Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35443/13
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.01.2019
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2019

 Ներմուծեք նկարագրությունը_15382

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

ՂՈՒԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Գանգատ թիվ 35443/13)

ՎՃԻՌ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

24 հունվարի 2019թ.

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։


Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով,

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝

Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turković]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo]՝ դատավորներ,

եւ Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2018 թվականի դեկտեմբերի 18-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.  

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1.     Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Ոսկեհատ Ղուլյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի մայիսի 28-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 35443/13) հիման վրա:

2.     Դիմումատուին ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան պրն Կ. Մեժլումյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3.     2016 թվականի նոյեմբերի 16-ին Վարչական շրջանի դատարանի դատավորի անկողմնակալության ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքն ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I.       ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4.     Դիմումատուն ծնվել է 1973 թվականին եւ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում։

5.     2002 թվականի նոյեմբերի 25-ից դիմումատուն ամբողջ դրույքով անժամկետ պայմանագրային հիմունքներով աշխատել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում (այսուհետ՝ Բրիտանական խորհուրդ) որպես ծրագրի ղեկավար:

6.     Իր աշխատանքային տարիների ընթացքում դիմումատուն ունեցել է երկու երեխա՝ ծնված 2008 թվականի մարտի 27-ին եւ 2010 թվականի մայիսի 7-ին: Դիմումատուն իր հղիության եւ ծննդաբերության արձակուրդն անցկացրել է Միացյալ Նահանգներում եւ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պարբերաբար ներկայացրել է իր բացակայության տեւողությամբ այդ արձակուրդը երկարացնելու դիմում: Մասնավորապես, նման դիմում նա ներկայացրել է 2009 թվականի մարտ եւ սեպտեմբեր ամիսներին՝ իր առաջին երեխայի հետ կապված, եւ հետո՝ 2010 թվականի ապրիլ եւ սեպտեմբեր ամիսներին՝ երկրորդ երեխայի հետ կապված: Պարզվում է, որ այդ դիմումների հիման վրա դիմումատուի հղիության եւ ծննդաբերության արձակուրդը երկարացվել է: 2011 թվականի մարտին նրա արձակուրդը եւս մեկ անգամ երկարացվել է մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 1-ը:

7.     Ըստ դիմումատուի, 2011 թվականի օգոստոսի 19-ին նա դիմել է իր հղիության եւ ծննդաբերության արձակուրդը եւս մեկ անգամ երկարացնելու համար: Նա այդ մասին իր գրավոր դիմումը ծրարով հանձնել է իր ընկեր Հ.Կ.-ին, ով Միացյալ Նահանգներ կատարած այցից հետո 2011 թվականի օգոստոսի 17-ին պետք է վերադառնար Հայաստան: Ժամանելուց հետո Հ.Կ.-ն ծրարը տվել է Ռ.Օ.-ին՝ մի վարորդի, ով այնուհետեւ այն հանձնել է Բրիտանական խորհրդի անվտանգության աշխատակից Ա.Կ.-ին:

8.     2011 թվականի սեպտեմբերի 30-ին դիմումատուն ստացել է նախքան իր աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելը պայմանագիրը դադարեցնելու մասին ծանուցում: Ծանուցման մեջ նշվել է Բրիտանական խորհրդում աշխատանքի ծավալների եւ պայմանների փոփոխության, ինչպես նաեւ աշխատողների թվի կրճատման անհրաժեշտության մասին: Բացի այդ՝ ծանուցման մեջ նշվել է հետեւյալը.

«... [Ձեր] աշխատանքային պայմանագիրը կդադարեցվի Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի [համապատասխան դրույթների] հիման վրա:

 

Նաև տեղեկացնում ենք, որ Ձեր աշխատանքային պայմանագիրը կդադարեցվի ..... հաշվի առնելով այն փաստը, որ Ձեր՝ հղիության և ծննդաբերության չվճարվող արձակուրդը վերջանալուց հետո, որը պետք է ավարտվեր 2011 թվականի սեպտեմբերի 1-ին, ինչպես նշված էր Ձեր՝ 2011 թվականի մարտի 17-ին ֆաքսով մեզ ուղարկված նամակում, Դուք չեք վերադարձել աշխատանքի:

Աշխատանքային պայմանագիրը համարվում է դադարեցված 2011 թվականի դեկտեմբերի 1-ից:»:

9.     Պարզվում է, որ դիմումատուն իր աշխատանքի վաղաժամ դադարեցման առնչությամբ էլեկտրոնային նամակներ է ուղարկել Բրիտանական խորհրդի ղեկավարությանը:

10.   2011 թվականի նոյեմբերի 30-ին իրավաբան և Բրիտանական խորհրդին իրավաբանական ծառայություններ մատուցող «Պրուդենս» իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Ար.Մ.-ն այդ մարմնի անունից պատասխանել է դիմումատուին: Մասնավորապես, էլեկտրոնային նամակում նշվել է, որ դիմումատուի աշխատանքային պայմանագրի դադարեցումն ամբողջությամբ համապատասխանում էր ներպետական օրենսդրությանը և Բրիտանական խորհրդի [կողմից սահմանված] դրույթներին և պայմաններին:

11.    Բրիտանական խորհրդի տնօրենի՝ 2011 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանով դիմումատուի աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է:

12.    2011 թվականի դեկտեմբերի 30-ին դիմումատուն Բրիտանական խորհրդի դեմ հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ վիճարկելով 2011 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանը և պահանջելով վերականգնում [նախկին աշխատանքում]:

13.    Վարչական շրջանի դատարանի դատավոր Ա.Մ.-ն 2012 թվականի հունվարի 11-ի որոշմամբ դիմումատուի գործն ընդունել է քննության և նշանակել նախնական դատական նիստ:

14.    2012 թվականի հունվարի 12-ին Լոնդոնում նոտարի կողմից տրված լիազորագրի համաձայն՝ Բրիտանական խորհուրդը, inter alia (ի թիվս այլոց), լիազորել է Ար.Մ.-ին և «Պրուդենս» ընկերության մեկ այլ իրավաբան Կ.Բ.-ին միասին կամ առանձին ներկայացնելու իր բոլոր շահերը Հայաստանի Հանրապետության բոլոր ատյանների դատարաններում:

15.    2012 թվականի հունվարի 16-ին Վարչական շրջանի դատարանը ծանուցել է Բրիտանական խորհրդին, որ այն քննության է վերցրել գործը, և նշանակվել է դատավոր:

16.   2012 թվականի հունվարի 31-ին Կ.Բ.-ն դիմել է Վարչական շրջանի դատարան՝ նշված դատարանում Բրիտանական խորհուրդը ներկայացնելու համար, նաև խնդրելով դատարանին հետաձգել դատական նիստը: 2012 թվականի փետրվարի 1-ին Ար.Մ.-ն տեղեկացրել է Վարչական շրջանի դատարանին, որ տվյալ գործում նա չի ներկայացնելու Բրիտանական խորհրդի շահերը: Պարզվում է, որ Վարչական շրջանի դատարանի ամբողջ դատական վարույթի ընթացքում Կ.Բ.-ն միայնակ է ներկայացրել Բրիտանական խորհուրդը:

17.    2012 թվականի փետրվարի 14-ին Կ.Բ.-ի կողմից ստորագրված՝ դիմումատուի հայցին տրված իր պատասխանում Բրիտանական խորհուրդը ժխտել է, որ դիմումատուն 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ դիմել է իր հղիության և ծննդաբերության արձակուրդը ևս վեց ամսով երկարացնելու համար:

18.   2012 թվականի հուլիսի 9-ին դատավոր Ա.Մ.-ն մերժել է դիմումատուի հայցը՝ գտնելով, որ նրա [աշխատանքից] ազատումը եղել է օրինական:

19.   Վարչական շրջանի դատարանի վարույթից հետո բացահայտվել է, որ դատավոր Ա.Մ.-ն և իրավաբան Ար.Մ.-ն երկվորյակ եղբայրներ են: Ավելին, «Պրուդենս» իրավաբանական ընկերությունը, որտեղ Ար.Մ.-ն և Կ.Պ.-ն հանդիսանում էին ավագ աշխատակիցներ, հիմնադրվել էր Դ.Մ.-ի, այսինքն՝ Ա.Մ.-ի և Ար.Մ.-ի ավագ քրոջ կողմից և ղեկավարվում էր նրա ամուսնու՝ Է.Մ.-ի կողմից:

20.   2012 թվականի օգոստոսի 6-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ inter alia, վիճարկելով, որ դատավոր Ա.Մ.-ն իր գործի վերաբերյալ որոշում կայացնելիս չի ցուցաբերել անկողմնակալություն՝ վարույթում իր հակառակորդի օրինական ներկայացուցիչների հետ սերտ ընտանեկան կապերի պատճառով: Կառավարությունը պնդել է, որ նման խնդիր չի բարձրացվել, ինչպես նաև չի տրամադրվել այդ բողոքը հիմնավորող որևէ ապացույց:

21.    2012 թվականի սեպտեմբերի 28-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի վճիռը: Այդպիսով, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Վարչական շրջանի դատարանում կայացած վարույթում դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալության ենթադրյալ բացակայության վերաբերյալ դիմումատուի փաստարկներին:

22.   Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ բերելով իր նախկին բողոքում ներկայացված փաստարկներին նման փաստարկներ:

23.   2012 թվականի նոյեմբերի 28-ին Վճռաբեկ դատարանը հիմքերի բացակայության պատճառով անընդունելի է ճանաչել դիմումատուի վճռաբեկ բողոքը:

 

II.     ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա.    Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

24.   21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով: Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:

25.   22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:

26.   219-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին:

 

Բ.    Դատական օրենսգիրք

27.   91-րդ հոդվածն այնքանով, որքանով այն վերաբերելի է, սահմանում է.

«1.      Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլնի այն դեպքերը, երբ`

...

4)       դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:»

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I.       ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

28.   Դիմումատուն բողոքել է, որ իր գործի առնչությամբ չի իրականացվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով անաչառ տրիբունալի կողմից լսում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վարչական շրջանի դատարանի դատավոր Ա.Մ.-ն սերտ ընտանեկան կապեր է ունեցել վարույթում իր հակառակորդի ներկայացուցիչների հետ:

29.   Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետն ունի հետևյալ բովանդակությունը.

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... տրիբունալի կողմից ... արդարացի ... լսումների իրավունք ...»։

 

Ա.    Ընդունելիությունը

30.   Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրեն հասանելի իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները։ Վարչական շրջանի դատարանի վարույթի ընթացքում նա երբեք չի պահանջել դատավոր Ա.Մ.-ի ինքնաբացարկը, թեև ներպետական օրենսդրությամբ նման հնարավորություն սահմանվում էր: Ճիշտ է, որ դիմումատուն հայտարարել է, որ Վարչական շրջանի դատարանի վարույթի ընթացքում նրան հայտնի չեն եղել կողմնակալության այն հիմքերը, որոնց առնչությամբ ներկայացվում է պնդումը, սակայն այդ մասին ինքն իմացել է միայն այդ վարույթն ավարտվելուց հետո: Այնուամենայնիվ, նա չի նշել, թե երբ, ինչպես և ինչ հանգամանքներում է բացահայտել այս տեղեկությունը, և ինչու այդ մասին նա չէր կարող ավելի վաղ իմանալ: Թեև դիմումատուն նկատել է, որ դատավոր Ա.Մ.-ն և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Ար.Մ.-ն նույն ազգանունն ունեն, պարտադիր չէր, որ սա վկայեր ընտանեկան որևէ կապի մասին, քանի որ նրանց ազգանունը տարածված ազգանուն էր Հայաստանում:

31.    Կառավարությունը նաև պնդել է, որ դիմումատուն Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ևս երբևէ հստակ չի վիճարկել դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալությունը: Վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացված իր բողոքում դիմումատուն ներկայացրել է մի քանի իրավական դրույթների նյութական և դատավարական խախտումների վերաբերյալ բազմաթիվ պնդումներ, սակայն նա կոնկրետ չի անդրադարձել դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալությանը: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն իրավասու չէ դուրս գալ վերաքննիչ բողոքի շրջանակներից և պարտավոր է վերանայել դատական որոշումը՝ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում. սա ճիշտ այն է, ինչ արել է Վերաքննիչ դատարանը տվյալ գործի առնչությամբ: Այսպիսով, դիմումատուն հիմնավոր պատճառներով չէր կարող ակնկալել, որ Վերաքննիչ դատարանը կգնահատեր նշված պնդումը, քանի որ նման պնդումն ուղղակի պատշաճ կերպով չէր ներկայացվել դատարանին:

32.   Ավելին, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն կորցրել է տուժողի իր կարգավիճակը, քանի որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ուսումնասիրել է գործը և չի գտել որևէ խախտում: Հետևաբար, Կառավարությունը պնդել է, որ գանգատը պետք է հայտարարվի անընդունելի:

33.   Դիմումատուն նշել է, որ նա դատավոր Ա.Մ.-ի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Ար.Մ.-ի միջև ընտանեկան կապի մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ ստացել է Վարչական շրջանի դատարանի վճիռը: Քանի որ դիմումատուն ապրում էր Միացյալ Նահանգներում, նա չի ստացել Հայաստանի Հանրապետության իր ներկայացուցչի կողմից ստացված՝ դատարանի բոլոր փաստաթղթերը: Միայն վճիռն ստանալուց հետո է նա նկատել, որ դատավորը և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչը (ում հետ նա հաղորդակցվել էր) նույն ազգանունն ունեն: Հետևաբար, նա չէր կարող այդ հարցն ավելի վաղ բարձրացնել Վարչական շրջանի դատարանում:

34.   Դիմումատուն պնդել է, որ ինքը բարձրացրել է այս հարցը Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ ապացույցներն ընդունելու համատեքստում՝ պնդելով, որ դատավոր Ա.Մ.-ն չի անցել սուբյեկտիվ կամ օբյեկտիվ գնահատում, և որ այդ վճիռը զրկում է իրեն իր արդար դատաքննության իրավունքից: Նա պնդել է, որ ինքը սպառել է իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և որ ինքը դեռևս տուժող էր:

35.   Դատարանը նշում է, որ թեև մարդու իրավունքների պաշտպանության իրավական ընթացակարգերի համատեքստում իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը պետք է կիրառվի ճկունության որոշակի աստիճանով և առանց ավելորդ ձևականությունների, դրանով զուտ չի պահանջվում, որ դիմումներ պետք է ներկայացվեն համապատասխան ներպետական դատարաններ, և որ պետք է կիրառվեն այն քննության առարկա որոշումները վիճարկելու համար նախատեսված իրավական պաշտպանության միջոցները, որոնք ենթադրաբար խախտում են Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունք: Սովորաբար դրանով պահանջվում է նաև, որ այն բողոքները, որոնք հետագայում նախատեսվում են ներկայացվել միջազգային մակարդակում, պետք է նախ բարձրացվեն այդ նույն դատարանների առջև՝ առնվազն ըստ էության և ներպետական օրենսդրության մեջ պաշտոնապես ձևակերպված պահանջներին և ժամկետներին համապատասխան (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Ֆրեսոզը և Ռուաղն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Fressoz and Roire v. France [GC]], թիվ 29183/95, § 37, ՄԻԵԴ 1999-I, և Ազինասն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [Azinas v. Cyprus [GC]], թիվ 56679/00, § 38, ՄԻԵԴ 2004‑III):

36.   Դատարանն ընդունում է, որ սույն գործով Վարչական շրջանի դատարանի վարույթի ընթացքում դիմումատուն չի իմացել որոշում կայացնող դատավոր Ա.Մ.-ի հնարավոր կողմնակալության մասին, այլ նա այդ մասին իմացել է միայն Վարչական շրջանի դատարանի վճիռն ստանալուց հետո: Հետևաբար նա չէր կարող Վարչական շրջանի դատարանի վարույթի ընթացքում բարձրացնել կողմնակալության հնարավոր բացակայության խնդիրը: Ինչ վերաբերում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթներին, ապա Դատարանը համարում է, որ դիմումատուն բավարար կերպով բարձրացրել է կողմնակալության ենթադրյալ բացակայության խնդիրը՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի պահանջները բավարարելու համար: Հետևաբար Կառավարության առարկությունը պետք է մերժվի:

37.   Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթների ժամանակ հնարավոր էր վերականգնել դիմումատուի՝ տուժողի կարգավիճակը, ապա Դատարանը համարում է, որ այն պետք է միացվի գործի ըստ էության քննությանը և ուսումնասիրվի ավելի ուշ փուլում:

38.   Հետևաբար Դատարանը նշում է, որ այս գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ.    Ըստ էության քննությունը

 

1.     Կողմերի փաստարկները

 

ա)    Դիմումատուն

39.   Դիմումատուն պնդել է, որ Կառավարությունը չի ժխտել դատավոր Ա.Մ.-ի և իրավաբան Ար.Մ.-ի միջև ընտանեկան կապերը: Կառավարությունը նաև չի ժխտել, որ Կ.Բ.-ն, ով դատական քննության ժամանակ ներկայացրել է Բրիտանական խորհուրդը, աշխատել է «Պրուդենս» իրավաբանական ընկերությունում, կամ որ «Պրուդենս»-ի կառավարիչ գործընկեր Է.Մ.-ն հանդիսացել է Դ.Մ.-ի ամուսինը և դատավոր Ա.Մ.-ի և Ար.Մ.-ի փեսան: Ակնհայտ է, որ մինչդատական ներկայացուցչություն իրականացնելու համար Բրիտանական խորհրդի կողմից ընտրված «Պրուդենս» ընկերությունը շարունակել է ծառայություններ մատուցել դատական վարույթների ամբողջ ընթացքում: Ներպետական օրենսդրության համաձայն՝ դատարանում ներկայացուցիչներ կարող են լինել միայն ֆիզիկական անձինք: Այդ պատճառով է, որ Բրիտանական խորհրդի կողմից տրված լիազորագրում չի նշվել «Պրուդենս» ընկերությունը, այլ փոխարենը նշվել է այլ ներկայացուցչի անուն: Թեև Ար.Մ.-ն Վարչական շրջանի դատարանին ասել էր, որ ինքն այլևս չէր հանդիսանում սույն գործով Բրիտանական խորհրդի ներկայացուցիչը, նա այդ կազմակերպության կողմից դեռևս լիազորված էր այն ներկայացնել, քանի որ 2012 թվականի հունվարի 12-ի լիազորագիրը չէր դադարեցվել: Քանի որ դատավոր Ա.Մ.-ն կապեր է ունեցել Բրիտանական խորհրդին ծառայություններ մատուցող «Պրուդենս» ընկերության հետ, նա չէր կարող համարվել անկողմնակալ:

 

բ)     Կառավարությունը

40.   Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի քաղաքացիական իրավունքներն ու պարտավորությունները որոշելիս արդար լսումներ իրականացվել են՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան: Նույնիսկ եթե Ար.Մ.-ն տրամադրել է իրավաբանական ծառայություններ Բրիտանական խորհրդին, դա եղել է Վարչական շրջանի դատարանում վարույթից առաջ, և այդ իրավաբանական ծառայությունները որևէ կապ չեն ունեցել դատական քննության հետ: Բրիտանական խորհուրդը պայմանագիր չի կնքել «Պրուդենս» իրավաբանական ընկերության հետ: Փոխարենն այն լիազորել է չորս իրավաբանների, այդ թվում՝ Ար.Մ.-ին և Կ.Բ.-ին, միասին կամ առանձին ներկայացնելու իր շահերը՝ կապված դիմումատուի հետ և ներպետական դատարաններում: Ավելին, Ար.Մ.-ին Բրիտանական խորհուրդը ներկայացնելու լիազորություն տրամադրող լիազորագիրը տրվել է 2012 թվականի հունվարի 12-ին, մասնավորապես դատավոր Ա.Մ.-ին նշանակելու մասին Վարչական շրջանի դատարանի կողմից Բրիտանական խորհրդին տեղեկացնելուց առաջ: Այս տեղեկությունն ստանալուց հետո Վարչական շրջանի դատարանում Բրիտանական խորհրդին ներկայացրել է միայն Կ.Բ.-ն: Կառավարությունը հայտնել է, որ նաև շատ կարևոր է եղել, որ Ար.Մ.-ն տեղեկացրել է Վարչական շրջանի դատարանին, որ նա այս գործով չի ներկայացնելու Բրիտանական խորհրդին: Այս փաստերը ցույց են տալիս, որ դատավոր Ա.Մ.-ի կողմից չի դրսևորվել անկողմնակալության բացակայություն՝ պատասխանողի ներկայացուցիչների հետ ընտանեկան կապերի պատճառով:

41.    Կառավարությունը պնդել է, որ սուբյեկտիվ գնահատման համաձայն, չի եղել որևէ ապացույց առ այն, որ դատավոր Ա.Մ.-ն ցուցաբերել է թշնամական վերաբերմունք կամ չարամիտ դիտավորություն ընդհանրապես, առավել ևս անձնական պատճառերով: Ինչ վերաբերում է օբյեկտիվ գնահատմանը, ապա դիմումատուն չի ապացուցել, որ դատավորի կողմից անկողմնակալություն չցուցաբերելու մտավախությունն օբյեկտիվորեն հիմնավորված է եղել: Հակառակը, դիմումատուն, առանց ներպետական դատարաններում իր մտահոգությունները բարձրացնելու, արել է ոչ ճիշտ և չհիմնավորված ենթադրություններ՝ կապված դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալության հետ: Դատական քննության ամբողջ ընթացքում Բրիտանական խորհրդին ներկայացրել է միայն Կ.Բ.-ն: Ար.Մ.-ն, ով, ըստ դիմումատուի, ենթադրաբար ընտանեկան կապերի մեջ էր դատավոր Ա.Մ.-ի հետ, զերծ է մնացել Վարչական շրջանի դատարանի վարույթի ժամանակ պատասխանողին ներկայացնելուց՝ այդպիսով վերացնելով ցանկացած հնարավոր կասկած՝ կապված նախագահող դատավորի անկողմնակալության հետ:

 

2.     Դատարանի գնահատականը

 

ա)    Ընդհանուր սկզբունքները

42.   Դատարանը վերահաստատում է, որ անկողմնակալություն սովորաբար նշանակում է կանխակալության կամ կողմնակալության ու դրա տարբեր ձևերով դրսևորումների բացակայություն: Դատարանի կողմից սահմանված նախադեպային իրավունքի համաձայն՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով անկողմնակալության առկայությունը պետք է որոշվի համաձայն հետևյալի՝ i) սուբյեկտիվ գնահատում, որտեղ հարկավոր է հաշվի առնել կոնկրետ դատավորի անձնական համոզմունքը և վարքագիծը, այսինքն՝ արդյոք դատավորն ունեցել է որևէ անձնական կանխակալություն կամ կողմնակալություն տվյալ գործի իմաստով, և ii) օբյեկտիվ գնահատում, այսինքն՝ պետք է համոզվել, թե արդյոք տրիբունալն ինքնին և, ի թիվս այլ ասպեկտների, դրա կազմը, ապահովել են բավարար երաշխիքներ՝ վերջինիս անկողմնակալության հետ կապված ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար (տե՛ս Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Morice v. France [GC]], թիվ 29369/10, § 73, ՄԻԵԴ 2015, հաջորդող հղումների հետ միասին):

43.   Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գնահատմանը, ապա այն սկզբունքը, որ տրիբունալը ենթադրաբար պետք է լինի անձնական կանխակալությունից կամ կողմնակալությունից զերծ, երկար ժամանակ սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքով: Դատավորի անձնական անկողմնակալությունը ենթադրվում է այնքան ժամանակ, քանի դեռ չկան հակառակն ապացուցող փաստեր: Ինչ վերաբերում է պահանջվող ապացույցի տեսակին, ապա Դատարանը, օրինակ, փորձել է պարզել՝ արդյոք դատավորն անձնական պատճառներով ցուցաբերել է թշնամական վերաբերմունք կամ չար դիտավորություն (նույն տեղում, § 74):

44.   Ինչ վերաբերում է օբյեկտիվ գնահատմանը, ապա պետք է որոշվի, թե արդյոք, անկախ դատավորի վարքագծից, կան հավաստի փաստեր, որոնք կարող են նրա անկողմնակալության վերաբերյալ կասկածներ առաջացնել: Սա ենթադրում է, որ երբ որոշվում է, թե արդյոք տվյալ գործում կոնկրետ դատավորի կամ դատարանի կազմի անկողմնակալության մասով կա մտավախության որևէ հիմնավոր պատճառ, տվյալ անձի տեսակետը կարևոր է, բայց ոչ որոշիչ: Որոշիչ է այն, թե արդյոք նրա մտավախությունները կարող են համարվել օբյեկտիվորեն հիմնավորված (նույն տեղում, § 76):

45.   Օբյեկտիվ գնահատումը հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը (տե՛ս Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [Kyprianou v. Cyprus [GC]], թիվ 73797/01, § 121, ՄԻԵԴ 2005‑XIII): Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ տրիբունալն անկողմնակալ չէ (տե՛ս Մորիսի գործը՝ վերևում հիշատակված, § 77):

46.   Այս առումով նույնիսկ արտաքին հատկանիշները կարող են որոշակի նշանակություն ունենալ, կամ, այլ կերպ ասած, «պետք է ոչ միայն արդարությունը հաստատվի, այլև տեսանելի լինի դրա հաստատումը»։ Խաղաքարտին դրված է այն վստահությունը, որը ժողովրդավարական հասարակությունում դատարանները պետք է ներշնչեն հանրությանը: Այսպիսով, ցանկացած դատավոր, որի անկողմնակալության մասով կա մտահոգվելու հիմնավոր պատճառ, պետք է գործի քննությունից հեռացվի (տե՛ս Միկալեֆն ընդդեմ Մալթայի [ՄՊ] [Micallef v. Malta [GC]], թիվ 17056/06, § 98, ՄԻԵԴ 2009):

47.   Ավելին, որպեսզի դատավորները կարողանան հասարակության մեջ ներշնչել անհրաժեշտ վստահությունը, պետք է հաշվի առնվեն նաև ներքին կազմակերպչական խնդիրները: Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Դատարանը հաշվի կառնի այդ կանոնները՝ տրիբունալի անկողմնակալության և, մասնավորապես, դիմումատուի մտավախություններն օբյեկտիվորեն հիմնավորված լինելու վերաբերյալ իր սեփական գնահատումը կատարելիս:

 

բ)     Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

48.   Ի սկզբանե, Դատարանը նշում է, որ դիմումատուն չի վիճարկել դատավոր Ա.Մ.-ի սուբյեկտիվ անկողմնակալությունը: Հետևաբար գործը կուսումնասիրվի միայն օբյեկտիվ անկողմնակալության գնահատման տեսանկյունից:

49.   Սույն գործում առաջին ատյանի վարույթներում որոշումը կայացրել է դատավոր Ա.Մ.-ն, ով հակառակ կողմի իրավաբանների թիմի անդամներից մեկի՝ Ար.Մ.-ի երկվորյակ եղբայրն է և «Պրուդենս» իրավաբանական ընկերության հիմնադիրի եղբայրը, որտեղ աշխատում են իրավաբանները: Դատարանը հաստատված է համարում, որ Ար.Մ.-ն ուղղակիորեն չի մասնակցել դատական վարույթներին, իսկ Բրիտանական խորհրդին ներկայացրել է «Պրուդենս» ընկերության մեկ այլ իրավաբան՝ Կ.Բ.-ն: Թեև Ար.Մ.-ն բացակայել է դատական քննության ժամանակ, այնուամենայնիվ նա կապի մեջ է եղել դիմումատուի հետ՝ դատական վարույթներից առաջ:

50.   Ինչ վերաբերում է այն հարցին, որ դիմումատուն ունի մտավախություններ դատավորի և Ար.Մ.-ի միջև ընտանեկան կապերից բխող՝ դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալության վերաբերյալ, Դատարանը նշում է, որ նրանք ունեն շատ սերտ ընտանեկան կապեր, քանի որ երկվորյակ եղբայրներ են: Թեև Ար.Մ.-ն հրաժարվել է գործից այն պահից, երբ պարզվել է դատավորի ինքնությունը և դատավարության ընթացքում Բրիտանական խորհրդին ներկայացրել է Կ.Բ.-ն, փաստ է մնում այն, որ Ար.Մ.-ն աշխատել է «Պրուդենս» իրավաբանական ընկերությունում, որը ներկայացրել է Բրիտանական խորհրդին: Ավելին, իրավաբանական ընկերությունը հիմնադրվել էր դատավոր Ա.Մ.-ի քրոջ կողմից, և այն կառավարում էր նրա փեսան:

51.    Դատարանը գտնում է, որ երբ դատավորն ունենում է արյունակցական կապեր ցանկացած վարույթի կողմ ներկայացնող իրավաբանական ընկերության աշխատակցի հետ, սա ինքնին պատճառ չէ դատավորին գործից հեռացնելու համար (տե՛ս Ռամլժակն ընդդեմ Խորվաթիայի [Ramljak v. Croatia], թիվ 5856/13, § 29, 2017 թվականի հունիսի 27): Այդ կապերի հիման վրա պարտադիր չի պահանջվում գործից ավտոմատ հեռացում: Այնուամենայնիվ, իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Թե արդյոք այդ կասկածներն օբյեկտիվորեն հիմնավորված են, թե ոչ, ավելի շատ կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոնների թվից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն: Սա, inter alia, պետք է ներառի այն, թե արդյոք դատավորի ազգականը ներգրավված է եղել տվյալ գործում, դատավորի ազգականի պաշտոնն այդ ընկերությունում, ընկերության չափը, դրա ներքին կազմակերպական կառուցվածքը, իրավաբանական ընկերության համար գործի նշանակությունը ֆինանսական իմաստով, և այդ ազգականի համար ցանկացած հնարավոր ֆինանսական շահը կամ հնարավոր օգուտը (և դրանց չափը) (Նիկոլասն ընդդեմ Կիպրոսի [Nicholas v. Cyprus], թիվ 63246/10, § 62, 2018 թվականի հունվարի 9): Այնուամենայնիվ, հաշվի առնելով արտաքին հատկանիշների կարևորությունը, երբ առաջանում է նման իրավիճակ (ինչից կարող է առաջանալ կողմնակալության ենթադրություն կամ արտաքին հատկանիշ), այդ իրավիճակը պետք է բացահայտվի վարույթի սկզբում, և պետք է կատարվի գնահատում՝ հաշվի առնելով առնչվող բոլոր գործոնները, որպեսզի որոշվի, թե արդյոք գործից հեռացնելն իսկապես անհրաժեշտ է, թե՝ ոչ: Սա կարևոր դատավարական երաշխիք է, որն անհրաժեշտ է օբյեկտիվ և սուբյեկտիվ անկողմնակալության մասով համապատասխան երաշխիքներ ապահովելու համար (նույն տեղում, § 64):

52.   Սույն գործով որևէ նման բացահայտում տեղի չի ունեցել, և դիմումատուն հակառակորդի ներկայացուցչի և դատավորի միջև կապը բացահայտել է միայն առաջին ատյանի վճիռն ստանալուց հետո: Այդպիսով նա նաև հայտնվել է մի իրավիճակում, որտեղ այն իրավաբանական ընկերությունը, որը ներկայացրել է Բրիտանական խորհրդին, հիմնադրվել և կառավարվում էր դատավոր Ա.Մ.-ի քրոջ և փեսայի կողմից, իսկ նրա երկվորյակ եղբայրը՝ Ար.Մ.-ն, աշխատում էր այնտեղ որպես ավագ մասնագետ: Հայտնի չէ, թե արդյոք քույրը և փեսան ակտիվորեն ներգրավված եղել են գործում (համեմատության համար տե՛ս Հուսեյնը և այլք ընդդեմ Ադրբեջանի [Huseyn and Others v. Azerbaijan], թիվ 35485/05 և մյուս 3-ը, § 168, 2011 թվականի հուլիսի 26, և Բելիցցին ընդդեմ Մալթայի (որոշում) [Bellizzi v. Malta (dec.)], թիվ 8162/13, § 61, 2011 թվականի հունիսի 21), և արդյոք նրանք ունեցել են ֆինանսական շահ գործի արդյունքի հետ կապված, թե՝ ոչ, սակայն պարզ է, որ Ար.Մ.-ն ակտիվորեն ներգրավված է եղել գործի նախապատրաստման գործընթացում: Այսպիսով ստեղծվել է կողմնակալության արտաքին հատկանիշ:

53.   Այնուհետև պետք է ուսումնասիրել, թե արդյոք Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կարող էր վերացնել առաջին ատյանի դատարանի՝ անկողմնակալության բացակայության հետ կապված թերությունը: Դատարանի նախադեպային իրավունքով հստակ սահմանված է, որ առաջին ատյանի թերությունը կարող է վերացվել բողոքարկմամբ, եթե վերաքննիչ մարմինն ունի լիակատար իրավազորություն: Այն դեպքում, երբ ներկայացվում է բողոք որոշում կայացնող մարմնի կողմից անկողմնակալության բացակայության կապակցությամբ, «լիակատար իրավազորություն» հասկացությունը նշանակում է, որ վերանայող դատարանը ոչ միայն ուսումնասիրում է բողոքը, այլ նաև կարող է բեկանել վիճարկվող որոշումը և (կամ) ինքնուրույն կայացնել որոշում կամ գործն ուղարկել՝ անկողմնակալ մարմնի կողմից դրանով նոր որոշում կայացնելու (տե՛ս Դե Հանն ընդդեմ Նիդերլանդների [De Haan v. the Netherlands], 1997 թվականի օգոստոսի 26, §§ 53-54, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997‑IV, և Ռանսոնն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Ranson v. the United Kingdom (dec.)], թիվ 14180/03, 2003 թվականի սեպտեմբերի 2):

54.   Դատարանը նշում է, որ սույն գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ընդհանրապես չի անդրադարձել Վարչական շրջանի դատարանի վարույթի ժամանակ դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալության ենթադրյալ բացակայության վերաբերյալ դիմումատուի փաստարկներին (տե՛ս վերևում 21-րդ պարբերությունը): Քանի որ չի ուսումնասիրվել բողոքը, բողոքարկման վարույթի արդյունքում առաջին ատյանում կողմնակալության արտաքին հատկանիշը չի վերացվել:

55.   Վերը նշված նկատառումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ դատավոր Ա.Մ.-ի մասնակցությունը գործին առաջին ատյանի դատարանի վարույթը դարձրել է կողմնակալ, և այդ թերությունը բողոքարկմամբ չի վերացվել: Համապատասխանաբար այն մերժում է Կառավարության նախնական առարկությունը դիմումատուի՝ տուժողի կարգավիճակի կապակցությամբ:

56.   Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

 

II.     ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

57.   Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։

 

Ա.    Վնասը

58.   Դիմումատուն պահանջել է 62 700 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, և 19 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

59.   Կառավարությունը համարել է, որ նյութական վնասի հատուցման պահանջը հիմնված է եղել զուտ կորցրած աշխատավարձերի և 6-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտման միջև կապի հիպոթեզի վրա: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցմանը, ապա Կառավարությունը համարել է, որ գումարը չափազանց մեծ է և փաստել է, որ զուտ խախտումն արձանագրելը բավարար է դիմումատուի կրած ոչ նյութական վնասը հատուցելու համար:

60.   Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. հետևաբար, այն մերժում է այս պահանջը։ Մյուս կողմից, այն դիմումատուին շնորհում է 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

Բ.    Ծախսերը և ծախքերը

61.   Դիմումատուն նաև պահանջել է 1 400 եվրո՝ որպես հատուցում ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար, և 4 880 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար, որից 4 630 եվրո՝ իրավաբանի ծառայությունների վճար, 150 եվրո՝ թարգմանչական ծառայությունների ծախսեր, և 100 եվրո՝ փոստային ծառայությունների ծախսեր:

62.   Կառավարությունը համարել է, որ ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար հատուցման պահանջը պետք է մերժվի, քանի որ չկան ապացույցներ, որ այդ ծախսերը և ծախքերն իսկապես առաջացել են, կամ որ դիմումատուն պարտադիր պետք է վճարի դրանք: Ինչ վերաբերում է Դատարանում կրած ծախսերին և ծախքերին, ապա Կառավարությունը նշել է, որ իրավաբանի ծառայության վճարը և թարգմանչական ծառայությունների ծախսերը փաստաթղթերով պատշաճորեն չեն հիմնավորվել և հետևաբար պետք է մերժվեն:

63.   Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը մերժում է դիմումատուի՝ ծախսերի և ծախքերի մասով պահանջը՝ համապատասխան հիմնավորող փաստաթղթերի բացակայության պատճառով:

 

Գ.    Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

64.   Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1.     Հայտարարում է գանգատն ընդունելի.

2.     Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

3.     Վճռում է, որ՝

ա)    պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո), որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ)     վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4.     Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2019 թվականի հունվարի 24-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Ռենատա Դեգեներ

Քսենյա Տուրկովիչ

Քարտուղարի տեղակալ

Նախագահ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան