Գլխավոր տեղեկություն
Համար
N 758-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 18.07.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2018 թվականի N 758-Լ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-332-13.06.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 13
Երևան

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-332-13.06.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված՝ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի որոշման կարգում կատարել փոփոխություն և լրացում՝ որպես առաջին տեղը զբաղեցրած մասնակցի որոշման պայման նախատեսելով նաև տեղական արտադրության խթանմանը նպաստող առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվության տրամադրումը:

Նախագծով ըստ էության առաջարկվում է գնումների համակարգի միջոցով տեղական արտադրությունը խթանել այնպիսի մեխանիզմով, որը ենթադրում է գնման պայմանագրի արտոնյալ պայմաններով շնորհում`

այն մասնակիցներին, որոնք ապրանքն արտադրում են Հայաստանի Հանրապետությունում.

աշխատանք կամ ծառայություն մատուցող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները՝

գնումները կիրականացվեն համեմատաբար թանկ գնով.

պայմանագիրը կշնորհվի ըստ էության ոչ շուկայական մեխանիզմով` անհավասար մրցակցության պայմաններում.

առկա է մեծ ռիսկ, որ պայմանագրի շնորհման փուլում ներկայացվող տեղեկատվությունը կարող է արժանահավատ չլինել` մասնակցին կտրվի նախապատվությունը, սակայն վերջինս պայմանագիրը կկատարի այլ կերպ` ոչ տեղական ռեսուրսների օգտագործմամբ.

առկա է ռիսկ, որ մրցութային հանձնաժողովները համարժեքորեն չեն գնահատի մրցութային առաջարկները, և նախապատվությունը կտրվի ոչ օբյեկտիվ չափանիշներով, ինչի հետևանքով կաճեն կոռուպցիոն ռիսկերը.

գնումների միջոցով տեղական արտադրության խթանման նպատակադրումը կարող է հանգեցնել անբավարար որակի գնումների կատարմանը, ինչը պետության, որպես գնորդի դեպքում, կհանգեցնի փողի դիմաց արժեքի նվազման:

Մյուս կողմից այս մեթոդի կիրառումը կարող է հակասել ԱՀԿ գնումների համաձայնագրի պահանջներին, որին Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է 2011 թվականից և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակներին և գնումների հիմնական սկզբունքներին, որոնք միջազգայնորեն հանրահայտ են:

Պետք է հաշվի առնել նաև, որ նշված ռիսկային գործոնների հնարավորությունը նվազեցնելու նպատակով տարբեր ժամանակահատվածներում ընդունված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում (2004, 2010 և 2016 թվականներ) չեն ներառվել տեղական ռեսուրսների օգտագործման հանգամանքով պայմանավորված արտոնություններ նախատեսող նորմեր:

Այնուհանդերձ, գտնում ենք, որ տեղական արտադրության խթանումը պետք է իրականացվի ոչ պետական գնումների միջոցով, այլ պետության կողմից օգտագործվող այլ գործիքների միջոցով:

Միևնույն ժամանակ նախագիծը թերի է, քանի որ դրանով սահմանված չէ տեղական արտադրողներին նախապատվության տրամադրման շեմը, օրինակ՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկը կրկնակի, եռակի անգամ գերազանցի օտարերկրյա ծագում ունեցող ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկից: Այս դեպքում հիշյալ նախապատվության տրամադրումը կհանգեցնի տնտեսապես ոչ շահավետ գնումների կատարմանը: