ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2018 թվականի N 1222-Ն
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում սահմանել դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1222-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Դատավորին հաշվեցուցակային զենք, այդ թվում՝ փամփուշտներ, և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածի համար ինքնապաշտպանության նպատակով:
2. Դատավորին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) կողմից:
3. Դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է ոստիկանությունը:
4. Դատավորին տրամադրվող հաշվեցուցակային զենքի հետ միասին տրվում են զենքը կրելու համար նախատեսված համապատասխան հարմարանքներ, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
5. Դատավորին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում է զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանք:
6. Դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցումը կազմակերպում է ոստիկանությունը:
7. Դատական դեպարտամենտը դատավորի՝ հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու դիմումը, նրան նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի պատճենը և զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանքը դատավորի դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում փոխանցում է ոստիկանություն:
8. Ոստիկանությունը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում դատավորին տրամադրում է հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ՝ դրա մասին տեղեկացնելով Բարձրագույն դատական խորհրդին:
9. Հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները դատավորը ստանում է անձամբ, որի վերաբերյալ կնքվում է հանձնման-ընդունման ակտ:
10. Հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները գործադրելու, ինչպես նաև դրանք կորցնելու կամ դրանց փչանալու դեպքում դատավորն անհապաղ տեղեկացնում է ոստիկանությանը:
11. Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում Դատական դեպարտամենտը դրա մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է ոստիկանությանը:
12. Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները դատավորը մեկշաբաթյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնում է ոստիկանություն:
13. Պաշտոնավարման ընթացքում դատավորի՝ տրամադրված հաշվեցուցակային զենքից և պաշտպանության հատուկ միջոցներից հրաժարվելու ցանկության դեպքում դատավորը դիմում է ներկայացնում Բարձրագույն դատական խորհուրդ: Դատական դեպարտամենտը դատավորի՝ հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներից հրաժարվելու դիմումը մեկշաբաթյա ժամկետում փոխանցում է ոստիկանություն: Ոստիկանությունն ապահովում է հաշվեցուցակային զենքի և պաշտպանության հատուկ միջոցների վերադարձը, որի վերաբերյալ կնքում է հանձնման-ընդունման ակտ և տեղեկացնում Բարձրագույն դատական խորհրդին:
14. Սույն որոշման 12-րդ կետում նախատեսված ժամկետում հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները ոստիկանություն չհանձնվելու դեպքում դրանց վերադարձն ապահովում է ոստիկանությունը, որի վերաբերյալ կազմված արձանագրության մեկ օրինակը ոստիկանությունը փոխանցում է Բարձրագույն դատական խորհուրդ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |