Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.22
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3817/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3817/02/16
2018թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան  

Դատավորներ՝

Մ. Հարթենյան

 

Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ն. Տավարացյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.09.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սվետլանա Գևորգյանի ընդդեմ Բանկի` գումար բռնագանձելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

   

 1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սվետլանա Գևորգյանը պահանջել է ճանաչել Բանկի հետ 13.09.2012 թվականին կնքված կրեդիտավորման (վարկավորման) պայմանագրով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իր իրավունքների խախտման փաստը, Բանկից բռնագանձել 300.000 ՀՀ դրամ, ինչպես նաև Բանկին պարտադրել իրականացնել վերը նշված պայմանագրի հիման վրա գոյացած պարտավորությունների վերահաշվարկ և համամասնորեն նվազեցնել կրեդիտավորման ընդհանուր ծախսը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 24.02.2017 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.09.2017 թվականի որոշմամբ Սվետլանա Գևորգյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.02.2017 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սվետլանա Գևորգյանի ներկայացուցիչը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետը, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետը, 8-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանել է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է նաև արբիտրաժային տրիբունալը, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով ևս իրավունքների պաշտպանության միջոց է` դատարան, որին ենթակա են քննության ոչ միայն առևտրային, այլ նաև` ցանկացած բնույթի վեճեր:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Սվետլանա Գևորգյանի և Բանկի միջև կնքված պայմանագրի 9.5 կետի համաձայն` նույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ենթակայությունը, հանձնվում է Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկը Դատարանին գրավոր հայտնել է վեճն արբիտրաժի միջոցով կարգավորելու իր իրավունքից չհրաժարվելու և Դատարանում գործը քննելու իր առարկության մասին, ինչը հիմք է հայցն առանց քննության թողնելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.09.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.02.2017 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշմանը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Տվյալ պարագայում Սվետլանա Գևորգյանը հանդիսանում է ֆինանսական կազմակերպության (Բանկի) ծառայություններից օգտվող սպառող, և այդ կարգավիճակից ելնելով՝ վերջինիս օրենսդրորեն տրված է հայեցողություն իր իրավունքների պաշտպանության համար հայց հարուցելու կամ ընդհանուր իրավասության դատարան, կամ դիմելու արբիտրաժային տրիբունալ: Այդ հնարավորությունը հստակ ամրագրված է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով և կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը։ Մինչդեռ սույն գործով Բանկը չի ներկայացրել որևէ ապացույց առ այն որ կողմերի միջև արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը, հետևաբար օրենքով նախատեսված նախապայմանները բացակայում են։

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական է և հիմնավոր ու ենթակա չէ բեկանման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Սվետլանա Գևորգյանի միջև 13.09.2012 թվականին կնքված թիվ ՎՊ 12/191-47 կրեդիտավորման (վարկավորման) պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն` Բանկը պարտավորվել է նույն պայմանագրով նախատեսված պայմաններով Սվետլանա Գևորգյանին տրամադրել 2.500.000 ՀՀ դրամի չափով կրեդիտ/վարկ, իսկ Սվետլանա Գևորգյանը պարտավորվել է վերադարձնել այն և տոկոսներ վճարել դրա դիմաց: Պայմանագրի 1.6 կետի համաձայն` կրեդիտը համարվում է նպատակային և տրամադրվում է անձնական սպառողական նպատակներով օգտագործելու համար: Պայմանագրի 9.5 կետի համաձայն՝ նույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում բոլոր վեճերի լուծումը, բացառելով Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, հանձնվելու է Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին, որում գործի քննությունն իրականացվելու է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի կանոնադրությանը և «Ֆինանսական արբիտրաժի կանոնակարգին» համապատասխան (հատոր 1-ին, գ.թ. 17-21).

2) Սվետլանա Գևորգյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով ճանաչել Բանկի հետ 13.09.2012 թվականին կնքված կրեդիտավորման (վարկավորման) պայմանագրով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իր իրավունքների խախտման փաստը, Բանկից բռնագանձել 300.000 ՀՀ դրամ, ինչպես նաև Բանկին պարտադրել իրականացնել վերը նշված պայմանագրի հիման վրա գոյացած պարտավորությունների վերահաշվարկ և համամասնորեն նվազեցնել  կրեդիտավորման ընդհանուր ծախսը (հատոր 1-ին, գ.թ. 3-7).

3) Բանկը 11.11.2016 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` հայցը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով առանց քննության թողնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 26-28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը  պայմանավորված  է  ՀՀ  քաղաքացիական  դատավարության  օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` արբիտրաժային համաձայնության  առկայության պարագայում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն ընդհանուր իրավասության դատարանի կողմից իրականացվելու հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ սպառողների կնքած պայմանագրերով նախատեսված արբիտրաժային համաձայնության առկայության պայմաններում վեճը դատարան հանձնելու իրավունքի իրացման նախապայմաններին:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Բացի այդ, Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում. արդյունավետ միջոցը պետք է օժտված լինի մարդու իրավունքի ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակումը կանխելու, կամ իրավունքի խախտման համար պատշաճ փոխհատուցում ապահովելու հատկանիշով (տե՛ս, Իլհանն ընդդեմ Թուրքիայի (22277/93) գործով Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 97):

Անձի՝ վերոնշյալ իրավունքների ապահովման երաշխիքներն իրենց դրսևորումն են ստացել ներպետական օրենսդրության համապատասխան նորմերում: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի վերլուծությանը, նշել է, որ քաղաքացիական շրջանառության մասնակիցների` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքներից է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Այդ իրավունքին համապատասխանում է պետության պարտականությունը` ստեղծել անհրաժեշտ և գործուն կառուցակարգեր` ուղղված նշված իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացմանը: Մասնավորապես, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը գործող իրավակարգավորման պայմաններում կարող է իրականացվել դատական, վարչական և հասարակական (արբիտրաժային) ձևերով... (տե´ս, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանները, Իսկուհի Ավագյանն ընդդեմ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1910/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալից հետևում է, որ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ՝ արբիտրաժ) նույնպես իրականացնում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության գործառույթ, ուստի արբիտրաժային կարգով գործերի քննումն ու լուծումը հանդիսանում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության ձևերից մեկը: Ընդ որում, պաշտպանության այս ձևի իրականացման ընթացակարգը մանրամասն կարգավորված է «Առևտրային արբիտրաժի մասին»  ՀՀ օրենքով: Այսպես՝

«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արբիտրաժային համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերն արբիտրաժի լուծմանը հանձնելու վերաբերյալ: Արբիտրաժային համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում արբիտրաժային  վերապահման, այնպես էլ առանձին պայմանագրի (արբիտրաժային համաձայնագրի) ձևով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` արբիտրաժային համաձայնությունը կնքվում է գրավոր:

«Առևտրային արբիտրաժի մասին»  ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն օրենքի իմաստով «առևտրային» հասկացությունը ներառում է քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը: Առևտրային բնույթը, առանց սահմանափակման, մասնավորապես ներառում է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման ու ծառայությունների մատուցման, առևտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի, ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները:

«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է նաև առևտրային բնույթ չունեցող վեճերի վրա, եթե օրենքով նախատեսված է վեճն արբիտրաժային կարգով լուծելու հնարավորություն։

«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն, պարտավոր է կողմերից մեկի միջնորդության հիման վրա, որը բերվել է ոչ ուշ, քան վեճի էության շուրջ այդ կողմի առաջին հայտարարության ներկայացումը, հայցը թողնել առանց քննության, եթե այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ, եթե արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա համաձայնությանը (արբիտրաժային համաձայնությանը), և այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնության առկայությունը օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը:

Վկայակոչված նորմերի վերլուծությունից բխում է, որ վեճն արբիտրաժին ենթակա լինելու հանգամանքը պայմանավորված է տվյալ վեճի բնույթով և վեճի կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնության առկայությամբ: Օրենսդիրն արբիտրաժի ենթակայությանն է վերապահել քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը՝ միևնույն ժամանակ օրենքով նախատեսված դեպքերում չբացառելով առևտրային բնույթ չունեցող վեճերի լուծումը ևս արբիտրաժային կարգով: Արբիտրաժի ենթակայությանն օրենքով հանձնված գործերը քննվում և լուծվում են վերջինիս կողմից, եթե առկա է այդ մասին կողմերի համաձայնությունը: Իսկ արբիտրաժի իրավասությանը հանձնված գործերի քննությունը և լուծումը, համաձայն ընդհանուր կանոնի, դատական կամ այլ կարգով բացառվում է, եթե առկա է վավեր արբիտրաժային համաձայնություն, արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել և կողմը հղում է կատարում նշված համաձայնությանը: Նման իրավիճակում արդեն իսկ հարուցված գործի պայմաններում դատարանը հայցը թողնում է առանց քննության:

Վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում գտնում է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով իրավասու է հայցը թողնել առանց քննության հետևյալ նախադրյալների միաժամանակյա առկայության դեպքում.

1) դատարան ներկայացված հայցը վերաբերում է այնպիսի վեճի, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն: Ընդ որում, արբիտրաժային համաձայնությունը պետք է ձևակերպված լինի գրավոր, կարող է վերաբերել ինչպես կողմերի միջև առկա, այնպես էլ հնարավոր (ծագելիք) վեճերի լուծմանը և իր բնույթով պետք է լինի վավեր համաձայնություն.

2) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա համաձայնությանը (ներկայացնում է միջնորդություն):  Արբիտրաժային համաձայնության առկայությունը և դրա մասին դատարանի իրազեկվածությունը դեռևս բավարար չէ հայցն առանց քննության թողնելու համար: Անհրաժեշտ է, որ կողմերից մեկը հղում կատարի այդպիսի համաձայնությանը: Ընդ որում, այս կապակցությամբ օրենսդիրը սահմանել է հայեցողական լիազորություն` կողմին հնարավորություն ընձեռելով հղում կատարել համաձայնությանը կամ հանդես չգալ նման միջնորդությամբ, ինչը բխում է նաև տնօրինչականության սկզբունքից: Այլ կերպ ասած` դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավազոր չէ հայցն առանց քննության թողնել, այլ նշված հարցը կարող է դատարանի կողմից քննարկման առարկա դարձվել միայն այն պարագայում, երբ կողմը միջնորդության միջոցով հղում է կատարել նշված համաձայնությանը.

3) միջնորդությունը բերվել է ոչ ուշ, քան վեճի էության շուրջ այդ կողմի առաջին հայտարարության ներկայացումը: Այսինքն` օրենսդիրը սահմանել է որոշակի ժամանակամիջոց, որի ընթացքում կողմը կարող է հանդես գալ նման միջնորդությամբ, այն է` նման միջնորդությունը պետք է բերվի ոչ ուշ, քան վեճի էության շուրջ այդ կողմի առաջին հայտարարության ներկայացումը: «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս արձանագրելու, որ «վեճի էություն» եզրույթի տակ պետք է հասկանալ դրա բուն էությունը` նյութաիրավական տեսանկյունից, իսկ որպես կողմի առաջին հայտարարության ներկայացում պետք է դիտարկել դրա վերաբերյալ ցանկացած դիրքորոշում ներկայացնելը, որը կարող է դրսևորվել ինչպես հայցադիմումի պատասխան, առարկություն ներկայացնելով, այնպես էլ դատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ թույլատրելի միջոցներով: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումները բխում են նաև ողջամիտ ժամկետում գործերի քննության, դատական ռեսուրսները ողջամիտ օգտագործելու սկզբունքներից, որոնք ելակետային բնույթ ունեն.

4) արբիտրաժային համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ արբիտրաժային համաձայնության հիման վրա արբիտրաժին դիմելու հնարավորությունը վերացած չլինելու հանգամանքը պետք է նկատի ունենալ օբյեկտիվ առումով, և այն չպետք է կախված լինի կողմերի կամքից (օրինակ` առևտրային արբիտրաժը, որին հանձնվել է գործի քննությունը, չի դադարեցրել իր գործունեությունը, առևտրային արբիտրաժի կանոնադրությամբ նման վեճերի քննությունը դեռևս հնարավոր է իրականացնել տվյալ արբիտրաժային դատարանում և այլն):

Հետևաբար կողմերից մեկի կողմից հայցը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով, առանց քննության թողնելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարանը պետք է պարզի վերոգրյալ նախադրյալների միաժամանակյա առկայությունը և միայն դրանց առկայության պայմաններում՝ որոշում կայացնի հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ ընդհանուր կանոնից օրենսդիրը սահմանել է բացառություն: Մասնավորապես` «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն, պարտավոր է կողմերից մեկի միջնորդության հիման վրա, որը բերվել է ոչ ուշ, քան վեճի էության շուրջ այդ կողմի առաջին հայտարարության ներկայացումը, հայցը թողնել առանց քննության, եթե այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը:

Վկայակոչված նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ դատարանները քննարկման առարկա պետք է դարձնեն նաև այն հարցը, թե արդյոք արբիտրաժային համաձայնության առկայությունը սահմանափակում է կողմի` դատարան դիմելու իրավունքը` քննարկման առարկա դարձնելով նաև օրենքով սահմանված վերապահումները:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ նմանաբնույթ կարգավորում նախատեսված է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն` ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ սպառողների կնքած պայմանագրերով նախատեսված արբիտրաժային համաձայնությունը, որը կարող է լինել ինչպես պայմանագրում ներառված վերապահման ձևով, այնպես էլ որպես դրա բաղկացուցիչ մաս, հավելված կամ պայմանագիր կնքելու գործընթացի պայման, չի զրկում սպառողին պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը դատարան հանձնելու իրավունքից, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը: Նույն մասի դրույթները տարածվում են նաև ցանկացած պարտադիր գործընթացի վրա, որով սպառողի՝ դատարան դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել:

Վկայակոչված նորմի բովանդակությունից բխում է, որ ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց համար օրենսդիրը վերապահել է հայեցողական լիազորություն` պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը հանձնելու դատարանին կամ արբիտրաժին` անկախ պայմանագրով նախատեսված արբիտրաժային համաձայնությունից, որը կարող է լինել ինչպես պայմանագրում ներառված վերապահման ձևով, այնպես էլ՝ որպես դրա բաղկացուցիչ մաս, հավելված կամ պայմանագիր կնքելու գործընթացի պայման: Այսինքն` ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող ֆիզիկական անձը զրկված չէ պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը դատարան հանձնելու իրավունքից, ավելին` նույն մասի դրույթները տարածվում են նաև ցանկացած պարտադիր գործընթացի վրա, որով սպառողի՝ դատարան դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել: Այլ կերպ ասած` օրենսդիրը ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող ֆիզիկական անձին տվել է բացարձակ հայեցողական լիազորություն` տնօրինչականության սկզբունքից ելնելով որոշելու, թե պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճի լուծումը քաղաքացիական իրավունքների պաշտպանության ինչպիսի ձևով իրականացնել` դատական, թե հասարակական (արբիտրաժային)` ոչ իրավաչափ համարելով այդ իրավունքի ցանկացած սահմանափակում: Նշված ընդհանուր սկզբունքից օրենսդիրը կատարել է բացառություն միայն այն դեպքերի համար, երբ արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը: Այս պարագայում միայն դատարանն անվերապահորեն կարող է հայցը թողել առանց քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով` վերը թվարկված վավերապայմանների միաժամանակյա առկայության պարագայում:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական շրջանառության մասնակից ֆինանսական կազմակերպության հետ նրա մատուցած ծառայություններից (բանկային գործառույթներից) օգտվելու վերաբերյալ պայմանագիր կնքած ֆիզիկական անձ սպառողի համար նրա` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման մասով պետությունն ընդհանուր կանոնից բացառություն է կատարել, և հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի բարդությունը, պաշտպանության հայցվող արժեքի կարևորությունը` որոշակի պայմանների առկայության դեպքում որպես այդ իրավունքի պաշտպանությունն իրականացնող ճանաչել է նաև ընդհանուր իրավասության դատարաններին` այն պայմանավորելով նաև նրանով, որ իրավունքներն այս ձևով պաշտպանելու դեպքում վեճի քննությունը և լուծումն իրականացվում է օրենքով հստակ սահմանված դատավարական կարգով, ու կայուն երաշխիքներ են ստեղծվում գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու, կողմերի դատավարական իրավունքների իրացումն ապահովելու համար: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ սպառողի` պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը դատարան հանձնելու իրավունքը չի կարող կրել սահմանափակումներ, և այդպիսի վեճը, եթե վերջինիս կողմից հանձնվել է դատարանին, պետք է ըստ էության քննվի` չնայած կնքված պայմանագրով նախատեսված արբիտրաժային համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Սվետլանա Գևորգյանի միջև 13.09.2012 թվականին կնքվել է թիվ ՎՊ 12/191-47 կրեդիտավորման (վարկավորման) պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն` Բանկը պարտավորվել է նույն պայմանագրով նախատեսված պայմաններով Սվետլանա Գևորգյանին տրամադրել 2.500.000 ՀՀ դրամի չափով կրեդիտ/վարկ, իսկ Սվետլանա Գևորգյանը պարտավորվել է վերադարձնել այն և տոկոսներ վճարել դրա դիմաց, իսկ Պայմանագրի 1.6 կետի համաձայն` կրեդիտը համարվում է նպատակային և տրամադրվում է անձնական սպառողական նպատակներով օգտագործելու համար: Պայմանագրի 9.5 կետի համաձայն՝ պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում բոլոր վեճերի լուծումը, բացառելով Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, հանձնվելու է Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին, որում գործի քննությունն իրականացվելու է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի կանոնադրությանը և «Ֆինանսական արբիտրաժի կանոնակարգին» համապատասխան։

Սվետլանա Գևորգյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով ճանաչել Բանկի հետ 13.09.2012 թվականին կնքված կրեդիտավորման (վարկավորման) պայմանագրով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իր իրավունքների խախտման փաստը, Բանկից բռնագանձել 300.000 ՀՀ դրամ, ինչպես նաև Բանկին պարտադրել իրականացնել վերը նշված պայմանագրի հիման վրա գոյացած պարտավորությունների վերահաշվարկ և համամասնորեն նվազեցնել կրեդիտավորման ընդհանուր ծախսը: Բանկը 11.11.2016 թվականին միջնորդություն է ներկայացրել  Դատարան`  հայցը  ՀՀ  քաղաքացիական  դատավարության  օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով առանց քննության թողնելու մասին:

Դատարանը, պատճառաբանելով նաև, որ «սույն գործով կողմերի միջև առկա վեճն իր բնույթով առևտրային վեճ է, առկա է կողմերի միջև արբիտրաժային համաձայնություն, Բանկը դիմել է Դատարան հայցն առանց քննության թողնելու խնդրանքով, չի սպառվել արբիտրաժային համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը», ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետով, 24.02.2017 թվականին որոշում է կայացրել հայցն առանց քննության թողնելու մասին:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «պայմանագրերի կողմերը, ազատ լինելով իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, այնուամենայնիվ, կատարել են «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված պահանջը, և իրենց այդ ազատությունը ենթարկել են սահմանափակման` նախատեսելով, որ վեճերը լուծման համար Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին հանձնելը կատարվելու է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» կանոնադրությանը և «Ֆինանսական արբիտրաժ»  համապատասխան», «սույն գործով ներկայացված պահանջը ենթակա է քննության Դատարանում, մինչդեռ անտեսելով վերը նշված իրավադրույթների իմպերատիվ պահանջը, ինչպես նաև սխալ գնահատելով կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությունը, Դատարանը ոչ ճիշտ հետևության է հանգել հայցն առանց քննության թողնելու հիմքի առկայության վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա», 07.09.2017 թվականի որոշմամբ Սվետլանա Գևորգյանի վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 24.02.2017 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

 Բանկի և Սվետլանա Գևորգյանի միջև 13.09.2012 թվականին կնքված թիվ ՎՊ 12/191-47 կրեդիտավորման (վարկավորման) պայմանագրով վերջինս Բանկից նույն պայմանագրով նախատեսված պայմաններով ստացել է 2.500.000 ՀՀ դրամի չափով վարկ` պարտավորվելով վերադարձնել այն և տոկոսներ վճարել դրա դիմաց: Պայմանագրի 1.6 կետի համաձայն` կրեդիտը համարվել է նպատակային և տրամադրվել է անձնական սպառողական նպատակներով օգտագործելու համար: Նշված փաստերից բխում է, որ Սվետլանա Գևորգյանը հանդիսացել է ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ սպառող:

Սվետլանա Գևորգյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով ճանաչել Բանկի հետ 13.09.2012 թվականին կնքված կրեդիտավորման (վարկավորման) պայմանագրով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իր իրավունքների խախտման փաստը, Բանկից բռնագանձել 300.000 ՀՀ դրամ, ինչպես նաև Բանկին պարտադրել իրականացնել վերը նշված պայմանագրի հիման վրա գոյացած պարտավորությունների վերահաշվարկ և համամասնորեն նվազեցնել կրեդիտավորման ընդհանուր ծախսը, որպիսի պահանջը Սվետլանա Գևորգյանի և Բանկի միջև 13.09.2012 թվականին կնքված թիվ ՎՊ 12/191-47 կրեդիտավորման (վարկավորման) պայմանագրից բխող և դրա հետ կապված վեճ է:

Այսինքն`տվյալ դեպքում Սվետլանա Գևորգյանը հանդես է եկել որպես ֆիզիկական անձ սպառող, ով օգտվել է ֆինանսական կազմակերպություն Բանկի` վարկ տրամադրելու ձևով մատուցած ծառայությունից (իրականացված գործառույթից): Նրանց միջև կնքված պայմանագրում, մինչև նրանց միջև սույն գործով վեճը ծագելը, վերապահման ձևով ներառվել է համապատասխան արբիտրաժային համաձայնություն, որի էությունից բխում է, որ սույն հայցի հիմքում նշված վեճը ևս ենթակա է հանձնման Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին: Մասնավորապես` Բանկի և Սվետլանա Գևորգյանի միջև 13.09.2012 թվականին կնքված թիվ ՎՊ 12/191-47 կրեդիտավորման (վարկավորման) պայմանագրի 9.5 կետով նախատեսվել է, որ նույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում բոլոր վեճերի լուծումը, բացառելով Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, հանձնվելու է Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին, որում գործի քննությունն իրականացվելու է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի կանոնադրությանը և «Ֆինանսական արբիտրաժի կանոնակարգին» համապատասխան:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված արբիտրաժային համաձայնությունը Սվետլանա Գևորգյանին չի զրկում նրանց միջև վերը նշված պայմանագրից բխող և դրա հետ կապված վեճն ընդհանուր իրավասության դատարան հանձնելու իրավունքից և վերջինս, իրացնելով իրեն վերապահված հայեցողական լիազորությունը, պայմանագրից բխող վեճը հանձնել է դատարանի քննությանը: Հետևաբար Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 24.02.2017 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը, եկել է ճիշտ եզրահանգման:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, ուստի` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի դատական ակտը սխալ է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ  հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, որպիսի պարագայում սույն գործը Վերաքննիչ դատարանի որոշման ուժով ենթակա է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.09.2017 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան

  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան