ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-37-Ն-2
2018 թ.
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը և «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 19-րդ և 51-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստում անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով՝ իրավունքի ուժով, ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի օգոստոսի 25-ի «Դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 06-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
2018 թ. սեպտեմբերի 13 |
Հավելված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018թ. սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-37-Ն-2 որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով հաստատվում են դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման կազմակերպման և անցկացման կարգն ու պարբերականությունը:
2. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման նպատակով կազմակերպվող պարտադիր ուսումնական գործընթացն է:
3. Վերապատրաստման ընթացքում դատական ծառայողներն ու դատական կարգադրիչներն ազատվում են ծառայողական պարտականությունների կատարումից՝ այդ ընթացքում պահպանելով պաշտոնը և նախատեսված վարձատրությունը:
4. «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող դատական ծառայողներին և դատական կարգադրիչներին Արդարադատության ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) պետական բյուջեի միջոցների հաշվին տալիս է տրանսպորտային, գիշերավարձի և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում կամ կազմակերպում նրանց փոխադրումն ու բնակության ապահովումը:
5. Դատական կարգադրիչները վերապատրաստման դասընթացներին ներկայանում են համազգեստով:
2. ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
6. Դատական ծառայողները և դատական կարգադրիչները պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ:
7. Վերապատրաստումը կազմված է դասընթացի և գնահատման փուլերից:
8. Բացի եռամյա վերապատրաստումից, դատական ծառայողները և դատական կարգադրիչները վերապատրաստվում են նաև հետևյալ դեպքերում՝
1) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում,
2) առաջին անգամ դատական ծառայության կամ դատական կարգադրիչների ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում,
3) դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելու դեպքում,
4) դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու դեպքում:
9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերում վերապատրաստումը կազմակերպվում է առաջիկա վերապատրաստման շրջանակներում:
10. Վերապատրաստումից ազատվում են՝
1) այն դատական ծառայողները կամ դատական կարգադրիչները, որոնք սովորում են ասպիրանտուրայում կամ դոկտորանտուրայում,
2) այն դատական ծառայողները կամ դատական կարգադրիչները, որոնց ծառայության սահմանային տարիքը լրանալուն մնացել է 2 տարվանից պակաս ժամանակ:
11. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը կազմակերպում և անցկացնում է Ակադեմիան:
12. Դատական ծառայողները և դատական կարգադրիչներն անցնում են վերապատրաստում և լրացուցիչ վերապատրաստում: Դատական կարգադրիչները կարող են անցնել նաև հատուկ ուսուցում (հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակությունների ուսուցանում), որն անցնելու կարգն ու ժամաքանակը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ:
13. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման ուսումնական գործընթացն անցկացվում է Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված կրթական չափորոշիչների հիման վրա կազմված և Օրենքով նախատեսված կարգով հաստատված ուսուցման ծրագրերով:
14. Դատական դեպարտամենտի ղեկավարը, ամփոփելով Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների կողմից ստացված առաջարկությունները, մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ:
15. Առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են յուրաքանչյուր դատական ծառայողի և դատական կարգադրիչի պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխան:
16. Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը Բարձրագույն դատական խորհուրդն Ակադեմիայի ռեկտորին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իր առաջարկությունները՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար:
17. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները յուրաքանչյուր տարի՝ մինչև նոյեմբերի 1-ը Դատական դեպարտամենտի ղեկավարին են ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրենց ստորաբաժանումներում վերապատրաստման ենթակա դատական ծառայողների և դատական կարգադրիչների ցուցակը:
18. Ստացված ցուցակների հիման վրա յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 1-ը, Դատական դեպարտամենտի ղեկավարն Ակադեմիա է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերաբերյալ հայտ:
19. Դատական ծառայողները և դատական կարգադրիչները վերապատրաստման դասընթացներ են անցնում ըստ Ակադեմիայի կողմից վերապատրաստման ընդհանուր ժամանակացույցում նշված խմբերի:
20. Վերապատրաստման դասընթացներին դատական ծառայողների և դատական կարգադրիչների խմբերում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կարող է կատարել Ակադեմիայի ռեկտորը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի միջնորդության հիման վրա:
21. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին վերաբերող ժամանակացույցն Ակադեմիան ուղարկում է Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ ոչ ուշ, քան դասընթացները սկսվելուց առնվազն 10 օր առաջ:
22. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են ուսուցման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ դատական ծառայողների և դատական կարգադրիչների ծանուցումն ապահովելու համար:
23. Դատական ծառայողների լրացուցիչ վերապատրաստում և դատական կարգադրիչների լրացուցիչ վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցնելու անհրաժեշտության դեպքում, Դատական դեպարտամենտի ղեկավարի որոշման կայացումից հետո երկշաբաթյա ժամկետում այն ուղարկվում է Ակադեմիայի ռեկտորին՝ առաջարկություն ներկայացնելով լրացուցիչ կամ հատուկ վերապատրաստման առարկայական կուրսի կամ թեմաների վերաբերյալ՝ ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով:
3. ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
24. Վերապատրաստման դասընթացների ավարտին կատարվում է դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և ունակությունների գնահատում:
25. Գնահատումը կատարվում է միայն մատուցված վերապատրաստման նյութի շրջանակներում:
26. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի՝ դատական դեպարտամենտից նշանակած չորս անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ՝ նշելով հանձնաժողովի նախագահին:
27. Վերապատրաստման արդյունքների գնահատումն իրականացվում է Ակադեմիայի կողմից կազմված և Օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում Դատական դեպարտամենտ ուղարկված դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման ընդհանուր ժամանակացույցում նշված խմբերին համապատասխան:
28. Գնահատման հանձնաժողովի որոշումները կայացվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
29. Դատական ծառայողները և դատական կարգադրիչները համարվում են վերապատրաստումը կամ լրացուցիչ վերապատրաստումն անցած դրական գնահատման դեպքում:
30. Վերապատրաստման արդյունքում գնահատման հանձնաժողովի կողմից դրական գնահատական ստացած դատական ծառայողին և դատական կարգադրիչներին տրվում է ավարտական վկայական: Վերապատրաստման արդյունքում ստացված վկայականի պատճենը կցվում է դատական ծառայողի և դատական կարգադրիչի անձնական գործին:
31. Վերապատրաստման արդյունքում գնահատման հանձնաժողովի կողմից բացասական գնահատական ստացած դատական ծառայողը և դատական կարգադրիչն առաջիկա վերապատրաստման շրջանակներում պարտադիր ներառվում է վերապատրաստման ենթակա դատական ծառայողների և դատական կարգադրիչների ցուցակում: Վերապատրաստման արդյունքում կրկին բացասական գնահատական ստացած դատական ծառայողի և դատական կարգադրիչի համար առաջանում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետով սահմանված իրավական հետևանքները:
32. Ակադեմիան յուրաքանչյուր ուսումնական ծրագրի ավարտից հետո Դատական դեպարտամենտին ամփոփ տեղեկանք է ներկայացնում Ակադեմիայում ուսուցումն անցած դատական ծառայողների և դատական կարգադրիչների ուսումնառության արդյունքների վերաբերյալ: Դատական դեպարտամենտն այն ուղարկում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին:
33. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով:
34. Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Դատական դեպարտամենտից նշանակած երկու անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ՝ նշելով հանձնաժողովի նախագահին:
35. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման արդյունքների բողոքարկման մանրամասները կարգավորվում են Օրենքով:
4. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
36. Վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին դատական ծառայողի և դատական կարգադրիչի անհարգելի բացակայության դեպքում, առանց գնահատման վերապատրաստման արդյունքը գնահատվում է բացասական:
37. Վերապատրաստումը չի գնահատվում և դատական ծառայողին ու դատական կարգադրիչին հնարավորություն է տրվում կրկին անցնելու նույնաբովանդակ առարկայական կուրսը կամ Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից համարժեք սահմանված այլ առարկայական կուրսը, եթե Ակադեմիայի ռեկտորի կողմից հարգելի ճանաչված բացակայությունները գերազանցում են վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսի ժամաքանակի քսան տոկոսը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|