Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1433
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.14/84(1442) Հոդ.1158
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.11.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

6 նոյեմբերի 2018 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Ռուբինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2018 թվականի սեպտեմբերի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում` երկու պետությունների երիտասարդներին, ովքեր մտադիր են արձակուրդն անցկացնելու կամ զբոսաշրջության նպատակով մուտք գործել Կողմերի պետությունների տարածք և մնալ այնտեղ՝ փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու նպատակով:

2. Համաձայնագիրը երկու պետությունների երիտասարդներին հնարավորություն է ընձեռում կատարելու կարճատև վարձատրվող աշխատանք, որը կօգնի նրանց հոգալու իրենց այցելության ծախսերը, կավելացնի նրանց աշխատանքային փորձը և կբարելավի մյուս Կողմի պետության լեզվի, մշակույթի և հասարակության վերաբերյալ իմացությունները:

Կողմերին տրամադրվող արձակուրդի և աշխատանքի համար մուտքի արտոնագրերի տարեկան քանակը սահմանվում է Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակման միջոցով:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● ՀՀ օրենսդրության համաձայն՝ Արգենտինայի քաղաքացիներին տրամադրել արձակուրդի և աշխատանքի համար ժամանակավոր, բազմակի մուտքի արտոնագիր, որը վավեր է տրման ամսաթվից երեք (3) ամիս ժամանակահատվածում, և տասներկու (12) ամսվա օրինական կեցության համար՝ ՀՀ տարածք առաջին անգամ մուտքի օրվանից (այսուհետ՝ արձակուրդի և աշխատանքի մուտքի արտոնագրեր), պայմանով, որ նրանք համապատասխանում են Համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված պահանջներին (հոդվ. 1),

● թույլ տալ Արգենտինայի քաղաքացիներին, որոնք կրում են վավեր արձակուրդի և աշխատանքի արտոնագիր, ընդունվել աշխատանքի որպես նրանց այցելության ոչ պարտադիր բաղադրիչ` ուղղված ճանապարհորդության ծախսերը հոգալուն և չի հանդիսանա այցելության հիմնական նպատակ (հոդվ. 3),

● արձակուրդի և աշխատանքի համար վավերական մուտքի արտոնագիր ունեցող անձանց իրավունք տալ աշխատելու իրենց այցելության տասներկու (12) ամիսներից վեց (6) ամսվա ընթացքում (հոդվ. 4),

● երաշխավորել, որ հայկական և արգենտինական Կողմերի միջև այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, Համաձայնագրի դադարեցումը կամ կասեցումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չխոչընդոտի վավերական արձակուրդի և աշխատանքի մուտքի արտոնագիր ունեցող անձին մուտք գործել կամ մնալ ՀՀ տարածքում և այնտեղ աշխատել մինչև մուտքի արտոնագրի ժամկետի լրանալը` Համաձայնագրի համաձայն (հոդվ. 12):

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող`

Հ. Թովմասյան

 

6 նոյեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1433