Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 116-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.08.01/21(624) Հոդ.165
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.07.2018
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 հուլիսի 2018 թվականի

թիվ 116-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից երաշխիքային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը,

հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 12-րդ և 24-րդ հոդվածները,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի ««Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգի 2.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.4 Այն դեպքում, երբ որևէ արտարժույթով արտահայտված ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների որևէ ժամանակային խմբի (խմբերի) առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է համապատասխան արտարժույթի համապատասխան ժամանակային խմբի համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը, ապա բանկի կողմից հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի համար կատարվող պարբերական երաշխիքային վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Բանաձև N 9

 

Ներմուծեք նկարագրությունը_15472

 

(9), որտեղ

Եվ - եռամսյակի համար վճարվող պարբերական վճարն է,

Ամե1-ը, Ամե2-ը, Ամե3-ը, Ամե4-ը և Ամե5-ը եռամսյակի ընթացքում բանկի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշներն են, որոնք հաշվարկվում են եռամսյակի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ բանկի հաշվեկշռում փաստացի հաշվառված բանկային ավանդների մնացորդների հանրագումարը բաժանելով տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա: Ընդ որում`

Ամե1-ի հաշվարկին մասնակցում են ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդները և այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների առավելագույն տոկոսադրույքը չի գերազանցում տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը:

Ամե2-ի հաշվարկին մասնակցում են այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը ոչ ավելի, քան 5%-ով:

Ամե3-ի հաշվարկին մասնակցում են այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը 5%-ից 15%-ով (ներառյալ):

Ամե4-ի հաշվարկին մասնակցում են այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը 15%-ից 25%-ով (ներառյալ):

Ամե5-ի հաշվարկին մասնակցում են այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը 25%-ից ավելի:

Ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցները ներառում են նաև բանկի կողմից 2016 թվականի հունիսի 1-ից հետո ներգրավված բանկային ավանդների վրա կատարված ավելացումները (համալրումները):

2) Կարգը 2.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.5-րդ կետով.

«2.5 Սույն կարգի իմաստով ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցներ են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրով և անվանական արժեթղթերի միջոցով արտարժույթով ներգրավված միջոցները:»:

3) Կարգը 3.2.12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.13-րդ կետով.

«3.2.13 Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկն իրականացվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թ. օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ սահմանված «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգի» Հավելված 2-ի:»:

4) Կարգի 3.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.3. Աղյուսակ 3-ում ներկայացվում է ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների բաշխումը ըստ ավանդների տեսակների՝ հազար դրամներով: Ընդ որում՝ աղյուսակի «Բանկի կողմից թողարկված արժեթղթեր» և «Տարանցիկ հաշիվներ» սյունակներում լրացվում են տվյալներ բանկի՝ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, նկատմամբ ունեցած այն պարտավորությունների գումարները, որոնք հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» (այսուհետև՝ Հաշվային պլան)՝ համապատասխանաբար «Կազմակերպության կողմից թողարկված արժեթղթեր, առևտրային և հեջավորման նպատակներով պահվող ածանցյալ գործիքներ և պարտավորություններ», «Տարանցիկ հաշիվներ» և «Կրեդիտորական պարտքեր» բաժիններում: «Բանկային հաշիվներ», «Ավանդներ» և «Այլ պարտավորություններ» սյունակներում լրացվում են տվյալներ բանկի՝ ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերի) նկատմամբ ունեցած այն պարտավորությունները, որոնք հաշվառվում են Հաշվային պլանի «Թղթակցային և բանկային հաշիվներ», «Պարտավորություններ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց նկատմամբ» և «Այլ պարտավորություններ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող կազմակերպությունների գծով» բաժիններում: «Այլ» սյունակում լրացվում են բանկի՝ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ ունեցած բոլոր այն պարտավորությունները, որոնք հաշվառվում են Հաշվային պլանի այլ բաժիններում (ենթաբաժիններում), և որոնք համապատասխանում են Օրենքում տրված բանկային ավանդի սահմանմանը: Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ՝ ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները: Արտարժութային ավանդները ներկայացվում են եռամսյակի տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքներով: Աղյուսակի «Ամսաթիվ» տողերում ներկայացվում են հաշվետու եռամսյակի օրերի ամսաթվերը հետևյալ ֆորմատով՝ օր/ամիս/տարի: Աղյուսակ 3-ի «Ընդամենը» սյունակում լրացված գումարները ըստ «եռամսյակի օրերը» տողերի պետք է հավասար լինեն Աղյուսակ 1-ի համապատասխան օրվա տողին: Օրինակ՝ Աղյուսակ 3-ի «Ընդամենը» սյունակի «եռամսյակի առաջին օրը» տողի վանդակը պետք է համապատասխանի Աղյուսակ 1-ի «Ընդամենը» սյունակի «եռամսյակի առաջին օրը» տողին, իսկ Աղյուսակ 3-ի «եռամսյակի վերջին օրը»՝ Աղյուսակ 1-ի համապատասխան վանդակին:»:

5) Կարգի 3.4-րդ կետում.

ա. Առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ 4-ում ներկայացվում են բանկերի կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված և (կամ) երկարաձգված (վերանայված) միջոցների առավելագույն տոկոսադրույքները և ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից ներգրավված բանկային ավանդների միջին օրական ցուցանիշը՝ ըստ առանձին արժույթների և ժամանակային խմբերի:»,

բ. Երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.

«Աղյուսակում արտարժույթով ներգրավված միջոցների արժույթը լրացվում է համաձայն ԻՍՕ 4217 կոդերի:

«Ժամկետայնությունը» սյունակում լրացվում է արտարժույթով ներգրավված միջոցների ժամկետայնությունը՝ ըստ հետևյալ տարբերակների.

1) «Ցպահանջ, անժամկետ և մինչև 30 օր»,

2) «31-ից 60 օր»,

3) «61-ից 90 օր»,

4) «91-ից 120 օր»,

5) «121-ից 150 օր»,

6) «151-ից 180 օր»,

7) «181 օրից 1 տարի»,

8) «1-ից 2 տարի»,

9) «2-ից 3 տարի»,

10) «3-ից 4 տարի»,

11) «4-ից 5 տարի»,

12) «5-ից 7 տարի»,

13) «7-ից 10 տարի»,

14) «10-ից 12 տարի»,

15) «12-ից 15 տարի»,

16) «15 տարուց ավելի»:

«Բանկային ավանդի միջին օրական ցուցանիշ» սյունակում ներկայացվում են հաշվետու եռամսյակի՝ տվյալ բանկի ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների միջին օրական ցուցանիշները:»:

6) Կարգի 3.5-րդ կետում.

ա. «երկրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը» բառերը փոխարինել «30 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

բ. «ներգրավված բանկային ավանդների» բառերը փոխարինել «արտարժույթով ներգրավված միջոցների» բառով:

7) Կարգի Գլուխ 4-ը ուժը կորցրած ճանաչել:

8) Կարգի Հավելված 1-ում Աղյուսակ 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ`

Ա. Ջավադյան

 

2018 թ. հուլիսի 25

Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի հուլիսի 20-ի

թիվ 116-Ն որոշմամբ

 

«Աղյուսակ 4

Արժույթի ISO կոդ

Ժամկետայնություն

Առավելագույն տոկոսադրույք

Բանկային ավանդի միջին օրական ցուցանիշ

       
       
       
       
       
       
       
       
       

»: