Գլխավոր տեղեկություն
Համար
N 384-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.30/32(698).1 Հոդ.393
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2003 թվականի N 384-Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ։

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, խմբ. 18.10.18 N 1172-Ն)

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (առաջարկել Երևանի քաղաքապետին)` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման հետ:

(3-րդ կետը լրաց. 18.10.18 N 1172-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 16
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 10-ի N 384-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծումը, նախապատրաստումը և գործունեությունը։

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

2. Քաղաքացիական պաշտպանության ծառայություններն ստեղծվում են համապատասխան բազայի (համապատասխան ծառայության ոլորտային ծառայություններ մատուցող կառույցներ, ստորաբաժանումներ, կազմակերպություններ, ֆիզիկական անձինք) առկայության դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություններ)՝ իրենց իրավասությունների սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար: Պետական կառավարման մարմիններում քաղաքացիական պաշտպանության ծառայությունների գործառույթներն իրականացնում են համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները կամ այդ ստորաբաժանումների աշխատողներից կազմված ծառայությունները:

(2-րդ կետը լրաց. 18.10.18 N 1172-Ն)

3. Քաղաքացիական պաշտպանության ծառայություններն ստեղծվում են պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարների հրամաններով և որոշումներով:

(3-րդ կետը փոփ. 18.10.18 N 1172-Ն)

4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ստեղծվում են քաղաքացիական պաշտպանության հետևյալ ծառայությունները՝

ա) կապի,

բ) ինժեներական,

գ) բժշկական,

դ) տրանսպորտային,

ե) առևտրի և սննդի,

զ) էներգետիկայի,

է) բույսերի և կենդանիների պաշտպանության,

ը) հասարակական կարգի պահպանման,

թ) նյութատեխնիկական մատակարարման,

ժ) կոմունալ-տեխնիկական,

ժա) բնակչության հատուկ սպասարկումների:

Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում ստեղծվող՝ նշված ծառայությունների տեսակները որոշվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ ելնելով դրանց խնդիրներից և գործունեության առանձնահատկություններից:

(4-րդ կետը փոփ. 18.10.18 N 1172-Ն)

5. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները դասակարգվում են՝

ա) հանրապետականի,

բ) մարզայինի,

գ) համայնքայինի,

դ) օբյեկտայինի:

Քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայությունն ստեղծվում է տվյալ բնագավառի համապատասխան լիազորված պետական մարմնում՝ ներգրավելով ոլորտում գործող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից):

Քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայություններն ստեղծվում են համապատասխան մարզպետարանների և պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներում՝ ներգրավելով տվյալ ծառայություններ մատուցող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) կամ դրանց մարզում գործող ստորաբաժանումները:

Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայություններն ստեղծվում են համայնքապետարաններում և պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) կամ դրանց համայնքում գործող ստորաբաժանումներում:

Քաղաքացիական պաշտպանության օբյեկտային ծառայություններն ստեղծվում են կազմակերպություններում:

(5-րդ կետը խմբ. 18.10.18 N 1172-Ն)

6. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց առանձնահատկություններից, կարող են ստեղծել քաղաքացիական պաշտպանության այլ ծառայություններ:

7. Քաղաքացիական պաշտպանության ծառայություններն իրենց գործունեությունն իրականացնում են ծառայությունների կանոնադրությունների համաձայն: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները հաստատում են ծառայություններ ստեղծող մարմինների ղեկավարները (քաղաքացիական պաշտպանության պետերը):

8. Հանրապետական, մարզային, համայնքային և օբյեկտային քաղաքացիական պաշտպանության ծառայությունները ենթարկվում են քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին և համապատասխան ծառայության պետին:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ընդհանուր խնդիրներն են՝

ա) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման պլանավորումը և իրականացումը.

բ) քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտ կազմավորումների ստեղծման, դրանց անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովման, պատրաստման և մշտական պատրաստականության վիճակում պահպանման կազմակերպումը.

գ) ստեղծված իրադրության մասին իրական տեղեկատվության ստացման, վերլուծման և գնահատման կազմակերպումն ու քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

(9-րդ կետը խմբ. 18.10.18 N 1172-Ն)

10. Ըստ նշանակության՝ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների խնդիրներն են՝

ա) կապի ծառայության գծով՝ կառավարման մարմինների և բնակչության ազդարարման օժանդակումը, ռազմական դրության ժամանակ կառավարման մարմիններին կապով ապահովման նպատակով` մասնագիտացված կազմակերպությունների հետ անհրաժեշտ համագործակցության իրականացումը.

բ) ինժեներական ծառայության գծով՝

հակառակորդի հարձակման վտանգի կամ հարձակման ժամանակ բնակչության պատսպարման նպատակով պաշտպանական կառույցների վաղօրոք նախապատրաստման, պահպանման, շահագործման և վերանորոգման միջոցառումների կազմակերպումը,

պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրումը,

քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ինժեներական ապահովման կազմակերպումը.

գ) բժշկական ծառայության գծով՝

հակառակորդի հարձակման վտանգի և հարձակման ժամանակ բնակչության բժշկական ապահովման, տուժած բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը,

շրջակա միջավայրի, խմելու ջրի աղբյուրներում և համակարգերում ջրի որակի վիճակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը,

հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

դ) տրանսպորտային ծառայության գծով՝ բնակչության տարահանման, հիվանդների և տուժածների փոխադրման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տրանսպորտային ապահովման կազմակերպումը.

ե) առևտրի և սննդի ծառայության գծով՝ տուժած բնակչության, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ընդգրկված կազմավորումների անձնակազմի՝ սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով և միջոցներով ապահովման կազմակերպումը,

սննդամթերքի անվտանգության, որակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը.

զ) էներգետիկայի ծառայության գծով՝

էներգամատակարարման համակարգի գործունեության կայունության միջոցառումների պլանավորման ու իրականացման կազմակերպումը,

էլեկտրամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը,

գազամատակարարման ապահովման կազմակերպումը.

է) բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության գծով՝

գյուղատնտեսական կենդանիների և բույսերի, անասնաբուծական ու բուսաբուծական արտադրանքի, պաշտպանության միջոցառումների համակարգումը,

վտանգավոր տարածքներից գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման աշխատանքների կազմակերպումը.

ը) հասարակական կարգի պահպանման ծառայության գծով՝

ռազմական դրության ժամանակ քաղաքներում և այլ բնակավայրերում, կազմակերպություններում, տարահանման հավաքակայաններում ու տրանսպորտային մայրուղիներում հասարակական կարգի պահպանման ապահովումը, գույքի պահպանումը, ինչպես նաև տարահանված բնակավայրերում և օբյեկտներում մնացած գույքի պահպանության իրականացումը,

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը.

թ) նյութատեխնիկական մատակարարման ծառայության գծով՝ փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող կազմավորումների նյութատեխնիկական անհրաժեշտ միջոցներով ապահովման կազմակերպումը.

ժ) կոմունալ-տեխնիկական ծառայության գծով՝

ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կայունության բարձրացման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը.

ժա) բնակչության հատուկ սպասարկումների ծառայության գծով՝ բնակչության շրջանում անվերադարձ կորուստների հաշվառման, դիակների հուղարկավորման աշխատանքների կազմակերպումը:

(10-րդ կետը խմբ. 18.10.18 N 1172-Ն)

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետերը՝

ա) քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին ներկայացնում են առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, կառուցվածքի, քանակի, համալրման և հագեցման վերաբերյալ.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում սահմանում են հսկողություն քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նրանց համալրման, հագեցման գործընթացի նկատմամբ.

գ) քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին ներկայացնում են առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության ծառայության գործունեության բարելավման վերաբերյալ.

դ) իրականացնում են քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականության պլանային և արտապլանային ստուգումներ.

ե) համապատասխան ծառայություններին ցույց են տալիս մեթոդական և գործնական օգնություն աշխատանքների պլանավորման, միջոցառումների իրականացման գործում.

զ) տալիս են հանձնարարականներ համապատասխան ծառայություններին ու կազմավորումներին և իրականացնում հսկողություն դրանց կատարման նկատմամբ:

12. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետերը պատասխանատվություն են կրում ծառայության և ծառայության կազմավորումների պատրաստականության համար:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

13. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պատրաստականության գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր տարում անցկացվող քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային և շտաբային ուսումնավարժությունների ընթացքում:

(13-րդ կետը խմբ. 18.10.18 N 1172-Ն)

14. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ղեկավարների և անձնակազմի ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ընդհանուր ղեկավարումն իրականացնում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ ստեղծող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ղեկավարները:

16. Քաղաքացիական պաշտպանության ծառայության պետերը նշանակվում են քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետերի կողմից:

17. Քաղաքացիական պաշտպանության ծառայության ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը:

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 18.10.18 N 1172-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան