Գլխավոր տեղեկություն
Համար
N 1172-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.29/80(1438) Հոդ.1108
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
24.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1172-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 3-րդ մասով, ինչպես նաև 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 384-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ։».

2) որոշումը լրացնել հետևյալ բավանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.

«3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (առաջարկել Երևանի քաղաքապետին)` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման հետ:».

3) որոշման հավելվածի 2-րդ կետը «ստեղծվում են» բառից հետո լրացնել «համապատասխան բազայի (համապատասխան ծառայության ոլորտային ծառայություններ մատուցող կառույցներ, ստորաբաժանումներ, կազմակերպություններ, ֆիզիկական անձինք) առկայության դեպքում» բառերով.

4) որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «հանրապետական, տարածքային» բառերը.

5) որոշման հավելվածի 4-րդ կետում՝

ա. «ա» ենթակետում «կապի և ազդարարման» բառերը փոխարինել «կապի» բառով,

բ. «զ» ենթակետում «էներգետիկայի և լուսաքողարկման» բառերը փոխարինել «էներգետիկայի» բառով,

գ. վերջին պարբերությունից հանել «հանրապետական» բառը.

6) որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները դասակարգվում են՝

ա) հանրապետականի,

բ) մարզայինի,

գ) համայնքայինի,

դ) օբյեկտայինի:

Քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայությունն ստեղծվում է տվյալ բնագավառի համապատասխան լիազորված պետական մարմնում՝ ներգրավելով ոլորտում գործող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից):

Քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայություններն ստեղծվում են համապատասխան մարզպետարանների և պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներում՝ ներգրավելով տվյալ ծառայություններ մատուցող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) կամ դրանց մարզում գործող ստորաբաժանումները:

Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայություններն ստեղծվում են համայնքապետարաններում և պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) կամ դրանց համայնքում գործող ստորաբաժանումներում:

Քաղաքացիական պաշտպանության օբյեկտային ծառայություններն ստեղծվում են կազմակերպություններում:».

7) որոշման հավելվածի 9-րդ կետում՝

ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման պլանավորումը և իրականացումը»,

 բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտ կազմավորումների ստեղծման, դրանց անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովման, պատրաստման և մշտական պատրաստականության վիճակում պահպանման կազմակերպումը.».

8) որոշման հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ըստ նշանակության՝ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների խնդիրներն են՝

ա) կապի ծառայության գծով՝ կառավարման մարմինների և բնակչության ազդարարման օժանդակումը, ռազմական դրության ժամանակ կառավարման մարմիններին կապով ապահովման նպատակով` մասնագիտացված կազմակերպությունների հետ անհրաժեշտ համագործակցության իրականացումը.

բ) ինժեներական ծառայության գծով՝

հակառակորդի հարձակման վտանգի կամ հարձակման ժամանակ բնակչության պատսպարման նպատակով պաշտպանական կառույցների վաղօրոք նախապատրաստման, պահպանման, շահագործման և վերանորոգման միջոցառումների կազմակերպումը,

պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրումը,

քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ինժեներական ապահովման կազմակերպումը.

գ) բժշկական ծառայության գծով՝

հակառակորդի հարձակման վտանգի և հարձակման ժամանակ բնակչության բժշկական ապահովման, տուժած բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը,

շրջակա միջավայրի, խմելու ջրի աղբյուրներում և համակարգերում ջրի որակի վիճակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը,

հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

դ) տրանսպորտային ծառայության գծով՝ բնակչության տարահանման, հիվանդների և տուժածների փոխադրման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տրանսպորտային ապահովման կազմակերպումը.

ե) առևտրի և սննդի ծառայության գծով՝ տուժած բնակչության, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ընդգրկված կազմավորումների անձնակազմի՝ սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով և միջոցներով ապահովման կազմակերպումը,

սննդամթերքի անվտանգության, որակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը.

զ) էներգետիկայի ծառայության գծով՝

էներգամատակարարման համակարգի գործունեության կայունության միջոցառումների պլանավորման ու իրականացման կազմակերպումը,

էլեկտրամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը,

գազամատակարարման ապահովման կազմակերպումը.

է) բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության գծով՝

գյուղատնտեսական կենդանիների և բույսերի, անասնաբուծական ու բուսաբուծական արտադրանքի, պաշտպանության միջոցառումների համակարգումը,

վտանգավոր տարածքներից գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման աշխատանքների կազմակերպումը.

ը) հասարակական կարգի պահպանման ծառայության գծով՝

ռազմական դրության ժամանակ քաղաքներում և այլ բնակավայրերում, կազմակերպություններում, տարահանման հավաքակայաններում ու տրանսպորտային մայրուղիներում հասարակական կարգի պահպանման ապահովումը, գույքի պահպանումը, ինչպես նաև տարահանված բնակավայրերում և օբյեկտներում մնացած գույքի պահպանության իրականացումը,

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը.

թ) նյութատեխնիկական մատակարարման ծառայության գծով՝ փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող կազմավորումների նյութատեխնիկական անհրաժեշտ միջոցներով ապահովման կազմակերպումը.

ժ) կոմունալ-տեխնիկական ծառայության գծով՝

ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կայունության բարձրացման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը.

ժա) բնակչության հատուկ սպասարկումների ծառայության գծով՝ բնակչության շրջանում անվերադարձ կորուստների հաշվառման, դիակների հուղարկավորման աշխատանքների կազմակերպումը:».

9) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պատրաստականության գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր տարում անցկացվող քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային և շտաբային ուսումնավարժությունների ընթացքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 24

Երևան