Գլխավոր տեղեկություն
Համար
N 270-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2018-01.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.05/90(1448) Հոդ.1172
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

5 նոյեմբերի 2018 թվականի N 270-Ն

  

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Հաստատել՝

1) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման, ծառայողական քննությունների հետ կապված առանձնահատկությունները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

     

Հայաստանի Հանրապետության առաջին

փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

   

2018 թ. նոյեմբերի 5

Երևան

         

     

               

Հավելված N 1

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

նոյեմբերի 5-ի N 270-Ն

որոշման

      

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      

1. Սույն հավելվածով սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման, ծառայողական քննությունների հետ կապված առանձնահատկությունները։

2. Սույն հավելվածով սահմանված առանձնահատկությունները տարածվում են համակարգող փոխվարչապետի կողմից սահմանված ցանկում ընդգրկված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողների վրա:

3. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման, ծառայողական քննությունների հետ կապված առանձնահատկություններն են՝

1) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) հարցազրույցի փուլն անցկացնելու համար ձևավորված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն օրենքով սահմանված հանձնաժողովի անդամության թեկնածուներից բացի, ընդգրկվում են նաև ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները.

2) հանձնաժողովի կազմում ընդգրկվող՝ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների թեկնածուների ցուցակն ազգային անվտանգության ծառայությունը ներկայացնում է համապատասխան մարմիններ.

3) հանձնաժողովի անդամները պետք է ունենան պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխան տրված թույլտվություն.

4) մրցույթին մասնակցելու համար քաղաքացին ներկայացնում է սահմանված փաստաթղթերը՝ նշելով այն մարմինը (կազմակերպությունը), որտեղ ինքն աշխատել (աշխատում) է և որտեղից հնարավոր է ստանալ պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու թույլտվության մասին տեղեկանքը: Համապատասխան մարմնի գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար դիմած անձի փաստաթղթերն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում տվյալ մարմնից (կազմակերպությունից), որտեղ աշխատել կամ աշխատում է մրցույթին մասնակցելու համար դիմած անձը՝ վերջինիս համար պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխան թույլտվության մասին տեղեկանք ստանալու նպատակով: Տեղեկանքը տալիս է այն մարմինը, որտեղ աշխատում (աշխատել) է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին։ Վերակազմակերպված մարմինների դեպքում տեղեկանքը տալիս է վերակազմակերպված մարմնի իրավահաջորդ մարմինը, իսկ գործունեությունը դադարեցրած մարմինների դեպքում՝ ազգային անվտանգության ծառայությունը: Տեղեկանքը տրամադրվում է հարցումն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում.

5) մրցույթին մասնակցության վերաբերյալ որոշման մասին համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումն էլեկտրոնային տարբերակով մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացուն տեղեկացնում է մրցույթին մասնակցության վերաբերյալ որոշման մասին՝ սույն հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկանքն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

6) համապատասխան մարմինը մինչև մրցույթի անցկացման օրն ազգային անվտանգության ծառայություն է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների ցանկը՝ նշելով նրանց անունները, հայրանունները, ազգանունները, անձնագրերի կամ նույնականացման քարտերի տվյալները.

7) հույժ գաղտնի կամ գաղտնի տեղեկությունների հետ առնչվելու համար պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետք է ունենա պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխան տրված՝ առնվազն երեք տարվա թույլտվություն.

8) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում նաև ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված՝ համապատասխան մարմնի գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանման ղեկավարը հաշվետու և ենթակա է համապատասխան մարմնի ղեկավարին, իսկ տվյալ ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները՝ ստորաբաժանման ղեկավարին։ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված՝ քաղաքացիական ծառայողները գաղտնիության ռեժիմի ապահովման մասով հաշվետու և ենթակա են համապատասխան մարմնի ղեկավարին.

9) մրցույթի թեստավորման փուլի համար կազմված թեստերում ընդգրկվող՝ մասնագիտական գիտելիքներին վերաբերող առաջադրանքների առնվազն 20 տոկոսը պետք է լինի պետական և ծառայողական գաղտնիքին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից.

10) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թեստավորման փուլի առաջադրանքներն օրենքով նախատեսված համապատասխան մարմինները կազմում են ազգային անվտանգության ծառայության հետ.

11) մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլի ընթացքը, հարցազրույցի փուլի ձայնագրության (տեսաձայնագրության) տեղեկությունները ենթակա չեն հրապարակման.

12) մրցույթի թեստը ձևավորվում է պատահական ընտրությամբ՝ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի կողմից նախքան մրցույթի անցկացումը տեղեկատվական հարթակում տեղադրված և կոդավորված թեստային առաջադրանքներից, որոնք մրցույթից անմիջապես հետո հանվում են տեղեկատվական հարթակից.

13) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի մասնագիտական վերապատրաստման ծրագրում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկվում են նաև պետական և ծառայողական գաղտնիքին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն առնչվող թեմաներ, որոնց մասով դասընթացը կազմվում է ազգային անվտանգության ծառայության հետ.

14) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումը քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում է վերապատրաստողը, տվյալ դեպքում՝ ազգային անվտանգության ծառայությունը.

15) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ վարվող ծառայողական քննության գործում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն ընդգրկվում են ըստ անհրաժեշտության՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված հանգամանքներ ի հայտ գալու պահից: Այդ անձանց նկատմամբ վարվող ծառայողական քննությունն անկացվում է աշխատանքային խմբով.

16) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն օրենքով սահմանված կարգով մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով զբաղեցնելու համար դիմած քաղաքացին սահմանված փաստաթղթերից բացի ներկայացնում է նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու թույլտվության մասին տեղեկանքը։ Տեղեկանքը տալիս է այն մարմինը, որտեղ աշխատում (աշխատել) է ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացին։ Վերակազմակերպված մարմինների դեպքում տեղեկանքը տալիս է վերակազմակերպված մարմնի իրավահաջորդ մարմինը, իսկ գործունեությունը դադարեցրած մարմինների դեպքում՝ ազգային անվտանգության ծառայությունը: Տեղեկանքը տրամադրվում է ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար դիմած քաղաքացուն՝ դիմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

4. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման առանձնահատկությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

  

Հայաստանի Հանրապետության առաջին

փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

  

      

Հավելված N 2

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

նոյեմբերի 5-ի N 270-Ն

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

      

1. Համապատասխան մարմինների գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանման քաղաքացիական ծառայողներ

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող քաղաքացիական ծառայողներ, որոնց պաշտոնն ընդգրկված չէ համապատասխան մարմնի որևէ կառուցվածքային ստորաբաժանման կազմում

3. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող քաղաքացիական ծառայողներ, որոնց պաշտոնն ընդգրկված է համապատասխան մարմնի՝ գաղտնիության ռեժիմի ապահովման գործառույթներ չիրականացնող որևէ կառուցվածքային ստորաբաժանման կազմում

       

Հայաստանի Հանրապետության առաջին

փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան