Գլխավոր տեղեկություն
Համար
N 884-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.03/47(1060) Հոդ.787
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2014

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2014 թվականի N 884-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 429 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Միջազգային ֆինանսավորող կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ պլանավորման և իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 31.08.17 N 1085-Ն)

1. Հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, ինչպես նաև առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին և համայնքների ղեկավարներին (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար պայմանական պարտավորություններ առաջացնող ծրագրերի դեպքում) (այսուհետ` ծրագրեր իրականացնող մարմիններ) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների ֆինանսավորմամբ վարկային կամ դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ կամ առաջարկություն ստանալու դեպքում, ինչպես նաև համապատասխան ծրագրերի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն և հաշվետվություններ՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 23.08.18 N 961-Ն)

3. Սահմանել որ՝

1) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (համաձայնությամբ) և համայնքի ղեկավարի (համաձայնությամբ) կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ են ներկայացվում նաև այն ծրագրերի համար, որոնց մասով բանակցություններն սկսվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և չեն ավարտվել.

2) ծրագրեր իրականացնող մարմինները սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ են ներկայացնում գործող և դեռևս չավարտված, ինչպես նաև այն ծրագրերի համար, որոնց մասով բանակցություններն սկսվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, և նոր նախաձեռնությունների համար, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված հաշվետվությունը և տեղեկատվությունը՝ միայն գործող և դեռևս չավարտված ծրագրերի համար, իսկ 10-րդ կետով նախատեսված հաշվետվությունը ներկայացվում է նոր նախաձեռնությունների, ինչպես նաև այն ծրագրերի համար, որոնց մասով բանակցություններն սկսվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և չեն ավարտվել:

(3-րդ կետը փոփ. 23.08.18 N 961-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված հաշվետվություններն ու տեղեկատվությունները ներկայացնելու ձևերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 9-ի «Վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից վարկային միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի մասին» N 429 որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և» բառերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 28

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 7-ի N 884-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կամ իրականացվելիք ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր) մասին տեղեկատվություն ներկայացնելու, գործող ծրագրերի հաշվետվողականության կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համաձայնության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և համայնքները (այսուհետ` ծրագրեր իրականացնող մարմիններ) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների ֆինանսավորմամբ վարկային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ կամ նման ծրագրին մասնակցելու վերաբերյալ առաջարկություն ստանալու դեպքում դրա մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնելով՝

1) վարկային և (կամ) դրամաշնորհային ծրագրի նկարագրությունը` առնվազն ներառելով ծրագրի նպատակը, հիմնախնդրի նկարագրությունը և իրավիճակի համառոտ վերլուծությունը, նախատեսվող (առաջարկվող) աշխատանքների շրջանակը, երկրի ռազմավարական զարգացման և ոլորտային զարգացման ծրագրերի առաջնահերթություններին և համարժեք դրույթներին ներդաշնակությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով ամրագրված նպատակադրումներին (տնտեսական աճին կամ ոլորտի զարգացմանը, ներդրումներին, արտահանմանը և աշխատատեղերի ստեղծմանը) նպաստելու աստիճանը, հնարավորությունը և բնույթը, նախաձեռնության իրականացման ակնկալվող անմիջական և հարակից արդյունքները.

2) ֆինանսավորման նախնական գնահատված ծավալը, ֆինանսական ռեսուրսների դիտարկվող աղբյուրները, ֆինանսավորման նախատեսվող պայմանները (այդ թվում՝ ժամկետները, տոկոսադրույքը).

3) տեղեկատվություն ծրագրի իրականացման եղանակների մասին, ծրագրի իրականացման այլընտրանքային եղանակները, պետական-մասնավոր գործընկերությամբ իրականացնելու հնարավորությունը.

4) ծրագրի հիմնական նպատակի, խնդրի և (կամ) դրա առանձին բաղադրիչների ուղղությամբ իրականացվող այլ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն.

5) շահառուների շրջանակը` հնարավորության և անհրաժեշտության դեպքում ազդեցության բնույթը.

6) դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների պլան-ժամանակացույցը.

7) ծրագիրն իրականացնելու հրատապությունը և չիրականացնելու դեպքում ռիսկերի նկարագրությունը.

8) տեղեկատվություն բանակցային և ծրագրի հետագա իրականացման փուլում առկա կամ հնարավոր ռիսկերի մասին.

9) վարկային ծրագրի դեպքում՝ վարկի մարման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա վարկի ազդեցության մասին տեղեկատվությունը.

10) ծրագրի բյուջեի բացվածքի մասին մանրամասն հաշվարկ-հիմնավորումները.

11) այլ տեղեկատվություն (նախաձեռնությունը ներկայացնողի հայեցողությամբ):

(2-րդ կետը լրաց. 31.03.16 N 316-Ն, խմբ. 31.08.17 N 1085-Ն, փոփ. 23.08.18 N 961-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ծրագրով նախատեսված ոլորտը համակարգող պետական մարմին` նախնական ուսումնասիրության և կարծիքի:

(3-րդ կետը լրաց., փոփ. 31.08.17 N 1085-Ն, փոփ. 23.08.18 N 961-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, իսկ այլ մարմին ներկայացված լինելու դեպքում՝ նաև ծրագրով նախատեսված ոլորտը համակարգող պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը և կարծիքը ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

(4-րդ կետը փոփ. 31.08.17 N 1085-Ն, 23.08.18 N 961-Ն)

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կարծիքներն ստանալուց հետո ամփոփում է դրանք և ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, ով հանձնարարականներ է տալիս ներկայացված ծրագրին մասնակցելու գործընթացը շարունակելու, որոշակի պայմաններով շարունակելու կամ դադարեցնելու մասին:

(5-րդ կետը փոփ. 23.08.18 N 961-Ն)

6. Ներկայացված ծրագրին մասնակցելու գործընթացը շարունակելու կամ որոշակի պայմաններով շարունակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականն ստանալու դեպքում՝ դիմող պետական մարմինը կարող է սկսել բանակցությունները՝ դրանց ընթացքում սույն կարգի 2-րդ կետով սահմանված տվյալներում էական փոփոխությունների կատարման դեպքում դրա մասին տեղեկատվությունը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Բանակցությունները վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է ստեղծվել աշխատանքային խումբ:

(6-րդ կետը փոփ. 23.08.18 N 961-Ն)

7. Ծրագիրը (համաձայնագրերը, պայմանագրերը) սահմանված կարգով հաստատվելուց կամ վավերացվելուց հետո ծրագիր իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքի մասին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հաստատված ձևի կամ հանձնարարականում նշված այլ ձևաչափով:

(7-րդ կետը փոփ., լրաց. 31.08.17 N 1085-Ն, փոփ. 23.08.18 N 961-Ն)

8. Ծրագրեր իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում տեղեկատվություն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող (նախատեսվող, բանակցային փուլում գտնվող և գործող) ծրագրերի մասին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հաստատված ձևի կամ հանձնարարականում նշված այլ ձևաչափով:

(8-րդ կետը փոփ., լրաց. 31.08.17 N 1085-Ն, փոփ. 23.08.18 N 961-Ն)

9. Ծրագրեր իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում տեղեկատվություն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հաշվետու տարում կատարված կամ ընթացքում գտնվող, ինչպես նաև կատարվելիք (նախատեսվող) գնումների մասին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հաստատված ձևի կամ հանձնարարականում նշված այլ ձևաչափով:

(9-րդ կետը փոփ., լրաց. 31.08.17 N 1085-Ն, փոփ. 23.08.18 N 961-Ն)

10. Ծրագրեր իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պլան-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հաստատված ձևի կամ հանձնարարականում նշված այլ ձևաչափով:

(10-րդ կետը փոփ., լրաց. 31.08.17 N 1085-Ն, փոփ. 23.08.18 N 961-Ն)

11. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը սույն կարգի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերում նշված հաշվետվությունն ու տեղեկատվությունը, իսկ 9-րդ կետում նշված տեղեկատվությունը բոլոր մարմիններից ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և (կամ) միջազգային ֆինանսավարկային կառույցների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ աշխատանքները համակարգող փոխվարչապետին:

(11-րդ կետը խմբ. 31.08.17 N 1085-Ն, փոփ. 23.08.18 N 961-Ն)

12. Միջազգային ֆինանսավարկային կառույցների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ աշխատանքները համակարգող փոխվարչապետի մոտ կարող են տեղի ունենալ քննարկումներ ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ, որոնց մասնակցում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև կարող են մասնակցել ծրագրերն իրականացնող գրասենյակների (կազմակերպությունների) ղեկավարները (համաձայնությամբ):

(12-րդ կետը փոփ. 31.08.17 N 1085-Ն, 23.08.18 N 961-Ն)

13. Միջազգային ֆինանսավարկային կառույցների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ աշխատանքները համակարգող փոխվարչապետն ամփոփում է քննարկման արդյունքները և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է տալ հանձնարարականներ ներկայացված ծրագրերի իրականացման վերաբերյալ:

(13-րդ կետը փոփ. 31.08.17 N 1085-Ն, 23.08.18 N 961-Ն)

(հավելվածը լրաց. 31.03.16 N 316-Ն, խմբ., լրաց., փոփ. 31.08.17 N 1085-Ն, փոփ. 23.08.18 N 961-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան