Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.10.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1109/02/13

2015 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1109/02/13

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի հոկտեմբերի 21-ին,

քննարկելով ըստ հայցի Անուշ Մարալյանի ընդդեմ Էմին Գեղամյանի և Ստյոպա Մանուկյանի` ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Անուշ Մարալյանի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անուշ Մարալյանը պահանջել է մասնակի` 1/2 մասով, անվավեր ճանաչել Էմին Գեղամյանի և Ստյոպա Մանուկյանի միջև 29.04.2013 թվականին կնքված «INFINITI QX4 3.3» մակնիշի 16 UL 920 պետհամարանիշի ավտոմեքենայի (այսուհետ` Ավտոմեքենա) առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ` Ավտոմեքենայի 1/2 մասի նկատմամբ ճանաչել Անուշ Մարալյանի սեփականության իրավունքը և հրապարակային սակարկություններով վաճառել այն` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Դավթյան) (այսուհետ` Դատարան) 12.02.2015 թվականի որոշմամբ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Ստյոպա Մանուկյանի և Էմին Գեղամյանի միջնորդությունը բավարարվել է և դատավոր Ա. Դավթյանի կողմից հայտնվել է ինքնաբացարկ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.03.2015 թվականի որոշմամբ Դատարանի 12.02.2015 թվականի որոշման դեմ Անուշ Մարալյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անուշ Մարալյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1401-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1401-րդ հոդվածը հստակ սահմանել է, որ բողոքարկման ենթակա են այն միջանկյալ դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորություն նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով: Տվյալ դեպքում ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ դատավորի ինքնաբացարկի մասին որոշումը ենթակա է բողոքարկման: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը, իր 28.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-918 որոշմամբ անդրադառնալով ինքնաբացարկի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության խնդրին, նույնպես արձանագրել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի հիմքերով դատավորի ինքնաբացարկի մասին որոշումը կարող է բողոքարկվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.03.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում դատավորի  ինքնաբացարկ հայտնելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության մասին Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1.    արդյո՞ք բողոքարկման իրավունքը դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչներից մեկն է,

2.    արդյո՞ք դատավորի ինքնաբացարկի մասին դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1401-րդ հոդվածի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով: Ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նույն օրենսգրքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: Ինքնաբացարկը պետք է լինի պատճառաբանված:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն` ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Նիստը կարող է ընդհատվել ոչ ավելի, քան երեք օրով։ Նույն հիմքով հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը չի քննարկվում: Հայտնված ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով դատավորը կամ ինքնաբացարկ է հայտնում, կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատավորի ինքնաբացարկի դեպքում դատական նիստը հայտարարվում է փակված։ Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատավորը փոխարինվում է նույն դատարանի մեկ այլ դատավորով: Ինքնաբացարկի արդյունքում փոխարինված դատավորը կամ նորացված դատական կազմը գործի քննությունն իրականացնում է սկզբից:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ինքնաբացարկի մասին որոշումը կարող է բողոքարկվել:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին:

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 27.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է, այլև այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:

Վերը նշված իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտը իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունն ընդդեմ «Գրեյթ Վելլի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/4267/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-918 որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիադատավարական հարաբերությունների կարգավորման բնագավառում դատավորի ինքնաբացարկի ինստիտուտը նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ, 22-րդ, 23-րդ, ինչպես նաև 24-րդ հոդվածների դրույթներով և, միաժամանակ, այդ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով, որով սահմանված են դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքերը և կարգը: Այդ հոդվածների նորմերի համակարգված վերլուծությունը վկայում է, որ.

- դատավորի ինքնաբացարկի հիմք կարող են լինել այնպիսի փաստերը և հանգամանքները, որոնք ողջամիտ կասկած կարող են հարուցել տվյալ գործով դատավորի անկողմնակալության հարցում (ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերություն),

- նման հիմքերի առկայության դեպքում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել,

- ի թիվս այլոց, դատավորի ինքնաբացարկ հայտնելու կոնկրետ հիմքերը հստակեցված են ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում,

- ինքնաբացարկ հայտնելիս դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, կարող է կողմերին առաջարկել իր բացակայությամբ քննել ինքնաբացարկի անտեսման հարցը,

- դատավորի ինքնաբացարկը պետք է լինի պատճառաբանված,

- ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի հիմքերով դատավորի ինքնաբացարկի մասին որոշումը կարող է բողոքարկվել (ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մաս):

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «... քաղաքացիադատավարական հարաբերություններում դատավորի ինքնաբացարկի ինստիտուտի իրավակարգավորման շրջանակներում օրենսդրորեն ամրագրվել են հետևյալ մոտեցումները.

- ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը դիտարկվում է որպես գործն ըստ էության չլուծող, միջանկյալ դատական ակտ,

- դատավորի ինքնաբացարկի մասին որոշման կայացումը ոչ թե դատավորի հայեցողական լիազորությունն է, այլ պարտականությունը,

- դատավորի` իր անմիջական պարտականության կատարումից հնարավոր խուսափելը բացառելու իրավական միջոց է հանդիսանում նրա կողմից կայացված ինքնաբացարկի մասին որոշման բողոքարկման հնարավորությունը,

- ինքնաբացարկի հանգամանքների օբյեկտիվ բացահայտման և դատարանի իրավազորության երաշխավորման կարևոր նախադրյալ է դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ գործին մասնակցող անձանց կողմից միջնորդություն ներկայացնելու ինստիտուտը,

- դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման անմիջական դատական բողոքարկման կարգ ու պայմաններ (ժամկետներ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել` չբացառելով նման բողոքի քննությունը գործով կայացրած դատական ակտի բողոքարկման շրջանակներում»:

Միևնույն ժամանակ գնահատելով վերը նշված իրավակարգավորումների ազդեցությունն արդար և անկողմնակալ դատաքննության իրավունքի, ինչպես նաև դրա արդյունավետ իրականացման երաշխիքների վրա` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-918 որոշման մեջ արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով դատավորը կամ ինքնաբացարկ է հայտնում, կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին և նկատի ունենալով, որ խոսքը վերաբերում է դատավորի ինքնաբացարկին, որը նա պարտավոր է իրականացնել օբյեկտիվ հիմքերի առկայության դեպքում, ինքնաբացարկի միջնորդության մերժումը չի կարող բողոքարկման առարկա չդառնալ: Ավելին, միջազգային փորձի և տարբեր երկրների սահմանադրական արդարադատության պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ այս հարցում գոյություն ունի հստակ դիրքորոշում` ինքնաբացարկի որոշումը պարտադիր ենթակա է բողոքարկման, սակայն դրա կարգի և ժամկետների որոշումն օրենսդրի հայեցողության հարցն է: Որպես կանոն, օրենսդրական կարգավորման պրակտիկայում գերապատվությունը տրվում է ոչ թե ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշման անմիջական բողոքարկմանը, որը լուրջ վտանգ կարող է ներկայացնել գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի իրացման հարցում, այլ, այսպես կոչված, «հետաձգված բողոքարկմանը»` գործով կայացրած որոշման բողոքարկման շրջանակներում դրա քննությանը, որը նույնպես ապահովում է դատարանի իրավազորության երաշխավորման հարցում կողմերի իրավունքների իրացումը:

Ներկայացված վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ինքնաբացարկի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկման հնարավորության բացակայությունը և, միաժամանակ, ՀՀ դատական օրենսգրքում դատավորի ինքնաբացարկի որոշման բողոքարկման իրավունքի առկայությունն իրավակիրառական պրակտիկայում չեն կարող մեկնաբանվել այնպես, որ բացառվի այդպիսի որոշումների վիճարկման իրավունքը` ինքնաբացարկի դեպքում` անմիջականորեն, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու դեպքում` ըստ էության գործով կայացված դատական ակտի բողոքարկման շրջանակներում և արձանագրել է, որ դա բխում է նաև «Քաղաքացիական և տնտեսական գործերով բողոքարկման համակարգերի և ընթացակարգերի ու դրանց գործառնության կատարելագործման մասին» ԵԽ նախարարների կոմիտեի թիվ R 95 (5) հանձնարարականի դրույթներից (հոդված 3):

Այսպիսով, հաշվի առնելով անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատական բողոքարկման իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշները, ՀՀ սահմանադրական դատարանի 28.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-918 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ իրավական համակարգում ներդրված դատական բողոքարկման, այդ թվում` ինքնաբացարկի մասին դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավորի ինքնաբացարկի մասին որոշման բողոքարկման հնարավորության առկայության անհրաժեշտությունը կոչված է երաշխավորելու արդար դատաքննության իրավունքի իրացումը բոլոր այն դեպքերում, երբ դատավարության կողմը ողջամիտ կասկածներ ունի գործը քննող դատավորի կողմից իր ինքնաբացարկի հարցի լուծման իրավաչափության հարցում: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնաբացարկի մասին դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի բողոքարկման համար նախատեսված կանոններով:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև փաստել, որ վերը նշված մոտեցումն ակնհայտորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետից և 1401-րդ հոդվածի 2-րդ կետի իրավական բովանդակության վերլուծությունից, համաձայն որոնց` ՀՀ-ում քաղաքացիական դատավարության կարգը սահմանվում է թե՛ նույն օրենսգրքով, թե՛ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով,  ինչպես նաև դատարանի գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել թե՛ նույն օրենսգրքով, թե՛ այլ օրենքներով նախատեսված դեպքերում: Այսինքն` որպես վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացման անհրաժեշտ նախադրյալ` հանդես է գալիս այն հանգամանքը, որ կարելի է բողոքարկել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով (այլ կերպ` ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, այնպես էլ օրենսդրական այլ ակտերով) նախատեսված` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերը. հակառակ պարագայում` վերաքննությունը բացառվում է: Ըստ այդմ` նույնիսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով անմիջականորեն նախատեսված չլինելու պայմաններում ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման արդյունքում ակնհայտ է դառնում, որ դատավորի ինքնաբացարկի մասին որոշումը, որպես ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության չլուծող դատական ակտ, կարող է ենթակա լինել վերաքննության կարգով բողոքարկման:

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումները, դրանց շուրջ կատարված իրավական վերլուծությունները և նպատակ ունենալով դատավորի ինքնաբացարկի մասին դատարանի որոշման բողոքարկման իրավունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի 28.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-918 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները ներդնել իրավակիրառ պրակտիկայի հիմքում, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

1.     դատավորի ինքնաբացարկի մասին դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան կայացված որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով.

2.     դատավորի ինքնաբացարկի մասին դատարանի որոշման բողոքարկումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի բողոքարկման կանոններով:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է Անուշ Մարալյանի հայցի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 2-8):

Ստյոպա Մանուկյանի և Էմին Գեղամյանի կողմից 11.02.2015 թվականին միջնորդություն է ներկայացվել Դատարան` ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 70-73):

Դատարանն իր 12.02.2015 թվականի որոշմամբ միջնորդությունը բավարարել է և ինքնաբացարկ է հայտնել (հատոր 2-րդ, գ.թ. 81-82):

Դատարանի 12.02.2015 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Անուշ Մարալյանը (հատոր 2-րդ, գ.թ. 89-93):

Վերաքննիչ դատարանի 03.03.2015 թվականի որոշմամբ Դատարանի 12.02.2015 թվականի «Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու մասին» որոշման դեմ Անուշ Մարալյանի բերած վերաքննիչ բողոք վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով, այն է` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման: Իր այդ դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է հետևյալ կերպ. «... դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու մասին որոշումը բողոքարկման ենթակա լինելու մասին որևէ դրույթ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ գլխով նախատեսված չէ:» (հատոր 2-րդ, գ.թ. 97):

Ինքնաբացարկի վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման հնարավորության և դրա իրացման իրավական (օրենսդրական) կառուցակարգի մասին վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու և իրավունքի զարգացմանը նպաստելու ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելության պատշաճ իրացման անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանի 12.02.2015 թվականի «Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու մասին» որոշումը չի կարող համարվել բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ: Սույն գործով դատավարության մասնակիցները պետք է հնարավորություն ունենան վիճարկելու այդ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը վերադաս դատական ատյանում` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, և դատավորի ինքնաբացարկի մասին դատարանի որոշման բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անձին ոչ իրավաչափորեն կզրկի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքից: Այլ կերպ ասած` սույն գործով դատավարության մասնակցին` Անուշ Մարալյանին, չի կարելի զրկել Դատարանի 12.02.2015 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անուշ Մարալյանն ունի Դատարանի 12.02.2015 թվականի որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունք, որը վերջինս արդեն իրացրել է` Վերաքննիչ դատարան ներկայացնելով համապատասխան վերաքննիչ բողոք:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքով բողոքաբերը չի բողոքարկել այնպիսի դատական ակտ, որը ենթակա չէ վերաքննության կարգով բողոքարկման, այլ հակառակը` տվյալ անձը, իրացնելով կայացված դատական ակտի օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու իր իրավական հնարավորությունը, օրենքով սահմանված կարգով ներկայացրել է վերաքննիչ բողոք:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանափակել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով, 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը` վերջինիս զրկելով իր վերաքննության իրավունքի իրացման հնարավորությունից: Ըստ այդմ` տվյալ դեպքում առկա չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքը, և Վերաքննիչ դատարանի 03.03.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. Պետրոսյան
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ