Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1426
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.09.26/71(1429) Հոդ.990
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 սեպտեմբերի 2018 թ.

 

ՌՈՄԻԿ ԴԱՆԻԱԼԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 375-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ՏՈՒԺՈՂԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆ, ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԴԱՏԱՎՃՌԻ ՊԱՏՃԵՆՆ ԱՅԴ ՆՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով.

Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմող կողմի ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Տ. Եգորյանի և Դ. Գյուրջյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության օրենսդրական փորձաքննության բաժնի ավագ իրավափորձագետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռոմիկ Դանիալի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի «Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ» դրույթի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի «Դատավճռի պատճենը հանձնելը դատապարտվածին կամ արդարացվածին» վերտառությամբ 375-րդ հոդվածով սահմանվում է. «Դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին: Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ»:

Գործի քննության առիթը Ռ. Դանիալի՝ 2018 թվականի ապրիլի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթները՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը վիճարկում է Օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը, համաձայն որի՝ տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենը 5 օրում հանձնվում է նրանց միջնորդությամբ: Նա պնդում է, որ նշված «….դրույթը և/կամ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը հակասության մեջ գտնվելով Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ հոդվածների, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածների հետ հակասում է Սահմանադրության նաև 29-րդ հոդվածին»:

Դիմողը նշում է, որ վերաքննիչ դատարանը վիճարկվող դրույթն իր նկատմամբ կիրառել է այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` «Դատարանը դատավճռի օրինակը Դիմողին պարտավոր էր հանձնել միայն նրա դիմումի առկայության պայմաններում, իսկ Դիմողն իր հերթին պարտավոր էր 5-օրյա ժամկետում դիմել և ստանալ դատավճռի օրինակը՝ դրա դեմ բողոք ներկայացնելով սահմանված 1-ամսյա ժամկետում հրապարակման պահից»:

Դիմողի համոզմամբ վիճարկվող դրույթի ուժով դատավճռի բողոքարկման տուժողի իրավունքի իրացումն առկախվում է նրա դրական (ակտիվ) վարքագծից, այն է՝ դատավճիռը պահանջելու հանգամանքից՝ այդ կերպ սահմանափակելով իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության նրա իրավունքը:

Դիմողի կարծիքով, դատավճռի պատճենն ստանալու համար տուժողի կողմից միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ օրենքի պահանջն իրավաչափ նպատակ չի հետապնդում և հակասում է դատավարության կողմերի հավասարության և մրցակցության քրեադատավարական հիմնարար սկզբունքներին: Վիճարկվող դրույթը՝ դատավճիռն ստանալու համար տուժողին անհարկի ծանրաբեռնելով միջնորդություն ներկայացնելու պարտականությամբ, չի սահմանում դատավարության մեկ կողմի նկատմամբ նման տարբերակված մոտեցման հիմքը, պատճառները և նման սահմանափակման անհրաժեշտությունը:

Հղում կատարելով Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ դիմողը գտնում է, որ քրեական գործով տուժող ճանաչված անձի՝ այդ գործով կայացված դատավճռի բողոքարկման իրավունքը, որպես անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի բաղադրիչ, սահմանափակելու դեպքում նույնպես օրենքը պետք է սահմանի դրա հիմքերը և լինի բավարար չափով որոշակի:

Ըստ դիմողի՝ վիճարկվող դրույթը չի սահմանում դատավճռի օրինակը տուժողի կողմից դատարանից պահանջելու հստակ ժամկետ և չի որոշակիացնում, թե ինչպիսի հետևանք է առաջացնում տուժողի համար հրապարակման պահից 5-օրյա ժամկետից ուշ դիմելը:

Դիմողը պնդում է նաև, որ, ի տարբերություն քննարկվող դեպքի, մի շարք այլ գործերով Վերաքննիչ դատարանը ձևավորել է արմատապես տարբերվող դատական պրակտիկա, այսինքն՝ դատավճռի հանձնման և ստացման, դրա դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետները կարգավորող իրավական դրույթները Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվում են ոչ միատեսակ:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը գտնում է, որ, վիճարկելով Օրենսգրքի 375-րդ հոդվածի խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը, դիմողը բարձրացնում է երկու տարբեր հիմնախնդիրներ՝

- վիճարկվող դրույթը, սահմանելով դատարանի պարտականությունը՝ տուժողի կողմից միջնորդությամբ դիմելու դեպքում դատավճռի հրապարակման պահից հնգօրյա ժամկետում վերջինիս հանձնել դատավճռի պատճենը, միջնորդություն ներկայացնելու համար հստակ ժամկետ չի սահմանում, և

- վիճարկվող դրույթը դատավճռի պատճենն ստանալու համար տուժողին անհարկի ծանրաբեռնում է միջնորդություն ներկայացնելու պարտականությամբ՝ սահմանափակելով նրա իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, այն դեպքում, երբ դատավճիռը դատապարտվածին, արդարացվածին, նրանց պաշտպանին և նույնիսկ մեղադրողին հանձնվում է առանց որևէ միջնորդության կամ պահանջ ներկայացնելու նախապայմանի:

Առաջին հիմնախնդրի առնչությամբ պատասխանողը պնդում է, որ օրենսդիրը հստակ սահմանել է, որ դատարանը պարտավոր է տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին դատավճռի պատճենը հանձնել միայն նրանց միջնորդության առկայության պայմաններում, իսկ հիշյալ անձինք կարող են հնգօրյա ժամկետում դիմել և ստանալ դատավճռի պատճենը և դրա դեմ բողոք ներկայացնել քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ժամկետում։ Եթե այդ գործընթացում դատարաններն Օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների նպատակներին հակասող չափանիշներ են կիրառել, դա չի կարող հանգեցնել այդ իրավակարգավորումների հակասահմանադրականությանը, քանի որ իրավակիրառ պրակտիկայում Օրենսգրքի որևէ դրույթի՝ Օրենսգրքի նպատակներին ոչ համապատասխան մեկնաբանությունը չի կարող փոխել այդ դրույթների բովանդակությունը, քանզի դրանք սահմանվում են բացառապես օրենսդրի կողմից, հետևաբար «խնդիրն առավելապես գործնական մեկնաբանման հարթության տիրույթում է, այլ ոչ թե օրենսդրական»:

Ինչ վերաբերում է տուժողին միջնորդություն ներկայացնելու պարտականությամբ անհարկի ծանրաբեռնելու հանգամանքին, ապա պատասխանողը նշում է, որ նույն դրույթում դատավարության մյուս կողմի նկատմամբ դրսևորվում է այլ մոտեցում:

Պատասխանողը, համադրելով արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջազգային որոշ իրավանորմեր և Սահմանադրության համապատասխան դրույթները, փաստում է, որ «….արդարացիության առանցքային հենքը կողմերի հավասարությունն է, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումներում ամրագրվում է որպես «զենքերի հավասարությունը», իսկ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներում՝ «մրցակցությունը», որոնք ընդհանուր առմամբ հանդիսանում են «արդարության բոլոր պահանջներից» առաջնայինը»:

Պատասխանողն ակնհայտ է համարում, որ վիճարկվող դրույթը, սահմանելով դատավճիռը դատապարտյալին կամ արդարացվածին, նրանց պաշտպանին և մեղադրողին որոշակի ժամկետում հանձնելու դատարանի պարտականությունը, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին նույն պատճենը հանձնելու համար պահանջում է միջնորդություն։ Նման տարբերակված մոտեցումն առաջացնում է արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման խտրական և անհավասար պայմաններ, ինչը կարող է խաթարել արդարադատության մատչելիության իրավունքի իրացումը: Պատասխանողը եզրակացնում է, որ վիճարկվող իրավադրույթն այդ առումով հակասում է Սահմանադրության պահանջներին:

 

3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հարցադրումները

Սահմանադրական դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1394 որոշմամբ գտել է, որ Օրենսգրքի 375-րդ հոդվածը «համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ հոդվածի՝ «պետք է հանձնվի» և «հանձնվում է» արտահայտությունները նշանակում են ամբողջական ակտի՝ ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելն օրենքով նախատեսված սուբյեկտներին՝ պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը»: Օրենսգրքի 375-րդ հոդվածի սահմանադրականությունը նշված գործով վիճարկվել է միայն այն մասով, որ չի սահմանում դատական ակտը հրապարակելու օրը կողմին տրամադրելու դատարանի պարտականություն, և Սահմանադրական դատարանի քննության առարկա է եղել միայն այդ հարցը, ուստի, վերոհիշյալ որոշման առկայությունը վիճարկվող դրույթի քննության համար արգելք չէ։

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալ հարցադրումները.

- արդյո՞ք քրեական դատավարության կողմերին դատավճռի պատճենը հանձնելու տարբեր կարգերի սահմանման դեպքում խախտվում են օրենքի առջև ընդհանուր հավասարության սահմանադրական սկզբունքը և խտրականության արգելքը,

- արդյո՞ք դատավճռի պատճենն ստանալու համար տուժողին, քաղաքացիական հայցվորին և քաղաքացիական պատասխանողին միջնորդություն ներկայացնելու պահանջ առաջադրելու դեպքում խախտվում է քրեական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը և, հետևաբար, նաև դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները,

- արդյո՞ք վիճարկվող իրավադրույթը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ իրավադրույթներն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր են սահմանում քրեական դատավարությունում տուժող կամ քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող ճանաչված անձանց դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացման համար,

- արդյո՞ք վիճարկվող իրավադրույթը համապատասխանում է որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելու է Սահմանադրության 28-րդ, 29-րդ հոդվածների, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի և 75-րդ, 79-րդ հոդվածների համատեքստում:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են Սահմանադրությամբ (28 և 29-րդ հոդվածներ) և ՀՀ քրեական դատավարական օրենսդրությամբ (8-րդ հոդված), ինչպես նաև մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (7-րդ հոդված), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (26-րդ հոդված), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (14-րդ հոդված) և այդ կոնվենցիային կից 12-րդ Արձանագրությամբ: Այդ իրավադրույթներից բխում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները:

Սահմանադրական դատարանը, մեկնաբանելով խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքը, գտել է, որ «ենթադրյալ խտրականության դեպքում առկա պետք է լինի մի իրավիճակ, երբ տվյալ կոնկրետ սուբյեկտի նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում նույն իրավիճակում գտնվող այլ սուբյեկտի համեմատությամբ, ում նկատմամբ վերաբերմունքն ավելի բարենպաստ է» (ՍԴՈ-967, 7 հունիսի 2011թ.):

Անդրադառնալով սույն գործով դիմողի պնդմանն առ այն, որ վիճարկվող հոդվածը չի ապահովում քրեական դատավարության մասնակիցների հավասարությունն օրենքի առջև, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընդհանուր հավասարության սկզբունքի պահպանվածությունն, անկասկած, գնահատվում է այլ անձանց հետ համեմատության համատեքստում։ Միաժամանակ հարկ է նշել, որ անձի որոշակի դատավարական կարգավիճակի ճանաչման պահից դատավարության յուրաքանչյուր մասնակից օժտվում է իրավունքների և պարտականությունների որոշակի շրջանակով՝ թե' բոլոր մասնակիցների համար ընդհանուր իրավունքներով ու պարտականություններով, թե' դատավարության տվյալ մասնակցի կարգավիճակին բնորոշ հատուկ իրավունքներով ու պարտականություններով։

Օրենսգրքի «Կողմերը և քրեական դատավարության մասնակցող անձինք» վերտառությամբ 3-րդ բաժինը հստակ առանձնացնում է մեղադրանքի կողմը (7-րդ գլուխ), պաշտպանության կողմը (8-րդ գլուխ), ներկայացուցիչներ և իրավահաջորդներ (9-րդ գլուխ), քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք (10-րդ գլուխ):

Օրենսգրքի 23-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ»: Բացի դրանից, նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է դրույթ, համաձայն որի՝ «Քրեական դատավարության ընթացքում կողմերն իրենց դիրքորոշումը, այն պաշտպանելու եղանակները և միջոցներն օրենքի շրջանակներում ընտրում են ինքնուրույն` անկախ դատարանից, այլ մարմիններից և անձանցից: Դատարանը, կողմի միջնորդությամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրան ձեռք բերելու անհրաժեշտ նյութեր»։

Այսպիսով, քրեական դատավարության մասնակիցները հավասար են օրենքի առջև հենց քրեական դատավարական օրենսդրությամբ նրանց համար նախատեսված իրավունքների և պարտականությունների շրջանակներում և ծավալով, հակառակ դեպքում՝ դատավարության տարբեր մասնակիցներին դատավարական բոլոր գործընթացներում մասնակցության ամբողջ գործիքակազմով և հավասար հնարավորություններով օժտելն իմաստազրկում է անձի դատավարական կարգավիճակի բովանդակությունը:

4.2. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ընդգրկում է նաև անձի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության համար դատարան դիմելու և կայացված դատական ակտն ստանալու և բողոքարկելու հնարավորությունը (դատարանի մատչելիություն), դատարանի որոշումների հիմնավորվածությունը և վերջնական բնույթը, ինչպես նաև վերջնական դատավճիռների ժամանակին ի կատար ածելը։

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Գործի քննության արդարացիությունն ընդգրկում է նաև մրցակցային դատավարության և կողմերի իրավահավասարության պահանջներ։ Դատավարության մրցակցային բնույթը նշանակում է, որ գործին առնչվող նյութերն ու ապացույցները պետք է հասանելի լինեն երկու կողմերին, և նրանք պետք է ունենան հակառակ կողմի ներկայացրած ապացույցներին և փաստարկներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու հնարավորություն։ Կողմերի իրավահավասարությունը ենթադրում է կողմերի գործը ներկայացնելու հավասար հնարավորությունների ապահովում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատավարության կողմերի հավասարության սկզբունքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր, պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին ողջամիտ հնարավորություն տրվի իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որոնք նրա հակառակորդի պայմանների համեմատ էականորեն անբարենպաստ չեն (Kress v. France [GC], no. 39594/98, § 72, ECHR 2001-VI, Wynen and Centre Hospitalier Interregional Edith Cavell v. Belgium, no.32576/96, 05/11/2002, § 32, Yvon v. France, no.44962/98, 24/04/2003, § 31, Matyjek v. Poland, no. 38184/03, 24/04/2007, § 55, Nikolova and Vandova v. Bulgaria, no.20688/04, 17/12/2013, § 91):

 Օրենսգիրքը 7, 8 և 9-րդ գլուխներում սահմանում է մեղադրանքի և պաշտպանության կողմերի, ինչպես նաև նրանց ներկայացուցիչների իրավունքները։ Երկու կողմն էլ իրավունք ունեն ստանալ դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը, բողոքարկել դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը, առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման դեմ դատավարության մյուս մասնակիցների կողմից բերված բողոքների վերաբերյալ:

Դատավճռի պատճենն անվճար ստանալն ամրագրված է որպես քրեական դատավարության մասնակիցների ինքնուրույն իրավունք (Օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ կետ, 61-րդ հոդվածի 11-րդ կետ, 65-րդ հոդվածի 19-րդ կետ, 75-րդ հոդվածի 12-րդ կետ, 77-րդ հոդվածի 14-րդ կետ), և այդ իրավունքի հավասար տրամադրումը դատավարության երկու կողմերին առաջին հերթին բխում է քրեական դատավարության մրցակցության սկզբունքից և կողմերին դատավարության շրջանակներում հավասար հնարավորություններ տրամադրելու անհրաժեշտությունից, ինչն անձի արդար դատաքննության իրավունքի իրացման երաշխիքներից է:

Դատավարության մասնակիցների՝ դատավճռի պատճենն ստանալու իրավունքի օրենսդրական երաշխավորումը, ըստ էության, հետապնդում է երկու նպատակ, այն է՝ ապահովել, որպեսզի դատավարության մասնակիցը.

- տեղեկացվի դատավճռի հիմնավորումներին և կողմնորոշվի, թե որքանով է դատավճիռն անմիջականորեն սահմանափակում իր իրավունքները և ազատությունները կամ այլ կերպ անմիջականորեն առնչվում իր շահերին,

- հնարավորություն ունենա իրացնել դատավճռի բողոքարկման իր իրավունքը, եթե գտնում է, որ այն խախտում է իր իրավունքները և օրինական շահերը:

Օրենսգրքի 375-րդ հոդվածի վերտառությունից ակներև է դառնում, որ հոդվածը վերաբերում է դատավճռի պատճենը դատապարտվածին կամ արդարացվածին հանձնելուն: Այդուհանդերձ, հոդվածում Օրենսդիրը ներառել է դատավարության մասնակիցների ավելի լայն շրջանակ և վերջիններիս փաստացի բաժանել է երկու խմբի` դատապարտված, արդարացված, պաշտպան ու մեղադրող, որոնց դատավճռի պատճենը հանձնվում է անվերապահորեն, և տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող ու նրանց ներկայացուցիչներ, ում դատավարական այդ փաստաթուղթը տրվում է որոշակի պայմանի, այն է` նրանց միջնորդության առկայության դեպքում:

Սահմանադրական դատարանը 2010 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-881 որոշմամբ խտրականության արգելման սկզբունքի վերաբերյալ իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի՝ խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է դիտարկվել որպես խտրականություն, և թույլատրելի է համարվում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում:

Թեև տուժողը, և քաղաքացիական հայցվորը դատախազի (մեղադրողի) հետ միասին մեղադրանքի կողմն են (Օրենսգրքի 6-րդ հոդվածի 21-րդ կետ), իսկ նշված անձինք մեղադրյալի, պաշտպանի և քաղաքացիական պատասխանողի հետ միասին նաև համարվում են դատավարության մասնակիցներ (Օրենսգրքի 6-րդ հոդվածի 31-րդ կետ), նրանց դատավարական իրավունքների և պարտականությունների համադրումն ու համալիր ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ ծավալային և բովանդակային առումով դրանք չեն համընկնում (Օրենսգրքի 54, 59, 61, 65, 73 և 75-րդ հոդվածներ): Ավելին, դրանցում կան որոշակի տարբերություններ, որոնք պայմանավորված են քրեական դատավարության այս կամ այն մասնակցի կարգավիճակի առանձնահատկություններով:

Այսինքն` դատավարության մասնակիցների իրավունքների ծավալային անհամապատասխանությունը կամ բովանդակային ոչ նույնականությունը տվյալ դեպքում պայմանավորված է այնպիսի օբյեկտիվ հիմքով, ինչպիսին նրանց դատավարական կարգավիճակների տարբերությունն է:

Իր հերթին դատավարության մասնակցի կարգավիճակը կանխորոշվում է քրեական վարույթի շրջանակներում նրա ունեցած իրավաչափ շահերով և դրանց բավարարմանը հասնելու ողջամիտ ձգտումով: Այլ կերպ ասած` վարույթի այս կամ այն մասնակցի իրավունքների և պարտականությունների շրջանակը սահմանելիս օրենսդիրը ելնում է նրա շահերի արդյունավետ պաշտպանության հնարավորություններ ստեղծելու իրավաչափ նպատակից:

Դատավճռի պատճենը դատավարության կողմերին հանձնելու՝ նման տարբերակված մոտեցումը հետապնդում է նաև դատարանների աշխատանքն անհարկի չծանրաբեռնելու և արդարադատության պատշաճ կառավարում ապահովելու իրավաչափ նպատակ։ Այդ մասին է վկայում ՀՀ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված տեղեկատվությունը, համաձայն որի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2016-2017 թվականների ընթացքում ստացված 7310 վերաքննիչ բողոքներից՝ տուժողի (տուժողի իրավահաջորդի), քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի և նրանց ներկայացուցիչների (այդ թվում՝ օրինական) կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների թիվը կազմել է ընդամենը 121, որն ընդհանուր թվի մոտ 1.6 % է, որից միայն 8-ն է թողնվել առանց քննության՝ ժամկետանց լինելու հիմքով:

Ինչ վերաբերում է դիմողի այն փաստարկին, որ տուժողի՝ դատավճիռը բողոքարկելու իրավունքի իրացումն առկախվում է նրա դրական (ակտիվ) վարքագծից, այն է՝ դատավճիռը պահանջելու հանգամանքից, և դատավճիռն ստանալու համար նրան անհարկի ծանրաբեռնում են միջնորդություն ներկայացնելու պարտականությամբ, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 375-րդ հոդվածում ամրագրված պայմանը չի սահմանափակում տուժողի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։

Վիճարկվող հոդվածի և դրա հետ համակարգային ամբողջության մեջ գտնվող Օրենսգրքի մյուս հոդվածների վերաբերելի դրույթների վերլուծությունից հետևում է, որ դատավճռի պատճենն ստանալու համար միջնորդություն ներկայացնելը շահագրգիռ անձի համար իրավաբանական բարդություններ չի ստեղծում կամ հավելյալ լուրջ դժվարություններ (լրացուցիչ ջանքերի գործադրում, նոր ծախսերի կատարում և այլն) չի առաջացնում: Բացի դրանից, միջնորդության քննությունը խճճված կամ անհարկի ընթացակարգեր հաղթահարելու կամ դատավճռի պատճենը չստանալու ռիսկեր չի պարունակում, քանի որ դատարանն այդ դեպքում անվերապահորեն պարտավոր է տրամադրել դատավճռի պատճենը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սկզբունքորեն ընդունելի համարելով արդարադատության պատշաճ իրականացման նպատակով օրենսդրությամբ ընթացակարգային սահմանափակումների և պահանջների սահմանումը, գտնում է, որ դիմողը պարտավոր է զգալի ջանքեր ցուցաբերել դատավարական ընթացակարգային պահանջների կատարման ուղղությամբ (Jodko v. Lithuania, no.39350/98, որոշում դիմումի ընդունելիության մասին, 7/09/1999)։

Դատավճռի բողոքարկման ժամկետների առումով ևս տուժողը կամ այդ խմբի մեջ մտնող մյուս սուբյեկտները դատավարության այլ մասնակիցների համեմատ ոչ շահավետ կամ էականորեն անբարենպաստ իրավիճակում չեն հայտնվում, քանի որ դատավարության բոլոր մասնակիցների համար այդ ժամկետները նույնն են։

4.3. Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ վերոհիշյալ տարբերակված մոտեցումը կարող է արդարացված լինել միայն այն պարագայում, երբ առկա են տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի, նրանց ներկայացուցիչների մասով դատավճռի պատճենն ստանալու համար միջնորդություն ներկայացնելու հնարավորության ապահովման օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Ընդ որում, այդպիսի երաշխիքներից առաջնայինն այն է, որ տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը, նրանց ներկայացուցիչները դատավճռի պատճենն ստանալու համար միջնորդություն ներկայացնելուց առաջ տեղյակ լինեն դատավճռի հրապարակման մասին:

Օրենսգրքի համակարգային վերլուծությունը վկայում է, որ դատական նիստերի տեղի և ժամի մասին դատավարության կողմին ծանուցելու դատարանի պարտականությունն ամրագրված է Օրենսգրքի վերաքննիչ (Օրենսգրքի 390-րդ հոդված) և վճռաբեկ (Օրենսգրքի 417-րդ հոդված) վարույթներին վերաբերող դրույթներում, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի վարույթի շրջանակներում միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության (285-րդ հոդված) և ձերբակալման դեմ բողոքի քննության (289.4-րդ հոդված) մասերով: Մնացած դեպքերում առաջին ատյանի դատարանում քրեական գործով դատական նիստերի տեղի և ժամի մասին դատավարության կողմերին ծանուցելու վերաբերյալ ուղղակի պահանջ ամրագրված չէ, ինչպես նաև բացակայում է դատավճռի հրապարակման տեղի և վայրի մասին ծանուցելու վերաբերյալ որևէ կարգավորում: Սակայն Օրենսգրքի 307, 308 և 305-րդ հոդվածների բովանդակությունից ուղղակիորեն բխում է այդ անձանց դատական նիստերի տեղի և ժամի մասին պատշաճ կարգով ծանուցելու՝ դատարանի պարտականությունը:

Օրենսգրքի 101-րդ հոդվածը երաշխավորում է դատավարությանը մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների պարզաբանումը և դրանց իրականացման հնարավորության ապահովումը: Հիշյալ հոդվածի համաձայն՝ բացի նրանից, որ «դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները և պարտականությունները, իր ընտրած դիրքորոշման իրավական հետևանքները, իր մասնակցությամբ կատարվող դատավարական գործողությունների նշանակությունը», «քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը»: Հարկ է նշել, որ նաև «դատավարության մասնակցի կարգավիճակ ձեռք բերած անձին նրա իրավունքները և պարտականությունները պարտադիր պարզաբանվում են նախքան նրա մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններն սկսվելը և նրա կողմից` որպես դատավարության մասնակից որևէ դիրքորոշում արտահայտելը: Դատարանը պարտավոր է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները` անկախ դրանց քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում պարզաբանումից»:

Օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն՝ միջնորդությունները և պահանջները պետք է պարտադիր քննության առնվեն, իսկ նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է դրույթ, համաձայն որի՝ «միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: Միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ոչ ժամանակին հարուցված միջնորդությունը թողնվում է առանց քննության»: Բացի դրանից՝ «միջնորդության կամ պահանջի վերաբերյալ ընդունված որոշման մասին քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես տեղյակ է պահում դիմողին»:

Ելնելով վերոշարադրյալից՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Օրենսգրքով սահմանված կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը վերն արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակում ապահովում են վիճարկվող իրավադրույթում նշված դատավարության կողմերի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացումը:

4.4. Անդրադառնալով դիմողի այն պնդմանը, որ վիճարկվող քրեադատավարական դրույթը չի համապատասխանում որոշակիության սահմանադրական սկզբունքին, որովհետև «չի սահմանում դատավճռի օրինակը տուժողի կողմից դատարանից պահանջելու հստակ ժամկետ», Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Քննության առարկա հոդվածի առաջին նախադասությամբ հստակ սահմանվում է այն ժամանակահատվածը՝ «դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում», որի ընթացքում «պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին»: Նշված ժամանակահատվածը վերաբերում է նաև հոդվածի երկրորդ նախադասությունում նշված դատավարության մյուս մասնակիցներին՝ տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին:

Դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովելու քրեական դատավարության պատշաճ իրականացումը։ Օրենսդրությամբ սահմանված այդ ժամկետների շրջանակում էլ վիճարկվող իրավադրույթում նշված անձինք պարտավոր են դրսևորել անհրաժեշտ վարքագիծ դատավճռի պատճենն ստանալու և դատավճիռը բողոքարկելու համար։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի «Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ» դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

18 սեպտեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1426