ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2018 թվականի N 1045-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1254-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին կետը «պրոֆիլակտիկայի ավագ տեսուչի,» բառերից հետո լրացնել «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալի,» բառերով.
2) 17-րդ կետը «բաժանմունքի պետին» բառերից հետո լրացնել «և նրա տեղակալին» բառերով.
3) 22-րդ կետը «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի» բառերից հետո լրացնել «կամ նրա տեղակալի» բառերով.
4) 23-րդ կետի 3-րդ ենթակետում «քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության» բառերով.
5) 24-րդ կետի 20-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
6) 25-րդ կետի 5-րդ ենթակետը «անչափահասների գործերով» բառերից հետո լրացնել «և ընտանիքում բռնության կանխարգելման» բառերով.
7) 25-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումներին նպաստող պատճառների և պայմանների, ծնողական պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների մասին տեղեկություններ ստանալիս` իրազեկում են անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայությանը, իսկ ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալիս անմիջապես զեկուցագիր են ներկայացնում ոստիկանության ստորաբաժանման պետի օպերատիվ գծով տեղակալին:».
8) 26-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «ընտանեկան-» և «, որոնք վտանգ են ներկայացնում շրջապատի համար» բառերը.
9) 27-րդ կետում «այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումներից» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայությունից» բառերով.
10) 38-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
11) 38-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ VIII-I-րդ բաժնով.
«VIII-I. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
38.1. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը`
1) վարում է ոստիկանության տարածքային բաժնի միասնական հաշվառման մատյանը.
2) համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներին ցուցաբերում է անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն, միջոցներ ձեռնարկում նրանց մասնագիտական պատրաստվածության, կատարողական և ծառայողական կարգապահության բարձրացման, ինչպես նաև գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ.
3) անմիջական հսկողություն է իրականացնում համայնքային ոստիկանության բոլոր ծառայողների ամենօրյա աշխատանքային գործունեության նկատմամբ, ապահովում է համագործակցությունը նրանց միջև, այդ թվում՝ առավել փորձառու ծառայողների առաջավոր մասնագիտական փորձի փոխանցումը մյուս ծառայողներին.
4) վերլուծում և ամփոփում է համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների աշխատանքները՝ յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի ու տարվա պարբերականությամբ.
5) բաժանմունքի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ.
6) վերահսկում է պրոֆիլակտիկ գործերի, հսկողական քարտերի և հետախուզական քարտ-կուտակիչների վարման գործընթացը.
7) փոխարինում է բաժանմունքի պետին՝ նրա բացակայության ընթացքում:
38.2. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալի հաստիքի բացակայության դեպքում սույն կարգի 38.1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված գործառույթներն իրականացնում է համայնքային ոստիկանության բաժանմունքի պետը, իսկ 5-7-րդ ենթակետերով սահմանված գործառույթները՝ պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը:».
12) 39-րդ կետում՝
ա. 1-3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) համակարգում է հաշվառման մեջ գտնվող անձանց հետ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից կատարվող աշխատանքները:»,
գ. 6-րդ և 7-րդ ենթակետերում «քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|