Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1432
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.07/83(1441) Հոդ.1140
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.10.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

30 հոկտեմբերի 2018 թ.

 

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հողային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2001 թվականի մայիսի 2-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2001 թվականի հունիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 15-ից:

Օրենսգրքի «Հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հիմքերը» վերտառությամբ 102-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող նորմը սահմանում է.

«Հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, հետևյալ հիմքերով`

...

5) հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելը և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելը…»։

Գործի քննության առիթն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հունիսի 15-ի ԱՎԴ2/1791/02/17 գործով «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթները, վերջիններիս հետ փոխկապակցված օրենսդրության այլ նորմերը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Հղումներ կատարելով Սահմանադրության 60-րդ հոդվածի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության նորմերին, վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, դիմողը գտնում է, որ հողի հարկը չվճարելու պատճառաբանությամբ սեփականությունից զրկելը «…պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված նպատակին հասնելու համար՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտության տեսանկյունից, առկա է առավել բարենպաստ միջոց՝ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման վերաբերյալ վարույթը»։ Դիմողը նաև գտնում է, որ «…Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, … լիազորված մարմինը պարտավոր է հողի հարկը գանձելու նպատակով ընտրել անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման վերաբերյալ վարույթ հարուցելու հնարավոր իրավաչափ լուծումը և ոչ թե սեփականությունից զրկումը»: Դիմողն այն կարծիքին է, որ «…հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու պատճառաբանությամբ սեփականազրկումը չի կարող արդարացված համարվել, քանի որ այն աղերս չունի հանրության շահի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ, այստեղ առկա չէ արդար հավասարակշռություն հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև, անձի կողմից հողի հարկի չվճարման դեպքում հասարակության ընդհանուր որևէ շահ չի խախտվում…»։

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ պատասխանողի՝ վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված սեփականության իրավունքի սահմանափակումը՝ որպես պատասխանատվության միջոց, «…առավել քան օրինաչափ նպատակ է հետապնդում, ինչպես նաև համաչափ է պետության գոյության անհրաժեշտ պայմանի ու միջոցի առկայությամբ պայմանավորված պետության հատկանիշի՝ հետևաբար նաև հասարակության բոլոր անդամների հանրային շահերի ապահովման նկատառումների համատեքստում, որը միտված է արդար հավասարակշռություն ապահովել հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների և պաշտպանության միջև»։ Հղումներ կատարելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Սահմանադրության մի շարք հոդվածներին, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներ, պատասխանողը եզրահանգում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորմամբ «… ապահովված է … իրավական տրամաբանության միասնականությունը, քանզի վիճարկվող դրույթով ամրագրված սեփականության իրավունքի սահմանափակման հիմքը բխում է պետության և հասարակության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից և հանդիսանում է հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռվածության ապահովման միջոց, որը ոչ միայն չի զիջում, այլ նաև գերակայում է դիմողի կողմից մատնանշված՝ Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 9-րդ կետերով ամրագրված դրույթների հետապնդած նպատակին»։

 

3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս պարզել.

- արդյո՞ք Օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված նորմը Սահմանադրության 60 և 78-րդ հոդվածների սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում համաչափ միջոց է մասնավոր և հանրային շահերի արդարացի հավասարակշռությունն ապահովելու համար,

- սույն գործով վիճարկվող, ինչպես նաև սեփականության իրավունքի իրացումն ապահովող օրենսդրության այլ նորմերի հետ համակարգային առումով փոխկապակցվածության շրջանակներում լիարժեք երաշխավորվու՞մ է արդյոք անձի` դատական պաշտպանության իրավունքը` ելնելով այն հանգամանքից, որ այդ իրավունքի իրացման արդյունավետությունն ու մատչելիությունն օբյեկտիվորեն պայմանավորված են անձի իրավունքների՝ այդ թվում նաև սեփականության իրավունքի պաշտպանության իրավական հնարավորությամբ,

- արդյո՞ք հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու դեպքում հողամասի նկատմամբ իրավունքների դատական կարգով դադարելը բխում է անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի էությունից ու բովանդակությունից։

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև՝ որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն: Այն միջազգային իրավական ամրագրում է ստացել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հոդված 17-րդ), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունում, որի 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Միաժամանակ, հիշյալ արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ մասն արտոնում է օրենքով նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որպիսիք պայմանավորված են հանրային շահերով կամ անհրաժեշտ են հարկերի, տուրքերի կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ իրավապայմանները ելակետային նշանակություն ունեն ներպետական իրավահամակարգում սեփականության իրավունքի օրենսդրական կանոնակարգման համար:

Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով, ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով՝ միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

Այսպիսով, ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, մասնավորապես.

առաջին՝ առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի,

երկրորդ՝ երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար,

երրորդ՝ Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,

չորրորդ՝ երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-649, ՍԴՈ-650, ՍԴՈ-667, ՍԴՈ-669, ՍԴՈ-735, ՍԴՈ-815, ՍԴՈ-901, ՍԴՈ-903, ՍԴՈ-1009, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1189, ՍԴՈ-1203, ՍԴՈ-1210 և այլն) անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, այդ իրավունքի պաշտպանության, հնարավոր սահմանափակման խնդիրներին` իրավական դիրքորոշումներ է արտահայտել սեփականության իրավունքի էության, այդ իրավունքի սահմանափակման, դադարման հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման սահմանադրականության վերաբերյալ` կարևորելով այդ բնագավառում սահմանադրական կարգի սկզբունքներից բխող իրավական միջոցների գործադրման անհրաժեշտությունը, միաժամանակ բացահայտելով սեփականությունից զրկելու սահմանադրական եզրույթի բովանդակությունն ու միջազգային իրավական պրակտիկայում դրա ընկալման և կիրառման փորձը:

Ելնելով սույն գործով դիմումում բարձրացված հարցերի բովանդակությունից և վերջինիս շրջանակներում վերահաստատելով իր արտահայտած դիրքորոշումները, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում գնահատել նաև սեփականության և մասնավորապես՝ հողի նկատմամբ այդ իրավունքի հնարավոր դադարեցմանն ուղղված իրավական միջոցների համաչափության խնդիրը, կապված հողի հարկի վճարման պարտավորության մասով պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող վճարումների կատարումն ապահովելու հետ:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է գտնում Օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելիս նախ` այն դիտարկել Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված պարտադիր վճարի տեսակով պայմանավորված պարտականության կատարման, ինչպես նաև՝ հողի, որպես անշարժ գույքի տեսակ հանդիսացող սեփականության օբյեկտի իրավական կարգավիճակի բովանդակային վերլուծության շրջանակներում, ելնելով ինչպես Քաղաքացիական օրենսգրքի, այնպես էլ Հարկային օրենսգրքի, Հողի հարկի մասին օրենքի իրավակարգավորումների ընդհանուր տրամաբանությունից:

4.2. Օրենսգրքի ինչպես վիճարկվող, այնպես էլ վերջինիս հետ փոխկապակցված նույն օրենսգրքի այլ նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ.

- հողն անշարժ գույքի տեսակ է, որը, ինչպես նաև վերջինիս կարգավիճակը (ներառյալ՝ դրա նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները) օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման (Օրենսգրքի 5-րդ, 53-րդ հոդվածի 1-ին մաս),

- հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը սեփականատիրոջ կողմից իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքն է` օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ (Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մաս, 109-րդ հոդված),

- հողամասի նկատմամբ իրավունքների (այդ թվում՝ սեփականության իրավունքի) սահմանափակումները սահմանվում են անմիջականորեն` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ դատական կարգով (Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մաս),

- սահմանված են հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման և սահմանափակման դեպքերը, այդ թվում՝ հողամասի վրա դրա սեփականատիրոջ պարտավորություններով պայմանավորված բռնագանձում տարածելիս (Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մաս, ինչպես նաև՝ 101-րդ, 102-րդ, 103-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածներ),

- սահմանված են հողամասերի սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում կապված՝ պարտադիր վճարումների կատարման հետ (Օրենսգրքի 109 և 110-րդ հոդվածներ, ինչպես նաև` 110-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ, 111 և 112-րդ հոդվածներ):

Հողամասի նկատմամբ որպես հարկման օբյեկտով պայմանավորված իրավունքների իրացման և պարտականությունների կատարման առնչությամբ՝ Հողի հարկի մասին օրենքի, Քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաև Հարկային օրենսգրքի իրավակարգավորումների համադրված վերլուծությունն իր հերթին, վկայում է, որ.

- հողի հարկը որպես պարտադիր վճար վճարվում է ինչպես հողի սեփականատերերի, այնպես էլ՝ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողների կողմից որոշակի չափով ու կարգով (Հողի հարկի մասին օրենքի 1-ին, 2-րդ, 3-9-րդ հոդվածներ),

- ինչպես և հարկման այլ օբյեկտների դեպքում, նախատեսված են հողի հարկի վճարման արտոնություններ (Հողի հարկի մասին օրենքի 10 և 11-րդ հոդվածներ),

- սահմանված են հողի հարկը պետական և համայնքային բյուջեներ վճարելու ընդհանուր կարգն ու պայմանները (Հողի հարկի մասին օրենքի 4-րդ գլուխ),

- նախատեսված են հողի հարկի վճարման գծով խախտումների համար պատասխանատվության և դրանից ազատելու ընդհանուր սկզբունքները (Հողի հարկի մասին օրենքի 18-րդ հոդված):

Այսպիսով, համադրելով Օրենսգրքի վերոթվարկյալ կարգավորումները` գույքային, սեփականության իրավունքի, պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերություններ կարգավորող Քաղաքացիական օրենսգրքի և Հողի հարկի մասին օրենքի համապատասխան նորմերի հետ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հողամասը լինելով քաղաքացիական իրավունքների օբյեկտ և անշարժ գույքի տեսակ (Քաղ. օր.-ի 132 և 134-րդ հոդվածներ) հետևաբար նաև՝ հարկման օբյեկտ (Հարկային օրենսգրքի 10-րդ հոդված), օժտված է նույնպիսի ընդհանուր իրավակարգավիճակով, ինչպիսին սահմանված է սեփականության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի այլ տեսակների համար՝ այն առանձնահատկություններով, որոնք նախատեսված են Հողային օրենսգրքով: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոհիշյալ նորմատիվ կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը, մասնավորապես՝ հողի հարկի վճարման պարտականության մասով, օբյեկտիվորեն միտված է Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի իրավական պատվիրանի կատարմանը և սկզբունքային տարբերակում չի նախատեսում:

4.3. Անդրադառնալով Օրենսգրքի 102-րդ հոդվածի վիճարկվող և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի այլ նորմերով նախատեսված իրավակարգավորումներին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 20-րդ գլխում՝ հողամասերի նկատմամբ իրավունքների դադարման գործող կարգի հիմքում դրված է այն հայեցակարգը, համաձայն որի.

- հստակեցված են իրավաբանական փաստի ուժով դատական կարգով հողամասերի նկատմամբ անձանց սեփականության իրավունքի դադարման հիմքերը, այդ թվում՝ հողամասի վրա դրա սեփականատիրոջ պարտավորություններով բռնագանձում տարածելիս (100-րդ հոդվածի 1-ին մաս, նույն մասի 8-րդ կետ, 101-րդ հոդված),

- սահմանված են դատական կարգով հողամասերի նկատմամբ անձանց սեփականության իրավունքի հարկադիր դադարման հիմքերը (102-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածներ), այդ թվում` սույն գործով վիճարկվող հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու հիմքով (102-րդ հոդվածի 5-րդ կետ):

Այսպիսով, ի տարբերություն հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման վերոթվարկյալ ընդհանուր այլ հիմքերով նախատեսված ընթացակարգերի, վիճարկվող նորմն իր իրավական բովանդակությամբ որպես սեփականության իրավունքի դատական կարգով հարկադիր դադարման անառարկելի փաստ է նախատեսում երեք տարվա ընթացքում պետական կամ համայնքային բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունը չկատարելը և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելը, որով անկախ պարտավորությամբ պայմանավորված պարտքի չափից անձն ըստ էության ամբողջությամբ զրկվում է հարկման ենթակա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից, բացառվում է հարկային պարտավորության կատարման հնարավորությունը տվյալ անձի սեփականություն հանդիսացող այլ գույքի (շարժական, անշարժ) հաշվին՝ վերջինիս վրա բռնագանձում տարածելու կամ հարկային պարտավորության կատարումը պատշաճ վարչարարությամբ օրենքով նախատեսված կարգով ապահովելու միջոցով:

4.4. Անդրադառնալով հարկերի վճարումն ապահովելու նպատակով սեփականության իրավունքին միջամտության մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մի շարք գործերով դատարանը կարևորել է պետությունների՝ այնպիսի օրենքներ ընդունելու և կիրառելու իրավունքը, որն անհրաժեշտ է ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար (մասնավորապես, տե՛ս Gasus Dosier-und Fördertechnik GmbH v. The Netherlands, 15375/89, 23.02.1995, § 601): Միաժամանակ, հաստատված նախադեպային իրավունքի շրջանակներում Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ պարագրաֆը պետք է մեկնաբանել նույն հոդվածի 1-ին պարագրաֆում սահմանված սկզբունքի լույսի ներքո: Հետևաբար, միջամտությունը պետք է սահմանի «արդար հավասարակշռություն» համայնքի ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև: Այս հավասարակշռության հասնելու նկատառումն արտահայտված է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ամբողջ կառուցվածքում, ներառյալ՝ երկրորդ պարագրաֆը, համաձայն որի պետք է առկա լինի ողջամիտ հարաբերակցություն կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս նույն տեղում, § 62, ինչպես նաև՝ National & Provincial Building Society, Leeds Permanent Building Society et Yorkshire Building Society, 117/1996/736/933-935, 23.10.1997, § 802): Ըստ դատարանի դիրքորոշման` սահմանելու համար, թե արդյո՞ք այս պահանջը պահպանվել է, անհրաժեշտ է, որպեսզի Պայմանավորվող պետությունը հարկման ոլորտում քաղաքականություն մշակելիս և կիրառելիս ունենա լայն հայեցողության շրջանակ, և դատարանը պետք է հարգի այս հարցերում օրենսդրի գնահատականը, եթե այն զուրկ չէ ողջամիտ հիմքից (տե՛ս Gasus Dosier-und Fördertechnik GmbH v. The Netherlands, 15375/89, 23.02.1995, § 60):

Միկրոինտելեկտ ՍՊԸ-ն ընդդեմ Բուլղարիայի 2014 թվականի մարտի 4-ի վճռում (Microintelect OOD v. Bulgaria, 34129/03, § 363), որը վերաբերում է վարչական մարմնի որոշմամբ անձի գույքի՝ արտադատական կարգով բռնագանձմանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ բռնագանձման իրականացումը վարչական մարմնի կողմից վերահսկողություն է սեփականության օգտագործման նկատմամբ (տե՛ս AGOSI v. the United Kingdom, 24 October 1986, § 514, Bowler International Unit v. France, no. 1946/06, § 41, 23 July 2009) և հանդիսանում է հարկերի և տուգանքի վճարման ապահովման միջոց (տե՛ս Gasus Dosier-und Fördertechnik GmbH v. The Netherlands, 15375/89, 23.02.1995, § 59):

Եվրոպական դատարանը նաև նշել էր, որ անձի ունեցվածքի բռնագանձման դեպքում հատկապես կարևորվում է նման որոշման դեմ բողոք բերելու արդյունավետ միջոցների ապահովումը, չնայած Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով ուղղակիորեն նախատեսված չէ նման պահանջ (տե՛ս Microintelect OOD v. Bulgaria, 34129/03, § 44):

Հիմնական եզրահանգումն այն է, որ օրենքով նախատեսված իրավաչափ պարտավորությունների կատարման համար վարչական միջոցների համաչափ գործադրումը չի կարող դիտվել որպես սեփականության իրավունքի ոտնահարում կամ սեփականությունից զրկում: Էականը` վարչական միջամտության դեմ դատական բողոք բերելու արդյունավետ միջոցի երաշխավորումն է:

4.5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ հողի, ինչպես և անշարժ գույքի մյուս տեսակների տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սույն որոշման 4.2.-րդ կետում արձանագրված՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտների հարկման հիմնական սկզբունքների միասնականությունից բխում է, որ օրենքով պետք է երաշխավորվեն այդ իրավունքների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ ընդհանուր կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ելնելով ինչպես սահմանադրական իրավունքների և ազատությունների իրացման ազատության երաշխավորման անհրաժեշտությունից, այնպես էլ՝ սահմանադրական պարտականությունների անվերապահ կատարման սահմանադրաիրավական պահանջից: Սույն գործով քննության առարկայի շրջանակներում դա, մասնավորապես, ենթադրում է, որ Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածներով երաշխավորված սեփականության իրավունքն անշարժ գույքի՝ այդ թվում հողի նկատմամբ, հարկման հետ կապված հարաբերությունների շրջանակներում պետք է իրացվի ընդհանուր սկզբունքներին համապատասխան: Մասնավորապես, Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին համապատասխան հարկեր (այդ թվում՝ հողի հարկ), տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելու անձանց պարտականությունը նույն հոդվածի սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակության շրջանակներում ենթադրում է, որ անձն այդ պարտականության կատարման համար, օրենքով նախատեսված որոշ բացառություններով, որպես կանոն, պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով՝ առանց այդ գույքի առարկայական (սեփականություն հանդիսացող օբյեկտների) տարբերակման, ինչը որպես քաղաքացիական պարտականությունների կատարումն ապահովող իրավակարգավորման ընդհանուր սկզբունք ամրագրված է նաև Քաղաքացիական օրենսգրքի մի շարք նորմերում (60-րդ, 74-րդ, 75-րդ, 77-րդ, 83-րդ, 90-րդ, 95-րդ և այլ հոդվածներ): Միաժամանակ, Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից բխում է, որ անձն օրենքով սահմանված, այդ թվում` հարկային պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու դեպքերում, սեփականությունից կարող է զրկվել բացառապես դատական կարգով՝ իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ քննության արդյունքում, ինչը ենթադրում է նաև, որ գործի (հարկային պարտավորության խախտման) հանգամանքների բազմակողմ, օբյեկտիվ և լրիվ գնահատմամբ է որոշելի տվյալ անձին պատկանող սեփականություն հանդիսացող գույքի (շարժական, անշարժ) այն տեսակը, որի նկատմամբ կարող է կամ բռնագանձում պետք է տարածվի:

Ելնելով վերոշարադրյալից, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետում նախատեսված նորմը Սահմանադրության 60 և 78-րդ հոդվածների սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում համաչափ և արդյունավետ միջոց չէ հանրային իրավահարաբերություններ կարգավորելու համար: Նման իրավակարգավորմամբ լիարժեք հաշվի չեն առնվում արդար դատաքննության շրջանակներում տվյալ հողամասի սեփականատեր հանդիսացող անձի՝ իր հարկային պարտավորության կատարման հետ կապված օբյեկտիվ կամ այլ հանգամանքների լրիվ ու բազմակողմ ուսումնասիրման և գնահատման անհրաժեշտությունը կամ այդ պարտավորության կատարումը սեփականություն հանդիսացող այլ գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով ապահովելու հնարավորությունը, լիարժեք չի երաշխավորվում անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, ինչը սույն գործով դիմողի ներկայացրած փաստարկների շրջանակներում հիմնավոր է: Այդ իրավունքի իրացման արդյունավետությունն ու մատչելիությունն օբյեկտիվորեն պայմանավորված է անձի իրավունքների, այդ թվում նաև` սեփականության իրավունքի պաշտպանության լիարժեք իրավական հնարավորությամբ, ինչն էական է ոչ միայն հանրային, այլև՝ մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման արդյունավետության ապահովման շրջանակներում: Հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու հիմքով հողամասի նկատմամբ իրավունքների դատական կարգով անվերապահ հարկադիր դադարեցնելու վերաբերյալ իրավակարգավորումը չի բխում անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի էությունից ու բովանդակությունից, ինչպես նաև` այդ իրավունքի պաշտպանությունը երաշխավորելու հանրային իշխանության սահմանադրաիրավական հանձնառության էությունից, հետևաբար և միտված չէ արդար հավասարակշռություն ապահովել հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև: Հողի հարկի` որպես պարտադիր վճարի, կամավորության հիմքով պարտավորության չկատարումն ինքնին օբյեկտիվորեն հանգեցնում է պետության կողմից դրա իրավական հարկադրանքի միջոցով պարտքի գանձմանը, որն իրավաչափ է, հետապնդում է Սահմանադրությամբ հետապնդվող նպատակ, սակայն, Սահմանադրության 60-րդ հոդվածի համատեքստում չի կարող դիտարկվել որպես սեփականությունից զրկում, ինչը կառուցակարգային առումով մասամբ իրացված է օրինակ, Օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ կետում, համաձայն որի՝ հողամասի վրա բռնագանձում կարող է տարածվել պայմանավորված դրա սեփականատիրոջ պարտավորություններով:

Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջների համատեքստում վիճարկվող դրույթում ամրագրված սեփականության իրավունքի դադարման հիմքն անմիջականորեն չի բխում պետության և հասարակության՝ անձի սեփականության իրավունքի հանդեպ գերակայող շահերի ապահովման անհրաժեշտությունից և անհրաժեշտ միջոց չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված նպատակին հասնելու համար, համարժեք չէ սահմանափակվող իրավունքի նշանակությանը, արդարացի միջոց չէ հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից: Հողի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր դադարեցումը՝ հողօգտագործումից բխող հարկային պարտավորությունների չկատարման հիմքով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, այնպիսի ծայրահեղ միջոց է, որը պետք է կիրառվի պետության և հասարակության գերակա շահերով պայմանավորված նպատակին հասնելու բոլոր պիտանի և անհրաժեշտ իրավական այլ միջոցները սպառելու դեպքում: Մասնավորապես, հողի հարկի վճարման պարտականության չկատարումը կարող է հիմք հանդիսանալ հողի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր դադարման, եթե այլ կերպ, այդ թվում՝ հարկատու անձի սեփականություն հանդիսացող այլ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու արդյունքում, հարկային այդ պարտավորության կատարումը հարկային պարտքին համարժեք չի ապահովվել: Վերջինս կարևոր է նաև հողի նկատմամբ բռնագանձում տարածելիս և (կամ) վերոհիշյալ հիմքով հողի նկատմամբ սեփականության իրավունքը հարկադիր դադարեցնելիս, քանի որ չի կարող գույքի, այդ թվում՝ հողի բռնագանձվող մասը, կամ՝ ամբողջությունը գերազանցել հարկային պարտավորության չկատարման արդյունքում պետական կամ համայնքային բյուջեներ վճարման ենթակա պարտքի (գումարի) չափը:

Հետևաբար, օրենսդրի պարտականությունն է, ելնելով Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությունից, ինչպես նաև՝ Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջից, հողի հարկի վճարման պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովող նորմատիվ կարգավորումներ սահմանելիս երաշխավորել արդյունավետ ընթացակարգեր` մի կողմից սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության, մյուս կողմից` անհրաժեշտության դեպքում, պետական կամ համայնքային բյուջեի նկատմամբ հողի հարկի վճարման պարտավորության կատարումը պատշաճ վարչարարության շրջանակներում ապահովելու և հարկատուի սեփականություն հանդիսացող այլ գույքի նկատմամբ դատական կարգով արդարացի ու հարկային պարտավորությանը համարժեք բռնագանձում տարածելու եղանակով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետը ճանաչել Սահմանադրության 60-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

_________________

1 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57918

2 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-58109

3 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-141365

4 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57418

 

Նախագահող`

Հ. Թովմասյան

 

30 հոկտեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1432