Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.09.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2242/05/15

2015 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2242/05/15

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի սեպտեմբերի 09-ին

քննարկելով ըստ հայցի Քնարիկ Սարգսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի 09.08.2013 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին», 10.02.2014 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումներն ամբողջությամբ վերացնելու (անվավեր ճանաչելու), 09.08.2013 թվականի և 10.02.2014 թվականի որոշումների հիման վրա անցկացված և կայացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) ներկայացուցիչ Ա. Նավասարդյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Քնարիկ Սարգսյանը պահանջել է ամբողջությամբ վերացնել (անվավեր ճանաչել) Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի 09.08.2013 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին», 10.02.2014 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումները, անվավեր ճանաչել 09.08.2013 թվականի և 10.02.2014 թվականի որոշումների հիման վրա անցկացված և կայացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը: Միաժամանակ, հայցվորը միջնորդել է բաց թողնված դատավարական ժամկետը համարել հարգելի և այն վերականգնել։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 09.06.2015 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարվել է, հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.07.2015 թվականի որոշմամբ Դատարանի 09.06.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշման դեմ բերված Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 27-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 73-րդ, 80-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դեռևս 24.07.2014 թվականին Քնարիկ Սարգսյանը հանդես գալով համապատասխան իրավական գիտելիքներ ունեցող ներկայացուցչի միջոցով, հայցադիմում է ներկայացրել Դատարան, որի հիման վրա հարուցված թիվ ՎԴ/3672/05/14 վարչական գործի վարույթը Դատարանի 08.06.2015 թվականի որոշմամբ կարճվել է` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Այսինքն` Քնարիկ Սարգսյանն առնվազն 24.07.2014 թվականին արդեն իսկ իմացել է իր իրավունքների ենթադրյալ խախտումների մասին և տիրապետել անհրաժեշտ բոլոր ապացույցներին, հետևաբար վերջինիս իրավական գիտելիքներ չունենալը, ներկայացուցչի միջոցով հանդես գալու պայմաններում, չի կարող դիտվել որպես բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու հիմք:

Բաց թողնված ժամկետը վերականգնելու համար անհիմն պատճառաբանություն է համարվում նաև անձի` մեկ այլ գործով ապացույցներ հավաքելու ծանրաբեռնվածությունն ընդհանրապես և սույն գործով մասնավորապես, քանի որ թիվ ՎԴ/3672/05/14 վարչական գործով Քնարիկ Սարգսյանը (կամ իր ներկայացուցիչը) ըստ էության ծանրաբեռնված է եղել նույն մարմնից` Ծառայությունից, նույն ապացույցները` կատարողական վարույթի նյութերը հավաքագրելով, որոնք անհրաժեշտ են նրան նաև սույն գործով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է թիվ ՎԴ/2499/05/14 և ՎԴ/1963/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներին:

 

Բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, փոփոխել այն և վերացնել «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին» Դատարանի 09.06.2015 թվականի որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է` բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/2499/05/14 և ՎԴ/1963/05/14 գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձանց` վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

Օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածներում սահմանել է վարչական դատարանի իրավասության շրջանակը: Ինչպես ցանկացած դատարան, վարչական դատարանն իրավասու է գործադրել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում, այսինքն` օժտված է հատուկ տեսակի իրավասությամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:

Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե'ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Ռուբեն Հովհաննիսյանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական նորմերի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն. առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները:

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

02.06.2015 թվականին դիմելով Դատարան` Քնարիկ Սարգսյանը պահանջել է ամբողջությամբ վերացնել (անվավեր ճանաչել) Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի 09.08.2013 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին», 10.02.2014 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումները, անվավեր ճանաչել 09.08.2013 թվականի և 10.02.2014 թվականի որոշումների հիման վրա անցկացված և կայացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը և միաժամանակ միջնորդել է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը` պատճառաբանելով, որ ծանրաբեռնված է եղել թիվ ՎԴ/3672/05/14 վարչական գործով ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ և իր կամքից անկախ պատճառներով, չունենալով անհրաժեշտ իրավական գիտելիքներ, չի ներկայացրել հայցադիմում։ Բացի այդ, մինչև սույն գործով հայցադիմում ներկայացնելը, 27.03.2015 թվականին դիմել է Ծառայությանը` խնդրելով տրամադրել թիվ ԵԷԴ/1137/02/10 կատարողական թերթի հիման վրա 12.06.2013 թվականին հարուցված թիվ 01/01-3177/13 կատարողական վարույթի ընթացքում ՀՀ, քաղաք Երևան, Ծարավ Աղբյուր փողոց թիվ 118/7 հասցեում գտնվող հողամասը հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով իրացնելու նյութերը, սակայն 02.04.2015 թվականի թիվ ԵԷ 5383/01 գրությամբ մերժում է ստացել։

Դատարանը 09.06.2015 թվականի որոշմամբ բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Քնարիկ Սարգսյանի միջնորդությունը` պատճառաբանելով, որ «(...) չսահմանափակելով անձի դատական պաշտպանության իրավունքը, ապահովելով այդ իրավունքի գերակայությունը, ինչպես նաև ուսումնասիրելով հայցադիմումում մատնանշված հանգամանքները, դատարանը գտնում է, որ հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառով(...)»:

Վերաքննիչ դատարանը 24.07.2015 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի 09.06.2015 թվականի որոշման` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասի դեմ Ծառայության բերած վերաքննիչ բողոքը` Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Քնարիկ Սարգսյանի կողմից 02.06.2015 թվականին ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ամբողջությամբ վերացնել (անվավեր ճանաչել) Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի 09.08.2013 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին», 10.02.2014 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումները, անվավեր ճանաչել 09.08.2013 թվականի և 10.02.2014 թվականի որոշումների հիման վրա անցկացված և կայացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը:

Այսինքն` Քնարիկ Սարգսյանը բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել նշված ժամկետի բացթողնման պատճառը հարգելի համարելու Դատարանի եզրահանգումը` հիմք ընդունելով Քնարիկ Սարգսյանի կողմից վկայակոչված այն հանգամանքը, որ Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի 09.08.2013 թվականի և 10.02.2014 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումները կայացվել են թիվ ԵԷԴ/1137/02/10 կատարողական թերթի հիման վրա, իսկ դատարան դիմելու ժամկետը Քնարիկ Սարգսյանի կողմից բաց է թողնվել ոչ թե իր անգործության արդյունքում, այլ թիվ ԵԷԴ/1137/02/10 կատարողական թերթի հիման վրա 12.06.2013 թվականին հարուցված թիվ 01/01-3177/13 կատարողական վարույթի արդյունքում կայացված և սույն գործով վիճարկվող 09.08.2013 թվականի և 10.02.2014 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումների կայացման հիմքում ընկած փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն չունենալու արդյունքում։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ հանգամանքը չի կարող համարվել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ և չի կարող հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման համար: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դեռևս 24.07.2014 թվականին Քնարիկ Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ծառայության` հողամասի նկատմամբ 06.07.2014 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդի հիմքով կազմված արձանագրությունն առոչինչ ճանաչելու և նշված հասցեի անշարժ գույքի նկատմամբ կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցման գրառումը վերացնելու պահանջների մասին: Նշված հայցադիմումը Դատարանի 31.07.2014 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և հարուցվել թիվ ՎԴ/3672/05/14 վարչական գործը, որով հրավիրվել և տեղի են ունեցել նախնական դատական նիստեր, իսկ ՀՀ վարչական դատարանի 13.04.2015 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:

Վերոգրյալ փաստը ոչ միայն չի վիճարկվել հայցվորի կողմից, այլև հայցադիմումին կից դատարան է ներկայացվել www.datalex.am տեղեկատվական համակարգից քաղվածք, որը տեղեկություններ է պարունակում թիվ ՎԴ/3672/05/14 վարչական գործի հարուցման և վերը նկարագրված ընթացքի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/3672/05/14 վարչական գործով Քնարիկ Սարգսյանի կողմից վիճարկվող ՀՀ, քաղաք Երևան, Ծարավ Աղբյուր փողոց թիվ 118/7 հասցեում գտնվող 1693,3քմ ընդհանուր մակերեսով հողամասի աճուրդի իրականացման գործընթացն ու դրա արդյունքում 06.06.2014 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը կատարվել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.07.2011 թվականին տրված թիվ ԵԷԴ/1137/02/10 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/01-3177/13 կատարողական վարույթի շրջանակներում: Միևնույն կատարողական վարույթի շրջանակներում են ընդունվել նաև սույն գործով վիճարկվող «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի 09.08.2013 թվականի և 10.02.2014 թվականի որոշումները:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարան դիմելու ժամկետը Քնարիկ Սարգսյանի կողմից բաց է թողնվել ոչ թե իր անգործության արդյունքում, այլ թիվ ԵԷԴ/1137/02/10 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/01-3177/13 կատարողական վարույթի արդյունքում կայացված և սույն գործով վիճարկվող 09.08.2013 թվականի և 10.02.2014 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումների կայացման հիմքում ընկած փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն չունենալու արդյունքում։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Քնարիկ Սարգսյանը, թիվ ՎԴ/3672/05/14 վարչական գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելով, առնվազն այդ հայցադիմումը վարույթ ընդունելու օրվանից` 31.07.2014 թվականից, ողջամտորեն պետք է տեղյակ լիներ Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի կողմից 09.08.2013 թվականին և 10.02.2014 թվականին ընդունված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումների մասին, քանի որ հանդիսացել է թիվ 01/01-3177/13 կատարողական վարույթի մասնակից, որի շրջանակներում էլ ընդունվել են «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 05.08.2013 թվականի և 10.02.2014 թվականի որոշումները: Ընդ որում, նշված որոշումների մասին Քնարիկ Սարգսյանի իրազեկված լինելու հանգամանքը կասկած չի հարուցում, քանի որ դրանք նախորդել և մասն են կազմել այն նույն կատարողական վարույթի, որի շրջանակներում կատարված գործողություններն ու 06.06.2014 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը Քնարիկ Սարգսյանը վիճարկել է թիվ ՎԴ/3672/05/14 վարչական գործով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը, բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորի միջնորդությունը, այդ ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելը վկայող որևէ փաստական հիմք չի վկայակոչել և հղում կատարելով ՀՀ Սահմանադրության, Կոնվենցիայի նորմերին, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/1327/05/10 գործով որոշմանը` բացարձակապես չի պատճառաբանել դրանց կիրառելիությունը սույն գործի փաստերի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ որպես դատավարական ժամկետը Քնարիկ Սարգսյանի կողմից հարգելի պատճառով բաց թողնելու փաստարկ` Վերաքննիչ դատարանը նշել է ոչ թե «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի կողմից 09.08.2013 թվականի և 10.02.2014 թվականի որոշումների մասին Քնարիկ Սարգսյանի իրազեկված չլինելու հանգամանքը, այլ այն, որ վերջինս տեղեկատվություն չի ունեցել որոշումների կայացման հիմքում ընկած փաստական հանգամանքների վերաբերյալ, որպիսի փաստարկը չի կարող գնահատվել օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու հիմք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական ժամկետը Քնարիկ Սարգսյանի կողմից ակնհայտորեն բաց է թողնվել և այդ ժամկետը հարգելի համարելու հիմքերը տվյալ դեպքում բացակայում են, իսկ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությամբ հայցվորի ներկայացուցչի բերած փաստարկները վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ չեն հանդիսանում և հետևաբար բաց թողնված ժամկետը ենթակա չէ վերականգնման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 09.06.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան