Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.18
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0956/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0956/02/15
2018թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

Դատավորներ՝ 

 Ն. Բարսեղյան

 

 Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ժենյա Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահան Մովսիսյանի ընդդեմ Ժենյա Խաչատրյանի, երրորդ անձ Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վահան Մովսիսյանը պահանջել է սահմանել իր երեխայի` 18.09.2013 թվականին ծնված Հասմիկ Մովսիսյանի հետ առանց մոր ներկայության, այդ թվում` իր տանը, տեսակցության կարգ` շաբաթվա աշխատանքային օրերին յուրաքանչյուր օր մեկ ժամ` երեկոյան 18:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում կամ շաբաթվա աշխատանքային օրերին ընդհանուր հինգ ժամ` օգտագործելով վերոնշյալ ժամերը, ոչ աշխատանքային շաբաթ և կիրակի օրերին` ժամը 14:00-ից մինչև 18:00-ն, տոնական օրերին` 14:00-ից մինչև 18:00-ն, ինչպես նաև իրենց համար նշանակալից օրերին (երեխայի ծննդյան և այլ հիշարժան օրեր) ցանկացած ժամանակ` առնվազն երկու ժամ:  

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 08.12.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Վահան Մովսիսյանին թույլատրվել է տեսակցել իր երեխայի` Հասմիկ Մովսիսյանի հետ յուրաքանչյուր շաբաթվա երեք օր` երկու ժամ տևողությամբ, մոր ներկայությամբ, տանից դուրս հասցեում: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.04.2016 թվականի որոշմամբ Վահան Մովսիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 08.12.2015 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել` Վահան Մովսիսյանի համար իր երեխայի` Հասմիկ Մովսիսյանի հետ տեսակցությունը սահմանվել է առանց մոր ներկայության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժենյա Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի (ընդունվել է 20.11.1989 թվականին, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 22.07.1993 թվականից) 3-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում հենց հայցվորի կողմից պետք է ներկայացվեր երեխայի առողջ լինելու փաստը հիմնավորող ապացույց, ուստի հայցադիմումը Վահան Մովսիսյանի կողմից ներկայացված լինելու և Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված եզրակացության հետ համաձայն չլինելու պարագայում հայցապահանջը հիմնավորող հանգամանքների ապացուցման պարտականությունը դրված էր հայցվորի վրա, իսկ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու բացասական հետևանքները կրում էր հայցվոր կողմը:

Տվյալ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է նաև եղել այն, որ Հասմիկ Մովսիսյանը փոքրահասակ է և պահանջում է հատուկ խնամք, բացի այդ, պետք է ուշադրություն դարձվի այն հանգամանքին, որ երեխան չունի կապվածություն հոր հետ, հետևաբար առանց մոր ներկայության երեխայի հոր հետ տեսակցելը բացասական ազդեցություն կունենար երեխայի հոգեկան և առողջական վիճակի վրա, որպիսի փաստը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հարկ է նշել, որ ծնողական իրավունքների իրականացմանը վերաբերող վեճերի, այդ թվում նաև` երեխայի տեսակցության կարգ սահմանելու վերաբերյալ վեճերի լուծման համար կարևորագույն նշանակություն ունեցող փաստի` հետազոտության ակտի ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացության կազմելու պարտականություն դրված է միայն խնամակալության և հոգաբարձության մարմինների վրա: Ընդ որում, նշված նորմի և ՀՀ ընտանեկան օրենսգրքի համապատասխան նորմերի համադրությունից պարզ է դառնում, որ հենց այդ եզրակացությունն է որոշիչ դեր խաղում դատարանի կողմից երեխայի տեսակցության կարգ սահմանելու վերաբերյալ վեճի ճիշտ լուծման համար:

Մինչդեռ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից, առանց նշված եզրակացությունը կազմելու համար հիմք ծառայած հանգամանքները ճշգրտելու և ստուգելու, փոփոխվել է ներկայացված եզրակացությունը, և դրա հիման վրա նաև` Դատարանի վճիռը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.04.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.12.2015 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1)   Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Էրեբունու տարածքային բաժնի կողմից 02.10.2013 թվականին տրված թիվ ԱԲ 294035 ծննդյան վկայականի համաձայն` 18.09.2013 թվականին ծնված Հասմիկ Մովսիսյանի ծնողներն են Վահան Մովսիսյանը և Ժենյա Խաչատրյանը (հատոր 1-ին, գ.թ. 10).

2)  Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից 11.11.2015 թվականին կազմված Ժենյա Խաչատրյանի, Վահան և Հասմիկ Մովսիսյանների կյանքի հետազոտության ակտի և վեճի էության մասին եզրակացության համաձայն` որոշվել է Հասմիկ Մովսիսյանի և նրա հոր` Վահան Մովսիսյանի հետ սահմանել տեսակցության հետևյալ կարգը. «յուրաքանչյուր շաբաթվա երեք օր` 2 ժամ տևողությամբ, մոր ներկայությամբ, տանից դուրս հասցեում»: Նշված փաստաթղթի համաձայն՝ Ժենյա Խաչատրյանը հայտնել է, որ երեխայի մոտ առկա է ալերգիկ դերմատիտ ախտորոշումը (հատոր 1-ին, գ.թ. 77-78):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 5
4-րդ, 67-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու վերաբերյալ գործերի քննության առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան ունի իր ծնողների (...) հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա: Ծնողների առանձին (ընդ որում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավաuար իրավունքներ և կրում են հավաuար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաuտիարակելու իրենց երեխաներին (...):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան (...):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին: Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ (տե՛ս, օրինակ, Մարգարիտ Հովհաննիսյանն ընդդեմ Արթուր Թորոսյանի թիվ ԵԱԴԴ/1513/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

Վկայակոչված հոդվածներով նախատեսված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ ծնողները ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են դաստիարակել իրենց երեխային, ինչպես նաև պատասխանատվություն են կրում իրենց երեխայի դաստիարակության և զարգացման համար: Ընդ որում, երեխաների դաստիարակության հարցում ծնողների իրավունքներն ու պարտականությունները հավասար են: Երեխայից առանձին ապրող ծնողը ևս իրավունք ունի շփվելու իր երեխայի հետ և մասնակցելու նրա դաստիարակությանը, իսկ այն ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը չի վնասում երեխայի ֆիզիկական ու հոգեկան վիճակին, նրա բարոյական զարգացմանը: Ավելին` երեխան, իր հերթին, ունի իր ծնողների հետ շփվելու իրավունք, իսկ ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու հանգամանքը չի կարող խոչընդոտել այդ իրավունքի պատշաճ իրականացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանն Արմեն Փերոյանն ընդդեմ Անի Սարգսյանի գործով ընդգծել է, որ ծնողական իրավունքները, այդ թվում նաև` երեխայից առանձին ապրող ծնողի կողմից իր երեխայի հետ անմիջականորեն շփվելու իրավունքը, չեն կարող իրականացվել երեխայի շահերին հակառակ. դրանց իրականացումը չպետք է վնասի երեխայի շահերին: Փաստորեն, երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման վերաբերյալ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է հաշվի առնի երեխայի լավագույն շահերը` հիմք ընդունելով այն հանգամանքը, թե դատարանի կողմից քննվող վեճը լուծելիս կիրառվող միջոցն ինչպիսի ազդեցություն կունենա երեխայի շահերի վրա, մասնավորապես` նրա հոգեկան, հոգևոր ու բարոյական զարգացման և դաստիարակության վրա (տե՛ս, թիվ ԵԱՆԴ/4073/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ևս արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը (տե՛ս, Անի Մարտիրոսյանն ընդդեմ Գուրգեն Խալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը` Եվրոպական դատարանը ևս արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս, C. v. Finland գործով Եվրոպական դատարանի 09.05.2006 թվականի վճիռը, 52-րդ կետ, գանգատ թիվ 18249/02):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածն արգելում է ծնողի շահերից ելնելով թույլատրել նրան կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն երեխայի առողջությանն ու զարգացմանը (տե՛ս, Johansen v. Norway գործով Եվրոպական դատարանի 07.08.1996 թվականի վճիռը, 78-րդ կետ):

Վերոնշյալ իրավական վերլուծություններից բխում է, որ երեխայի` ծնողներից մեկից կամ երկուսից առանձին բնակվելը, ծնողների ամուսնալուծված լինելը կամ արտասահմանում բնակվելը չպետք է խոչընդոտեն ծնողների հետ կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու երեխայի իրավունքի, ինչպես նաև երեխայից առանձին ապրող ծնողի` իր երեխայի հետ անմիջականորեն շփվելու իրավունքի իրականացմանը, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին: Ավելին` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխայի իրավունքներին ու լավագույն շահերին հակառակ, և երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման վերաբերյալ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հաստատելով ողջամիտ հավասարակշռություն ծնողի իրավունքների և երեխայի լավագույն շահերի միջև:

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ՀՀ ընտանեկան օրենսդրությունը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «երեխայի շահ» կամ «երեխայի լավագույն շահեր» հասկացություններն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվեն ու կիրառվեն հետևյալ երեք իմաստներով.

1)   որպես երեխայի իրավունք. երեխան ունի իր լավագույն շահերի բացահայտման և դրանց առաջնային նշանակության տրամադրման իրավունք այն դեպքում, երբ իրավասու մարմնի կողմից կայացվող որոշումն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն,

2)  որպես իրավական-մեկնաբանողական սկզբունք. երեխայի իրավական վիճակին առնչվող տարբեր մեկնաբանությունների և ընկալումների տեղիք տվող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի և կիրառվի` ելնելով երեխայի լավագույն շահերի առավել ապահովման նկատառումից,

3)  որպես ընթացակարգային կարգավորման կանոն. երեխային առնչվող որոշումների ընդունման ընթացքում պետք բացահայտվի նաև երեխայի իրավունքների և շահերի վրա այդ որոշման հնարավոր ազդեցությունը (տե՛ս, Արմեն Փերոյանն ընդդեմ Անի Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/4073/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երեխայից առանձին ապրող ծնողի` իր երեխայի հետ շփվելու իրավունքի բաղադրատարր հանդիսացող` երեխայի հետ տեսակցելու իրավունքի իրականացման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ երեխայի մոր ներկայությամբ տեսակցության կարգ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել, ի թիվս այլոց, երեխայի տարիքը, մշտական խնամքի տակ գտնվելու անհրաժեշտությունը (տե՛ս, Էդգար Ամրոյանն ընդդեմ Քրիստինա Գաբունիայի թիվ ԵՇԴ/0990/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատարանների կողմից երեխայի լավագույն շահերի բացահայտման գործում երեխայի դաստիարակության վերաբերյալ գործերով խնամակալության և հոգաբարձության մարմնին դատավարությանը մասնակից դարձնելուն` ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշյալ՝ Արմեն Փերոյանն ընդդեմ Անի Սարգսյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով դրված է երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն անցկացնելու պարտականություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը: Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է նաև հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը ներկայացնել դատարան: Թեև խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը դատարանի համար կրում է մասնագիտական-խորհրդատվական բնույթ, և դատարանն այն պարտավոր է գնահատել գործում առկա այլ ապացույցների հետ համակցության մեջ, այնուամենայնիվ, նմանատիպ գործերով վերոնշյալ եզրակացության առկայությունը պարտադիր է, քանի որ դրանում արտահայտված փաստարկները գործում առկա մյուս ապացույցների հետ համադրության արդյունքում դատարանին հնարավորություն են ընձեռում կոնկրետ գործով պարզելու երեխայի լավագույն շահը: Այնուամենայնիվ, դատարանը չպետք է սահմանափակվի միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության մեջ նշված դրույթները կրկնելով, այլ պետք է հավաստիանա դրանց հիմնավորվածության մեջ և այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի գործի ելքը:

Վերոհիշյալ իրավական վերլուծությունների արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եկել է այն եզրահանգման, որ երեխայի դաստիարակության հետ կապված յուրաքանչյուր գործ քննելիս դատարանը պետք է բացահայտի երեխայի լավագույն շահերը, մասնավորապես` դատարանը, գործին մասնակից դարձնելով խնամակալության և հոգաբարձության մարմնին, պետք է հավաստիանա երեխայի դաստիարակությանը հավակնող անձի կյանքի հետազոտության արդյունքում կայացված եզրակացության հիմնավորվածության մեջ, ապա այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի, թե ծնողական իրավունքների իրականացման ինչպիսի միջոց պետք է սահմանվի: Այլ կերպ ասած` դատարանը չի կարող ընդհանուր իրավական դատողությունների միջոցով բացահայտել երեխայի լավագույն շահերն ու սահմանվող միջոցի ազդեցությունը դրանց վրա, այլ պետք է յուրաքանչյուր գործով հավասարակշռի ծնողի իրավունքներն ու անձնական հանգամանքները և երեխայի լավագույն շահերը, մասնավորապես` պարզի, թե արդյոք ծնողական իրավունքի իրականացման սահմանվող եղանակը բացասական ազդեցություն կունենա երեխայի հոգեկան, հոգևոր ու բարոյական զարգացման և դաստիարակության վրա, թե` ոչ (տե՛ս, նաև Հայկուշ Ասատրյանն ընդդեմ Գևորգ Մկրտչյանի թիվ ՍԴ3/0139/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` քաղաքացիական կացության ակտերի գրանցման Էրեբունու տարածքային բաժնի կողմից 02.10.2013 թվականին տրվել է թիվ ԱԲ 294035 ծննդյան վկայականը, ըստ որի` 18.09.2013 թվականին ծնված Հասմիկ Մովսիսյանի ծնողներն են Վահան Մովսիսյանը և Ժենյա Խաչատրյանը: Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից 11.11.2015 թվականին կազմված Ժենյա Խաչատրյանի, Վահան և Հասմիկ Մովսիսյանների կյանքի հետազոտության ակտի և վեճի էության մասին եզրակացությամբ որոշվել է Հասմիկ Մովսիսյանի և նրա հոր` Վահան Մովսիսյանի հետ սահմանել տեսակցության հետևյալ կարգը. «յուրաքանչյուր շաբաթվա երեք օր` 2 ժամ տևողությամբ, մոր ներկայությամբ, տանից դուրս հասցեում»:

Դատարանը, հիմք ընդունելով 11.11.2015 թվականի եզրակացությունը, վճռով սահմանել է Վահան Մովսիսյանի կողմից իր երեխայի հետ շփվելու համար տեսակցության հետևյալ կարգը. «յուրաքանչյուր շաբաթվա երեք օր` 2 ժամ տևողությամբ, մոր ներկայությամբ, տանից դուրս հասցեում»:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 11.11.2015 թվականի եզրակացությունը հաստատող ապացույցներ գործում առկա չեն, բավարարել է Վահան Մովսիսյանի վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` սահմանել է Վահան Մովսիսյանի կողմից իր երեխայի հետ շփվելու և նրա դաստիարակությանը մասնակցելու համար տեսակցության նոր կարգ` առանց մոր ներկայության: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ երեխայի հետ երկժամանոց տեսակցությունն առանց մոր ներկայության իրականացվելու համար երեխայի առողջությունը խաթարող կամ որևէ սպառնալիք ստեղծող հանգամանք առկա չէ՝ նկատի ունենալով ալերգիկ դերմատիտի կամ առողջության համար վտանգ ստեղծող այլ հիվանդության կամ երեխայի շահերն այլ կերպ ոտնահարող ապացույցների բացակայությունը: Վերաքննիչ դատարանը նաև գտել է, որ նույնիսկ երեխայի մոտ ալերգիկ դերմատիտ ախտորոշումը չի կարող հիմք հանդիսանալ երեխայի հոր՝ երկու ժամով տեսակցությունը մոր մասնակցությամբ սահմանելու համար, քանի որ հակացուցումներին կարող է ծանոթանալ նաև հայրը:

         Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը հայցը բավարարելիս դատական ակտի հիմքում դրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից 11.11.2015 թվականին կազմված Ժենյա Խաչատրյանի, Վահան և Հասմիկ Մովսիսյանների կյանքի հետազոտության ակտը՝ արձանագրելով, որ այն բխում է երեխայի լավագույն շահերից: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, եզրահանգել է, որ ալերգիկ դերմատիտի կամ երեխայի շահերն այլ կերպ ոտնահարող հանգամանքների վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել՝ անտեսելով, որ տվյալ դեպքում երեխայի լավագույն շահը բացահայտելիս գնահատման է ենթակա նաև երեխայի փոքրահասակ լինելը (վճռի կայացման պահին երկու տարեկան), երեխայի՝ մոր հետ կապվածությունը (նկատի ունենալով, որ հենց երեխայի հայրն էլ ընդունել է մանկահասակ աղջիկ երեխայի՝ ավելի շատ մոր հետ կապվածության փաստը): Այսինքն՝ մոր ներկայությամբ տեսակցության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն երեխայի մոտ ենթադրյալ հիվանդության առկայությամբ, այլ երեխայի լավագույն շահից բխող այլ հանգամանքներով, որը հաշվի է առել նաև խնամակալության և հոգաբարձության մարմինը: Հետևաբար Դատարանը հանգել է ճիշտ եզրակացության՝ տեսակցությունը երեխայի մոր ներկայությամբ իրականացվելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի պարագայում Վահան Մովսիսյանը պետք է ներկայացներ ապացույցներ՝ եզրակացության հիմնավորվածությունը, արժանահավատությունը ժխտելու, ինչպես նաև առանց մոր ներկայության տեսակցությունը երեխայի լավագույն շահերից բխելու վերաբերյալ, այնինչ Վահան Մովսիսյանի կողմից այդպիսիք չներկայացնելու պարագայում Վերաքննիչ դատարանը հայցապահանջը հիմնավորող հանգամանքների ապացուցման պարտականությունից ըստ էության ազատել է վերջինիս` դրանով իսկ թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի խախտում: Այսինքն` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ երեխայի լավագույն շահի բացահայտման վերաբերյալ սույն գործում առկա միակ ապացույցը վերոնշյալ եզրակացությունն է, որը կազմելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը ենթադրաբար առաջնորդվել է երեխայի լավագույն շահով, քանի դեռ չեն ներկայացվել այլ ապացույցներ՝ հակառակը հաստատելու վերաբերյալ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանողը պետք է հիմնավորեր եզրակացության մեջ նշված՝ երեխայի ենթադրյալ հիվանդության առկայությունը՝ անտեսելով այն հանգամանքը, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը հիմք է ընդունել նաև այլ հանգամանքներ, և եթե Վահան Մովսիսյանը ժխտում է այս ապացույցի արժանահավատությունը, վերջինս պետք է ներկայացներ համապատասխան ապացույցներ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ  է  կիրառել  ՀՀ  քաղաքացիական  դատավարության  օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված`առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով:

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Դատարանի վճռին օրինական ուժ տալիս հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ թե՛ Դատարանի վճիռը, թե՛ Վերաքննիչ դատարանի որոշումը վերադասության կարգով բողոքարկվել են միայն տեսակցության կարգը մոր ներկայությամբ կամ բացակայությամբ սահմանելու լուծման մասով:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ  քաղաքացիական  դատավարության  օրենսգրքի  70-րդ  հոդվածի  1-ին  կետի  1-ին  և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան: 

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և օրինական ուժ է տրվում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2015 թվականի վճռին, արձանագրում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ժենյա Խաչատրյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, գտնում է, որ Ժենյա Խաչատրյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Վահան Մովսիսյանից կողմից 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.    Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2015 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2.    Վահան Մովսիսյանից հօգուտ Ժենյա Խաչատրյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3.    Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան