Գլխավոր տեղեկություն
Համար
N 908-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.08.24/64(1422) Հոդ.908
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2018 թվականի N 908-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16‑ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66‑Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի երկրորդ մասի տասներորդ կետով, 172-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ և չորրորդ մասի երկրորդ կետերով, 191-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերությամբ, 13-րդ հոդվածի երկրորդ մասով, 15-րդ հոդվածի յոթերորդ պարբերությամբ, 18-րդ հոդվածի առաջին մասով, 19-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին:

2. Հաստատել՝

1) բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից լիազորված մարմին ներկայացվող տեղեկությունների և հաշվետվության ձևերը` համաձայն N 4 (N 1 ձև), N 5 (N 2 ձև) ու N 6 (N 3 ձև) հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրականացվող բարեգործական ծրագրերի, դրանց կատարման ընթացքի ու դրանց շրջանակներում իրականացված գործարքների մասին ստացված տեղեկատվությունը, եթե այն չի տրված լիազորված մարմնի կողմից, այն ստացվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում ուղարկել վերջինիս:

4. Լիազորված մարմնին՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաղորդում՝ նախորդ տարում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին:».

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2018 թ. օգոստոսի 21

Երևան

  

  

  

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 16-ի N 908-Ն որոշման

 

  

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 66-Ն որոշման

 

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգը սահմանում է ծրագիրը բարեգործական որակելու, այդպիսի ծրագրերի հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների (այսուհետ՝ հարակից գործարքներ) շրջանակը որոշելու վերաբերյալ հայտը (այսուհետ՝ հայտ) ներկայացնելու, քննարկելու, որոշում ընդունելու, բարեգործական որակում ունեցող ծրագրերը գրանցելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև նշված որակումը փոփոխելու ընթացակարգերը:

2. Ծրագրերը բարեգործական որակելու և հարակից գործարքների շրջանակը որոշելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. Ծրագիրը սույն կարգով սահմանված ընթացակարգով բարեգործական որակելու հարցը կարող է դրվել այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացնող անձինք (բարեգործներ, կամավորներ)՝

1) ակնկալում են խրախուսում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված).

2) նախատեսում են ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից (այսուհետ՝ հարկային արտոնություններ), եթե նշված հարկային արտոնությունները կամ հիշյալ որակումն ուղղակիորեն չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մաս).

3) ակնկալում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ համապատասխան համայնքից ստանալ նյութատեխնիկական աջակցություն և դրամական օժանդակություն («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մաս):

4. Բարեգործական որակման ներկայացվող ծրագրում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվում են դրանց կատարողները և ստացողները: Ծրագիրը ներառում է նաև կանխատեսվող մուտքերի և ծախսերի («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդված) նախահաշիվը, սահմանում է ծրագրի իրականացման փուլերն ու ժամկետները: Ծրագիրը կարող է ներառել այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն, այլ հիմնավորումներ, որոնք կարևոր կհամարվեն ծրագիրն իրականացնողների կողմից:

5. Հարակից գործարքների շրջանակը որոշելու համար հայտում պետք է նկարագրվեն ծրագրի շրջանակներում նախատեսվող գործարքները, որոնցով ծրագիրն իրականացնողները նախատեսում են հարկային արտոնությունների, դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը ծրագրի իրականացման համար և դրանցից յուրաքանչյուրի առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները և արժեքը: Հարակից գործարքները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի արդյունավետ կատարումն ապահովելուն, մասնավորապես՝ ապրանքների ներմուծումը, ձեռքբերումը, ստացումը, մաքսային ձևակերպումը, փոխադրումը, բեռնաթափումը, սերտիֆիկացումը, պահպանումը, պահեստավորումը և (կամ) բաշխումը, ինչպես նաև ծառայությունների մատուցումն ու աշխատանքների կատարումն ապահովելուն և (կամ) կազմակերպելուն: Այդ գործարքների կողմ պետք է հանդիսանա ծրագիրն իրականացնող անձը: Ընկերությունը, որի հիմնադիրն է կամ որին մասնակից է ծրագիրն իրականացնող անձը, այդ գործարքները կատարող կողմ չի կարող հանդիսանալ:

6. Ծրագիրն իրականացնողը հայտը ներկայացնում է «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորված մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին):

7. Ծրագիրն իրականացնողը հայտը կարող է ներկայացնել պետական կառավարման այն մարմին, որի գործունեության ոլորտին առնչվում է ծրագիրը: Վերջինս, 10 օրացուցային օրվա ընթացքում, կցելով իր կարծիքը ծրագրի վերաբերյալ, հայտը ներկայացնում է լիազորված մարմին:

8. Յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ լիազորված մարմին պետք է ներկայացվի առանձին հայտ:

9. Բացի ծրագրի և (կամ) հարակից գործարքների՝ սույն կարգի 4-րդ կետում նշված նկարագրությունից, հայտին կարող են կցվել ծրագրին առնչվող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, նյութեր, այլ հիմնավորումներ, այդ թվում՝ ծրագրի մասին համապատասխան պետական մարմինների կարծիքները, եթե այդպիսիք ստացվել են ծրագիրն իրականացնողի նախաձեռնությամբ:

10. Հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվությունը կրում է ծրագիրն իրականացնողը:

11. Եթե հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում կամ չեն բավարարում սույն կարգի պահանջներին, ապա լիազորված մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ծրագիրն իրականացնողին տեղեկացնում է այդ մասին, որից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում պատասխանը չստացվելու դեպքում հայտը հանվում է քննարկումից:

12. Հայտը պետք է ներկայացվի վաղօրոք՝ ծրագրի իրականացումը նախաձեռնելուց առնվազն 30 օր առաջ, իսկ հարակից գործարքի վերաբերյալ հայտը՝ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված ժամկետից առնվազն 5 օր առաջ:

13. Հայտը և կից ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:

14. Հայտը լիազորված մարմին ստացվելուց հետո, մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելը, բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) ապահովում է Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքների ստացումը հայտի վերաբերյալ և դրանց հիման վրա՝ քննարկման արդյունքում առաջարկություն է ներկայացնում լիազորված մարմին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարծիքների ստացումը պարտադիր է:

15. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունները և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց կարծիքները ծրագրի վերաբերյալ պետք է հայտնեն համապատասխան նյութերն ստացվելուց հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

16. Հայտի քննարկումն իրականացվում է նիստերի, հարցման (հեռակա քվեարկության) միջոցով: Հայտի քննարկման առավելագույն ժամկետը 30 օրացուցային օր է:

17. Հանձնաժողովում հայտը քննարկվում է ծրագիրն իրականացնողի մասնակցությամբ: Քննարկման օրվա, ժամի և վայրի (հասցե, սենյակ) մասին ծրագիրն իրականացնողը պետք է տեղեկացվի առնվազն 2 օր առաջ: Պատշաճ տեղեկացված ծրագիրն իրականացնողի բացակայությունը խոչընդոտ չէ քննարկման համար, սակայն կարող է հայտի քննարկումը հետաձգելու մասին որոշում ընդունելու հիմք հանդիսանալ:

18. Հայտի քննարկումը կարող է հետաձգվել նաև այն դեպքում, երբ որոշում ընդունելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ:

19. Հայտի քննարկումը հետաձգելու մասին հանձնաժողովի որոշած ժամկետը չի կարող 30 օրվանից ավելի լինել:

20. Հանձնաժողովը հայտի քննարկման արդյունքում ծրագիրը բարեգործական որակելու և (կամ) հարակից գործարքների շրջանակի մասին իր առաջարկությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազորված մարմին, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում և պատշաճ կարգով ուղարկում է հայտը ներկայացնողին:

21. Ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ, ծրագիրն իրականացնողի համաձայնությամբ, կարող են փոփոխվել ծրագրի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև սահմանվել ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգ:

22. Լիազորված մարմնի որոշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) ծրագիրն իրականացնողը.

2) ծրագիրը որակելու նպատակը՝ ըստ սույն կարգի 3-րդ կետի.

3) հարակից գործարքների վերաբերյալ որոշման մեջ պետք է հղում կատարվի լիազորված մարմնի այն որոշմանը, որով հարակից գործարքներին առնչվող ծրագիրը (ծրագրերը) որակվել է (են) բարեգործական.

4) ծրագիրը որակելու և (կամ) հարակից գործարքների մասին դրույթները.

5) ծրագրի իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունները (եթե լիազորված մարմինը սույն կարգի 21-րդ կետին համապատասխան սահմանել է այդպիսի փոփոխություններ).

6) ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգը.

7) ծրագիրն իրականացնողի կողմից լիազորված մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալն ու պարբերականությունը:

23. Լիազորված մարմնի որոշմանը պետք է կցվի ծրագիրը կամ որոշումը պետք է բովանդակի սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկությունների համառոտ շարադրանքը:

24. Ծրագրի որակման և հարակից գործարքների վերաբերյալ հայտը կարող է մերժվել, եթե հայտում և կից փաստաթղթերում ներկայացված տվյալներն ու տեղեկությունները չեն բավարարում սույն կարգի պահանջներին կամ հիմնավորված կամ հավաստի չեն:

25. Ծրագիրն իրականացնողը (ծրագիրն իրականացնողի ոչ ռեզիդենտ հանդիսանալու դեպքում` բարեգործություն ստացողը) ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին տեղեկությունները լիազորված մարմին է ներկայացնում լիազորված մարմնի որոշմամբ սահմանված ծավալով ու պարբերականությամբ (համաձայն NN 4 և 5 հավելվածների):

26. Բարեգործական կազմակերպությունը, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջին համապատասխան, լիազորված մարմին է ներկայացնում իր գործունեության մասին տարեկան հաշվետվությունը (համաձայն N 6 հավելվածի):

27. Լիազորված մարմինը ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում՝

1) ծրագրի կատարման արդյունքների հանձնման-ընդունման միջոցով, եթե նման կարգ է սահմանված ծրագրով կամ ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ.

2) ծրագիրն իրականացնողի, այլ շահագրգիռ կողմերի՝ սեփական նախաձեռնությամբ կամ սույն կարգին համապատասխան հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև բարեգործական աջակցություն ստացողների հարցման արդյունքում ձեռք բերված տվյալների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին և «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կատարված ստուգումների արդյունքների ուսումնասիրության միջոցով:

28. Սույն կարգի 25-րդ կետում նշված տեղեկությունները ծրագիր իրականացնողի կողմից լիազորված մարմին չներկայացվելու, ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկություններ հայտնաբերվելու, ծրագիրն իրականացնողի գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների էական խախտումների առկայության կամ ծրագրի նպատակները չիրականացվելու դեպքերում լիազորված մարմինն իրավասու է գրավոր զգուշացնելու ծրագիրն իրականացնողին, ինչպես նաև վերանայել ծրագիրը բարեգործական որակելու և (կամ) հարակից գործարքների մասին իր որոշումները, իսկ եթե նման որակում տրված է այլ իրավական ակտերով, ապա վերջինս իրավասու է այդ որակումը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը սահմանված կարգով ներկայացնել տվյալ իրավական ակտն ընդունած մարմին:

29. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործարքներ, ինչպես նաև ապրանքների ներմուծման գործառնություններ ներառող ծրագրերի մասին որոշման օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան