ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 171-Ն |
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/31-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով պաշտպանել ներդրումային ֆոնդերի ներդրողների շահերը` նվազեցնելով ներդրումային ֆոնդերի պահառուական գործառույթներում առկա էական ռիսկերը,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը, 88-րդ հոդվածի 3-րդ մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի պահառուի կառուցվածքի և գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները» Կանոնակարգ 10/31-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության ընդհանուր կանոնները սահմանելու մասին» թիվ 333-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ներդրումային ֆոնդերը (ֆոնդերի կառավարիչները) և ֆոնդերի պահառուները պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը սույն որոշմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
2018 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 171-Ն որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/31
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է ներդրումային ֆոնդի (այսուհետ նաև՝ ֆոնդ) պահառուի կառուցվածքի և գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները, այդ թվում՝ տարբեր տեսակի ակտիվների պահառության և պահառուի կողմից ակտիվների տարանջատման սկզբունքները:
2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում սահմանված նշանակությունները:
ԳԼՈՒԽ 2. ԱԿՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. Ֆոնդի ակտիվները պահառության են հանձնվում պահառուին հետևյալ սկզբունքներին համապատասխան.
1) արժեթղթերը և ածանցյալ ֆինանսական գործիքները ի պահ են հանձնվում պահառուին, եթե դրանք կարող են գրանցվել (հաշվառվել) պահառուի մոտ բացված համապատասխան հաշիվներում.
2) սույն կետի 1-ին ենթակետում չներառված ակտիվների համար պահառուն պետք է ստուգի և հավաստիանա, որ դրանց նկատմամբ վերջնական սեփականության իրավունքը պատկանում է ֆոնդին, և պետք է վարի գրառումներ այդ ակտիվների վերաբերյալ (որոնց նկատմամբ ֆոնդի սեփականության իրավունքը հաստատված է): Սույն ենթակետով նախատեսված սեփականության իրավունքը ստուգվում է ֆոնդի կառավարչի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկատվության, և հնարավորության դեպքում, արտաքին (երրորդ անձանցից ստացված) ապացույցների հիման վրա:
4. Սույն կանոնակարգի իմաստով՝ պահառուին ի պահ հանձնված են համարվում նաև ֆոնդի ակտիվներում ներառված այն արժեթղթերը, որոնք գրանցված (հաշվառված) են կամ կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն գրանցվել (հաշվառվել) պահառուի (ենթապահառուի) անունով բացված արժեթղթերի հաշվում: Սույն կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետը չի տարածվում այն արժեթղթերի և ֆինանսական գործիքների վրա, որոնք, ըստ կիրառվող օրենսդրության, ենթակա են գրանցման (հաշվառման) թողարկողի կամ դրա ռեեստրավարի կողմից ուղղակիորեն տվյալ ֆոնդի (ֆոնդի կառավարչի) անունով:
5. Պահառուն պարտավոր է՝
1) վարել առանձնացված հաշվառում սույն կանոնակարգի համաձայն ի պահ ընդունված ակտիվների, դրանց հետ իրականացվող գործառնությունների և գրառումների վերաբերյալ (ներառյալ՝ առանձին հաշիվներ յուրաքանչյուր ֆոնդի համար), որը թույլ կտա ցանկացած ժամանակ տարանջատել յուրաքանչյուր ֆոնդի (ենթաֆոնդի) համապատասխան ակտիվները պահառուի սեփական, այլ ֆոնդերի (ենթաֆոնդերի) կամ անձանց ակտիվներից,
2) պահպանել տեղեկատվությունը և վարել հաշվառումն ու հաշիվներն այնպես, որ ապահովվի դրանց ճշգրտությունը և համապատասխանությունը ֆոնդի ակտիվներին,
3) պարբերաբար իրականացնել համեմատություններ, ճշգրտումներ իր և այլ անձանց մոտ առկա` ֆոնդի ակտիվների վերաբերյալ հաշիվների, տեղեկատվության, գրանցումների միջև,
4) ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպական միջոցներ ֆոնդի ակտիվների անբարեխիղճ կամ չթույլատրված օգտագործման, մեքենայությունների, թերի հաշվառման կամ անտեսման արդյունքում ֆոնդի ակտիվների կամ դրանց հետ կապված իրավունքների կորստի ռիսկը նվազագույնի հասցնելու համար,
5) պահառության գործառույթների պատվիրակման դեպքում գնահատել ակտիվների պահառության ողջ շղթայում (ենթապահառուներ) առկա ռիսկերը, մշտապես հետևել դրանց, և էական ռիսկերի մասին տեղեկացնել ֆոնդի կառավարչին:
6. Պահառուն պարտավոր է ապահովել սույն կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գրառումների և տեղեկատվության թարմությունը՝ իր կանոններով և(կամ) պահառության պայմանագրով սահմանված կարգով:
7. Պահառուն պետք է ունենա հասանելիություն ցանկացած տեղեկատվության, որն անհրաժեշտ է սույն կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սեփականության իրավունքի ստուգման և հաշվառման պարտականությունների կատարման համար: Ֆոնդի կառավարիչը պետք է պահառուին տրամադրի, ինչպես նաև ապահովի, որ երրորդ անձինք պահառուին տրամադրեն այն ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է պահառուի՝ սույն կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սեփականության իրավունքի ստուգման և հաշվառման պարտականությունների կատարման համար:
8. Պահառուն պետք է ձեռնարկի բավարար կազմակերպական միջոցներ և (կամ) ներդնի անհրաժեշտ ընթացակարգեր սույն կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ակտիվների՝ առանց պահառուի իմացության օտարման, փոխանակման կամ փոխանցման ռիսկը առավելագույնս նվազեցնելու համար: Պահառուն պետք է հասանելիություն ունենա այդ ակտիվներով յուրաքանչյուր գործառնության վերաբերյալ փաստաթղթերին և տեղեկատվությանը: Ֆոնդի կառավարիչը պետք է ապահովի, որ համապատասխան երրորդ անձինք պահառուին տրամադրեն հավաստագրեր կամ այլ փաստաթղթային ապացույցներ սույն կետում նշված ակտիվների օտարման կամ ձեռքբերման դեպքում:
9. Ֆոնդի կառավարիչը պետք է ապահովի, որ ֆոնդի ակտիվների հետ կապված բոլոր հանձնարարականները և տեղեկատվությունը ուղարկվում են ֆոնդի պահառուին, որպեսզի պահառուն հնարավորություն ունենա իրականացնելու ինքնուրույն ստուգումներ և (կամ) համեմատություններ:
ԳԼՈՒԽ 3. ՊԱՀԱՌՈՒԻ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ից 5-րդ կետերով նախատեսված հսկողական գործառույթների շրջանակում ֆոնդի պահառուն պարտավոր է՝
1) ներդնել տվյալ ֆոնդի բնույթի, ներդրումային քաղաքականության, ֆոնդի կառավարչի կազմակերպական կառուցվածքի հետ կապված ռիսկերին համապատասխան հսկողական ընթացակարգեր.
2) իրականացնել ֆոնդի կառավարչի (կամ նշանակված այլ անձի) պատասխանատվության ներքո գտնվող համապատասխան ընթացակարգերի ստուգումներ.
3) պարբերաբար իրականացնել ստուգումներ և համեմատություններ իր, ֆոնդի կառավարչի և այլ անձանց մոտ առկա` ֆոնդի ակտիվների վերաբերյալ հաշիվների, տեղեկատվության, գրանցումների միջև.
4) սահմանել հսկողական գործառույթների իրականացման ընթացքում ի հայտ եկած անճշտությունների կամ խախտումների դեպքում պահառուի կողմից իրականացվելիք գործողությունները:
11. Ֆոնդի կառավարիչը պետք է պահառուին տրամադրի այն ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է պահառուին սույն կանոնակարգի 10-րդ կետով նախատեսված գործառույթներն ու պարտականություններն իրականացնելու համար:
ԳԼՈՒԽ 4. ՖՈՆԴԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
12. Ֆոնդի դրամական միջոցները կարող են պահվել մեկ կամ մի քանի բանկերում կամ պահառուի մոտ բացված դրամական հաշիվներում: Եթե ֆոնդի դրամական միջոցների հաշիվը բացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում ֆոնդի կառավարչի կամ պահառուի անունով, ապա այն պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.4-րդ հոդվածով նախատեսված անվանատիրոջ հաշիվ:
13. Ֆոնդի կառավարիչը պետք է պահառուին տեղեկացնի ֆոնդի անունով կամ ֆոնդի համար բացված բոլոր դրամական հաշիվների վերաբերյալ՝ պահառուի նշանակման պահին, ինչպես նաև ֆոնդի նոր դրամական հաշվի բացման դեպքում:
14. Պահառուն պետք է իրականացնի հսկողություն ֆոնդի դրամական հոսքերի նկատմամբ: Այդ նպատակով պահառուն պետք է իրականացնի առնվազն հետևյալը՝
1) ներդնի ֆոնդի բոլոր դրամական հոսքերի ուսումնասիրությունների և համեմատությունների արդյունավետ ընթացակարգեր և իրականացնի դրանք օրական կտրվածքով, իսկ ոչ հաճախակի հոսքերի դեպքում՝ յուրաքանչյուր հոսքի դեպքում.
2) ներդնի ընթացակարգեր, որոնք թույլ կտան բացահայտել կասկածելի դրամական հոսքերը կամ այն հոսքերը, որոնք կարող են չհամապատասխանել ֆոնդի գործունեությանը կամ ֆոնդի կանոններին.
3) պարբերաբար (տարեկան առնվազն մեկ անգամ) վերանայի սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ընթացակարգերի համարժեքությունը.
4) ստուգի ֆոնդի դրամական միջոցների մնացորդների վերաբերյալ իր և ֆոնդի կառավարչի գրառումների համապատասխանությունը:
15. Ֆոնդի կառավարիչը պետք է ապահովի, որ պահառուին տրամադրվի ֆոնդի յուրաքանչյուր դրամական հաշվի վերաբերյալ այն ողջ տեղեկատվությունը (ներառյալ՝ հանձնարարականները), որն անհրաժեշտ է պահառուին ֆոնդի դրամական հոսքերի նկատմամբ հսկողություն իրականացնելու, այդ թվում՝ ինքնուրույն ստուգումներ և(կամ) համեմատություններ իրականացնելու համար:
ԳԼՈՒԽ 5. ՊԱՀԱՌՈՒԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
16. Պահառուն ֆոնդի ակտիվների վերաբերյալ հաշվառումը պետք է իրականացնի այնպես, որ այն թույլ տա ցանկացած պահի ունենալու ֆոնդի ակտիվների կազմի և քանակի (ծավալի, անվանական արժեքի) մասին ամբողջական տեղեկատվություն: Պահառուն սույն կետով նշված տեղեկատվությունը պայմանագրով սահմանված կարգով և պարբերականությամբ տրամադրում է ֆոնդին (ֆոնդի կառավարչին):
17. Պահառուն ֆոնդի ակտիվների և դրանցով գործարքների մասով գրանցումները պետք է վարի այնպիսի եղանակով, որպեսզի բավարարվեն հետևյալ պայմանները.
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) պահանջով այդ գրանցումները պետք է հասանելի դարձվեն Կենտրոնական բանկի համար, և պետք է հնարավոր լինի վերծանել կատարված յուրաքանչյուր գործարքի յուրաքանչյուր փուլը,
2) եթե այդ գրանցումներում փոփոխություններ կամ լրացումներ են կատարվում, ապա դրանք պետք է կատարվեն այնպես, որպեսզի հնարավոր լինի պարզել այդ գրանցումների սկզբնական բովանդակությունը և յուրաքանչյուր փոփոխությունը կամ լրացումը, և
3) պետք է բացառվի երրորդ անձանց համար այդ գրանցումների չթույլատրված հասանելիությունը:
18. Պահառուն սույն կանոնակարգին համապատասխան ֆոնդի ակտիվների միասնական հաշվառումն իրականացնում է էլեկտրոնային եղանակով:
19. Պահառուի փոփոխության դեպքում պահառուն պետք է ապահովի ֆոնդի ակտիվների վերաբերյալ իր մոտ առկա ողջ տեղեկատվության անխափան փոխանցումը նոր պահառուին:
20. Ֆոնդի ակտիվների վերաբերյալ պահառուի մոտ գրանցված տեղեկությունները պահպանվում են պահառուի կողմից տվյալ ֆոնդի ակտիվների պահառության իրականացման ողջ ընթացքում և դրանից հետո առնվազն յոթ տարի:
ԳԼՈՒԽ 6. ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
21. Պահառուն պետք է ապահովի ֆոնդի պահառության գործառույթների ֆունկցիոնալ և կազմակերպական առանձնացվածությունը ֆոնդին կամ ֆոնդի կառավարչին մատուցվող այլ ծառայություններից և ապահովի, որ բոլոր հնարավոր շահերի բախումները բացահայտվում, կառավարվում և հսկվում են:
ԳԼՈՒԽ 7. ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
22. Պահառության պայմանագիրը պետք է պարունակի առնվազն՝
1) պահառուի կողմից մատուցվող ծառայությունները, ֆոնդերի ակտիվների պահառության գործառույթների նկարագիրը (ներառյալ՝ հաշիվներում հաշվառման, սեփականության ստուգման և հաշվառման, հսկողական)՝ ըստ ակտիվների տեսակների և ֆոնդի ներդրումների աշխարհագրության,
2) ֆոնդի ակտիվներով գործառնությունների գրանցման կարգը,
3) պահառուի՝ օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթներն ու պարտականություններն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները և դրանց ստացման (փոխանակման) կարգը, ներառյալ երրորդ անձանցից պահառուին տեղեկությունների տրամադրումն ապահովող ընթացակարգերը,
4) պահառուի կողմից ֆոնդի կառավարչին տրամադրվող տեղեկությունները և դրանց տրամադրման կարգը, որն անհրաժեշտ է կառավարչին ֆոնդի հետ կապված իր պարտականությունների կատարման համար,
5) պահառուի գործառույթների պատվիրակման կարգը,
6) պահառության պայմանագրի ժամկետը, դադարման հիմքերը և կարգը, պահառության պայմանագրի դադարման դեպքում նոր պահառուին տեղեկությունների փոխանցման կարգը,
7) անճշտությունների կամ խախտումների դեպքում ֆոնդի կառավարչին կամ Կենտրոնական բանկին տեղեկացման կարգը:
23. Եթե սույն կանոնակարգի 22-րդ կետով նախատեսված դրույթները սահմանված են պահառուի պահառության կանոններով, ապա դրանք պահառության պայմանագրում կարող են սահմանվել այդ կանոններին հղումների տեսքով: