«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2002 թվականի N 1678-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների (միությունների) կայացման, ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին (միություններին) անհատույց օգտագործման իրավունքով փոխանցման գործընթացին աջակցելու, ոռոգման համակարգերը հանրային-մասնակցային կառավարման միջոցով արդյունավետ շահագործելու և ընկերությունների (միությունների) գործունեությունը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ և հաստատել նրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին:
(3-րդ կետը փոփ. 26.02.15 N 184-Ն, 22.04.15 N 422-Ն, 20.01.16 N 22-Ն, 15.11.18 N 1281-Ն)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։
(4-րդ կետը փոփ. 26.02.15 N 184-Ն)
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմիններին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ջրային տնտեսության զարգացման քաղաքականության իրականացման ու ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների կայացմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ (կանոնակարգող խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար
ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի ներկայացուցիչ
Բնագավառի հինգ մասնագետ
Հինգ ջրօգտագործող
Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ
Արարատի մարզպետարանի ներկայացուցիչ
Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչ
Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչ
Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ
(հավելվածը լրաց. 22.04.04 N 532-Ն, 07.04.05 N 410-Ն, փոփ., լրաց. 26.02.15 N 184-Ն, խմբ. 20.01.16 N 22-Ն, փոփ., լրաց. 15.11.18 N 1281-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդը (այսուհետ՝ կանոնակարգող խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Կանոնակարգող խորհուրդն ստեղծվել է «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն։
2. Կանոնակարգող խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Կանոնակարգող խորհրդի և ջրօգտագործողների ընկերության ու ջրօգտագործողների ընկերությունների միության (այսուհետ՝ ընկերության և միության) փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Կանոնակարգող խորհրդի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ:
II. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Կանոնակարգող խորհրդի հիմնական նպատակն ընկերության և միության գործունեությունը համակարգելն է:
6. Կանոնակարգող խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է գործադիր մարմնի միջոցով:
7. Կանոնակարգող խորհուրդն իր խնդիրներն իրականացնելու նպատակով՝
1) ընկերության և միության կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին տալիս է գրավոր եզրակացություն.
2) տալիս է իրավաբանական, հաշվապահական և տեխնիկական հարցերով խորհրդատվություն.
3) ըստ հաստատված ձևերի՝ վարում է ընկերության և միության գործունեության վերաբերյալ գրանցամատյանները.
4) քննարկում է ընկերությանը և միությանը տրամադրվող ֆինանսական աջակցության չափաքանակն ու դրանց օգտագործման արդյունավետությունը.
5) ընկերության և միության անդամների գրավոր դիմումի հիման վրա իրականացնում է ստուգումներ՝ իր աշխատողների կամ անկախ աուդիտորների միջոցով.
6) ուսումնասիրում է ընկերության և միության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները, ներառյալ իրենց վարած գրանցամատյանները, և անհրաժեշտության դեպքում տալիս է գրավոր եզրակացություն ընկերության և միության` տվյալ տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին.
7) ընկերությանը և միությանը համաձայնություն է տալիս կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, վերակազմակերպվելու կամ լուծարվելու համար.
8) աուդիտի և ստուգումների արդյունքում ընկերության ֆինանսական գործունեության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընկերության վարչական խորհրդից կարող է պահանջել հրավիրել ընկերության ժողով, որտեղ կանոնակարգող խորհուրդը ժողովի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները: Եթե վարչական խորհուրդը 30 օրվա ընթացքում չի հրավիրում ընկերության ժողով, ապա կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել վարչական խորհրդի լիազորությունները և ինքը հրավիրել ընկերության ժողով.
9) եթե դադարեցված են վարչական խորհրդի լիազորությունները, ապա կարող է դադարեցնել ընկերության տնօրենի լիազորությունները և նշանակել ժամանակավոր տնօրեն, քանի դեռ ընկերության ժողովը նոր վարչական խորհուրդ չի ընտրել.
10) եթե միության ֆինանսական գործունեության մեջ հայտնաբերում է անճշտություններ, համաձայն կայացրած աուդիտի (ստուգումների), ապա վարչական խորհրդից պահանջում է գումարել նիստ, որտեղ կանոնակարգող խորհուրդը վարչական խորհրդի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները և առաջարկում մշակել միջոցառումների ծրագիր՝ իր կողմից սահմանված ժամկետում անճշտությունները վերացնելու համար: Եթե վարչական խորհուրդը միջոցառումների ծրագրին համապատասխան չի վերացնում անճշտությունները, ապա կանոնակարգող խորհուրդը կարող է կասեցնել վարչական խորհրդի լիազորությունները.
11) եթե վարչական խորհրդի լիազորությունները կասեցված են, ապա կարող է դադարեցնել միության տնօրենի լիազորությունները և նշանակել միության ժամանակավոր տնօրեն, որն իրականացնում է կանոնակարգող խորհրդի մշակած միջոցառումների ծրագիրը.
12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
8. Ընկերության և միության ղեկավար անձինք պատասխանատու են կանոնակարգող խորհրդին տված տեղեկությունների ճշտության և դրանք սահմանված ժամկետներում ներկայացնելու համար:
9. Կանոնակարգող խորհրդի լիազորած աշխատողը կարող է ստուգել ընկերության և միության հաշվապահական փաստաթղթերը կամ գրանցամատյանները, եթե՝
1) ընկերության կամ միության անդամների մեկ երրորդը գրավոր պահանջում է.
2) ընկերության կամ միության հաշիվները կամ տարեկան հաշվետվությունն ուսումնասիրելիս կանոնակարգող խորհուրդը հայտնաբերում է ֆինանսական ոչ ճիշտ կամ անկանոն գործընթացի ապացույցներ:
III. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Կանոնակարգող խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ սահմանված կարգով հրավիրված արտահերթ նիստերի միջոցով:
11. Կանոնակարգող խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է կանոնակարգող խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի կամ գործադիր մարմնի առաջարկությամբ:
12. Կանոնակարգող խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների մեկ երրորդը:
13. Կանոնակարգող խորհրդի նիստը վարում է կանոնակարգող խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ կանոնակարգող խորհրդի անդամներից մեկը:
14. Կանոնակարգող խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում կանոնակարգող խորհրդի նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:
15. Կանոնակարգող խորհրդի նիստի օրակարգը կազմվում է կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի կողմից և օրակարգի հարցերին վերաբերող համապատասխան փաստաթղթերով տրամադրվում կանոնակարգող խորհրդի անդամներին՝ նիստից առնվազն 3 օր առաջ՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:
16. Կանոնակարգող խորհրդի անդամները կանոնակարգող խորհրդի նիստից առնվազն 10 օր առաջ կարող են առաջադրել հարցեր՝ նիստի օրակարգում ընդգրկելու համար: Եթե այդ հարցերը չեն ընդգրկվում օրակարգում, ապա կանոնակարգող խորհրդի գործադիր մարմինը կանոնակարգող խորհուրդ է ներկայացնում համապատասխան հիմնավորում:
17. Օրակարգի հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում նշված հարցի քննարկումը տեղափոխվում է կանոնակարգող խորհրդի հաջորդ նիստ:
18. Կանոնակարգող խորհրդի նիստերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում: Կանոնակարգող խորհուրդը կարող է ընդունել որոշում հաջորդ նիստի անցկացման այլ տեղի մասին: Կանոնակարգող խորհրդի նիստի օրակարգի հաստատման ժամանակ խորհրդի անդամները կարող են առաջադրել լրացուցիչ հարցեր՝ օրակարգում ընդգրկելու համար։
19. Կանոնակարգող խորհրդի որոշումներն ստորագրում է կանոնակարգող խորհրդի նախագահը: Կանոնակարգող խորհրդի որոշումները ենթակա են պահպանման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
20. Կանոնակարգող խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք, ինչպես նաև օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
IV. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
21. Կանոնակարգող խորհրդի նախագահը՝
1) կազմակերպում է կանոնակարգող խորհրդի աշխատանքները՝ օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան.
2) պատասխանատու է կանոնակարգող խորհրդի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար.
3) ներկայացնում է կանոնակարգող խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում, այլ մարմիններում և կազմակերպություններում:
V. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
22. Կանոնակարգող խորհուրդը կազմված է առնվազն 14 անդամից:
23. Կանոնակարգող խորհրդի կազմում ընդգրկվում են ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններից, տարածքային կառավարման մարմիններից, բնագավառի մասնագետներից և ջրօգտագործողներից:
24. Նախարարությունը ներկայացնող՝ կանոնակարգող խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարը, իսկ մարզպետարանը՝ համապատասխան մարզպետը:
25. Կանոնակարգող խորհրդի կազմում ընդգրկվող՝ բնագավառի մասնագետների թեկնածություններն առաջարկում է կանոնակարգող խորհրդի նախագահը` ռոտացիոն կարգով:
26. Կանոնակարգող խորհրդի կազմում ընդգրկվող ջրօգտագործողների թեկնածություններն առաջարկում են ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները՝ ռոտացիոն կարգով:
27. Կանոնակարգող խորհրդի անդամն իր հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է կանոնակարգող խորհրդի անդամ լինելուց:
28. Կանոնակարգող խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը՝ համապատասխան մարմինների ներկայացրած թեկնածությունների հիման վրա:
29. Կանոնակարգող խորհրդի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կողմից՝ համապատասխան թեկնածություն ներկայացրած մարմնի համաձայնությամբ:
30. Կանոնակարգող խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ կանոնակարգող խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է գրավոր հատուկ կարծիք, որը կցվում է որոշմանը և գրառվում կանոնակարգող խորհրդի նիստի արձանագրության մեջ:
VI. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
31. Կանոնակարգող խորհրդի գործավարությունը կազմակերպվում է գործադիր մարմնի միջոցով: Այդ նպատակով գործադիր մարմինը՝
1) կազմակերպում է կանոնակարգող խորհրդի նիստերի արձանագրային աշխատանքները.
2) կազմում է կանոնակարգող խորհրդի որոշումների նախագծերը.
3) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը կանոնակարգող խորհրդի անդամներին.
4) կանոնակարգող խորհրդի որոշումներն ու նիստերի արձանագրություններն ուղարկում է համապատասխան մարմիններ.
5) վարում է կանոնակարգող խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը:
VII. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
32. Կանոնակարգող խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ կանոնակարգող խորհրդի ներկայացմամբ։
(հավելվածը փոփ. 07.04.05 N 410-Ն, փոփ., լրաց. 26.02.15 N 184-Ն, խմբ. 20.01.16 N 22-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 1678-Ն | |
03.10.2019, N 1392-Ն | 24.10.2019, N 1678-Ն | |
15.11.2018, N 1281-Ն | 24.11.2018, N 1678-Ն | |
20.01.2016, N 22-Ն | 26.01.2016, N 1678-Ն | |
22.04.2015, N 422-Ն | 30.04.2015, N 1678-Ն | |
26.02.2015, N 184-Ն | 12.03.2015, N 1678-Ն | |
07.04.2005, N 410-Ն | 28.04.2005, N 1678-Ն | |
22.04.2004, N 532-Ն | 06.05.2004, N 1678-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|