ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 848-Ն
ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականիօգոստոսի 2-ի N 848-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ
1. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերն օրենքով սահմանված ժամկետում վերադարձնելու կամ համարժեք հատուցում վճարելու անհնարինության դեպքում ենթակա է հանձնման Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի:
2. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում նվերի հանձնում է համարվում նվերի համարժեք գումարի փոխանցումը:
3. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա:
4. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի համարժեք գումարն ստանալուց հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն նվերի շուկայական գինը որոշելու նպատակով պատվիրում է փորձաքննություն: Նվերի շուկայական գինը որոշվում է դատավորի կողմից նվերն ստանալու օրվա դրությամբ:
5. Եթե փորձաքննության արդյունքով պարզվում է, որ դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի իրական արժեքը բարձր կամ ցածր է որպես համարժեք գումար փոխանցված գումարից, ապա Պետական գույքի կառավարման կոմիտեն դրա մասին ծանուցում է դատավորին՝ կցելով փորձագետի եզրակացությունը:
6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն և դատավորը հանձնման-ընդունման ակտի հիման վրա փոխանցում են գումարի տարբերությունը:
7. Նվերի հանձնման պահից մեկշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն դրա մասին համապատասխանաբար տեղեկացնում է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին կամ սահմանադրական դատարանին:
8. Նվերի հանձնման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |