Գլխավոր տեղեկություն
Համար
N 1251-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.21/86(1444) Հոդ.1184
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2018 թվականի N 1251-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով (կազմված՝ հանձնաժողովի նախագահից և հանձնաժողովի անդամներից), որում պարտադիր ընդգրկվում են`

ա. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը,

բ. մարզերում` մարզպետը կամ նրա տեղակալը, Երևանում` Երևանի քաղաքապետը կամ նրա տեղակալներից մեկը,

գ. մահացածի հարազատներից որևէ մեկը:

2.1. Սույն կարգի 2-րդ կետում նշված հանձնաժողովում անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները և այն բնագավառի (մարմնի, կազմակերպության) ներկայացուցիչը, որտեղ աշխատել (գործել) է հանգուցյալը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ) և այլ անձինք:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. նոյեմբերի 12
Երևան