Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.01.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2019
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2019 թվականի N 3-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ՝ 2019-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող՝ 2019-2026 թվականների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) 2019-2026 թվականների միջոցառումների ծրագրի իրականացումն ապահովող գործողությունների պլան - ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հանձնարարել N 2 հավելվածում ներգրավված պատասխանատու և համակատարող մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացնել տեղեկություններ` հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատաքների վերաբերյալ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն N 2 հավելվածով հաստատվող պլան-ժամանակացույցի միջոցառումների իրականացման վերաբերյալ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

   

2019 թ. հունվարի 14

Երևան

      

   

      

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունվարի 10-ի N 3-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ՝ 2019-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

    

ՆԱԽԱԲԱՆ

   

Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների (այսուհետ՝ ՌԹ) և աշխատած միջուկային վառելիքի (այսուհետ՝ ԱՄՎ) անվտանգ կառավարման համակարգի ամբողջականացումն ու միջազգային ստանդարտներին համապատասխան արդիականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար կարևոր խնդիր է:

 Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունի վերոնշյալ գործողությունների համակարգման, կազմակերպման և իրականացման համար, մասնավորապես՝ դեռ չեն իրականացվել ՌԹ-ների պահեստարանների ու գերեզմանոցների կառուցման համար տարածքների նպատակային և համալիր հիդրոերկրաբանական հետազոտություններ, առկա է բնագավառում մասնագետների հավաքագրման, պատրաստման և վերապատրաստման խնդիր, ՌԹ-ների և ԱՄՎ-ի ամբողջական կառավարման համար անբավարար ֆինանսավորման խնդիր և այլն:

 Սույն ծրագրում համառոտ ներկայացված միջոցառումները միտված են ապահովելու Ռազմավարության 7-րդ գլխի 1-ին կետում բերված դրույթների իրականացումը: Միջոցառումների կատարման ժամկետները, պատասխանատու մարմիններն ու համակատարողները, անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրները ներկայացված են N 2 հավելվածում: Յուրաքանչյուր միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման չափը՝ կից հաշվարկ - հիմնավորումներով, կներկայացվեն դրանց համար պատասխանատու մարմինների կողմից:

 Ծրագրում ներառված միջոցառումների իրականացումն ապահովելու համար կարևոր է միջազգային կազմակերպությունների աջակցությունն ու բնագավառում փորձ ունեցող երկրների փորձի ուսումնասիրությունը:

 

ԳԼՈՒԽ 1

 

ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Սույն ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. հոկտեմբերի 5-ի նիստի N 42 արձանագրային որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությամբ (այսուհետ՝ Ռազմավարություն) նշված դրույթների համակարգված կազմակերպումն ու իրագործումը, ինչը կհանգեցնի ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների և Հայաստանի Հանրապետության օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքականության բարելավմանն ու արդիականացմանը:

2. Ռազմավարության մեջ ամրագրված հիմնական խնդիրներն են՝

1) տեխնիկական լուծումների ներդրմամբ՝ տարբեր դասերի ՌԹ-ների առաջացման նվազեցում.

2) շատ ցածր, ցածր և կարճ ապրող միջին ակտիվությամբ ՌԹ-ների թաղման հերթերի կառուցման նախապատրաստական աշխատանքների իրականացում.

3) երկար ապրող միջին ակտիվությամբ ու բարձր ակտիվությամբ ՌԹ-ների անվտանգ կառավարման համար տարբերակների ուսումնասիրություն՝ դիտարկելով Հայաստանի Հանրապետությունում դրանց՝ խոր երկրաբանական ֆորմացիաներում թաղման հնարավորությունը:

 

ԳԼՈՒԽ 2

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

3. 2019-2026 թթ. համար ներկայացված ծրագրային միջոցառումները միտված են համակարգելու Ռազմավարության 7-րդ գլխի 1-ին կետում բերված դրույթների իրականացումը, ինչպես նաև սույն Ծրագրի 2-րդ գլխում ներկայացված խնդիրների լուծումը, որոնց իրականացման հիմնական ուղղություններն են`

1) ՌԹ-ների հաշվառման ու վերահսկման ազգային համակարգի ստեղծում.

2) ՌԹ-ների միասնական կառավարող կազմակերպության՝ «Ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրում (այսուհետ՝ Ազգային օպերատոր).

3) Հայաստանի Հանրապետությունում առաջացած բոլոր տեսակի ՌԹ-ների ու ԱՄՎ-ի ամբողջական կառավարումն ապահովելու համար համապատասխան արտաբյուջետային հատուկ հաշիվների ստեղծում` «աղտոտողը վճարում է» միջազգային փորձի ներդրման միջոցով.

4) ՌԹ-ների ու ԱՄՎ-ի անվտանգ կառավարման բնագավառում մասնագետների պատրաստում և վերապատրաստում.

5) ՌԹ-ների ամբողջական կառավարման համակարգի (վերամշակում, պահեստարաններում պահում, փոխադրում ու թաղում) արդիականացում, ինչպես նաև արդիականացումն ապահովող համապատասխան իրավական ակտերի մշակում և (կամ) միջազգային ստանդարտների պահանջների հետ ներդաշնակեցում:

 

«Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի հիման վրա ռադիոակտիվ թափոնները միասնական կառավարող կազմակերպության հիմնադրում

 

4. Հայաստանի Հանրապետությունում առաջացող ՌԹ-ների կառավարման համակարգի բարելավման, համակարգման ու միջազգային ստանդարտների հետ համապատասխանեցման նպատակով հիմնադրել ՌԹ-ների միասնական կառավարման Ազգային օպերատոր՝ «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի հիման վրա՝ համաձայն Ռազմավարության 2-րդ գլխի, 5-րդ կետի ը) ենթակետի:

5. Հիմնադրվող Ազգային օպերատորն իրականացնելու է ՌԹ-ների կառավարման համակարգում ընդգրկված գործունեություն (ՌԹ-ների փոխադրում, վերամշակում, պահեստարաններում պահում, թաղում, գերեզմանոցների հարթակի ընտրություն, նախագծում, կառուցում, պահեստարանների և գերեզմանոցների շահագործում և այլն), ինչը ենթակա է լիցենզավորման՝ համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետի:

6. Ազգային օպերատորը, համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի, պետական գրանցումից հետո պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե ներկայացնի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար պահանջվող համապատասխան փաստաթղթերը:

7. Ազգային օպերատորի հիմնադրման և կանոնադրությամբ սահմանվելիք գործողությունների իրականացման համար կարևոր մարտահրավեր է համապատասխան կադրերի հավաքագրումը, նրանց՝ մասնագիտական ոլորտում ուսուցումն ու վերապատրաստումը:

 

Ռադիոակտիվ թափոնների հաշվառման և վերահսկման ազգային համակարգի ստեղծում

 

8. ՌԹ-ների հաշվառումն ու վերահսկողությունը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման ենթակա գործունեություն է, և դրա իրականացման անհրաժեշտությունը սահմանվում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (7-րդ գլուխ, 21-րդ հոդված): Համաձայն վերոնշյալ օրենքի 17-րդ հոդվածի ժզ) կետի՝ ՌԹ-ների պետական ռեգիստրի վարումը պետք է իրականացնի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորում իրականացնող մարմինը (այսուհետ՝ Կարգավորող մարմին):

9. Ներկայումս Կարգավորող մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցումն ու հաշվառումը և տվյալները մուտքագրում է իր կողմից տնօրինվող «RASՕD» համակարգչային տվյալների բազայում: Սակայն ՌԹ-ների հաշվառման համար նմանատիպ էլեկտրոնային տվյալների բազա դեռևս առկա չէ:

10. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարաձգման գործընթացի շրջանակներում ՀԱԷԿ-ը նախատեսում է իրականացնել առկա և առաջացող ՌԹ-ների գույքագրում ու էլեկտրոնային համակարգի ստեղծում, որի իրականացման համար նախատեսում է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ:

11. Հաշվառման ազգային համակարգը և համապատասխան ազգային տվյալների բազան պետք է ստեղծվեն՝ օգտագործելով վերոնշյալ տվյալները, ինչպես նաև ՌԹ-ներ առաջացնող այլ կազմակերպությունների տվյալները: Ստեղծված համակարգը պետք է ստացված տեղեկատվությունը գրանցելու և մշակելու, ինչպես նաև թափոնների շարժին հետևելու (trackiոg) հնարավորություն ընձեռի ՌԹ-ների կառավարման գործընթացի բոլոր փուլերում (վերամշակում, պահեստարաններում պահում, փոխադրում և գերեզմանոցներում թաղում): Քանի որ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի, 17-րդ կետի համաձայն՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորում իրականացնող լիազորված մարմինն իրականացնում է միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցումը և պետական ռեգիստրի վարումը, ապա ազգային տվյալների բազայի ստեղծման համար նպատակահարմար է պատասխանատու նշանակել կարգավորող մարմնին, որը և կսահմանի ՌԹ-ների հաշվառման պետական ձևաչափն ու անհրաժեշտ տվյալների վերաբերյալ պահանջները:

    

Հայաստանի Հանրապետությունում առկա և առաջացող ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման նպատակով արտաբյուջետային հաշիվների ստեղծում

   

12. Հայաստանի Հանրապետությունում առկա և առաջացող ՌԹ-ների ու ԱՄՎ-ի ամբողջական կառավարումն ապահովելու նպատակով ֆինանսական միջոցների կուտակման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել անժամկետ երկու արտաբյուջետային հաշիվ՝ առաջինն ԱՄՎ-ի, երկրորդը` ՌԹ-ների կառավարման համար: Այդ արտաբյուջետային հաշիվներում ֆինանսական միջոցների կուտակումը պետք է լինի ՌԹ-ներ ու ԱՄՎ առաջացնող կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, ընդ որում՝ արգելվում է այդ հաշիվներում կուտակված միջոցների օգտագործումը այլ նպատակներով: Ներկայումս ԱՄՎ-ի անվտանգ կառավարման նպատակով էլեկտրաէներգիայի սակագնից կատարվում են մասհանումներ միայն դրանց ժամանակավոր պահման համար: Սույն հաշիվներում պետք է կուտակվեն միջոցներ, որոնք կօգտագործվեն ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման դեպքում առաջացող ծավալների անվտանգ կառավարման ամբողջականությունն (երկարաժամկետ կառավարում) ապահովելու համար:

13. Հայաստանի Հանրապետությունում բոլոր բնագավառներից առաջացող ՌԹ-ների ու ԱՄՎ-երի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքներն իրականացնելու համար վերոնշյալ հատուկ հաշիվների բացման ու միջոցներ կուտակելու համար սահմանել սակագին կամ արժեք՝ համապատասխան փոփոխություններ կատարելով Հայաստանի Հանրապետության իրավական դաշտում:

14. Ի հավելումն վերոնշյալի՝ ՀԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործումից հանման համար 2006 թ. հոկտեմբերի 12-ի N 1637-Ն կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային հատուկ հաշվից շահագործումից հանման արդյունքում առաջացած ՌԹ-ների կառավարման համար նախատեսված բաժնեմասը նույնպես ֆինանսական աղբյուր կհանդիսանա Ազգային օպերատորի համար` հետագայում այդ աշխատանքները համակարգելու ու իրականացնելու ժամանակ:

15. Հայաստանի Հանրապետությունում «աղտոտողը վճարում է» սկզբունքի ներդրմամբ և ՌԹ-ների փոխադրման, վերամշակման, պահման ու թաղման աշխատանքների իրականացման համար համապատասխան արժեքի սահմանմամբ կխթանվի Հայաստանի Հանրապետության տնտեսության բոլոր բնագավառներում ՌԹ-ների առաջացման ծավալների նվազեցումը, ինչը Ռազմավարության կարևոր խնդիրներից մեկն է:

  

Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման բնագավառում մասնագետների պատրաստում և վերապատրաստում

  

16. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի է) կետի, անվտանգության պետական կարգավորման ենթակա գործունեություն է: Նաև համաձայն վերոնշյալ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի ժբ) ենթակետի՝ շահագործող կազմակերպությունն է իրականացնում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ աշխատող անձնակազմի հավաքագրումն ու պատրաստումը:

17. ՀԱԷԿ-ը իր կադրերի պատրաստման ու վերապատրաստման համար ունի ուսումնական կենտրոն՝ համապատասխան մասնագետներով ու ուսումնամեթոդական նյութերով, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով և վարժասարքով հագեցած: Սակայն այդ կենտրոնում ՀԱԷԿ-ի աշխատակիցները վերապատրաստում են անցնում հիմնականում ՀԱԷԿ-ի շահագործման ժամանակ առաջացած ՌԹ-ների ու ԱՄՎ-ի առկա (իրականացվող) տեխնոլոգիաների ու գործընթացների վերաբերյալ: ՀԱԷԿ-ի անձնակազմին ՌԹ-ների ու ԱՄՎ-ի ամբողջական կառավարման արդի համակարգերի ու տեխնոլոգիաների հետ ծանոթացնելու (վերապատրաստելու) համար ուսումնական կենտրոնն ունի վերապատրաստման, համապատասխան ուսումնամեթոդական և լաբորատոր սարքավորումներով հագեցման ու արդիականացման խնդիր:

18. ՀԱԷԿ-ի անձնակազմի մեծ մասը վերապատրաստվում է նաև միջազգային կազմակերպություններում՝ փորձի փոխանակման և տեխնիկական աջակցության ծրագրերով կազմակերպված դասընթացների շրջանակներում:

19. Արդյունաբերության, բժշկության, գիտության և այլ բնագավառներում կադրերի պատրաստման ու վերապատրաստման պատասխանատվությունը նույնպես կրում է տվյալ կազմակերպությունը, ինչը կարևոր խնդիր է այս բնագավառների մասնագետների համար՝ համապատասխան միջոցների ու տվյալ բնագավառում վերապատրաստման կենտրոնների բացակայության պատճառով:

20. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող և փորձ ունեցող այլ կազմակերպությունների ու գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ, պետք է մշակի ՌԹ-ների ու ԱՄՎ-ի կառավարման բնագավառում մասնագետների վերապատրաստման ժամանակակից ծրագիր:

21. Այդ նպատակով կարևոր են բնագավառում գործունեություն ծավալող ու փորձ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում փորձի փոխանակման և տեխնիկական աջակցության ծրագրերի մշակումն ու իրականացումը:

22. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը անվտանգության պետական կարգավորման ենթակա գործունեություն է, որն իրականացնելու համար կարող են կատարվել հատկացումներ ՌԹ-ների ու ԱՄՎ-ի կառավարման համար ստեղծվող արտաբյուջետային հատուկ հաշվից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերից ու օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

  

Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի ամբողջական կառավարման համակարգի արդիականացում, այդ արդիականացումն ապահովող իրավական ակտերի մշակում և (կամ) դրանց ներդաշնակեցում միջազգային ստանդարտների պահանջների հետ

    

23. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ՌԹ-ներն առաջանում են հետևյալ բնագավառներում իրականացվող գործունեության արդյունքում՝

1) միջուկային վառելիքային ցիկլում առաջացած ՌԹ-ներ (ՀԱԷԿ).

2) գիտության, արդյունաբերության, կրթության և բժշկության բնագավառներում առաջացած ՌԹ-ներ:

24. ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել իր շահագործման արդյունքում առաջացած ու հետագայում առաջացող ՌԹ-ների, ինչպես նաև ԱՄՎ-ի կառավարման համակարգի արդիականացում, որը ներառելու է՝

1) գործող փաստաթղթերի վերանայում, ինչպես նաև նոր փաստաթղթերի մշակում՝ միջազգային ստանդարտների ու Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական պահանջների հետ ներդաշնակեցնելու նպատակով.

2) միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան ՌԹ-ների վերամշակման համակարգի ներդնում (նախնական մշակում, մշակում, կոնդիցիայի բերում)՝ համապատասխան սարքավորումների ու տեխնոլոգիաների ձեռքբերմամբ.

3) ՀԱԷԿ-ի տարածքում գտնվող ցածր ակտիվությամբ ՌԹ-ների համար գործող պահեստարանի արդիականացում.

4) շատ ցածր ակտիվությամբ ՌԹ-ների պահեստարանի կառուցում՝ հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացված պահանջների ու գործընթացի.

5) ցածր ու միջին ակտիվությամբ ՌԹ-ների պահեստարանի կառուցում՝ հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացված պահանջների ու գործընթացի.

6) ՌԹ-ների հաշվառման ու գույքագրման էլեկտրոնային համակարգի ստեղծում.

7) ՌԹ-ների պահման համար լիցենզավորված տարաների ձեռքբերում.

8) հեղուկ ՌԹ-ների խոր գոլորշիացման գործող տեղակայանքի վերազինում.

9) իոնափոխանակման խեժերի վերամշակման տեղակայանքի ներդնում.

10) ծավալային մնացորդի տարողություններից (емкости кубового остатка (ЕКО) աղային նստվածքների հեռացում.

11) ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ԱՄՎ-ի պահման ավազանի վերանորոգում ու արդիականացում՝ խտացված բջիջներով ստելաժների (стеллажи уплотненного хранения топлива) ներդրմամբ.

12) ԱՄՎ-ի՝ «չոր» եղանակով պահման համար նախատեսված պահեստարանի երրորդ հերթի (12 մոդուլներով) կառուցում ու շահագործման հանձնում.

13) ԱՄՎ-ի նոր պահեստարանի կառուցում ու շահագործման հանձնում՝ հաշվի առնելով ԱՄՎ-ի պահման ուղղահայաց ու երկակի օգտագործման կոնտեյներների օգտագործման միջազգային փորձը:

25. Հայաստանի Հանրապետությունում առկա ու առաջացող ՌԹ-ների կառավարման ամբողջական համակարգի արդիականացման ու սույն ծրագրի 3-րդ գլխի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բաժիններում ներկայացված միջոցառումների արդյունավետ ու համակարգված իրականացման համար բնագավառի պետական կառավարման մարմինների կողմից, իրենց իրավասությունների սահմաններում, անհրաժեշտ է վերանայել գործող իրավական դաշտը՝ դրանք միջազգային պայմանագրերի պահանջների ու ստանձնած պարտավորությունների հետ ներդաշնակեցնելու նպատակով:

26. Մասնավորապես՝

1) համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից անհրաժեշտ է վերանայել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ սույն ծրագրի 3-րդ գլխի 3-րդ բաժնով ամրագրված դրույթը կազմակերպելու համար.

2) անհրաժեշտ է մշակել ՌԹ-ների կառավարման Ազգային օպերատորի հիմնադրման մասին իրավական ակտ.

3) հիմնադրված ՌԹ-ների կառավարման Ազգային օպերատորի կողմից անհրաժեշտ է մշակել ու Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացնել իր կանոնադրությունը: Կանոնադրությամբ սահմանված այն աշխատանքների համար, որոնք լիցենզավորման ենթակա գործունեություն են, Ազգային օպերատորի կողմից կմշակվեն ու լիցենզիա ստանալու նպատակով Կարգավորող մարմին կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը.

4) անհրաժեշտ է իրականացնել ՌԹ-ների ու ԱՄՎ-ի կառավարման բնագավառում մասնագետների պատրաստում ու վերապատրաստում.

5) անհրաժեշտ է մշակել և (կամ) վերանայել սույն միջոցառումների ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումն ապահովող այլ իրավական ակտեր:

   

ԳԼՈՒԽ 3

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՄԲ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

   

28. Սույն ծրագրով ներկայացված միջոցառումների արդյունավետ ու պատշաճ իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում առկա և առաջացող ՌԹ-ների ու ԱՄՎ-ի կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների պահանջների բավարարմանը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

   

    

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունվարի 10-ի N 3-Լ որոշման

  

ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
2019-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

   

Միջոցառման անվանում

Պատասխանատու կատարող

Համակատարողներ

Ժամկետ

Ֆինանսավորում

1.

«Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի հիման վրա ռադիոակտիվ թափոնները միասնական կառավարող կազմակերպության հիմնադրում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածք-ների և բնական պաշարների նախարարություն (ՀՀ ԷԵԲՊՆ)

 ● «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ (համաձայնությամբ)

  ՀԱԷԿ ՓԲԸ (համաձայնությամբ)

 ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

2019-2020

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

2.

Ռադիոակտիվ թափոնների հաշվառման և վերահսկման ազգային համակարգի ստեղծում

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

 ՀԱԷԿ (համաձայնությամբ)

2020-2021

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

3.

ՀՀ-ում առկա և առաջացող ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման նպատակով արտաբյուջետային հաշիվների ստեղծում, ինչպես նաև այդ արտաբյուջետային միջոցների գոյացման և վճարման նպատակով համապատասխան իրավական ակտերի մշակում

ՀՀ ԷԵԲՊՆ

 ՀԱԷԿ (համաձայնությամբ)

2019-2020

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

4.

Ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման բնագավառում մասնագետների պատրաստում ու վերապատրաստում

ՀՀ ԷԵԲՊՆ

 ՀԱԷԿ ՓԲԸ (համաձայնությամբ)

  ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

  «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

  «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ)

 «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ (համաձայնությամբ)

 «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ (համաձայնությամբ)

2019-2021

 ● հիմնադրվող ՌԹ-ների ու ԱՄՎ-ի կառավարման համար հատուկ արտաբյուջետային հաշիվ

 ● միջազգային ֆինանսավորում

  օրենքով չարգելված այլ միջոցներ

5.

Ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի ամբողջական կառավարման համակարգի արդիականացում, այդ արդիականացումն ապահովող իրավական ակտերի մշակում և (կամ) դրանց ներդաշնակեցում միջազգային ստանդարտների պահանջների հետ

5.1. ՀԱԷԿ-ում ՌԹ-ների կառավարման համակարգի արդիականացում

ՌԹ-ների վերամշակման համակարգի ներդնում՝ համապատասխան սարքավորումների ու տեխնոլոգիաների ձեռքբերմամբ

ՀՀ ԷԵԲՊՆ

 ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

 ՀԱԷԿ ՓԲԸ

2019-2023

 ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիր

  ՀԱԷԿ-ի սեփական միջոցներ

  Միջազգային կազմակերպու-թյունների կողմից իրականացվող տեխնիկական աջակցության ծրագիր

Ցածր ակտիվությամբ ՌԹ-ների գործող պահեստարանի արդիականացում

2019-2022

Շատ ցածր ակտիվությամբ ՌԹ-ների պահեստարանի կառուցում՝ հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ

2020 թ. սկիզբ

Ցածր ու միջին ակտիվությամբ ՌԹ-ների պահեստարանի կառուցում՝ հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ

2019-2021

ՌԹ-ների հաշվառման ու գույքագրման էլեկտրոնային համակարգի ստեղծում

2019-2020

ՌԹ-ների պահման համար լիցենզավորված տարաների ձեռքբերում

2019-2023

Հեղուկ ՌԹ-ների խոր գոլորշիացման գործող տեղակայանքի վերազինում

2019-2020

Իոնափոխանակման խեժերի վերամշակման տեղակայանքի ներդնում

2019-2022

Ծավալային մնացորդի տարողություններից աղային նստվածքների հեռացում

2019-2021

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանի վերանորոգում ու արդիականացում

2019-2020

ԱՄՎ-ի՝ «չոր» եղանակով պահման համար նախատեսված պահեստարանի երրորդ հերթի (12 մոդուլներով) կառուցում ու շահագործման հանձնում

2025-2026

5.2. ՌԹ-ների ու ԱՄՎ-ի անվտանգ կառավարման արդիականացումն ապահովող իրավական ակտերի մշակում և (կամ) դրանց ներդաշնակեցում միջազգային ստանդարտների պահանջների հետ

Իրավական ակտերի մշակում և (կամ) միջազգային ստանդարտների պահանջների հետ ներդաշնակեցում

 ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

 ● ՀՀ ԷԵԲՊՆ

  ՀՀ բնապահ-պանության նախարա-րություն

2019-2026

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան