Գլխավոր տեղեկություն
Համար
N 376-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.10.15/26(629) Հոդ.208
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.10.2018
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 հոկտեմբերի 2018 թվականի

ք. Երևան

N 376-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի «Համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման ու օգտագործման կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 235-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման ու օգտագործման կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնների 1-ին կետում «տրամադրման,» բառից հետո լրացնել «թույլտվության մեջ փոփոխությունների կատարման, թույլտվության գործողության կասեցման և դադարեցման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման և վերաձևակերպման,» բառերը.

2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 կետով.

«8.1 Սույն կանոններով նախատեսված իրազեկումը, այդ թվում՝ փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:».

3) Կանոնների 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերում «կարգի» բառը փոխարինել «կանոնների» բառով.

4) Կանոնների 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝

1) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կանոնների պահանջներին.

2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են, դրանցում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.

3) հայտատուն գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում։».

5) Կանոնների 14-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) եթե պահանջվող համարը օգտագործման մեջ է կամ հատկացված է մեկ այլ անձի,

2) պահանջվող համարը միջազգային համաձայնագրերի շրջանակներում զբաղեցված է այլ նպատակների համար կամ եթե դրա օգտագործման համար պահանջվում է համակարգում միջազգային կազմակերպությունների հետ,».

«4) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, դրանցում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ կամ դրանք չեն համապատասխանում օրենքների, իրավական ակտերի կամ սույն կանոնների պահանջներին,».

6) Կանոնների 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) հայտատուն գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում։».

7) Կանոնների 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հանձնաժողովը կայացնում է Թույլտվության տրամադրման վերաբերյալ որոշում` հայտը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չեն սույն կանոնների 14-րդ կետով սահմանված հիմքերը։».

8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ գլուխներով.

 

«5. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

31. Թույլտվության մեջ փոփոխություններ կարող են կատարվել ինչպես Թույլտվություն ունեցող անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

32. Թույլտվություն ունեցող անձը Թույլտվության մեջ փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը:

33. Հանձնաժողովը, սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է Թույլտվության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշում կամ գրավոր մերժում է Թույլտվության մեջ փոփոխություններ կատարելու մասին դիմումը` սույն կարգի 14-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

34. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվության մեջ փոփոխությունները կատարվում են Թույլտվություն ունեցող անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պատշաճ կատարումն ապահովելու համար:

35. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է Թույլտվություն ունեցող անձին՝ հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը, իսկ Թույլտվություն ունեցող անձն իր դիրքորոշումը Հանձնաժողովին հայտնում է Հանձնաժողովի սահմանած ժամկետում՝ անհամաձայնության դեպքում ներկայացնելով իր հիմնավորումները:

 

6. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

36. Թույլտվության գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում։

37. Թույլտվության գործողությունը կասեցվում է նաև՝

1) Թույլտվություն ունեցող Օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի գործողության կասեցման դեպքում և ժամկետով,

2) Թույլտվություն ունեցող «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հանձնաժողովին ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը կասեցնելու դեպքում և ժամկետով։

38. Թույլտվության գործողությունը դադարեցվում է նաև՝

1) Թույլտվություն ունեցող Օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում,

2) Թույլտվություն ունեցող «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հանձնաժողովին ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը դադարեցնելու դեպքում,

3) եթե Թույլտվություն ունեցող անձը համարները կամ կոդերը չի օգտագործում Թույլտվության պայմաններին կամ Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին համապատասխան,

4) եթե Թույլտվություն ունեցող անձը չի սկսել համարային շարքերի, նույնացման կոդի կամ կարճ կոդի օգտագործումը Թույլտվություն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կամ Հարգավորողը չի ստացել զբաղեցված համարային շարքերի, նույնացման կոդի կամ կարճ կոդի օգտագործման մեկնարկը հավաստող փաստաթղթերը հետագա տասներկու ամիսների ընթացքում:

39. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում կամ դադարեցվում է դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում։

40. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում է դիմումում նշված ժամկետով:

41. Թույլտվությունը համարվում է կասեցված կամ դադարեցված այդ մասին Հանձնաժողովի որոշումը Թույլտվություն ունեցող անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ չի նշել կամ Թույլտվությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

 

7. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

42. Թույլտվությունում ամրագրված ժամկետի երկարաձգման համար Թույլտվություն ունեցող անձը Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առաջ հայտ է ներկայացնում Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը։

43. Հայտը մերժվում է, սույն կանոնների 38-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում։

44. Հանձնաժողովը Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշում է ընդունում ոչ ուշ, քան մինչև Թույլտվության գործողության ժամկետի ավարտը:

45. Եթե Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման հայտը ներկայացվել է Թույլտվության գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո:

 

8. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

46. Թույլտվություն ունեցող անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է այդ փոփոխությունները իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում Թույլտվության վերաձևակերպման համար դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ: Դիմումները Հանձնաժողովի կողմից բավարարվում կամ մերժվում են ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

47. Թույլտվության վերաձևակերպման դիմումը մերժվում է, եթե ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում օրենքների, իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մ. Սողոմոնյան