Գլխավոր տեղեկություն
Համար
N 967-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2018-26.09.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.19/77(1435) Հոդ.958
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 967-Ն

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու կարգը և դեպքերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 5

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կարգով գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու կարգը և դեպքերը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պետական մարմնի փոխադարձ պայմանավորվածությամբ գործուղված դիվանագետն իր համաձայնությամբ կարող է որոշակի ժամկետով նշանակվել այլ պետական մարմնում քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնի, եթե բավարարում է տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:

3. Համապատասխան մարմնի ղեկավարը (Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում՝ աշխատակազմի ղեկավարը) դիվանագիտական ծառայողին իր մարմին գործուղելու ցանկության դեպքում դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ նշելով այդ մարմնի այն դիվանագիտական ծառայողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, գործուղման ժամկետը և գործուղման արդյունքում զբաղեցվող պաշտոնը, ում ցանկանում է, որ գործուղվի համապատասխան մարմին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը դիվանագիտական ծառայողի գործուղմանը համաձայն չլինելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր մերժում է դիմումը, իսկ համաձայնության դեպքում՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան հանձնարարական է տալիս անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը՝ դիվանագետի գործուղման ընթացքն ապահովելու համար:

5. Օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակում է համապատասխան մարմնի՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ համապատասխան անհատական իրավական ակտով:

6. Անհատական իրավական ակտում պարտադիր նշվում են գործուղվող դիվանագիտական ծառայողի անունը, ազգանունը, զբաղեցրած և զբաղեցվող պաշտոնների անվանումները, գործուղման ժամկետը և գործուղման առաջին օրը:

7. Գործուղման ժամկետը կարող է երկարաձգվել համապատասխան մարմինների ղեկավարների (Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում՝ աշխատակազմի ղեկավարի) փոխադարձ համաձայնությամբ, դիվանագետի համաձայնությամբ՝ գործուղման ժամկետի ավարտից առնվազն երկու ամիս առաջ:

8. Գործուղման ժամկետը չերկարաձգելու դեպքում համապատասխան մարմնի՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն ընդունում է անհատական իրավական ակտ գործուղված դիվանագիտական ծառայողին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

9. Համապատասխան մարմնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընդունված՝ գործուղված դիվանագետին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման, գործուղման ժամկետի երկարաձգման և պաշտոնից ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտերի պատճենները դրանց ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ:

10. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող դիվանագետի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:

11. Դիվանագիտական ծառայողը գործուղման ընթացքում օգտվում է դիվանագետների համար օրենքով սահմանված իրավունքներից և կրում օրենքով սահմանված պարտականություններ:

12. Դիվանագիտական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի լիազորությունները գործուղման ընթացքում իրականացնում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված համապատասխան պաշտոնատար անձը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.09.2019, N 1243-Ն 26.09.2019, N 967-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան