ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 139 |
քաղ. Մոսկվա |
«ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 30-ի «Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 154 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 139 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 30-ի թիվ 154 որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիային առընթեր ստեղծված՝ Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) իր գործունեությունն իրականացնում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերին և ակտերին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին, ինչպես նաև սույն հիմնադրույթին համապատասխան։
2. Կոմիտեն Հանձնաժողովի՝ աշխատանքային միգրացիայի և միգրացիոն ոլորտում Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) համագործակցության հարցերով խորհրդատվական մարմին է։
II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները
3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
ա) Հանձնաժողովի համար հանձնարարականներ պատրաստելը,
բ) անդամ պետությունների լիազորված մարմինների համագործակցության հարցերով խորհրդակցություններ անցկացնելն ու առաջարկություններ պատրաստելը,
գ) անդամ պետությունների համար առաջարկություններ պատրաստելը,
դ) համաձայնագրերի նախագծերի, ծրագրերի և այլ համատեղ փաստաթղթերի մշակմանը մասնակցելը,
ե) իր իրավասության շրջանակներում այլ հարցեր ուսումնասիրելը։
4. Իրեն վերապահված խնդիրների իրագործման համար Կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) կատարում է հետևյալի վերլուծությունը՝
Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրեր և ակտեր, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրություն,
անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկա,
միջազգային կազմակերպությունների նորմատիվ իրավական բազա և գործունեություն,
բ) պատրաստում է առաջարկություններ՝ կապված հետևյալ հարցերի հետ՝
անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում,
անդամ պետությունների կողմից համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմների ձևավորում և սկզբունքների մշակում,
անդամ պետությունների լիազորված մարմինների, միջազգային կազմակերպությունների և Հանձնաժողովի միջև համագործակցության կազմակերպում,
անդամ պետությունների կողմից Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների կատարման դիտանցում անցկացնելու և հսկողություն իրականացնելու կարգի կատարելագործում.
գ) իրականացնում է այլ գործառույթներ իր իրավասության շրջանակներում:
5. Կոմիտեն ուսումնասիրում է այն հարցերը, որոնց հետ կապված, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 25-րդ կետին համապատասխան, Կոլեգիան պարտավոր է խորհրդակցություններ անցկացնել նախքան Հանձնաժողովի խորհրդի կամ կոլեգիայի կողմից որոշում ընդունելը։
III. Կոմիտեի կազմը
6. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչներից:
Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:
Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:
7. Կոմիտեի նախագահը (այսուհետ՝ Նախագահ) Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամն է, որի իրավասությանն են վերապահված աշխատանքային միգրացիայի հարցերը։
8. Նախագահը՝
ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարմանն ուղղված աշխատանքները.
բ) որոշում է կայացնում Կոմիտեի նիստի անցկացման վերաբերյալ, հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) վարում է Կոմիտեի նիստերը.
դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.
ե) Հանձնաժողովի կոլեգիային և խորհրդին տեղեկացնում է Կոմիտեի կողմից մշակված հանձնարարականների մասին.
զ) հաստատում է ենթակոմիտեների, փորձագիտական և աշխատանքային խմբերի մասին դրույթները և դրանց կազմերը.
է) Հանձնաժողովի կոլեգիայի և խորհրդի նիստերին, ինչպես նաև անդամ պետությունների լիազորված մարմինների հետ փոխգործակցության ժամանակ ներկայացնում է Կոմիտեն։
9. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը (այսուհետ՝ Պատասխանատու քարտուղար) նշանակվում է Նախագահի կողմից՝ Հանձնաժողովի պաշտոնատար անձանցից կամ աշխատակիցներից։
10. Պատասխանատու քարտուղարը՝
ա) Կոմիտեի նախագահի և անդամների առաջարկությունների հիման վրա նախապատրաստում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և այն ներկայացնում Նախագահի հաստատմանը.
բ) հսկողություն է իրականացնում նյութեր պատրաստելու ու ներկայացնելու գործընթացի նկատմամբ.
գ) պատրաստում և Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրան կից նյութերը.
դ) Կոմիտեի անդամներին տեղեկացնում է Կոմիտեի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին.
ե) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը և այն ներկայացնում Նախագահի հաստատմանը.
զ) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա պատրաստված ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը և Կոմիտեի անդամներին դրանց ուղարկումը.
է) հսկողություն է իրականացնում Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ:
11. Նախագահի հրավերով Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները, ինչպես նաև անդամ պետությունների լիազորված մարմինների, գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Հանձնաժողովի կազմի մեջ չմտնող այլ անկախ փորձագետներ։
12. Նախագահի որոշմամբ, ըստ Կոմիտեի գործունեության ուղղությունների, կարող են ենթակոմիտեներ, ինչպես նաև փորձագիտական և աշխատանքային խմբեր ստեղծվել։
Ենթակոմիտեի (փորձագիտական, աշխատանքային խմբի) կազմը ձևավորվում է անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներից և փորձագետներից։
IV. Կոմիտեի աշխատակարգը
13. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին 1 անգամ։
14. Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Նախագահի կողմից:
15. Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները Կոմիտեի անդամների կողմից ուղարկվում են Պատասխանատու քարտուղարին (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով) ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 20 օրացուցային օր առաջ:
Կոմիտեի անդամները, որոնք Կոմիտեի նիստի օրակարգում ներառելու համար հարցեր են առաջարկել, Պատասխանատու քարտուղարին տվյալ հարցերի հետ կապված նյութեր են ներկայացնում սույն հիմնադրույթի 17-րդ կետին համապատասխան (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով)։
16. Նախագահը (Պատասխանատու քարտուղարը) իրավունք ունի անդամ պետությունների լիազորված մարմիններից և Կոմիտեի անդամներից նյութեր և տեղեկատվություն պահանջելու Կոմիտեի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ:
17. Կոմիտեի նիստի օրակարգի նյութերը պետք է պարունակեն՝
ա) ուսումնասիրվող հարցերի վերաբերյալ տեղեկանքներ.
բ) ուսումնասիրման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (անհրաժեշտության դեպքում).
գ) արձանագրային որոշումների նախագծեր.
դ) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր:
18. Պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի օրակարգը և դրան կից նյութերը (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով) Կոմիտեի անդամներին է ուղարկում ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ:
19. Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են ներկայացնում (թղթային կրիչով կամ էլեկտրոնային փոստով) ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 5 օրացուցային օր առաջ։
20. Կոմիտեի նիստերը կարող են անցկացվել Հանձնաժողովի շինություններում, ինչպես նաև անդամ պետության առաջարկությամբ՝ համապատասխան անդամ պետությունում։ Այդ դեպքում ընդունող անդամ պետությունը աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:
Նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստերը կարող են անցկացվել տեսաժողովի ռեժիմով:
21. Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։
22. Կոմիտեի նիստի ընթացքում հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։
23. Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները:
Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամն ուսումնասիրվող հարցի վերաբերյալ հատուկ կարծիք ունի, այն գրավոր շարադրվում և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը: Կոմիտեի նիստի արձանագրությանը կարող են կցվել նաև ուսումնասիրվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները, տեղեկատվական և վերլուծական նյութերն ու համապատասխան հիմնավորումները:
Կոմիտեի նիստի արձանագրությունը Նախագահի կողմից հաստատվում է ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի արձանագրությունը Կոմիտեի բոլոր անդամներին ուղարկում է Նախագահի կողմից այն հաստատվելու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքն ուղարկվում է Կոմիտեի նիստին մասնակցած հրավիրված անձանց:
Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի այն դեպարտամենտում, որի իրավասությանն են վերապահված աշխատանքային միգրացիայի ոլորտի հարցերը։
24. Կոմիտեի նիստերին անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:
Կոմիտեի նիստերին գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք կրում են ինքնուրույնաբար:
25. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացնում է Հանձնաժողովը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.11.2017, թիվ 159 | 24.12.2017, թիվ 139 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|