Գլխավոր տեղեկություն
Համար
N 780-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 19.07.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2018 թվականի N 780-Լ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ ԵՎ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությԱՆ մասին

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-340-15.06.2018-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 16

Երևան

 

«Հայաստանի  Հանրապետության  աշխատանքային  օրենսգրքում լրացումներ  ԵՎ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-340-15.06.2018-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով գործող օրենքի քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները՝

1. Համաձայն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 11-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենսգրքի պահանջները: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:

Օրենսգրքի 105-րդ հոդվածի կարգավորումների տառացի իմաստից հետևում է, որ թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները՝ արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում:

Հարկ է նկատել, որ օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, անհրաժեշտությունից ելնելով, գործատուն նախաձեռնում է աշխատողի աշխատանքի էական պայմանների փոփոխություն, այլ ոչ թե աշխատանքային պայմանագրի լուծում, և դրա մասին նախապես ծանուցում է աշխատողին՝ նոր պայմաններում աշխատելու համաձայնությունն ստանալու և դրա հիման վրա աշխատանքային պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու համար: Այս պարագայում աշխատանքային պայմանագրի լուծումը պայմանավորվում է նոր պայմաններում աշխատելու համար աշխատողի չհամաձայնելու հանգամանքով, այլ ոչ թե գործատուի նախաձեռնությամբ:

Բացի դրանից, այս դեպքերի համար, երբ գործատուն, որոշակի պատճառներից ելնելով (արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում), առաջարկում է փոխել աշխատանքի էական պայմանները, գործող օրենսդրությամբ աշխատողի համար նախատեսված են գրեթե այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք նախատեսված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի համար: Մասնավորապես, նախատեսված է աշխատանքի էական պայմանների փոփոխության դեպքում աշխատողին նախապես ծանուցելու, այդ ծանուցման ժամկետները չպահպանելու դեպքում տուժանք վճարելու, ինչպես նաև արձակման նպաստ վճարելու պահանջ:

2. Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է որոշ դեպքերում բացասաբար անդրադառնալ աշխատողի աշխատանքային պայմանների բարելավման վրա: Օրինակ, գործատուն, ունենալով բավարար հնարավորություն և ցանկություն բարձրացնելու աշխատողի աշխատավարձը, կարող է զերծ մնալ նման գործողություններ իրականացնելուց՝ նկատի ունենալով, որ եթե կազմակերպությունում արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում հարկ լինի աշխատավարձի իջեցման, ապա այն դեպքերում, երբ աշխատողը կունենա օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներից որևէ մեկը (աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է, օրինակ, աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը), չի կարողանա իջեցնել այդ աշխատողների աշխատավարձը: Արդյունքում, կազմակերպությունում կստեղծվի մի իրավիճակ, որ գործատուն ստիպված կլինի պահպանել օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներ ունեցող աշխատողի աշխատավարձը, այն պարագայում, երբ իրականում չունի այդ հնարավորությունը՝ պայմանավորված արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ:

Այս իրավիճակը կարող է հանգեցնել նաև չգրանցված աշխատողների թվաքանակի աճի, քանի որ գործատուներն իրենց մոտ էական պայմանի փոփոխության պարագայում ճկունություն դրսևորելու համար կարող են խուսափել աշխատանքային պայմանագիր կնքելուց:

Այդուհանդերձ հայտնում ենք նաև, որ օրենքի նախագծում պահպանված չեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները: Մասնավորապես՝

1) օրենսգրքի 105-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է նախատեսել օրենքի նախագծի 1-ին, իսկ 109-րդ հոդվածում կատարվող փոփոխությունը` 2-րդ հոդվածով.

2) օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի դրույթները: