հիմքով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.10.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 08.09.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան