Գլխավոր տեղեկություն
Համար
N 1186-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 31.10.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1186-Լ

 

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-380-1.10.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-380-1.10.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում և դրանց հարող տարածքում արգելել եկեղեցու և նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքների կազմակերպումն ու անցկացումը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն Հայաստանի Հանրապետության դրական պարտականությունները Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանության ուղղությամբ, և իրավական կառուցակարգեր կձևավորվեն՝ հակազդելու եկեղեցու նկատմամբ հանրորեն վնասակար գործողություններին:

Նախագծի 1-ին հոդվածի կապակցությամբ հարկ ենք համարում անդրադառնալ Սահմանադրության 18-րդ, 41-րդ և 44-րդ հոդվածներով ամրագրված իրավունքների համադրային վերլուծությանը: Այսպես՝ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:

Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

Վերոնշյալ իրավադրույթների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ հավաքների ազատությունը երաշխիք է սահմանադրական և տարաբնույթ այլ իրավուքների պաշտպանության համար, քանի որ այն հնարավորություն է տալիս անձանց անմիջականորեն մասնակցելու պետական կյանքի կարևորագույն հարցերի առնչությամբ հասարակական կարծիքի ձևավորմանը: Նշված իրավունքը համահունչ է այդ իրավունքի վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիմնադրույթներին: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների հռչակագրի 20-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների և միությունների ազատության իրավունք:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք: Հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս իրավունքի իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով:

Կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածի առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ՝ համաձայն որոնց, մասնավորապես.

- Կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված՝ խաղաղ հավաքների իրավունքը հիմնարար իրավունք է ժողովրդավարական հասարակությունում, և այն, ինչպես և արտահայտվելու ազատության իրավունքը, այդպիսի հասարակության հիմնաքարերից մեկն է (տես՝ Քրիստոնեա-ժողովրդավարական ազգային կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի, թիվ 28793/02, § 62, ՄԻԵԴ 2006-11).

- պետությունները ոչ միայն պետք է երաշխավորեն խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, այլ նաև պետք է ձեռնպահ մնան այդ իրավունքի նկատմամբ անհիմն և անուղղակի սահմանափակումներ կիրառելուց: Հաշվի առնելով հավաքների ազատության իրավունքի կարևոր բնույթը և ժողովրդավարության հետ դրա սերտ կապը՝ պետք է առկա լինեն համոզիչ և ծանրակշիռ պատճառներ՝ այդ իրավունքի իրականացմանը միջամտությունն արդարացնելու համար (տե՛ս Օոտանիո Տոքսոն և այլք ընդդեմ Հունաստանի, թիվ 74989/01, §36, ՄԻԵԴ 2005-X (քաղվածքներ).

- անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել այնպիսի հանրահավաքին մասնակցելու համար, որը չի արգելվել, քանի դեռ այդ անձն ինքնին որևէ պատժելի արարք չի կատարել (էզելինն ընդդեմ Ֆրանսիայի (Ezelin v. France), թիվ 11800/85, 1991 թ. ապրիլի 26-ի վճիռ, Գալստյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 26986/03, 15.11.2007 թ. վճիռ).

- հասարակական վայրում տեղի ունեցող ցանկացած հանրահավաք կարող է առաջ բերել բնականոն կյանքի որոշակի աստիճանի խաթարում՝ ներառյալ երթևեկության խաթարում, և եթե ցուցարարները բռնի գործողություններ չեն կատարում, ապա կարևոր է, որ իշխանությունները որոշակի աստիճանի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, այլապես Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության սկզբունքը կիմաստազրկվի (Աշուղյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 33268/03, 17.07.2008 թ. վճիռ, Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի (Oya Ataman v. Turkey), թիվ 74552/01, 2006 թ. դեկտեմբերի 5-ի վճիռ).

- Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիմնական նպատակը հանրային իշխանությունների կամայական միջամտությունից անհատի երաշխավորված իրավունքների պաշտպանությունն է (Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom, թիվ 11002/05, 2007 թ. փետրվարի 27-ի վճիռ):

Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2016 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴՈ-1304 որոշմամբ արձանագրել է, որ.

- ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս կաշկանդված է մարդու և քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով և ազատություններով,

- անձն ազատ է հավաքներին մասնակցելու իրավունքի իրացման տեսանկյունից, սակայն հավասարակշռվածություն պետք է լինի անձի այդ իրավունքի և այլոց իրավունքների ու ազատությունների իրացման միջև: Այդ հավասարակշռվածության ապահովման պարտականությունը մի կողմից կրում է պետությունը, որը համապատասխան մարմինների (ոստիկանության) միջոցով ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, մյուս կողմից՝ հավաքին մասնակցող անձը, որը պետք է դրսևորի այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտող վարքագիծ,

- յուրաքանչյուր կոնկրետ գործով իրավակիրառողի կողմից պետք է գնահատվի՝ արդյո՞ք արարքը կոպտորեն խախտում է հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, և որքանո՞վ են իշխանությունները որոշակի աստիճանի հանդուրժողականություն ցուցաբերել խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված՝ հավաքների ազատության սկզբունքը չիմաստազրկվի:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, սահմանադրորեն ճանաչելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, գնահատել է հայ ժողովրդի կյանքում վերջինիս բացառիկ դերն ու նշանակությունը, սակայն նման առանձնահատուկ հարաբերությունների հաստատումը դեռևս չի նշանակում, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերապահվել է հանրային իրավական կարգավիճակ, և այն դարձել է պետական, գաղափարական, սոցիալական ոլորտներում լիիրավ մասնակից, քանի որ ինչպես վերջինիս, այնպես էլ այլ կրոնական կազմակերպությունների մասնավոր իրավական կարգավիճակը սահմանելիս՝ պետությունը կրոնին և եկեղեցուն վերապահել է ոչ թե պետաքաղաքական, այլ սոցիալ-մշակութային գործառույթ: Այդ առումով նախագիծն անհրաժեշտ է դիտարկել նաև կրոնական կազմակերպությունների իրավահավասարության տեսանկյունից:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է արձանագրել, որ նախագծով նախատեսված կարգավորումները կարող են վտանգել և խախտել անձի որոշակի իրավունքի և այլոց իրավունքների ու ազատությունների իրացման միջև առկա հավասարակշռությունը: Հավաքների ազատության նման արգելքի սահմանումը թեև չի բխում հասարակական կարգի պահպանության նպատակից, այդուհանդերձ այն կարող է հիմնավորված լինել այլոց իրավունքների պաշտպանության անհրաժեշտության տեսանկյունից: Հավաքների անցկացումը կարող է խախտել, օրինակ՝ կրոնական ազատության իրավունքը: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ollinger v. Austria (2006) գործով` հավաքին չմասնակցող անձանց իրավունքները կարող են խախտվել հավաքի անցկացման հետևանքով: Այդպիսի իրավունքներից է կրոնական ազատության իրավունքը: Այդ հիմքով հավաքն արգելելու համար անհրաժեշտ է համոզվել, որ հավաքն անմիջականորեն խաթարում է կրոնական ազատության իրավունքի իրականացումը, ընդ որում՝ լիազոր մարմինը նման վտանգի առկայության դեպքում պետք է հավաքի կազմակերպիչների հետ քննարկի այլոց իրավունքների խախտումներից խուսափելու տարբերակները: Հետևաբար՝ Սահմանադրությամբ և «Հավաքների ազատության մասին» օրենքում նախատեսված՝ «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» հիմքով հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը իրավաչափ է՝ անկախ առաջարկվող հիմքը օրենքում ամրագրելուց:

Միաժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր եկեղեցիները ներառված են ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ հաստատված ցանկում, որոնց տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ անցկացվելիք հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ դրույթներ են նախատեսված «Հավաքների ազատության մասին» օրենքի 17-րդ հոդվածով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանել տուգանք՝ ինչպես վերոնշյալ հավաքների անցկացման, այնպես էլ անհատապես այն անձանց նկատմամբ, ովքեր կիրականացնեն Հայ առաքելական սուրբ եկեղեցու, նրա ծիսակարգի, սրբապատկերների, հոգևոր ներկայացուցիչների նկատմամբ ծաղրական և վիրավորական գործողություններ՝ ներառյալ եկեղեցական պատարագների և այլ ծեսերի ընթացքը խոչընդոտելը:

Հիշյալ իրավակարգավորման բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ ենք համարում այն դիտարկել ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի համակարգային վերլուծության համատեքստում:

Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսերի կատարումը խոչընդոտելու համար:

Հիշյալ հոդվածի բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտը Սահմանադրությամբ ամրագրված՝ մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, և տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է նրանով, որ հանցավորը խոչընդոտում է՝

1) կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությունը կամ

2) կրոնական ծեսերի կատարումը:

Ընդ որում՝ կրոնական կազմակերպություն ասելով՝ հասկացվում են ցանկացած դավանանքի հավատացյալների հասարակական միավորումները:

Հարկ է նաև նշել, որ կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությունը խոչընդոտելը կարող է կատարվել ինչպես գործողությամբ, այնպես էլ՝ անգործությամբ, իսկ կրոնական ծեսերի կատարումը խոչընդոտելը կարող է արտահայտվել հավատացյալների վրա ցանկացած տեսակի ներգործությամբ, որը տեղի է ունենում նրանց կողմից որոշակի ծիսակատարությանը մասնակցելուն խանգարելու կամ տվյալ արարողության անցկացումը կամ դրա հետագա ընթացքը խափանելու համար:

Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ նախագծով նախատեսվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով, հետևաբար նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Ամփոփելով վերոգրյալը` կարծում ենք, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նախագծերով ներկայացված փոփոխություններից՝ ելնելով վերոշարադրյալ հիմնավորումներից, և առաջարկում գործող օրենքների փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: