Գլխավոր տեղեկություն
Համար
N 434-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2019-01.01.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.12.03/30(633) Հոդ.269
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.11.2018
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 նոյեմբերի 2018 թվականի

ք. Երևան

N 434-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 499-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ՝

ա) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն), համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ Վարձակալության պայմանագիր) ընդհանուր պայմանների 9-րդ հոդվածի 9.1 կետի 1-ին ենթակետի, և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2016 թվականի դեկտեմբերի 9-ի N 397-Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ Ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցման ԼՋ N 0001 լիցենզիայի (այսուհետ՝ Լիցենզիա) պայմանների N 3 հավելվածի 19-րդ կետի՝ 2018 թվականի օգոստոսի 8-ին Հանձնաժողով է ներկայացրել Ծառայությունների մատուցման 2019 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ՝ առաջարկելով բաժանորդներին մատուցվող Ծառայությունների սակագների գումարային մեծությունը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 205.125 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ) Հանձնաժողովը Ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), Նախարարության ջրային կոմիտեի, Ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել է մոնիթորինգ,

գ) Ծառայությունների մատուցման 2019 թվականի սակագների ճշգրտման գործոնների, այդ թվում նաև՝ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգի արդյունքներով Հանձնաժողովի կատարած հաշվարկների համաձայն՝ բաժանորդներին մատուցվող Ծառայությունների (այսուհետ՝ Մանրածախ ծառայություններ) սակագների գումարային մեծությունը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կազմում է 202.272 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

դ) Լիցենզիայի պայմանների N 3 հավելվածի 16-րդ կետի համաձայն՝ հաշվարկային տարվա Մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված սակագնի և հաշվարկային տարվան նախորդող տարվա Մանրածախ ծառայությունների մատուցման գործող սակագնի տարբերությունը, Ընկերության և Հանձնաժողովի փոխադարձ համաձայնությամբ` նույն կետով նախատեսված ճշգրտումից հետո, կարող է հաշվի առնվել հաջորդ կամ հետագա տարիների սակագները հաշվարկելիս,

ե) Նախարարության 2018 թվականի նոյեմբերի 26-ի N 01ԳԲ/19.1ԲԳ/7080-18 գրության համաձայն՝ վերջինս, հաշվի առնելով, որ Մանրածախ ծառայությունների գործող սակագների (գումարային 191,414 դրամ/խմ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը) և բաժանորդների կողմից վճարվող մեծության տարբերության փոխհատուցումը սուբսիդիայի տեսքով ներառված է 2019 թվականի պետական բյուջեում, և նպատակ ունենալով նույնությամբ պահպանել բաժանորդների կողմից Ծառայությունների սակագների համար վճարվող մեծությունը (գումարային 180 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), Ընկերության հետ քննարկումների արդյունքում ձեռք է բերել պայմանավորվածություն՝ 2019 թվականի համար նախատեսվող սակագնի 10.858 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) աճը 2025 թվական տեղափոխելու վերաբերյալ,

զ) Նախարարության ջրային կոմիտեի և Ընկերության միջև ստորագրված «Վարձակալության պայմանագրի կողմերի կամարտահայտման մասին» փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Ընկերությունը տվել է իր համաձայնությունը՝ Հանձնաժողովի կողմից 2019 թվականի համար հաշվարկված և Հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 22-ի N 499-Ն որոշմամբ սահմանված Մանրածախ ծառայությունների գումարային սակագների տարբերությունը Լիցենզիայի պայմանների 16-րդ կետով նախատեսված ճշգրտումից հետո հաշվի առնել 2025 թվականի սակագների հաշվարկներում,

է) Վարձակալության պայմանագրի ընդհանուր պայմանների 9-րդ հոդվածի 9.1 կետի 2-րդ ենթակետի համաձայն, եթե Հանձնաժողովը չի հաստատում Լիցենզիայով սահմանված պայմաններով ճշգրտվող բազիսային սակագինը, ի հետևանք որի՝ Ընկերության համար չի հաստատվում Լիցենզիայի պայմանների համաձայն ճշգրտված սակագինը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ընկերությանը փոխհատուցում է սակագների միջև եղած տարբերությունը, որը չկատարելը կդիտվի որպես Հայաստանի Հանրապետության կառավարություն կողմից Վարձակալության պայմանագրի վաղաժամկետ չպատճառաբանված դադարեցում` ըստ ընդհանուր պայմանների 3-րդ հոդվածի 3.8.3 կետի, որի դեպքում Ընկերությունը փոխհատուցում ստանալու իրավունք ունի,

և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 79.1-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 296-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 135.585 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 162.702 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 23.927 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 28.712 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին`

ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 31.902 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 38.282 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 15.951 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 19.141 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 9.364 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 11.237 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 22-ի «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի N 398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 499-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մ. Սողոմոնյան