Գլխավոր տեղեկություն
Համար
N 749-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.11.2018-12.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.11/54(1412) 28.06.2018
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2018 թվականի N 749-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը`

Սահմանել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 11

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 749-Լ
որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմին է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Կոմիտեի անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե.

2) ռուսերեն` Комитет кадастра недвижимости Республики Армения.

3) անգլերեն` Real Estate Cadastre Committee of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն՝ Comité du cadastre immobilier de la République d’Arménie:

(4-րդ կետը խմբ. 17.09.18 N 1211-Լ)

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Կոմիտեն կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Կոմիտեի կառուցվածքում ընդգրկվում են կոմիտեի ղեկավարի, կոմիտեի ղեկավարի տեղակալի, կոմիտեի ղեկավարի օգնականի, կոմիտեի ղեկավարի խորհրդականի, կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնականի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Կոմիտեի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշակունյաց 7:

(8-րդ կետը փոփ. 17.09.18 N 1211-Լ)

 

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Կոմիտեի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումն ու կադաստրի համակարգի գործունեության ապահովումը.

2) պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը:

10. Կոմիտեի խնդիրներն են՝

1) անշարժ գույքի շուկայի կայացմանն աջակցությունը.

2) գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների, գեոդեզիայի և քարտեզագրության մասին տեղեկատվական համակարգերի ստեղծումն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության կառավարումը, տվյալների մատչելիությունը, օբյեկտիվության և անընդհատության ապահովումը.

3) իր իրավասության սահմաններում հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակումը.

4) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Կոմիտեի գործառույթներն են`

1) գույքի (անկախ սեփականության ձևից) նկատմամբ իրավունքների, սահմանափակումների և օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման իրականացում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի հողային հաշվեկշռի կազմում.

3) թվային տեղագրական քարտեզների և հատակագծերի, ինչպես նաև կադաստրային քարտեզների և հատակագծերի ստեղծում և կազմում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի կադաստրային գնահատում, հողի հարկի, գույքահարկի բազայի ստեղծում, բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի մշակմանը մասնակցություն.

5) անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակում ու ներդրում.

6) գեոդեզիայի և քարտեզագրության, աշխարհագրական անվանումների, երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գնահատման, կադաստրային քարտեզագրման ոլորտներում համաշխարհային փորձի ուսումնասիրում ու ներդրում.

7) անշարժ գույքի պետական համակարգված դիտարկումների (մոնիթորինգ) կազմակերպում ու իրականացում, անշարժ գույքի շուկայի վերլուծություն և տեղեկատվության հրապարակում.

8) անշարժ գույքի շուկայի ձևավորման ու կայացման միջոցառումների կազմակերպում.

9) անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների մասին տեղեկատվական բանկի ստեղծում ու կառավարում, կադաստրային գործերի և պետական գրանցման փաստաթղթերի պահպանում.

10) Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուների որակավորման անցկացում, որակավորման վկայականների տրամադրում, դրանց գործողության կասեցում կամ դադարեցում.

11) համակարգում ինքնաշխատ կադաստրի ներդրում.

12) անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության հավաստիության, ամբողջականության, մատչելիության, արդիականության և հրապարակայնության ապահովում.

13) իր իրավասության սահմաններում հողային հարաբերությունների կարգավորման, հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակում` հողի նկատմամբ իրավունքների, հողի շուկայի ձևավորման մասով.

14) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմման համար անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրում, կազմված նախագծերի և դրանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, եզրակացությունների տրամադրում.

15) իր իրավասության սահմաններում հողաշինարարական նպատակային ծրագրերի, հողերի միավորման նախագծերի մշակման ապահովում.

16) բազմաբնույթ, ճյուղային կադաստրի վարման համար անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրում.

17) համակարգի եկամուտների և ծախսերի պլանավորում, հաշվապահական հաշվառման խնդիրների լուծում.

18) բնագավառի գործունեությունը կարգավորող օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի, նորմատիվ փաստաթղթերի (պետական ստանդարտներ, հրահանգներ, մեթոդական ցուցումներ և այլն) մշակում.

19) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագրի հրապարակում.

20) իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում, անշարժ գույքի կադաստրի ծրագրերի իրականացում.

21) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում.

22) գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցերի, Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, տեղագրական քարտեզների և հատակագծերի ստեղծման արդյունքում ստացված նյութերի հիման վրա պետական քարտեզագրական ֆոնդի ձևավորում ու կառավարում.

23) պետական և ազգային պլանային գեոդեզիական և պետական բարձունքային, գեոդինամիկական ցանցերի ստեղծման և պարբերաբար թարմացման աշխատանքների կազմակերպում և իրականացում.

24) կոորդինատային, բարձունքային, գրավիմետրական չափումների միասնական համակարգի ձևավորման ապահովում.

25) հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` ատլասների, կրթական համակարգի համար ուսումնական, զբոսաշրջային և այլ պաշտոնական քարտեզների) ստեղծում և հրատարակում.

26) ֆոտոգրամետրական աշխատանքների կազմակերպում և իրականացում.

27) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքների իրականացում.

28) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության կարիքների համար գեոդեզիական տվյալների ու քարտեզագրական նյութերի ապահովում, իր իրավասության սահմաններում համայնքների և մարզերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքներին մասնակցություն.

29) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) աշխատանքներին մասնակցություն.

30) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացում, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծում ու վարում և դրանց տվյալների հիման վրա պաշտոնական տեղեկատուների, ընդհանուր և թեմատիկ բառարանների, ցանկերի ստեղծման ու հրատարակման աշխատանքների կազմակերպում և ղեկավարում.

31) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումների ու անվանակոչումների համաձայնեցում և հաշվառում.

31.1) կոմիտեի կառուցվածքային, տարածքային, մարզային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ ներքին վերահսկողություն, քաղաքացիների արդյունավետ սպասարկմանն ուղղված միջոցառումների իրականացում.

32) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:

(11-րդ կետը փոփ., լրաց. 17.09.18 N 1211-Լ)

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Կոմիտեի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է կոմիտեի գործունեության վերահսկողությունը.

4) լսում է կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

14. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի ղեկավարը:

15. Կոմիտեի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Կոմիտեի ղեկավարը՝

1) պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իրականացնում է կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կառավարումը.

4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, օգնականին և իր տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) օրենքով կամ կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

6) հաստատում է հաստիքացուցակը.

7) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

11) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

12) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների (սպասարկման գրասենյակների, տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների), ենթակայությանը հանձնված կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

13) սահմանում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները:

17. Կոմիտեի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է կոմիտեում կոմիտեի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

18. Կոմիտեի ղեկավարի տեղակալը՝

1) գործում է կոմիտեի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին (սպասարկման գրասենյակների, տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների), ենթակայությանը հանձնված կազմակերպություններին փոխանցում է կոմիտեի ղեկավարի հանձնարարականները, ապահովում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից կոմիտեի ղեկավարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի ղեկավարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է կոմիտեի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

19. Կոմիտեի ղեկավարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Կոմիտեի ղեկավարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է կոմիտեի ղեկավարի տեղակալին:

20. Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի` օրենքով նախատեսված իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է կոմիտեի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) կոմիտեի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է կոմիտեի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

5) կոմիտեի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) կոմիտեի ղեկավարին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է կոմիտեի ղեկավարի տեղակալի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին և կազմակերպություններին փոխանցում է կոմիտեի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի ղեկավարին.

9) անհրաժեշտության դեպքում, կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) կոմիտեի ղեկավարի և (կամ) կոմիտեի ղեկավարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

(20-րդ կետը փոփ. 17.09.18 N 1211-Լ)

21. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին:

22. Կոմիտեի ղեկավարի խորհրդականը՝

1) աջակցում է կոմիտեի ղեկավարի լիազորությունների որոշակի աշխատանքների իրականացմանը.

2) համակարգում է կոմիտեի ծրագրերը, որոնց իրականացման համար իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

23. Կոմիտեի ղեկավարի օգնականն իրականացնում է կոմիտեի ղեկավարի լիազորությունների որոշակի աշխատանքներ, որի իրականացման համար իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

24. Կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնականը՝

1) իրականացնում է կոմիտեի ղեկավարի տեղակալի ցուցումներ և հանձնարարականներ.

2) անմիջական հաշվետու է կոմիտեի ղեկավարի տեղակալին:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

25. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) գույքի գրանցման վարչություն.

2) հաշվառման և հողաշինարարության վարչություն.

3) ֆինանսատնտեսագիտական վարչություն.

4) (ենթակետն ուժը կորցրել է  17.09.18 N 1211-Լ)

4.1) ներքին վերահսկողության վարչություն.

4.2) սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչություն.

5) գեոդեզիայի և քարտեզագրության վարչություն.

6) իրավաբանական վարչություն.

7) անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչություն.

8) միջազգային կապերի բաժին.

9) ներքին աուդիտի բաժին:

(25-րդ կետը փոփ., լրաց. 17.09.18 N 1211-Լ)

26. Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) անձնակազմի կառավարման բաժին.

2) գնումների կազմակերպման բաժին.

3) առաջին բաժին.

4) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին.

5) ընդհանուր բաժին.

6) սպասարկման գրասենյակներ`

ա. Երևան քաղաք` «Կենտրոն», «Արաբկիր», «Շենգավիթ»,

բ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ` «Աշտարակ», «Թալին», «Ծաղկահովիտ», «Ապարան»,

գ. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ` «Մասիս», «Արտաշատ»,

դ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ` «Բաղրամյան», «Արմավիր», «Վաղարշապատ»,

ե. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ` «Ճամբարակ», «Վարդենիս», «Սևան», «Մարտունի», «Գավառ»,

զ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ` «Աբովյան», «Հրազդան», «Եղվարդ», «Չարենցավան»,

է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ` «Աշոցք», «Ամասիա», «Արթիկ», «Գյումրի»,

ը. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ` «Ստեփանավան», «Սպիտակ», «Վանաձոր», «Ալավերդի», «Տաշիր»,

թ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ` «Բերդ», «Դիլիջան», «Իջևան», «Նոյեմբերյան»,

ժ. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ` «Եղեգնաձոր», «Ջերմուկ»,

ժա. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` «Գորիս», «Սիսիան», «Կապան», «Մեղրի».

7) տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն.

8) տնտեսական մաս.

9) տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներ`

ա. (պարբերությունն ուժը կորցրել է 12.11.18 N 1500-Լ)

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 12.11.18 N 1500-Լ)

գ. Շիրակի մարզային ստորաբաժանում,

դ. Լոռու մարզային ստորաբաժանում,

ե. (պարբերությունն ուժը կորցրել է 12.11.18 N 1500-Լ)

զ. Սյունիքի մարզային ստորաբաժանում,

է. Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:

(26-րդ կետը փոփ., լրաց. 12.11.18 N 1500-Լ)

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում):

28. Կոմիտեի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

29. Կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

30. Կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Կոմիտեի գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 17.09.18 N 1211-Լ, փոփ., լրաց. 12.11.18 N 1500-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան